Հայաստանում գիտության ոլորտում գիտաշխատողների թվաքանակի կրճատում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ, ավելին, նախատեսում են ոլորտը համալրել երիտասարդ կադրերով:
Գիտության կոմիտեում գրանցված 6 հազար 200 անձից, 4 հազար 500-ը ծրագրերում աշխատող գիտնականներ են: Դա, ըստ Սամվել Հարությունյանի, բավական փոքր թիվ է: «Սա այնպիսի թիվ է, որ դրանից ներքև չի կարող լինել: Հետևաբար, մենք նախատեսում ենք ավելացնել երիտասարդ մասնագետների թիվը»,-ասաց Սամվել Հարությունյանը:
Ինչ վերաբերում է բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման խնդրահարույց հարցին, ապա Սամվել Հարությունյանը նշեց, որ կառավարությունը շատ արագ արձագանքել է, և դեռ դեկտեմբերից այդ հարցը կարգավորվում էր:
«Ավելին՝ այդ մասին ես անձամբ բոլոր բուհերի ղեկավարներին զանգել տեղեկացրել եմ, որ հարցը կարգավորվում է, որևէ խնդիր չի առաջանալու, աշխատողներ դուրս չեն մնալու: Բուհերից, չգիտես ինչու, ԵՊՀ-ն միայն որոշեց աշխատողներին ծանուցում ուղարկել, դա այն դեպքում, որ մենք վստահեցրել ենք խնդիրը լուծվելու է կարճ ժամկետում: Ի դեպ, ԵՊՀ-ն բազային ֆինանսավորման ցանկում երրորդ տեղում է»,-ասաց Սամվել Հարությունյանը: