Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, այդ գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Տեղեկությունը երեկ հաստատել է դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ թե՛ գլխավոր դատախազությունը, թե մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը բողոքարկել էին Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։ ՍԴ աշխատակազմից էլ ավելի վաղ հաղորդագրությամբ հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել:
Երեկվանից տարբեր կարծիքներ են հնչում գործի նյութերի վերադարձի առնչությամբ: Կարծիքներ են հնչում, որ ՍԴ-ն վերադարձրել է գործի նյութերը դատավորի պահանջով: Նշենք, սակայն, ու գործի նյութերի վերադարձը սովորական դատավարական ընթացակարգ է: Եվ դա բնավ չի նշանակում, որ ՍԴ-ն չի քննելու այս քրեական գործը:
Նախօրեին ՍԴ մամուլի ծառայությունից ևս հայտնել էին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել: Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել:
Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը վերադարձնելը, վերոնշյալ կարգավորումների պարագայում, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբետ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործի քննությունը կասեցրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան։