ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը» — 3

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի 35 տարվա «քաղաքական շախմատը» | Arm Version

և ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2 | Arm Version

ՀՀԿ-Ի ՎԵՐԵԼՔ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

1998-ի փետրվարի 4-ի խաղաղ իշխանափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրած եռյակը` Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բավականին տևական ժամանակ գործում էր շատ համերաշխ: ՀՀ նոր նախագահի հարցը լուծում ուներ միայն երկու թեկնածուների միջև` Վազգեն Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան: Թեև եռյակում ամենաշահեկան վիճակում Սերժ Սարգսյանն էր, ունենալով հրաշալի հարաբերություններ Սպարապետի ամբողջ ընտանիքի հետ և ունենալով վաղեմի սերտ կապեր Ռոբերտ Քոչարյանի հետ, այնուամենայնիվ, նա այն ժամանակ այնքան էլ հրապարակային գործիչ չէր:

Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ քանի որ 1998-ի նախագահական մրցավազքում հայտնվեց անսպասելի զորավոր խոչընդոտ ի դեմս Կարեն Դեմիրճյանի` իր հսկայական կարոտախտային ընտրազանգվածով, պահանջվեց զորեղ վարչական ռեսուրսի համատարած կիրառում: Դա ապահովվեց մի կողմից Վազգեն Սարգսյանի «Երկրապահի», մյուս կողմից` դեռևս 1997-ի գարնանից Ռոբերտ Քոչարյանի կողմից որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ դիտարկվող օլիգարխիայի միջոցով:

Հենց այդպիսի հենարանների կիրառումը դառավ ինչ-որ տեղ հետագա տարանջատման հիմք: Ռոբերտ Քոչարյանը գերադասելի էր համարում արևմտամետ տեխնոկրատների կառավարությունն, ու այդ պատճառով վարչապետությունը ստանձնեց «իկրա կերած, արհեստավարժ մեծացած» Արմեն Դարբինյանը, սակայն անկուսակցական մոդելի ընտրությունը խանգարեց Քոչարյանին խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու հարցում: Ճիշտ է, նա կարող էր հենվել ՀՅԴ-ի վրա, որը գոհ ու շնորհակալ էր լևոնական զնդաններից ազատվելու համար, սակայն Դաշնակցությունը հնարավոր չէր սեղմ ժամկետում վերածել զանգվածային կուսակցության: Կարեն Դեմիրճյանն էլ իր նորաստեղծ, բայց ձնագնդի պես աճող ՀԺԿ-ով պատրաստվում էր ԱԺ ընտրություններում ռևանշ վերցնել պարկերով աղբանոցներ թափած իր նախագահական քվեաթերթիկների համար:

Դրան կարող էր հակադրվել միայն Վազգեն Սարգսյանը` «Երկրապահը» կուսակցականացնելով: Բայց նա ոչ թե «Երկրապահից» նոր կուսակցություն ստեղծեց, այլ միաձուլեց «Երկրապահը» ՀՀԿ-ի հետ:

Բնականաբար, հարց է ծագում` իսկ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց ՀՀԿ-ի վրա, երբ կային առավել ակտիվ կուսակցություններ ի դեմս թեկուզ 1996-ի ալիքի հիման վրա մասսայականացած ԱԺՄ-ի, իսկ անսպասելի հզորանալու հեռանկարը վազեվազ կընդունեին բազում փոքր կուսակցություններ: Տեղյակ մարդիկ ասում են, որ այդ ընտրության հարցում նշանակալի դեր է ունեցել Սերժ Սարգսյանը:

Նա հանրապետականներին ճանաչում էր դեռև պատերազմից, երբ Աշոտ Նավասարդյանը արցախյան ռազմաճակատ էր ուղարկում ՀՀԿ-ի «Անկախության բանակի» ջոկատները: Բացի այդ, ինչպես արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք խոստովանեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենը, առկա էր մտերմություն Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի միջև: Ճիշտ է, նա ոչ պակաս մտերիմ էր Վազգեն Մանուկյանի և Պարույր Հայրիկյանի հետ, սակայն գլխավորելով հանդերձ Ազգային անվտանգության նախարարությունը, քաջատեղյակ էր, թե ինչքան կարևոր է որևէ զանգվածային կուսակցության երկարատև հեռանկարի համար ոգեղեն, հոգևոր-միսթիկ հիմք ունեցող գաղափարախոսությունը: Այդ տեսանկյունից գրեթե իդեալականորեն սազական էր ՀՀԿ-ի նժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսությունը, որը, ինչպես ցույց տվեց 14 տարվա փորձը, ՀՀԿ-ին թույլ տվեց բարեհաջող դիմանալ առաջնորդնորդափոխություններին: Իսկ նույն ժամանակահատվածում փոշի դարձան բազում կուսակցություններ, որոնք հիմնված էին հիմնադիր առաջնորդի հեղինակության վրա…

Իսկ ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքը կազմելը թույլ տվեց Վազգեն Սարգսյանին վերցնել ԱԺ մեծամասնությունը և ձևավորել ուժեղ կառավարություն, որն ի զորու էր թելադրել անկուսակցական նախագահ Քոչարյանին: Սակայն Երկրապահի դարաշրջանը երկար չտևեց և ընդհատվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ:

Այդ աննախադեպ հանդուգն սպանդի աշխարհաքաղաքական շարժիչ ուժի բացահայտումը առանձին մեծ թեմա է, սակայն կոնկրետ հիմա կանդրադառնանք «27»-ից անմիջապես հետո ստեղծված վիճակին:

Օրենսդիր իշխանության և կառավարության գլխատումը գործնականում ակնթարթորեն հանգեցրեց իշխանության համար պայքարի: Պատահական չէր, որ զոհերի դիակները «դեռ չսառած» Վահան Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին ներկայացրեց ցուցակ ապագա կառավարության կազմի մասին առաջարկությամբ` յուրաքանչյուր ոք ձգտում էր առիթից օգտվել հօգուտ իրեն: Մի կողմից` ձգտում էին իշխանությունն իրենց ձեռքը վերցնել Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատի` միանգամից անկառավարելի դարձած դեմքերը ի դեմս ԵԿՄ վերնախավի ու մասնավորապես գեներալներ Մանվելի, Սեյրանի, գնդապետ Մուրադ Կիրակոսյանի և այլոց: Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանն էր իր` գնալով ավելի մեծ ախորժակ ձեռք բերող օլիգարխներով: Գումարած դրան, առիթից օգտվելու ու ռևանշի փորձ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը` Վանոյի, Դավիթ Շահնազարյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլոց ամենաակտիվ մասնակցությամբ: Ու առաջինը կատաղի պայքար ծավալվեց ահաբեկչության հետաքննության նկատմամբ վերահսկողության համար, քանզի դա դառնում էր հզորագույն լծակ մրցակիցների դեմ: «Երկրապահի» վերնախավի վերջնագրի արդյունքում 1999թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունում գրանցվել է թիվ 18-18ՕԿԳ-99 գրություն, որով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հանձնարարում է վարույթ ընդունել թիվ՝ 62207199 քրեական (հոկտեմբերի 27-ի) գործը եւ սկսել նախաքննություն:

Այս հանձնարարականի հետ առդիր ներկայացվել են 111 գործ-թերթ կազմող քրեական գործի նյութերը:

Այսինքն՝ այդ 111 գործ-թերթերը արդեն կատարված նախաքննության արդյունքն են, դրանք են՝ քրեական գործ հարուցելու, նախաքննության մարմին ստեղծելու, հոգեբուժական-հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ անցկացնելու եւ այլ որոշումներ, դեպքի ընթացքում եւ դեպքից հետո ԱԺ-ում կատարված տեղազննություններ, տեղեկանքներ, ԱԺ դահլիճի հատակագիծ, ինչպես նաև առաջին օպերատիվ հարցաքննությունները: Այդ 111 գործ թերթերի մեջ են մտնում նաև ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետի 27.10.99 կայացրած որոշումը, ԱԺ դահլիճում գաղտնալսումներ անցկացնելու մասին, և այդ կատարված գաղտնալսումների, ընդհանուր առմամբ 44 էջից բաղկացած վերծանումները:

Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաև կարևորագույն ապացույցներից մեկը` Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի» գրառումով մի գրություն է կազմում եւ թղթապանակն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների հիման վրա համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն: Այսպիսով խաղարկվում է իսկական գրոսմայստերական խաղ, ու քննության կարևորագույն նյութերը այլևս անկառավարելի գեներալների և համատեղության կարգով Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մենաշնորհը չէին: ԱԱՆ-ն և Սերժ Սարգսյանը այլևս նույնպես տեղյակ էին ամենակարևոր նյութերին, որը քննության ընթացքի վերաբերյալ մանիպուլյացիան էապես դժվարացրեց: Հենց դա էլ դարձավ այդ թիմի` Սերժ Սարգսյանի հանդեպ թունդ ատելության դրդապատճառ:

Իսկ Աղվան Հովսեփյանը թղթապանակը ԱԱ նախարարին ուղարկելուց եւ վերջինիս տրամադրության տակ մեկ օր թողնելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին միայն այդ մասին տեղյակ պահեց Ջհանգիրյանին: Հովսեփյանն այդ հանդգնության համար վճարեց հրաժարականով, նրա փոխարեն գլխավոր դատախազ նշանակվեց Ջհանգիրյանի դրածո, դժգույն մի անձ, որ անունն այսօր ոչ ոքի ոչինչ չի ասում: Հնչում են և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներ, սակայն ԱԱ նախարարը բավականին ամուր դիրքեր ուներ… Համ էլ առջևում շտապ շախմատային կոմբինացիա կար:

Դա Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին, վարչապե տ նշանակելն էր: Դրա դեմ «Երկրապահի» ազդեցիկ դեմքերն առարկելու ոչինչ ունենալ չէին կարող, իսկ ԱԱ նախարարի մտերմությունը Սպարապետի ընտանիքի հետ էապես նպաստեց այդ տարբերակի իրագործմանը: Ու սկսվեց մրցավազք, թե ով ավելի մեծ ազդեցություն կունենա անփորձ վարչապետի վրա…

Ազդողների մեջ էին, անշուշտ, երկրապահները, Վահան Շիրխանյանը, նաև` Սերժ Սարգսյանը: Օրինակ, հաստատ Արամ Սարգսյանն առանց հուշարարության առաջ չէր քաշի Վարդան Օսկանյանի պաշտոնանկության հարցը: Նույնը կարելի է ասել և Սարդարապատում կնքած հռչակագրի վերաբերյալ, որը նախատեսում էր բազմակուսակցական ազգային համաձայնության կառավարության ստեղծումը…

Ինչևէ, 2000թ. գարնանը ներքաղաքական իրավիճակը քչից-շատից կայունացավ: Եվ ահա հերթը հասավ մի փաստաթղթի ընդունմանը, որն իր բովանդակությամբ նմանվում է գարնանային սրացմանը.

«Միասնություն»  դաշինքի հայտարարությունը

Վերջին օրերին միտումնավոր կրկին սրվում է լարվածությունը հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների քննության շուրջ: Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ տեղեկատվական ճնշում են գործադրում նախաքննությունը վարող քննչական խմբի և նրա ղեկավարի նկատմամբ, ձգտում են ապակողմնորոշել հասարակական կարծիքն ու զոհվածների հարազատներին:

Անթույլատրելի ենք համարում, որ այդ դատապարտելի գործընթացի «ազատամարտիկի» դերն ստանձնել է Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարության տակ գտնվող Ազգային հեռուստատեսությունը, չնայած մեր՝ նախկինում արված բազմաթիվ զգուշացումներին:

Վերսկսված քարոզչական արշավը հանգեցնելու է նոր ցնցումների, խորանալու է անվստահությունը պետական կառույցների և բարձրաստիճան կառույցների նկատմամբ: Հավասարապես դատապարտում ենք նման երևույթի կազմակերպումը և թույլատրումը:

«Միասնություն»  դաշինքը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, մասսայական լրատվության միջոցներին՝ չփորձել խոչընդոտել քննչական խմբի օրինական գործունեությունը:

Դաշինքը Հանրապետության նախագահից պահանջում է.

1. Անհապաղ ապահովել բնական պայմաններ հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմինների գործունեության համար:

2. Անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Սերժ Սարգսյանին, Ազգային Հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին :

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնակատար

Տարիներ անց, սակայն, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վկայեց, որ Անդրանիկ Մարգարյանի մտքով անգամ չի անցել կասկածել Սերժ Սարգսյանին` «27»-ի ոճրագործության հետ կապ ունենալու մեջ: Նույնը կարելի է ասել և Վազգեն Սարգսյանի ընտանիքի մասին… Հետևաբար` հայտարարության դրդապատճառները, մեղմ ասած, այնքան էլ կապ չունեն «27»-ի և դրա հետաքննության հետ:

Ուստի` դատենք արդյունքներով, թե ինչով այդ ամենն ավարտվեց:

Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց վարչապետ: Սերժ Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար: «Միասնություն» դաշինքը քայքայվեց, և ինֆանտիլ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն դուրս թռավ իշխանությունից: Այսինքն` ՀՀԿ-ն վերականգնեց իր` «27»-ի ահաբեկչության հետևանքով խաթարված իշխող դիրքը, իսկ Սերժ Սարգսյանը հաջողությամբ հաղթահարեց իր գլխին կախված` վտանգավոր ինտրիգի զոհ դառնալու վտանգը և գրավեց ավելի ամուր և զորավոր դիրք:

Այսինքն` կրկին ենթադրվում է փայլուն շախմատային պարտիա…

Իսկ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ մուտք գործելը եղավ 6 տարի անց` 2006-ի ամռանը, շատ շուտով դառնալով ՀՀԿ խորհրդի նախագահ: Դա նրա պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ-ի ստեղծմանը:

2007-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն հաղթեց ԲՀԿ-ին` մեծ առավելությամբ, արդյունքում Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդ 2008-ի նախագահական ընտրությունների համար դարձավ ոչ թե Վարդան Օսկանյանը, այլ հենց Սերժ Սարգսյանը:

Հաճախ հռետորական հարցադրում է հնչում` իսկ ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե 2007-ի մարտի 25-ին Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ չլիներ և Սերժ Սարգսյանը չստանձներ վարչապետի պաշտոնը: Կարծում ենք, այդ դեպքում 2007-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը կլիներ էլ ավելի տպավորիչ, իսկ Անդրանիկ Մարգարյանը կմնար վարչապետ նաև 2008-ի նախագահական ընտրություններից հետո:

Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին:

«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *