Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում: Ներկայացնում ենք այն ստորև.
Spiegel — Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, որ ադրբեջանցիները հարված հասցնելիս գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ: Որովհետև հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:
Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:
Spiegel – Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար մարտեր և փոխհրաձգություններ են եղել՝ 2016 թվականին, 2018 թվականին, 2020 թվականի հուլիսին: Սակայն այս անգամ բախումներն այնպիսի ինտենսիվություն ունեն, ինչպիսին տասնամյակներ ի վեր չի եղել: Ինչո՞ւ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, Դուք իրավացի եք: Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այսպիսի լայնածավալ պատերազմ՝ այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառմամբ, թերևս 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ: Եվ դա ունի մեկ բացատրություն՝ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում:
Spiegel – Կխնդրեի պարզաբանեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում:
Spiegel – Դուք փաստացի պնդում եք, որ Թուրքիային չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը, այլ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները:
Spiegel — Ադրբեջանական բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր հայտարարում է բնակավայրեր վերցնելու մասին: Ինչո՞ւ ուղղակի այդ գյուղերը չեք թողնում նրանց: Այդ տարածքն անմարդաբնակ է, կոպիտ ասած՝ չի պատկանում Լեռնային Ղարաբաղին, այլ անվտանգության գոտում է, որը տարիներ առաջ ձևավորել են հայերը վիճելի տարածքի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար վաղ է այդպիսի հայտարարություններ անել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, և այդ գործողությունների արդյունքում է, որ մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում: Անվտանգության գոտին քմահաճույքի համար չի ձևավորվել: Խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու, պոտենցիալ ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու մասին: Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյութենական սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից:
Spiegel – Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:
Spiegel – Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:
Spiegel – Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինն անգամ չի զանգահարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես չեմ կարող, իհարկե, դա մեկնաբանել, բայց այնպես չէ, որ ուղղակի ինքնանպատակ զանգեր են տեղի ունենում: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը պաշտոնապես արձանագրեց, որ ընդդեմ Ղարաբաղի և ընդդեմ Հայաստանի կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ Ռուսաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, ով խոսում կամ առնվազն ակնարկում է դրա մասին: Դրա մասին խոսել են Ֆրանսիան, խոսել է Իրանը: Որոշակի առումով սա քաղաքակրթական պատերազմ է, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս պատերազմում փաստորեն գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Մենք պայքարում ենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և միջազգային ահաբեկչության դեմ:
Spiegel — Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ, անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.