23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքներին:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Երեկ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը վերականգնել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը: Բայց երկու ժամ անց կրկին փակել է գազատարը:
Հիշեցնեմ, որ նախորդ անգամ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին: 2023 թվականի հունվարի 9-ից արգելափակված է Լեռնային Ղարաբաղի էլեկտրական հոսանքի մատակարարումը:
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում: Սա, ըստ էության, անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը:
Եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում մեր այս պնդմանը, հիմա ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Պատահական չէ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել: Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 18-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին:
Այս ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա, և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն՝ առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ. ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը չվերակերպվի պատերազմի արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա: Սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն:
Հարգելի գործընկերներ,
Կրկին արտահայտում եմ՝ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, ահա, այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ինչպես նախկինում բազմից ասել եմ, ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն: Շնորհակալություն»:
Թուրքիայի հետ ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմամնն ընդառաջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա իր ելույթում նշեց. «Հարգելի պարոն Չավուշօղլու, հարգելի ներկաներ, նախեւառաջ ՀՀ անունից եւս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը եւ շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին:
Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր եւ այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքների: Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից դառնալով համամարդկային ողբերգություններ: Աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որեւէ կետում տեղի ունեցող որեւէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ եւ հումանիտար օգնություն:
Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին եւ ընդհանուր առմամբ հայկական ներկայության եւ աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ հայ փրկարարներին իրենց գործընկերների աջակցությամբ հաջողվել է անել ամենակարեւորը այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր:
Խորհրդանշական եմ համարում նաեւ, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղեւորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան եւ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման:
Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու եւ մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը եւ ձգտումը:
Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Արցախում ներքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին աճում է տեղեկատվական փոխհրաձգությունը: Քաղաքական վերադասավորումների արդյունքում իշխանության մեջ տեղավորվելու նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները։ Ինչևէ։
2020թ․ համապետական ընտրություններից առաջ և հետո մշտապես, այդ թվում՝ հրապարակավ, կարևորել եմ սահամանադրական բարեփոխումները։ Հարցն առանցքային էր նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը սրվեց հետպատերազմականշրջանում։ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության՝ մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ մարտավարությունը հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի, որը լուծելու փորձերը կապվեցին կադրային քաղաքականության և/կամ առանձին անձանց փոխատեղումների հետ։ Այս մոտեցումը ևս սոսկ իրավիճակային էր, որը, հավասարակշռելու փոխարեն, հակակշռեց իշխանությունը՝ իր հերթին առավել խորացնելով ճգնաժամը։
Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թևերը, բայց ոչ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսում է նախագահի ինստիտուտից և կրկին հանգում դրան։ Ասել է թե՝ բոլորը կարող են որոշում կայացնել, բայց այդ բոլոր որոշումների հետևանքների պատասխանատվությունը կրկին վերագրվում է նախագահին։ Ահա թե ինչու բոլորը իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ։ Ցանկության դեպքում իսկ չեն կարող այն ստանձնել, պատասխանատվության «մենաշնորհը» Սահմանադրությամբ վերապահվել է նախագահին։
Սահմանադրական նման կարգավորումների պայմաններում արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկություն կունենա իշխանություն լինել, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ձգտել պաշտոն զբաղեցնել։ Ինչ-որ մեկը՝ գուցե, բայց ո´չ ես։
Արցախում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Արցախի քաղաքական և հասարակական շրջանակների խղճին է, ովքեր տառապում են բացառապես պաշտոն զբաղեցնելու, պետական բյուջեից սնվելու, իշխանական շրջանակներին հնարավորինս մերձ հարելու մոլուցքով, բայց ոչ քաղաքական և հասարակական պատասխանատվություն կիսելու պատրաստակամությամբ։
Արցախում և նրա շուրջը ստեղծված իրավիճակը սահմանադրական ճգնաժամի ուղղակի հետևանք է, ուստի, փոխանակ զբաղվելու դրա հետևանքները մեղմելու պարապ գործով, բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն դրա պատճառների վերացմանը։
Կոչ եմ անում Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների պահպանմամբ մտահոգ շրջանակներին բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։
Ադրբեջանը կրկին փակել է Հայաստանից Արցախը մտնող գազատար խողովակը։ Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը խափանել է 7 անգամ՝ ընդ որում այս վիճակագրությունը չի արտացոլում ամբողջ պատկերը, քանի որ դրա հետևանքով բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում։ Սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն է։ Այդ մասին Կառավարության նիստի աշխատանքներից առաջ իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր 27 անգամ էլ ԼՂ գազատամակարման խողովակի նորմալ աշխատանքն է խափանել Ադրբեջանը՝ պարբերաբար մեծացնելով ու փոքրացնելով գազի ծավալը։
«Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի ոկղմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ԼՂ-ում իրական բնապահպանական խնդիրների է հանգեցրել։ Քանի որ Ադրբեջանը խափանել էր նաև Հայաստանից Արցախ մտնող էլեկտարական գծի աշխատանքը, ԼՂ իշխանությունները ստիպված են օրական 6-10 ժամով հովհարային անջատումներ իրականացնելլ ։ Մարդիկ ստիպված են փայտ օգտագործել տները տաքացնելու համար։ ՈՒ քանի որ ԼՂ-ում ձյուն է տեղացել և գիշերը մինչև -5 աստիճան իջնում է ջերմաստիճանը, ստիպված անտառներ են կտրտվում։ ։ Սա ևս մեկ անգամ հօդս է ցնդեցնում Ադրբեջանի, իբր, բնապահպանական նպատակները, քանի որ նրա կողմից միջանցքի ապօրինի շրջափակումը, որ տևում է արդեն 60 օր, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի»,-շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը կրկին նշեց, որ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու՝ ԼՂ բնակչության կամքը։ Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի այս սադրիչ ու ագրեսիվ գործողությունների վրա միաջզգային հանրության ուշադրությունն է՛լ ավելի կենտրոնացնելու համար պետք է ավելի շատ ջանք թափել։
ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը 2013-2018 թթ. ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել է ՀՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության, սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովներին, այդ թվում (European Geosciences Union, 2023):
Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաեւ մեր տարածաշրջանում երկրաշարժերի վերջին ակտիվացումները հաստատում են իրենց հետազոտության արդյունքները:
«Մեր ինստիտուտում գործում է երկրաշարժերի նախազգուշացման լաբորատորիա, որտեղ հիմնական գիտական ուղղություններից մեկը սեյսմիկության տարածաժամանակային ուսումնասիրություներն են, այսինքն թե տարածության ու ժամանակի մեջ ինչպես է դրսեւորվում սեյսմիկ իրավիճակը: Դրա հիման վրա 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մշադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել ենք, որ Հայաստանում եւ հարակից տարածքներում, Տավրո-Կովկասյան տարածքում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, սեյսմիկության անոմալ դրսեւորումներ, որոնք մենք ներկայացրեցինք ԳԱԱ տարեկան հաշվետվություններում: Դրանք տպագրվել են 2019-ին: Դրանից հետո արդեն մաթեմատիկական, երկրաֆիզիկայի եւ գեոինֆորմատիկայի լաբորատորիայի գիտական խումբը կիրառելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդները ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնել, որոնց արդյունքում կարողացանք առանձնացնել կոնկրետ տարածքային անոմալ դրսեւորումների գրեթե բոլոր տարատեսակները, որոնք արտահայտվում են Տավրո-կովկասյան տարածքում:
Տավրո-կովկասյան սեյսմիկության լոկալ եւ ռեգիոնալ սեյսմիկության անոմալ դրսեւորումների վերաբերյալ մեր զեկույցը ընդունվեց եվրոպական հայտնի «European Geosciences Union» միջազգային համաժողովի կողմից: Համաժողովը լինելու է ապրիլին, մենք գրավոր ներկայացրել ենք աշխատանքը, որն ընդունվել է»,-ասաց նա:
Ջոն Կարապետյանը հավելեց, որ եթե համեմատեք իրենց 2021-2022 թվականների թույլ երկրաշարժերից բարձր երկրաշարժերի տարածաժամանակային ուսումնասիրությունները, կտեսնենք այս տարածաշրջանում երկրաշարժերի համախմբվածություն: «Այդ համախմբվածությունը հստակ երեւում է, երեւում է նաեւ Իրանի տարածքում: Եթե համեմատեք Թուրքիայում հետցնցումային պրոցեսի զարգացման ընթացքը, կտեսնեք, որ նույն ուղղությամբ է գնում ձգվածությունը: Հետցնցումային ընթացքը դեռ գնում է, որը կարող է տարիներ տեւել:
Թուրքիայի վերջին երկրաշարժի ժամանակ գրունտների արագացումների առավելագույն արժեքը կազմել է 2000 սմ/վայրկյան քառակուսի: Դա գրեթե 4 անգամ գերազանցում է հիմիկվա գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներում գոտիավորված արժեքները:
Հիմա լուրեր են տարածվում, որ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց Տավրո-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության անոմալ դրսեւորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ Իրանի տարածքում, Հայաստանի հյուսիսում՝ Ջավաքի տարածքում, արտահայտվել է նաեւ Շորժայի մասում, նաեւ Ադրբեջանի տարածքում: Պրոցեսը դեռ շարունակվում է:
Փաստորեն տեղի է ունենում երկրաշարժերի փոխկապակցվածություն եւ երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակի տեղաբաշխում: Մենք դա 2021-ից նկատում ենք»,-ընդգծեց նա:
Համեմատելով Սպիտակի երկրաշարժի հետ, Ջոն Կարապետյանը նկատեց, որ թեեւ մագնիտուդների տարբերությունը մեկ է, սակայն իր էներգիայով վերջին երկրաշարժը մի քանի անգամ մեծ է եղել Սպիտակի երկրաշարժից:
«Այստեղ մենք շատ կարեւոր խնդիրներ ունենք սեյսմոկայուն շինարարության առումով: Մենք սցենարներ պետք է ունենանք, օրինակ 5 մագնիտուդի դեպքում ինչ պատկեր կունենանք, 6-ի դեպքում, 7-ի դեպքում ինչ պատկեր կունենանք: Այդ սցենարների մեջ պարունակում է տվյալների մեծ բազա, բնակֆոնդ: Այն շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, այն շենքերը, որոնք ամրացվել են, այն շենքերը, որոնք նոր են կառուցվել: Պետք է անձնագրավորել այն շենքերը, որոնք խոցելի են»:
Հարցին, թե իրենք կարողանո՞ւմ են կանխատեսել կոնկրետ երկրաշարժի ժամանակը, նա պատասխանեց. «Իհարկե, մենք ասել ենք 2021-2025 թվականների տիրույթում: Կանխատեսումները լինում են երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ օպերատիվ կանխատեսում: Մեր դեպքում կանխատեսումները միջնաժամկետ են, կանխատեսվել է ոչ միայն ժամանակը, այլեւ էներգետիկ բնութագրերն են հաշվարկվել, որոնք այսօր հաստատվում են երկրաշարժերի տեսքով»:
Նրա խոսքով, Գյուլագարակում տեղադրված է միջազգային չափորոշիչներին համապատասխան մագնիսական դիտարան, որի օգնությամբ ստանում են իրական ժամանակում մագնիսական դաշտի փոփոխությունը. «Ես, օրինակ, ասում եմ, որ իմ չափումներով երկրաշարժ է սպասվում 4 մագնիտուդից բարձր: Դուք հարցնում եք՝ որ ժամին: Այդ հարցը կարիք ունի ուսումնասիրության: Երկրաշարժի տեղ, ժամ, էներգիա որոշելու հարցը չի լուծված»:
Ջոն Կարապետյանը նաեւ նշեց, որ Թուրքիայի այս երկրաշարժի հետցնցումային ձգվածությունը օվալաձեւ է, որը ներկայացված է իրենց քարտեզում եւ լրիվ համընկնում է. «Այս երկրաշարժի արագացման նման արագացում գրանցվել է 2011-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ, սակայն Ճապոնիայի երկրաշարժի մագնիտուդը ավելի մեծ էր: Բացի այդ, սեյսմոտեկտոնական պայմաններով դրանք տարբերվում են:
Բայց արագացումների տեսանկյունից տեսնում ենք 4 անգամ նորմատիվ արժեքները գերազանցող արագացում եւ ամբողջ Կփովկասի տարածքում էլ կան սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներ, որտեղ եւս տարբերությունները բավականին մեծ են ստացվում:
Եթե նայում ենք Տավրո-Կովկասն ամբողջությամբ, տեկտոնիկայի, երկրաշարժերի փոխկապակցվածությունից ելնելով մենք պետք է զգոն ու պատրաստված լինենք: Մենք պետք է ունենանք սցենարները, թե որ սցենարի դեպքում ինչ գործիքակազմ ենք օգտագործելու:
Տեսեք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ բնակֆոնդի քանի տոկոսը կորցրեցինք, եւ այդ երկրաշարժի ժամանակ փլված շենքերի նման շենքեր ինչքան կա Երեւանում: Այսինքն նույնիսկ ցածր մագնիտուդի դեպքում մենք կարող ենք ունենալ շատ լուրջ հետեւանքներ: Դրա համար պատկան մարմինները իրենց ձեռքի տակ պետք է ունենան սցենարներ, թե որ սցենարի դեպքում ինչ պետք է անել: Մինչեւ հիմա հետազոտություններ են իրականացվում, թե ինչու Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերն այդպես ոչ բնութագրական ձեւով փլվեցին: Այստեղ կարեւոր է շինարարության որակը»,-ընդգծեց նա:
Մասնագետն ընդգծեց, որ այս բոլոր տվյալները պետք էր հաշվի առնել նոր շենքերի կառուցման ժամանակ. «Եթե շենքերը նախագծելիս հաշվի առնեինք այդ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները, ապա մարդը երկրաշարժի ժամանակ ոչ թե պետք է շենքից փախչի, այլ մնա ապահով շենքում: Դա մենք տեսնում ենք Չինաստանում, Ճապոնիայում, այնտեղ շենքից չեն փախչում, շենքում իրենց ավելի վստահ են զգում: Մեր շենքերում որեւէ տեղ նշված չեն անվտանգ գոտիները, մինչդեռ դա պետք է լինի բոլոր շենքերում, հիմնարկներում»:
Փաստորեն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամեն ինչ անում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու համար՝ բացարձակապես չմտածելով, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ սասանված վստահությունը կարող է վերջնականապես փլուզվել։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Այսօրվա իր հարցազրույցում Լավրովը, համառոտաբար անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը, արեց մի շարք պնդումներ, որոնք սկզբից մինչև վերջ ադրբեջանամետ-թուրքամետ էին, ըստ այդմ՝ սխալ ու սուտ և՛ պատմական, և՛ միջազգային իրավաքաղաքական, և՛ դիվանագիտական տեսակետներից։ Ըստ Լավրովի, հակամարտության էությունն այն է եղել, որ Հայաստանը «երկար-երկար տարիներ բռնազավթել էր [Լեռնային Ղարաբաղի շուրջն ընկած] Ադրբեջանի յոթ շրջանները» ու չէր ցանկանում դրանք վերադարձնել։ Խեղճ Ադրբեջանն էլ, «երբ արդեն հուսահատվեց հարցի քաղաքական լուծման մեջ… վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում»։ Տիպիկ ադրբեջանաթուրքական տեսակետ։ Այսինքն՝ ըստ Լավրովի, հակամարտության նախաձեռնողն ու մեղավորը Հայաստանն է, որը, պարզվում է, «երկար-երկար տարիներ» զավթիչ պետություն է եղել։ Լավրովի արատավոր տրամաբանությանը եթե հետևենք, ապա կստացվի, որ 1997 թ. ՌԴ-ն մի զավթիչ (օկուպանտ) պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ կնքել է «բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» մեծ պայմանագիր։
Ավելին, այդ «զավթիչ» հայկական պետության հետ ՌԴ-ն մինչ այդ ու հետագայում ևս կնքել է տասնյակ ռազմական, տնտեսական ու քաղաքական պայմանագրեր ու համաձայնագրեր։ Բայց դրա հետ մեկտեղ ՌԴ-ն սպասել է, թե երբ է Ադրբեջանը վերջապես տիրանալու իր դաշնակցի կողմից «բռնագրավված» տարածքին։ Ա՜յ քեզ Լավրով, ա՜յ քեզ «մեծ դիվանագետ», ա՜յ քեզ «հայազգի գործիչ», ա՜յ քեզ Քալանթարյան (ինչպես անվանում են նրան որոշ ռուս ընդդիմադիր մեկնաբաններ, օրինակ, Գիրկին-Ստրելկովը)…
Իհարկե, Լավրովը մոռանում է նշել, որ պատերազմը և՛ 1991-ին, և՛ 2016-ին, և՛ 2020-ին սկսել է Ադրբեջանը։ Մոռանում է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայկական ջարդերը։ Մոռանում է 1991-1992 թթ. Ստեփանակերտի հրետակոծումներն ու ռմբակոծումները (մինչև 1992 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումը) ։ Նա տեղյակ չէ «երկար-երկար տարիներ» Ադրբեջանում պետականորեն տարվող հայատյաց ռասիստական քաղաքականության մասին։ Նա չի հիշում, որ Ադրբեջանն է, որ բանակցություններում միշտ որդեգրել է անզիջում դիրքորոշում ու որևէ փոխզիջման չի համաձայնվել։ Իհարկե, Լավրովը տեղյակ չէ նաև, որ 1991 թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը հատուկ օրենք է ընդունել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Էլ չեմ խոսում Արցախի հայության՝ Հայաստանին միանալու որոշումների կամ անկախ պետություն կազմավորելու հանրաքվեների մասին։
Լավրովը զլանում է մեկ բառ անգամ ասել հե՛նց այս պահին՝ արդեն 53 օր (!!) շարունակ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական լայնածավալ գործողության՝ Արցախի պաշարման մասին։ Նրան չի հուզում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքի՝ այդ անմարդկային պաշարման դեմ որևէ միջոց չձեռնարկելը (ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի)։
Կարճ ասած՝ Ս. Լավրովին կարելի է շնորհել Հայաստանում հակառուսական քարոզչության «առաջամարտիկի» կոչումը։ Բայց Հայաստանին դավաճանելու և Թուրքիային ու Ադրբեջանին հզորացնելու լավրովյան քաղաքականությունը Ռուսաստանին արդեն իսկ ուժգին հարվածներ է հասցրել ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում, Թաթարստանում, Յակուտիայում, Բաշկիրիայում և այլուր։ Այս ամենը Ռուսաստանում դեռ տալու է իր դառը «պանթուրքական» պտուղները։ Ուստի հետագայում պատմաբանները Լավրովին անվանելու են նաև «պանթուրքիզմի մեծ բարեկամ ու աջակից»… Նախապես շնորհավորում եմ։ Հ.գ. Այսքանն ասելով հանդերձ՝ ցանկանում եմ միաժամանակ ընդգծել, որ Արևմուտքն ու արևմտյան գործիչները Լավրովից բոլորովին ավելի լավը չեն։
Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ նույն բարյացակամ քաղաքականությունն էլ նրանք են վարում (տեսակ-տեսակ դատարկ, անատամ հայտարարություններն անլուրջ են, մեր աչքերին թոզ փչելու համար են ընդամենը)։ Հետևաբար, խելքներս գլուխներս պետք է հավաքենք ու արագորեն համընդհանուր ինքնապաշտպանություն կազմակերպենք, եթե ուզում ենք այս հողում ապրել։ Թեև շատ ենք ուշացել, բայց դա է փրկության միակ ուղին, ոչ թե Լավրովը, Մակրոնն ու Բլինկենը»,-գրել է նա։
Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։
Ահա հատվածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.
Հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասաց. «Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ [առաջին սուտը] Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները [երկրորդ սուտը], սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված [երրորդ սուտը]։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին [չորրորդ սուտը], իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։
Լրագրողը հարցազրույց ունեցավ Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որն ասաց. «Հայաստանը գրավել է մեր հողերը [հինգերորդ սուտը]։ Անցյալ պատերազմում նրանց հաղթելու համար մեր բանակից հսկայական հերոսական ջանքեր պահանջվեցին։ Ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ այս պատերազմի ժամանակ Իրանը եղել է Հայաստանի կողքին [վեցերորդ սուտը]։ Այսպիսով, դուք կարող եք հասկանալ այս տհաճ զգացմունքները ոչ թե ժողովրդի, այլ իրանական վարչակարգի նկատմամբ… Իրանը նախատում է Իսրայելին, կարծես թե ուղղափառ իսլամ տեսանկյունից: Բայց որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները [յոթերորդ սուտը], գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ» [ութերորդ սուտը]։
Հաղորդավարը շարունակեց. «Վերջապես հրադադարը ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ջանքերով: Բաքվում ազատագրման տոնակատարության ժամանակ բանակը ցուցադրեց Իսրայելից ձեռք բերված հարձակողական անօդաչու սարքերը, որոնք մեծ կորուստներ պատճառեցին հայկական ուժերին [հայերի սպանության մասին ամոթալի պարծենկոտություն]: Բաքվի կառավարության ազդեցիկ մարդկանցից մեկը Հիքմեթ Հաջիևն է՝ նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը և նրա արտաքին քաղաքականության ռազմագետը։ Նա հայտարարեց, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և հրապարակեց լուրեր, որոնք զայրացրեցին Թեհրանին»։ Հաջիևն ասաց. «Ադրբեջանի նախագահը և Ազգային խորհրդարանը որոշում են կայացրել Իսրայելում Ադրբեջանի Հանրապետության լիարժեք դեսպանություն բացելու մասին, և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ կկարողանանք նոր մակարդակի հասցնել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը»։ [Հաջիևը չի նշել, որ նախագահ Ալիևը՝ Իսլամական պետությունների արձագանքից վախենալով, Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն բացեց միայն 2022 թվականին՝ գրեթե 30 տարի անց այն բանից հետո, երբ Իսրայելը բացել էր իր դեսպանատունը Բաքվում 1993 թվականին: Ապա, իսլամական պետությունների բացասական արձագանքը մեղմելու համար, Ադրբեջանը բացեց իր ներկայացուցչական գրասենյակը Ռամալայում, Արևմտյան ափին]:
Լրագրողն այնուհետև հավելեց. «Որքան սերտ են Բաքվի և Երուսաղեմի ռազմավարական հարաբերությունները, այնքան Թեհրանը սպառնում է երկու երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակած տեսանյութում հստակ սահմանվում էր, որ Երուսաղեմի Ալ-Աքսա սուրբ մզկիթ տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաքով։ Առաջին անգամ է, որ Թեհրանը սպառնում է երկու երկրներին՝ ասելով, որ «դուք փորում եք ձեր գերեզմանները։
Ցանկացած ոք, ով մարտահրավեր կնետի Իրանին, կկործանվի»: Թեհրանը նաև հարձակվում է Իսրայելի նոր արաբ գործընկերների վրա, որոնք պաշտպանում են Աբրահամի համաձայնագրերը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Մարոկկո և նույնիսկ Սաուդյան Արաբիա… Սա աշխարհի ամենապայթյունավտանգ սահմանն է։ Այս կողմից մենք գտնվում ենք Ադրբեջանում, որը աշխարհիկ մահմեդական երկիր է, Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, և այնտեղ մենք կարող ենք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, որը ԱՄՆ-ը և Իսրայելը համարում է որպես «մեծ սատանա և փոքր սատանա»: Ըստ Իրանի՝ Երուսաղեմի ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով։ 2022 թվականի հոկտեմբերին Իրանի բանակը որոշեց ահաբեկման գործողություն սկսել Ադրբեջանի դեմ՝ հյուսիսային հարևանին մեղադրելով Իսրայելի գործակալ լինելու մեջ։ Հազարավոր իրանցի զինվորներ տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ռազմական բեռնատարներով անցան Արաքս գետը երկու պետությունների սահմանին։ Իրանական բանակը նաև հարյուրավոր դեսանտայիններ իջեցրեց սահմանային շրջանում։ Առկա էին ռազմական զորավարժությունների տասնյակ տեսանյութեր, որոնք կրկին ու կրկին ցույց էին տալիս նրանց հրթիռների թիրախը՝ Հրեական պետության Դավթի աստղը: Թեհրանը մատնանշում է Բաքվի և Երուսաղեմի միջև աճող կապերը»: Այնուհետև ցուցադրվում է մի տեսանյութ, որտեղ իրանցի գեներալն ասում է. «Մենք շրջվում ենք Արաքս գետի հատման վայրում՝ Ադրբեջանի հետ սահմանին, որպեսզի մեզ լուրջ վերաբերվեն։ Մենք չենք ընդունում մեր հարևանությամբ սիոնիստների ներկայությունը»։
i24NEWS-ի հաղորդումը շարունակեց. «Զորավարժությունների մեծ մասը տեղի է ունեցել գետի իրանական կողմում, սակայն երբեմն եղել են օդային և ցամաքային ներթափանցումներ Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է իրանցի գեներալներին թվիթերյան գրառմամբ, որը զայրացրել է Թեհրանին՝ մի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարը գրկախառնված է իսրայելական Harop տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հետ։ Ադրբեջանը SkyStriker և LORA անօդաչու սարքերը գնել է իսրայելական Elbit և Israel Aerospace Industries ընկերություններից»:
Այնուհետև լրագրողը հարցազրույց է վարել իսրայելցի նախկին նախարար Էֆրայիմ Սնեհի հետ, որը ներկայացվում է որպես «Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքի ճարտարապետ»: Նա ասաց. «Ես գիտակցում էի բարեկամ Ադրբեջանի կարևորությունը՝ նկատի ունենալով Իրանին շատ մոտ լինելը և այն փաստը, որ Իրանի մեծ մասը ադրբեջանական է [իններորդ սուտը]։ Կարծում էի, որ սա այն դեպքն է, որ մենք պետք է հաստատենք ամուր, առողջ կամուրջ Իսրայելի և Ադրբեջանի միջև… Ադրբեջանական ժողովուրդը մեծ դեր է ունեցել նացիստական Գերմանիայի դեմ մղվող պայքարում: «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հիտլերի դեմ պատերազմի դուրս ելած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տուն չվերադարձան։ Նրանք ընկան Եվրոպայի և Գերմանիայի մարտադաշտում։ Եվ սա այնպիսի բան է, որը հրեան երբեք չի կարող մոռանալ: Մենք միշտ երախտապարտ ենք Ադրբեջանին՝ նացիստների պարտության մեջ ունեցած ավանդի համար»։ [Տասներորդ սուտը։ Կարծես, Իսրայելի նախարարը տեղյակ չէ, որ 70 հազար ադրբեջանցիներ կռվել են հանուն նացիստական Գերմանիայի, որոնք մասնակցել են Վարշավայի ապստամբության ճնշմանը։ Հիտլերն այդ ադրբեջանցիներին անվանել է իր վստահելի դաշնակիցները]։
Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35 [ԱՄՆ] կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը»: [Եթե դա ճիշտ է, ուրեմն սա հստակ խոստովանություն է, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանավորվածությունը]։
[Մաս 1. շարունակությունը՝ հաջորդ շաբաթ]
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
vz.ru-ն գրում է, որ հունվարի 27-ին Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը մտել է Ադրբեջանի դեսպանատան տարածք և կրակ բացել։ Ողջ աշխարհը ցավակցում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն իր հերթին պահանջներ է ներկայացնում Թեհրանին։ Բաքուն ուշադրություն չի դարձնում ո՛չ իրանական կողմի ցավակցություններին, ո՛չ էլ այն փաստին, որ իրանցիներն արագ բռնել են ահաբեկչին։ Ադրբեջանը հայտարարել է Թեհրանից իր դեսպանատան տարհանման մասին, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրում են այաթոլաներին Իրանում հակաադրբեջանական տրամադրություններ հրահրելու մեջ։
Իսկապես, հակաադրբեջանական տրամադրություններն այժմ ուժեղ են Իրանում։ Ավելին, Թեհրանը Ադրբեջանին տեսնում է որպես պոտենցիալ հակառակորդ, բայց ոչ այն պատճառով, որ այաթոլաները Ադրբեջանը գրավելու կամ նրա աշխարհիկ համակարգը փոխելու հավակնություններ ունեն, այլ այն պատճառով, որ Իրանը այդ հարևանի գործողություններն ընկալում է որպես իր ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք։ Ինչո՞ւ։ Ընդհանրապես ընդունված է, որ Ռուսաստանն ունի շատ բարդ սահման։ Սակայն, համեմատած իրանականի հետ, դա հանգստության մոդել է։ Արևելքում Իրանը սահմանակից է անկայուն միջուկային Պակիստանին, ինչպես նաև ավելի անկայուն Աֆղանստանին: Պարսից ծոցի հարավ-արևմուտքում Իրանի պատմական թշնամիներն են՝ Պարսից ծոցի միապետությունները: Արևմուտքում Իրաքն է, որտեղ հզորանում են հակաիրանական տարրերը։ Սակայն Իրանի ամենավտանգավոր սահմանը համարվում է հյուսիս-արևմտյանը։ Եվ դրա համար շատ պատճառներ կան:
Նախ՝ դա Թեհրանի մոտ լինելն է սահմանին, մինչև ադրբեջանական տարածք ընդամենը մոտ 400 կմ է, իսկ դա իսրայելական անօդաչու թռչող սարքերի համար բավականին մատչելի հեռավորություն է, որոնք կարող են թռիչք կատարել Ադրբեջանի տարածքից։ Փաստացի նաև պատճառ է այն, որ Ադրբեջանն իր տարածքը տրամադրում է Իրանի թշնամիներին՝ Իսրայելին և Թուրքիային։ Եվ եթե ադրբեջանական տարածքից իսրայելցիները պարզապես հետախուզական գործողություններ են իրականացնում, ապա Անկարայից գալիս են և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքաղաքական ռազմավարական սպառնալիքներ։ Իրանի քաղաքական և ակադեմիական շրջանակներում կա կոնսենսուս, որ Անկարան ակտիվորեն օգտագործում է պանթյուրքիստական տրամադրությունները իրանցի ադրբեջանցիներին հրահրելու համար կա՛մ անկարգությունների ձևով, կա՛մ էլ անջատողական կոչերով: Այսինքն, պարզ ասած, նպատակն իր պատմական աշխարհաքաղաքական մրցակցին թուլացնելն ու նույնիսկ սուբյեկտիվությունից զրկելն է։ Ընդ որում, վերջին տարիներին Իրանի համար այդ բոլոր վտանգները կտրուկ աճել են։ Մինչև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը վերահսկում էր այն տարածքները, որոնք թույլ չէին տալիս Թուրքիային ելք ունենալ դեպի Ադրբեջան։
Բայց իշխանություն ստացավ մի մարդ, որը, ըստ իրանցիների, ուղղված է դեպի Արևմուտք, Հայաստանը Ռուսաստանից անջատելուն և դրանով իսկ հայկական պետականությունը քանդել/թուլացնելուն: 2020 թվականին Թեհրանի կասկածները հաստատվեցին. Փաշինյանի գլխավորած Հայաստանը բավարար ջանքեր չգործադրեց Լեռնային Ղարաբաղը փրկելու համար (ներկայիս մնացածը փրկել է Ռուսաստանը), ինչպես նաև հենց Հայաստանի տարածքային ամբողջականության համար սպառնալիքներ են առաջացել։ Ադրբեջանը Երևանից պահանջում է ցամաքային միջանցք «մայրցամաքային» Ադրբեջանի և ադրբեջանական Նախիջևանի միջև, պարզ ասած՝ ցամաքային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ընդ որում, ոչ թե Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային զարկերակ, այլ ցամաքային միջանցք, որը կլինի Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս։ Այն ժամանակ՝ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, իրանցիները ոչնչով չկարողացան հակադրվել թուրք-ադրբեջանական ակտիվությանը։ Այժմ Իրանի համար իրավիճակը բարդացել է։ Վտանգված են ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության հարցերը, բայց, միևնույն ժամանակ, Իրանը, ինչպես 2020 թվականին, չի կարող «սպիտակներով» խաղալ (նախաձեռնությունը վերցնել): Դա անելու համար նա չունի բավարար ռեսուրսներ և բավարար դաշնակիցներ: Արդյունքում Թեհրանը, ըստ երևույթին, որոշել է խաղալ «սևերով», այսինքն՝ սպասել Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, հետո պատասխանել:
Դատելով իրանցիների տրամադրվածությունից՝ «սպիտակները» երկու տարբերակ ունեն. կա՛մ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ղեկավարությանը ստիպելու են ստեղծել արտատարածքային միջանցք, կա՛մ էլ ուժով են վերցնելու դա։ Երկրորդ տարբերակի միակ խոչընդոտը Հայաստանում ռուսական ռազմակայանն է, սակայն այժմ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ռուս զինվորականներին վարկաբեկելու համար, անգամ հայտարարում է, որ «ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։ Եթե ամեն ինչ ընթանա առաջին տարբերակով, և Փաշինյանն ինքը հայկական տարածքի մի մասը փոխանցի թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա, քանի որ դա կլինի երկու պետությունների ինքնիշխան որոշումը։
Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը չհամաձայնի, և Ադրբեջանը փորձի ուժով վերցնել, ապա Իրանը կունենա տարբերակներ։ Իրանցի փորձագետները անգամ չեն բացառում իրանական բանակի մուտքը Հայաստան՝ այդ երկրի տարածքը պաշտպանելու համար։ Ընդ որում, հայ բնակչության մի զգալի մասը դժգոհ է վարչապետի գործողություններից և դեմ չի լինի դրան։ Իրանցիները վստահ են, որ Մոսկվան էլ չի առարկի, քանի որ, ինչպես կարծում է Թեհրանը, Ռուսաստանը դժվար թե համաձայնի հրաժարվել Հարավային Կովկասում իր ազդեցությունից։ Եվ այդ տեսանկյունից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունն ամենևին էլ իրանական կողմին ձեռնտու չէ։
Դա Ադրբեջանին ներկայացնում է զոհի կարգավիճակով, թույլ է տալիս ուժեղացնել հակաիրանական տրամադրությունները ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ հենց Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում։ Եվ դա, իհարկե, Բաքվին հիմք է տալիս հակաիրանական տարբեր գործողությունների համար։ Այնպես որ, բոլորը հիմա սպասում են, թե ինչպես կխաղան «սպիտակները»:
Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։
«Արմենպրես»—ը ներկայացնում է «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․
«Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:
Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:
Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում:
1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար:
Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության:
Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով:
Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին:
2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։
Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։
Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», — 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին:
Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին:
Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ:
Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։
ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:
Արցախում 120 հազար հայեր գոյատևման պայքար են մղում զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, առանց ջերմության, սննդի և դեղորայքի՝ բնապահպաններ ձևացող էկո-ահաբեկիչների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Սակայն, Ադրբեջանը չի խուսափելու իր մարդու իրավունքների լուրջ խախտումներից՝ առանց բարձր գին վճարելու։
Ադրբեջանը ծաղրի առարկա է դարձել ամբողջ աշխարհում։ Գրեթե բոլոր կառավարությունները, բացի Էրդողանի բռնապետությունից, դատապարտել են Արցախի անմարդկային շրջափակումը։
Միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննադատել են Ադրբեջանի կառավարությանը՝ Արցախի Հանրապետության բնակչությանը շրջափակելու համար։
Աշխարհի հազարավոր թերթեր և հեռուստաընկերություններ խիստ հարձակման են ենթարկել Ադրբեջանը։
Բազմաթիվ քաղաքական գործիչներ, հայտնի անձնավորություններ և խորհրդարաններ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Այսպիսով, միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանը որպես կաշառք վճարել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում դրական գովազդ ստանալու համար, վատնվել է:
Միջազգային իրավունքի անթիվ խախտումներից հետո բոլորը տեղեկացել են Ադրբեջանի բռնապետական վարչակարգի մասին։
Այսուհետև ոչ մի երկիր Հայաստանին չի հորդորի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով նրա ցեղասպանական գործողությունները։ Բացի ժողովրդի բացահայտ սպանությունից, ՄԱԿ-ը ցեղասպանությունը սահմանում է նաև որպես «միտումնավոր ստեղծում խմբի կենսապայմաններ, որոնք հաշվարկված են դրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»։
Ցանկացած հակամարտության երկու կողմերը պետք է ձգտեն խաղաղության։ Երբ Ադրբեջանը վճռել է կործանել Արցախն ու Հայաստանը, ինչպե՞ս կարող է որևէ մեկն ակնկալել խաղաղ համակեցություն նման մարդասպան հարևանի հետ:
Նախագահ Ալիևը վարկաբեկեց իր իսկ պնդումը, որ արցախահայերը կարող են երջանիկ ապրել ադրբեջանական իշխանության ներքո, ինչպես Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Քանի որ ադրբեջանցիներն իրենք իսկ զրկված են իրենց տարրական իրավունքներից, ինչպե՞ս կարող է արցախահայությունը օգտվել որևէ իրավունքից։ Արցախահայերի համար անհնար է ապրել Ադրբեջանում, որի իշխանությունը սովի է մատնում իր «ապագա» քաղաքացիներին։
Ալիևը չի թաքցնում իր նենգ մտադրությունը։ Նա պարբերաբար հայատյաց հայտարարություններ է անում՝ պնդելով, որ Արցախից բացի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է պատմական Ադրբեջան։ Իհարկե, սա ծիծաղելի հայտարարություն է, քանի որ Հայաստանը գոյություն ունի հազարավոր տարիներ, իսկ Ադրբեջանը հազիվ հարյուր տարեկանն անց է:
Ադրբեջանցի կեղծ բնապահպանները երբեք չեն բողոքել սեփական երկրում օդի խիստ աղտոտվածության դեմ։ Նրանք նաև անտեսեցին ադրբեջանական զինուժի կողմից միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆորի օգտագործումը 2020 թվականի պատերազմի ժամանակ, որը ոչնչացրեց անտառները, մարդկանց և այլ արարածներ Արցախում:
Այսպես կոչված ադրբեջանցի ցուցարարներից շատերը, որոնք արգելափակել են Լաչինի միջանցքը, ադրբեջանցի զինվորականներ են: Ոչ մի ադրբեջանցի իրավունք չունի մուտք գործել Արցախի բռնազավթված տարածքներ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության։ Հատկապես ծիծաղելի է ադրբեջանցի կին ցուցարարը, որը ջրաքիսի վերարկու հագած, ներկայանում էր որպես բնապահպան…
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր հերքել, որ ադրբեջանցիները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ ցուցադրելով տեսագրությունները Միջազգային Կարմիր Խաչի մի քանի մեքենաների և ռուս խաղաղապահների բեռնատարների, որոնք անցնում են միջանցքով։ Պաշարների փոքր քանակությունը, որը թույլատրվում է բերել Արցախ, չնչին տոկոսն է նախկինում Հայաստանից Արցախ օրական առաքվող 400 տոննա պաշարների մեջ։
Արցախի անփորձ ղեկավարները թույլ տվեցին աններելի սխալներ՝ վնասելով իրենց սեփական շահերին։ Արցախի կառավարությունն անխոհեմ որոշում կայացրեց փակել իրենց հանքերը՝ ի պատասխան դրանք ստուգելու ադրբեջանական պահանջների։ Այսպիսով, Արցախի կառավարությունը զրկվեց այս հանքերից ստացած հարկային մեծ եկամուտներից և արցախցի հարյուրավոր հանքագործների թողեց առանց աշխատանքի ու եկամուտների։ Ավելին, փոխանակ Ադրբեջանին ասելու, որ իրենք գործ չունեն Արցախի հանքերի հետ, Արցախի կառավարությունը հայտարարեց, որ թույլ կտա միջազգային տեսուչներին գալ և ստուգել հանքերը։
Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի թույլ տված մյուս սխալը նրա հայտարարությունն էր, թե հայ ավազակները փող են աշխատում՝ օգտագործելով Լաչինի միջանցքը շրջանցող կողմնակի ճանապարհները՝ մաքսանենգությամբ մարդկանց ու ապրանքներ տեղափոխելու Արցախ և այնտեղից դուրս բերելու համար։ Այս անտեղի հայտարարությունն անմիջապես տարածվեց ադրբեջանական լրատվամիջոցներով, որոնք հրապարակեցին Արցախ հասնելու այլընտրանքային երթուղու քարտեզը՝ սպառնալով ռմբակոծել այդ ճանապարհը և աշխարհին ասելով, որ Արցախի շրջափակում չկա։
Բացի Ադրբեջանից, Լաչինի միջանցքի շրջափակման համար մեղավոր է նաև Ռուսաստանը, քանի որ նա է պատասխանատու միջանցքը բաց պահելու համար՝ համաձայն 2020 թվականի պատերազմի ավարտին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ստորագրած համաձայնագրի։ Ռուս խաղաղապահները չպետք է թույլ տային, որ ադրբեջանական խուժանը հասներ միջանցք, ուր մնաց փակեր այն։ Ավելին, 120 հազար արցախահայերը դանդաղ սովամահ լինելու փոխարեն պետք է բռնի ուժով հեռացնեին ադրբեջանական ամբոխին ու բացեին միջանցքը։
Շրջափակման պատասխանատվության իր բաժինն ունի Հայաստանի իշխանությունը։ Արցախի ղեկավարներին ասելով, որ իրենց վեճը լուծելու համար ուղղակիորեն գործ ունենան Ադրբեջանի հետ, Հայաստանի ղեկավարները լվացել են իրենց ձեռքերը Արցախից՝ Արցախին միայնակ թողնելով դիմակայելու ադրբեջանական հզոր թշնամուն, թեև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ինքն է Արցախի անվտանգության երաշխավորը։
Ի վերջո, սփյուռքահայ համայնքները, խաղաղ ցույցեր անելու փոխարեն, պետք է շրջապատեն Ադրբեջանի հյուպատոսություններն ու դեսպանատներն ամբողջ աշխարհում՝ թույլ չտալով ադրբեջանցիներին ելումուտ անել այդ շենքեր, ինչպես որ նրանք են արգելափակել Լաչինի միջանցքը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.