Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանը պատասխանել է իր հասցեին համացանցում տարածված քննադատությանը սկանդալային հեռուստաշոուից հետո, որի ընթացքում նա նշել էր, որ եթե ընտրություն կատարեր Լիբանանի ու Հայաստանի միջև՝ Հայաստանը կընտրեր։
Չնայած հեռուստաշոուի ժամանակ դահլիճում ներկաները այդ պատասխանից հետո սկսել էին ծափահարել, բայց նախարարը հայտնվել էր քննադատությունների թիրախում, հայտնում է the961.com կայքը։ Որոշ լիբանանցիներ նույնիսկ նրա հրաժարականն են պահանջել։
«Եկեք պարզաբանենք՝ ես լիբանանցի եմ հայկական արմատներով։ Լիբանանն իմ հայրենիքն է»,- ասել է նախարարը։
Նախարարին նաև քննադատել են թուրքերի հասցեին նրա ասածների համար։ «Ես երբեք առաջ չեմ մղի որևէ բան, որը Թուրքիային է վերաբերում, լինի դա ապրանք, թե հարաբերություններ»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ լիբանանյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ Գիդանյանին առաջարկել են ընտրություն կատարել Հայաստանի ու Լիբանանի միջև։ Լիբանանահայը առանց երկմտելու պատասխանել է․ «Հայաստանը»։