Շարունակություն, սկիզբը`
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի 35 տարվա «քաղաքական շախմատը» | Arm Version
և ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2 | Arm Version
ՀՀԿ-Ի ՎԵՐԵԼՔ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
1998-ի փետրվարի 4-ի խաղաղ իշխանափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրած եռյակը` Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բավականին տևական ժամանակ գործում էր շատ համերաշխ: ՀՀ նոր նախագահի հարցը լուծում ուներ միայն երկու թեկնածուների միջև` Վազգեն Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան: Թեև եռյակում ամենաշահեկան վիճակում Սերժ Սարգսյանն էր, ունենալով հրաշալի հարաբերություններ Սպարապետի ամբողջ ընտանիքի հետ և ունենալով վաղեմի սերտ կապեր Ռոբերտ Քոչարյանի հետ, այնուամենայնիվ, նա այն ժամանակ այնքան էլ հրապարակային գործիչ չէր:
Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ քանի որ 1998-ի նախագահական մրցավազքում հայտնվեց անսպասելի զորավոր խոչընդոտ ի դեմս Կարեն Դեմիրճյանի` իր հսկայական կարոտախտային ընտրազանգվածով, պահանջվեց զորեղ վարչական ռեսուրսի համատարած կիրառում: Դա ապահովվեց մի կողմից Վազգեն Սարգսյանի «Երկրապահի», մյուս կողմից` դեռևս 1997-ի գարնանից Ռոբերտ Քոչարյանի կողմից որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ դիտարկվող օլիգարխիայի միջոցով:
Հենց այդպիսի հենարանների կիրառումը դառավ ինչ-որ տեղ հետագա տարանջատման հիմք: Ռոբերտ Քոչարյանը գերադասելի էր համարում արևմտամետ տեխնոկրատների կառավարությունն, ու այդ պատճառով վարչապետությունը ստանձնեց «իկրա կերած, արհեստավարժ մեծացած» Արմեն Դարբինյանը, սակայն
անկուսակցական մոդելի ընտրությունը խանգարեց Քոչարյանին խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու հարցում: Ճիշտ է, նա կարող էր հենվել ՀՅԴ-ի վրա, որը գոհ ու շնորհակալ էր լևոնական զնդաններից ազատվելու համար, սակայն Դաշնակցությունը հնարավոր չէր սեղմ ժամկետում վերածել զանգվածային կուսակցության: Կարեն Դեմիրճյանն էլ իր նորաստեղծ, բայց ձնագնդի պես աճող ՀԺԿ-ով պատրաստվում էր ԱԺ ընտրություններում ռևանշ վերցնել պարկերով աղբանոցներ թափած իր նախագահական քվեաթերթիկների համար:
Դրան կարող էր հակադրվել միայն Վազգեն Սարգսյանը` «Երկրապահը» կուսակցականացնելով: Բայց նա ոչ թե «Երկրապահից» նոր կուսակցություն ստեղծեց, այլ միաձուլեց «Երկրապահը» ՀՀԿ-ի հետ:
Բնականաբար, հարց է ծագում` իսկ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց ՀՀԿ-ի վրա, երբ կային առավել ակտիվ կուսակցություններ ի դեմս թեկուզ 1996-ի ալիքի հիման վրա մասսայականացած ԱԺՄ-ի, իսկ անսպասելի հզորանալու հեռանկարը վազեվազ կընդունեին բազում փոքր կուսակցություններ: Տեղյակ մարդիկ ասում են, որ այդ ընտրության հարցում նշանակալի դեր է ունեցել Սերժ Սարգսյանը:
Նա հանրապետականներին ճանաչում էր դեռև պատերազմից, երբ Աշոտ Նավասարդյանը արցախյան ռազմաճակատ էր ուղարկում ՀՀԿ-ի «Անկախության բանակի» ջոկատները: Բացի այդ, ինչպես արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք խոստովանեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենը, առկա էր մտերմություն Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի միջև: Ճիշտ է, նա ոչ պակաս մտերիմ էր Վազգեն Մանուկյանի և Պարույր Հայրիկյանի հետ, սակայն գլխավորելով հանդերձ Ազգային անվտանգության նախարարությունը, քաջատեղյակ էր, թե ինչքան կարևոր է որևէ զանգվածային կուսակցության երկարատև հեռանկարի համար ոգեղեն, հոգևոր-միսթիկ հիմք ունեցող գաղափարախոսությունը: Այդ տեսանկյունից գրեթե իդեալականորեն սազական էր ՀՀԿ-ի նժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսությունը, որը, ինչպես ցույց տվեց 14 տարվա փորձը, ՀՀԿ-ին թույլ տվեց բարեհաջող դիմանալ առաջնորդնորդափոխություններին: Իսկ նույն ժամանակահատվածում փոշի դարձան բազում կուսակցություններ, որոնք հիմնված էին հիմնադիր առաջնորդի հեղինակության վրա…
Իսկ ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքը կազմելը թույլ տվեց Վազգեն Սարգսյանին վերցնել ԱԺ մեծամասնությունը և ձևավորել ուժեղ կառավարություն, որն ի զորու էր թելադրել անկուսակցական նախագահ Քոչարյանին: Սակայն Երկրապահի դարաշրջանը երկար չտևեց և ընդհատվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ:
Այդ աննախադեպ հանդուգն սպանդի աշխարհաքաղաքական շարժիչ ուժի բացահայտումը առանձին մեծ թեմա է, սակայն կոնկրետ հիմա կանդրադառնանք «27»-ից անմիջապես հետո ստեղծված վիճակին:
Օրենսդիր իշխանության և կառավարության գլխատումը գործնականում ակնթարթորեն հանգեցրեց իշխանության համար պայքարի: Պատահական չէր, որ զոհերի դիակները «դեռ չսառած» Վահան Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին ներկայացրեց ցուցակ ապագա կառավարության կազմի մասին առաջարկությամբ` յուրաքանչյուր ոք ձգտում էր առիթից օգտվել հօգուտ իրեն: Մի կողմից` ձգտում էին իշխանությունն իրենց ձեռքը վերցնել Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատի` միանգամից անկառավարելի դարձած դեմքերը ի դեմս ԵԿՄ վերնախավի ու մասնավորապես գեներալներ Մանվելի, Սեյրանի, գնդապետ Մուրադ Կիրակոսյանի և այլոց: Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանն էր իր` գնալով ավելի մեծ ախորժակ ձեռք բերող օլիգարխներով: Գումարած դրան, առիթից օգտվելու ու ռևանշի փորձ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը` Վանոյի, Դավիթ Շահնազարյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլոց ամենաակտիվ մասնակցությամբ:
Ու առաջինը կատաղի պայքար ծավալվեց ահաբեկչության հետաքննության նկատմամբ վերահսկողության համար, քանզի դա դառնում էր հզորագույն լծակ մրցակիցների դեմ: «Երկրապահի» վերնախավի վերջնագրի արդյունքում 1999թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունում գրանցվել է թիվ 18-18ՕԿԳ-99 գրություն, որով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հանձնարարում է վարույթ ընդունել թիվ՝ 62207199 քրեական (հոկտեմբերի 27-ի) գործը եւ սկսել նախաքննություն:
Այս հանձնարարականի հետ առդիր ներկայացվել են 111 գործ-թերթ կազմող քրեական գործի նյութերը:
Այսինքն՝ այդ 111 գործ-թերթերը արդեն կատարված նախաքննության արդյունքն են, դրանք են՝ քրեական գործ հարուցելու, նախաքննության մարմին ստեղծելու, հոգեբուժական-հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ անցկացնելու եւ այլ որոշումներ, դեպքի ընթացքում եւ դեպքից հետո ԱԺ-ում կատարված տեղազննություններ, տեղեկանքներ, ԱԺ դահլիճի հատակագիծ, ինչպես նաև առաջին օպերատիվ հարցաքննությունները: Այդ 111 գործ թերթերի մեջ են մտնում նաև ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետի 27.10.99 կայացրած որոշումը, ԱԺ դահլիճում գաղտնալսումներ անցկացնելու մասին, և այդ կատարված գաղտնալսումների, ընդհանուր առմամբ 44 էջից բաղկացած վերծանումները:
Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաև կարևորագույն ապացույցներից մեկը` Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի» գրառումով մի գրություն է կազմում եւ թղթապանակն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների հիման վրա համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն: Այսպիսով խաղարկվում է իսկական գրոսմայստերական խաղ, ու քննության կարևորագույն նյութերը այլևս անկառավարելի գեներալների և համատեղության կարգով Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մենաշնորհը չէին: ԱԱՆ-ն և Սերժ Սարգսյանը այլևս նույնպես տեղյակ էին ամենակարևոր նյութերին, որը քննության ընթացքի վերաբերյալ մանիպուլյացիան էապես դժվարացրեց: Հենց դա էլ դարձավ այդ թիմի` Սերժ Սարգսյանի հանդեպ թունդ ատելության դրդապատճառ:
Իսկ Աղվան Հովսեփյանը թղթապանակը ԱԱ նախարարին ուղարկելուց եւ վերջինիս տրամադրության տակ մեկ օր թողնելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին միայն այդ մասին տեղյակ պահեց Ջհանգիրյանին: Հովսեփյանն այդ հանդգնության համար վճարեց հրաժարականով, նրա փոխարեն գլխավոր դատախազ նշանակվեց Ջհանգիրյանի դրածո, դժգույն մի անձ, որ անունն այսօր ոչ ոքի ոչինչ չի ասում: Հնչում են և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներ, սակայն ԱԱ նախարարը բավականին ամուր դիրքեր ուներ… Համ էլ առջևում շտապ շախմատային կոմբինացիա կար:
Դա Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին, վարչապետ նշանակելն էր: Դրա դեմ «Երկրապահի» ազդեցիկ դեմքերն առարկելու ոչինչ ունենալ չէին կարող, իսկ ԱԱ նախարարի մտերմությունը Սպարապետի ընտանիքի հետ էապես նպաստեց այդ տարբերակի իրագործմանը: Ու սկսվեց մրցավազք, թե ով ավելի մեծ ազդեցություն կունենա անփորձ վարչապետի վրա…
Ազդողների մեջ էին, անշուշտ, երկրապահները, Վահան Շիրխանյանը, նաև` Սերժ Սարգսյանը: Օրինակ, հաստատ Արամ Սարգսյանն առանց հուշարարության առաջ չէր քաշի Վարդան Օսկանյանի պաշտոնանկության հարցը: Նույնը կարելի է ասել և Սարդարապատում կնքած հռչակագրի վերաբերյալ, որը նախատեսում էր բազմակուսակցական ազգային համաձայնության կառավարության ստեղծումը…
Ինչևէ, 2000թ. գարնանը ներքաղաքական իրավիճակը քչից-շատից կայունացավ: Եվ ահա հերթը հասավ մի փաստաթղթի ընդունմանը, որն իր բովանդակությամբ նմանվում է գարնանային սրացմանը.
«Միասնություն» դաշինքի հայտարարությունը
(03 մարտի 2000թ.)
Վերջին օրերին միտումնավոր կրկին սրվում է լարվածությունը հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների քննության շուրջ: Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ տեղեկատվական ճնշում են գործադրում նախաքննությունը վարող քննչական խմբի և նրա ղեկավարի նկատմամբ, ձգտում են ապակողմնորոշել հասարակական կարծիքն ու զոհվածների հարազատներին:
Անթույլատրելի ենք համարում, որ այդ դատապարտելի գործընթացի «ազատամարտիկի» դերն ստանձնել է Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարության տակ գտնվող Ազգային հեռուստատեսությունը, չնայած մեր՝ նախկինում արված բազմաթիվ զգուշացումներին:
Վերսկսված քարոզչական արշավը հանգեցնելու է նոր ցնցումների, խորանալու է անվստահությունը պետական կառույցների և բարձրաստիճան կառույցների նկատմամբ: Հավասարապես դատապարտում ենք նման երևույթի կազմակերպումը և թույլատրումը:
«Միասնություն» դաշինքը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, մասսայական լրատվության միջոցներին՝ չփորձել խոչընդոտել քննչական խմբի օրինական գործունեությունը:
Դաշինքը Հանրապետության նախագահից պահանջում է.
1. Անհապաղ ապահովել բնական պայմաններ հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմինների գործունեության համար:
2. Անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Սերժ Սարգսյանին, Ազգային Հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին :
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնակատար
Տարիներ անց, սակայն, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վկայեց, որ Անդրանիկ Մարգարյանի մտքով անգամ չի անցել կասկածել Սերժ Սարգսյանին` «27»-ի ոճրագործության հետ կապ ունենալու մեջ: Նույնը կարելի է ասել և Վազգեն Սարգսյանի ընտանիքի մասին… Հետևաբար` հայտարարության դրդապատճառները, մեղմ ասած, այնքան էլ կապ չունեն «27»-ի և դրա հետաքննության հետ:
Ուստի` դատենք արդյունքներով, թե ինչով այդ ամենն ավարտվեց:
Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց վարչապետ: Սերժ Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար: «Միասնություն» դաշինքը քայքայվեց, և ինֆանտիլ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն դուրս թռավ իշխանությունից:
Այսինքն` ՀՀԿ-ն վերականգնեց իր` «27»-ի ահաբեկչության հետևանքով խաթարված իշխող դիրքը, իսկ Սերժ Սարգսյանը հաջողությամբ հաղթահարեց իր գլխին կախված` վտանգավոր ինտրիգի զոհ դառնալու վտանգը և գրավեց ավելի ամուր և զորավոր դիրք:
Այսինքն` կրկին ենթադրվում է փայլուն շախմատային պարտիա…
Իսկ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ մուտք գործելը եղավ 6 տարի անց` 2006-ի ամռանը, շատ շուտով դառնալով ՀՀԿ խորհրդի նախագահ: Դա նրա պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ-ի ստեղծմանը:
2007-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն հաղթեց ԲՀԿ-ին` մեծ առավելությամբ, արդյունքում Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդ 2008-ի նախագահական ընտրությունների համար դարձավ ոչ թե Վարդան Օսկանյանը, այլ հենց Սերժ Սարգսյանը:
Հաճախ հռետորական հարցադրում է հնչում` իսկ ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե 2007-ի մարտի 25-ին Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ չլիներ և Սերժ Սարգսյանը չստանձներ վարչապետի պաշտոնը: Կարծում ենք, այդ դեպքում 2007-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը կլիներ էլ ավելի տպավորիչ, իսկ Անդրանիկ Մարգարյանը կմնար վարչապետ նաև 2008-ի նախագահական ընտրություններից հետո:
Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.