Պարզվում է, որ իմ նախորդ հրապարակումը ռեկորդային քանակով ընթերցող է ունեցել: Եվ նման է, որ դա պայմանավորված է ոչ թե քաղաքագիտական վերլուծությամբ, այլ Հայաստանի տեղեկատվական դաշտում ընթացող կիբերպատերազմի մասին տեղեկություններով: Նշեմ, որ հենց նախորդ նյութիցս հետո կոտրեցին մեր կայքը: Ենթադրվում էր, որ դա պայմանավորված էր կոնկրետ անուններ հիշատակող հրապարակումներով, ու ըստ մեր վարկածի, կայք կոտրելու պատվերը տվել էին կամ թմրառևտրով զբաղվողները, կամ կիբերհանցագործները:
Երկրորդ վարկածը կարծես ավելի արժանահավատ է: Ի դեպ, մեր կայքը երկրորդ անգամ կոտրեցին նաև ապրիլի 20-ին, ու ճիշտն ասած ցանկություն չկա դա դուրս գրելու թուրքերի ու ադրբեջանցիներ վրա: Զի նախընտրական շրջանում մեր հայրենի կուսակցությունների մի մասը գործադրում է հնարքներ, որ վայել կլինեին թուրքին…
Հիշեցնեմ, որ նախորդ նյութում նկարագրել էի նաև ընտրարշավի վիրտուալ հատվածում եռացող կրքերը: Նաև հիշատակել էի, թե սոցիալական ցանցերում ով է գլխավորում ՀՀԿ-ին մեկուսացնել ձգտող ուժերի դեմ համացանցում կիբերպատերազմ մղող խումբը: Հնչել էր ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին հանրապետական, իսկ այժմ առ Վարդան Օսկանյան ջերմ սիրով լցված 30-ամյա Հայկ Ակարմազյանի անունը: Թեև մենք չէինք պնդում տեղեկատվության իսկությունը, բայց մեր կայքի դեմ կրկնակի կիբերհարձակումները հիմք են տալիս կարծելու, որ դիպչել էինք «տասնոցին» ու հարուցել կիբերպատերազմի «նարնջագույն» ճակատի գեներալների զայրույթը…
Ինչևէ, հիշեցնեմ, որ «կիբերճակատի» երկու սենսացիա էի հիշատակել: Մեկը օլիգարխ Գարեգին Նուշիկյանի ֆեյսբուքյան էջի ոչնչացումն էր, մյուսը` «Օդնոկլասնիկի» սոցցանցի հայկական խոշորագույն, շուրջ 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի արգելափակումը:
Պարզվեց, որ Ֆեյսբուքի հայկական հատվածի կեսի չափն ունեցող այդ խմբի հետ սերտորեն առնչվում է լրատվական դաշտի մեր գործընկերներից մեկը. խմբի ադմինիստրատորն է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Հենց նրանից էլ ճշտեցինք նախընտրական կիբերպատերազմին վերաբերող որոշ նրբություններ. «Մեր խումբն անհետացավ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը: Բնականաբար, սկսեցինք գործողություններ երկու ուղղությամբ: Մի կողմից` ես դիմեցի սոցցանցի ռուս ադմինիստրացիային` խումբն արգելափակումից հանելու հարցով, մյուս կողմից` անմիջապես ստեղծեցինք խմբի կրկնօրինակը, ուր արդեն հավաքվել է շուրջ 10 հազար մասնակից: Պարզվել է, որ արգելափակվել է իմ պրոֆիլը` կանոնները պարբերաբար խախտելու մեղադրանքով, ու ավտոմատիկաբար արգելափակվել է նաև խումբը: Ըստ ամենայնի, հարյուրավոր կամ հազարավոր նույնաբովանդակ կեղծ բողոքներ են հղվել կեղծ պրոֆիլների միջոցով: Այդ ձեռագիրը հայկական խոշորագույն խմբերի դեմ սովորաբար կիրառում են թուրքերն ու ազերիները, սակայն, դատելով Ձեր նախորդ հրապարակումից, այս անգամ նախընտրական դրդապատճառներերով այդ հնարքը կիրառել են մեր իսկ հայրենակիցները»: Հ. Գալաջյանը նշեց նաև, որ արդեն իսկ օպերատիվ ճանապարհով պարզվել են կիբերհանցագործության երկու ակտիվ մասնակիցներ` Վանաձորի բնակիչ, քաղաքի հայ-ռուսական ձեռնարկություններից մեկում աշխատող Արբակ Առաքելյանը, և ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ Գրիշա Ստեփանյանը, ու ի դեպ, Առաքելյանն անզգուշաբար գլուխ է գովացել իր հանցագործության վերաբերյալ, և նրա համացանցային զրույցների էկրանի պատկերը («սքրինշոթը») պահպանված է: Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանի` որպես կազմակերպիչ մասնակցելուն, ապա մեր գործընկերը նշեց. «Նրա կողմից համացանցային քվեարկությունը 700 կեղծ էջերի միջոցով հօգուտ ԲՀԿ-ի կեղծելը ինքնին խոսուն փաստ է: Կեղծ պրոֆիլները սովորաբար ստեղծվում են առաջին հերթին զանգվածային կեղծ բողոքներով անցանկալի էջն արգելափակելու նպատակով, և նոր միայն` լրացուցիչ նպատակներով… Իսկ ապացույցներ հայթայթելը ոչ թե իմ, այլ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի խնդիրն է: Նշեմ միայն, որ կիբերհանցագործության մասնակից Արբակ Առաքելյանը սպառնացել է, որ կոչնչացվեն այն բոլոր խմբերը, որոնք կխոչընդոտեն հօգուտ իշխանափոխության ազատ քարոզչության իրականացումը, խտրականություն կդրսևորեն կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր խումբը, լինելով ազգային-պահպանողական, հանուն ազգային միասնության պահպանման ոչնչով չէր միջամտում ընտրարշավին, մենք ընդամենն արգելում էինք պետական հեղաշրջման քարոզչությունը և աղանդավորության և սեռական անսահմանափակ ազատության պաշտպանությունը: Սակայն պարզվեց, որ հակապետական դավադրություն ծրագրած շրջանակները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, անընդունելի են համարել քաղաքականապես չեզոք 100 հազարանոց խմբի գոյությունը, ու մեզ վրա քսի են տվել կիբերհանցագործների ոհմակին»:
Ի դեպ, պարզվում է, որ լրատվական կայքերից ոչ միայն «Հայական վարկած»-ն է ենթարկվել գրոհների: Վերջերս ստեղծվել է www.pozor.am լրատվական կայքը, որը կոշտ քարոզչություն է իրագործում ընդդեմ հակաիշխանական դաշինքի ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի: Համաձայն կայքի լրատվության, կայքի գործարկման հենց առաջին օրը` ապրիլի 13-ին, այն ենթարկվեց շատ հզոր գրոհի միանգամից 3000 համակարգիչներից, և գրոհները կրկնվեցի 2 անգամ նաև հաջորդ օրը: Կայքի պնդումով, ամեն մի հակերական օպերացիայի համար կիբերհանցագործների խմբին վճարվում է 10 հազարական դոլար, և իրենք իրենց ապահովագրել են` տեղափոխվելով ավելի ապահով սերվերի վրա (բայց ի՞նչ ապահովության մասին է խոսքը DDOS գրոհների պարագայում, երբ միակ փրկությունը ինտերնետ-կանալի ավելի բարձր թողունակությունն է): Ու հետաքրքիր է, որ ապրիլի 15-ից հետո գրոհները դադարեցին…
Դա տարօրինակ է այն պարագայում, որ ԲՀԿ առաջնորդը բազմիցս ապահովել է նույնիսկ իր մականունի չհիշատակումն անգամ տարբեր հակաօրինական մեթոդներով (կատակում են, որ նա երկու անգամ է հարվածում, առաջինը` գլխին, երկրորդը` դագաղի կափարիչին…): Բայց, ինչպես հաջողվեց մեզ իմանալ վստահելի աղբյուրից, կիբերհարձակումները կասեցվել են, քանի որ (բնականաբար, ոչ առանց նյութականի), նոր քարոզչամիջոցի տերերը լեզու են գտել հենց հարձակվող խմբի հետ, ու ավելին` հենց այդ խումբը ստանձնել է սև PR իրականացնող քարոզչամիջոցի անվտանգության ապահովման պարտավորությունը…
Այսպիսով, ստացվում է, որ Պոլիտեխնիկի երիտասարդ շնորհաշատ դասախոսը, որ 2007-ին հավատավոր ՀՀԿ-ական էր, իսկ հիմա ոչ պակաս հավատավոր ԲՀԿ-ական է, իր համար ենթադրաբար ստեղծել է եկամտաբեր ոլորտ`կիբերհարձակումների խումբ: Ու, բնականաբար, ԱԺ քարոզարշավը պատվերների առավելագույն քանակ ունենալու ժամանակն է, չնայած խորհրդարանի մանդատների համար մեծ ճակատամարտից հետո սկսվելու է նաև տևական կռիվը նախագահական ընտրությունների ճակատում: Դե, Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել էր, որ մտադիր չի հավերժ մնալ «ամենաերիտասարդ թոշակառու», ոչ երիտասարդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ծարավ է ռևանշի… Հա, ի դեպ, ուշագրավ է, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը բացվեց քաղաքական գործիչ դարձած, ծագումով արցախցի մեր գործընկեր Գայանե Առուստամյանի ելույթով այն մասին, որ նժդեհականությունը որպես այդպիսին ֆաշիստական և ռասիստական ուսմունք է… Եվ հետաքրքրական է, որ մեր մյուս գործըկերոջ հիշատակած բացահայտ կիբերհանցագործ Արբակ Առաքելյանն իր «գլուխգովոցի» ընթացքում ոչնչացման ենթակա էր հռչակել «ռասիստական» խմբերը, որոնց «ռասիզմը» վատ վերաբերմունքն է աղանդներին, և իշխանափոխության ձգտողներին:
Ինչևէ, հուսանք, որ կատաղի անհանդուժող պայքարը կամփոփվի ինտերնետի տարածքում, մեր փառապանծ ոստիկանությունն էլ թույլ չի տա, որ ծավալվի ու ծաղկի քաղաքական (իսկ ապագայում նաև` տնտեսական) կիբերհանցագործությունների սև շուկան:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 23:39ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2
- 13:27Գագիկ Ծառուկյանի արժանապատվության դասը
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.