Միայն Հայաստանում չէ, որ որդիները փորձում են գնալ իրենց հայրերի ճանապարհով, շարունակել նրանց գործը` պատմության մեջ թողնելով նաև իրենց ձեռագիրը:
Քաղաքական գործիչների պարագայում` դա հաճախ է տեղի ունենում:
Օրինակ, ԱՄՆ-ում, Բուշերի ընտանիքը ծնեց երկու նախագահ` ավագ և կրտսեր Ջորջերը՝ հայր և որդի, ովքեր, ընդհանուր առմամբ, տասներկու տարի ղեկավարեցին այդ գերտերությունը:
Խնդիրն այն է, որ ժողովրդավարական երկրներում` որդիները կայանում, դրսևորվում են բնական ճանապարհով` ընտանեկան դաստիրակության հենքով, սակայն սեփական դիմագիծը ստեղծելով:
Մեզանում` մեծ տեղ ունի այսինչի որդի կամ եղբայր, փեսա ու աներձագ լինելն` անկախ վերջիններիս մասնագիտական, մտավոր, կազմակերպչական ունակություններից:
Մեր նոր խորագրի նպատակն է` անդրադառնալ ընտանիքների, նշանավոր մարդկանց, որոնց որդիները դեր են ունեցել, և այսօր էլ ունեն մեր պետական, քաղաքական, հանրային կյանքում, կամ ընդհակառակը եղել են պատուհաս իրենց ընտանիքի ու հանրության համար:
Կարևոր խնդիր է հասկանալ` որդիների առաջխաղացումը սեփական արժանիքների, թե՞ ազդեցիկ հայրերի հովանավորության հետևանք է:
Մենք կներկայացնենք փաստեր. մեր ուշադիր ընթերցողն ինքն արագ կկողմնորոշվի, թե, որևէ կոնկրետ դեպքում, մեր խորագրի հերոսներն ինչպես են հասել բարձունքների կամ գահավիժել:
Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին գործող քաղաքապետի հաղթանակով: Տարոն Մարգարյանին շատերն առայժմ չեն ընկալում որպես ինքնուրույն գործիչ. հասարակության մի մասի համար նա շարունակում է մնալ Անդրանիկ Մարգարյանի որդի:
Անդրանիկ Մարգարյան. Քաղբանտարկյալից` մինչև վարչապետ
Ասել, թե՝ Անդրանիկ Մարգարյանը եղել է անկախական շարժման կամ 88-ի ակտիվ դերակատար` ազնիվ չի լինի` թե նրա հիշատակի, և թե՝ պատմության առաջ:
Նույնիսկ կարելի է ասել, որ որոշակի իմաստով պատահական գործոններն են նպաստել Անդրանիկ Մարգարյանի անվան հրապարակայնացմանը և քաղաքական վերելքին:
Տեսեք. նա պատգամավոր է դարձել 1995թ-ին, երբ Աշոտ Նավասարդյանի գլխավորած ՀՀԿ-ն, ի թիվս այլ կուսակցությունների, համաձայնեց մաս կազմել ՀՀՇ գլխավորությամբ ստեղծված «Հանրապետություն» միավորմանը, որի համամասնական ցուցակում էլ ընդգրկված էր Մարգարյանը:
Այսինքն, չլիներ այդ դաշինքը, դրան ՀՀԿ մասնակցությունը, ինչն, ի դեպ, միանշանակ չընդունվեց հասարակության կողմից` նախկին դիսիդենտը հազիվ թե 95-ին դառնար պատգամավոր:
Նույն կերպ, Մարգարյանի անունը հասարակական ճանաչում ստացավ միայն 1997-ի վերջին, երբ հանկարծամահ եղավ ՀՀԿ խարիզմատիկ առաջնորդ Աշոտ Նավասարդյանը, և Հանրապետականի բավական համեստ կադրային բանկից` կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվեց Անդրանիկ Մարգարյանը:
ՀՀԿ-ն` մինչև Ա.Մարգարյանի նախագահությունը ևս, փոքր կուսակցություն էր, գաղափարական, սակայն` նվազ ազդեցիկ:
Հենց Մարգարյանի նախագահության օրոք այս կուսակցությունը դարձավ ազդեցիկ, կարելի է ասել` սերտաճեց իշխանությանը` դառնալով բյուրոկրատիայի քաղաքական տանիքը:
Իհարկե, դա տեղի ունեցավ` գաղափարական դիմազրկման, անկախականության ակունքներից մասնակի օտարման գնով:
ՀՀԿ-ի խոշորացման գործում` Մարգարյանի գործոնը առկա է, սակայն` որպես երկրորդ, նույնիսկ` երրորդ դերակատար:
Բանն այն է, որ այս կուսակցության դասական անունը ձգող նշանակություն ունեցավ թե՝ Վազգեն Սարգսյանի, և, թե՝ Սերժ Սարգսյանի համար, ովքեր իրենց քաղաքական վերելքի ճանապարհին որոշեցին` նոր կուսակցություն ստեղծելու փոխարեն, օգտագործել արդեն գոյություն ունեցողի բրենդը:
Այս ամենի արանքում` էապես աճեց Անդրանիկ Մարգարյանի քաղաքական կշիռը. նա անփոփոխ մնաց ՀՀԿ նախագահ` վայելելով կուսակցության հզոր առաջնորդների աջակցությունը, դարձավ խորհրդարանական մեծամասնության ղեկավար, ապա նաև` վարչապետ` ամենաերկարակյացը Հայաստանի պատմության մեջ:
Սակայն իր կենսագրության էքստրեմալ դրվագներում` երջանկահիշատակ Մարգարյանն այնքան էլ միանշանակ վարքագիծ չի դրսևորել` նաև ոչ միանշանակ վերաբերմունքի արժանանալով իր ընկերների և հասարակության կողմից:
Հայտնի է, որ 23-ամյա Անդրանիկը 1974-ին ձերբակալվել է` հակախորհրդային գործունեության համար:
Նա ազատազրկման վայրում մնացել է երկու տարի, ինչից հետո նրա քաղաքական գործունեությունը մի տևական շրջան ընդհատվել է:
Այդ օրերի նրա շատ զինակիցներ, օրինակ` խորհրդային շրջանի այլախոհական պայքարի առաջնորդներից մեկը` Պարույր Հայրիկյանը, քանիցս ակնարկել է, որ Մարգարյանը սկզբունքայնություն չի դրսևորել և որոշակի համաձայնությունների է գնացել կոմունիստական իշխանության ներկայացուցիչների հետ:
Այս պնդման իսկությունը դժվար է հաստատել կամ հերքել, սակայն ակնհայտ է, որ Անդրանիկ Մարգարյանի անունն այնքան չի ասոցացվում դիսիդենտական պայքարի հետ, ինչպես, օրինակ, Պարույր Հայրիկյանի, Աշոտ Նավասրդյանի, Ազատ Արշակյանի, մյուսների անունները:
Ոչ ստանդարտ վիճակ էր նաև 2000թ-ի ապրիլ-մայիս ամիսներին: Հայաստանում չկար միասնական իշխանություն, հակադրության մեջ էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հոկտեմբերի 27-ի իրադրձություններից հետո` պետության ղեկավարի կամքին հակառակ վարչապետ դարձած Արամ Սարգսյանը` Վազգենի եղբայրը:
Երկիշխանության վեց ամիսների ընթացքում` ՀՀԿ նախագահը եղել է վարչապետի թիմակիցը, ընդ որում` Արամի թեկնածությունն առաջադրվել էր հենց Հանրապետականի կողմից, որի խորհրդի կազմում էլ ընդգրկված էր կառավարության ղեկավարը:
Սակայն` 2000-ի մայիսին, Քոչարյանին հաջողվեց համաձայնության գալ ՀՀԿ-ի այն թևի հետ, որի ղեկավարն էր Մարգարյանը:
Նա դարձավ վարչապետ, կուսակցությունից դուրս եկան Արամ Սարգսյանի փոքրաթիվ կողմնակիցները, «Միասնություն» դաշինքը դադարեց գոյություն ունենալուց` ՀՀԿ-ՀԺԿ հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետևանքով:
Հասարակությունը դարձյալ միանշանակ չընդունեց Մարգարյանի քայլը:
Ոմանք նույնիսկ այսօր պնդում են, որ ՀՀԿ նախագահը դավաճանել է իր թիմին, պաշտոնը գերադասել է Հոկտեմբերի 27-ի բացահայտման հրամայականից:
Մյուսներն ասում են, որ հենց Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ հնարավոր դարձավ` երկրում կայունություն ապահովել, Հայաստանը զերծ պահել քաղաքացիական բախումներից, հիմքեր ստեղծել տնտեսական երկնիշ աճի համար:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո` շաբաթ չկար, որ թերթերը կամ վերլուծաբանները չկանխատեսեին Անդրանիկ Մարգարյանի մոտալուտ պաշտոնանկությունը կամ հրաժարականը:
Սակայն Անդրանիկ Մարգարյանը պաշտոնավարեց յոթ տարի` մինչև մահը:
Նա առայժմ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետն է, և հենց կառավարության ղեկավարի կարգավիճակում դրսևորվեցին Մարգարյանի բնավորության ուժեղ գծերը:
Նա իրեն դրսևորեց` որպես քաղաքական կոմպրոմիսների մեծ վարպետ:
Նրա պաշտոնավարման երկարակեցությունը, մեծավ մասամբ, պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա կարողանում էր հմտորեն խաղալ իշխանության ազդեցիկ դեմքերի` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հակասությունների վրա:
Այն ժամանակվա ընդդիմությունը լոյալ վերաբերմունք ուներ վարչապետի անձի հանդեպ և սա թույլ էր տալիս, որ Ա. Մարգարյանն առանցքային դրակատարություն ունենա իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` դառնալով ներքաղաքական կայունության երաշխավոր:
Եվ վերջապես, Մարգարյանի կառավարությանը հաջողվեց ապահովել տնտեսական կայուն աճ, մարդկանց սոցիալական վիճակն որոշակիորեն բարելավվեց, ինչն էապես նպաստեց Մարգարյանի նկատմամբ հասարակական դրական ֆոնի ստեղծմանը:
Անդրանիկ Մարգարյանի քաղաքական մոտեցումներն ոմանք կարող են ընդունել, մյուսները` ոչ, ոմանք կարող են նրան ուժեղ վարչապետ համարել, մյուսները` ոչ, սակայն նա բարի, շփվող մարդ էր: Դա ընդունում են նույնիսկ նրա քաղաքական ընդդիմախոսները:
Նա քաղաքականությունը զանազանում էր մարդկային հարաբերություններից և սիրում էր իր ընկերներին, մերձավորներին, թաղի հասարակ ժողովրդին:
Մարգարյանն այդպես էլ չտեղափոխվեց Կառավարական ամառանոց` գերադասելով Ավան համայնքի իր տունն ու հարևաններին, ովքեր պնդում են, թե վարչապետի պաշտոնն Անդրանիկին այդպես էլ չփոխեց:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո` իշխանության շատ ներկայացուցիչներ դադարեցրեցին իրենց այցերը Վազգեն Սարգսյանի ընտանիք, նույնիսկ` նրանք, որոնք համարվում էին սպարապետի հարազատ ընկերներ: Մի մասն այդ օջախ մտնելու երես չունեին, մյուս մասի երեսին նայող չկար:
Անդրանիկ Մարգարյանն, այս առումով, բացառություն էր. նա Վազգենի օջախում հաճախ էր լինում, սպասված հյուր էր…
2007թ-ի մարտի 25-ին, Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ:
Սակայն նրա մահը վերջակետ չդրեց Մարգարյանների ընտանիքի քաղաքական դերակատարությանը Հայաստանի կյանքում:
Դեռ հոր կենդանության տարիներին, Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոնն ընտրվել էր Ավանի թաղապետ:
Սուրեն Սուրենյանց
Շարունակելի…
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.