նդդիմադիր քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ նշմարվում է ընդդիմադիր ալյանսներից մեկը: Ինչը, կարող ենք ենթադրել, որ արդեն իսկ սկսել է անհանգստացնել իշխանություններին:
Խոսքը «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասին է: Երեկ ուշ երեկոյան տարածվեց համատեղ հայտարարություն այն մասին, որ տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:
Կուսակցության ներկայացուցիչներն առայժմ տարածված հայտարարությունից դուրս չակերտներ չեն բացում՝ ավելացնելով, որ դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան մամլո ասուլիսով եւ այդ ժամանակ նոր կպատասխանեն լրատվամիջոցների հարցերին:
Սակայն տարածած փոքրիկ հայտարարությունն արդեն անհանգստացրել է իշխանություններին ու սպասարկու ուժերին: Սոցիալական ցանցերում, առանձին անհատներ ու լրատվամիջոցներ ակտիվ քննադատում են դեռ չձեւավորված դաշինքը, հիշատակումներ են անում ՔՊ-ԼՀ անցած ՏԻՄ ընտրությունների նախընտրական «առճակատումներից», իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ նիստի ավարտից հետո բաց տեքստով հայտարարեց, որ իշխանություններին «դուր չի գալիս» այդ միավորումը՝ հայտարարելով, որ ընդդիմությունը թե հաղթելու, թե միավորվելու շանսեր չունի:
«Եթե այսօր-վաղը լինեն ընտրություններ, հաղթելու շանս չունի, ընդդիմությունն ամբողջապես միավորվելու շանս չունի, էսօր էլ վերահաստատում եմ, որովհետև գտնում եմ, որ Հայաստանի պառլամենտական ընտրությունների քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև անվտանգությունը, իսկ այստեղ մեր ընդդիմադիր ուժերն ունեն տարագծորեն տարբեր կարծիքներ, օրինակ, եթե «Ժառանգությունը» դեմ է Հայաստանի հարաբերությունների խորացմանը ՀԱՊԿ-ի և Եվրասիական միությանը, ապա ՀԱԿ-ը դրան կողմ է քվեարկել, և տենց կարող եմ բազում օրինակներ բերել։ Այնպես չէ, որ մեր ընդդիմությունը միայն «Լուսավոր Հայաստանն» է, «Քաղաքացիական պայմանագիրն» է, մեկ էլ «Հանրապետությունը»»,- հայտարարել էր Շարմազանովը: