Ամենայն հայոց բանաստեղծուհի ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ դեռեւս իր մահից 3 տարի առաջ` 2003 թվականին, կտակել էր` բնակարանը վերածել տուն-թանգարանի եւ պահանջել, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը եւ հյուրասենյակը թողնվեն նույնությամբ` ոչինչ չավելացնելով եւ ոչինչ չպակասեցնելով: Բանաստեղծուհին իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրություններ: Տուն-թանգարանի ձեւավորման ժամանակ, անհրաժեշտությունից ելնելով, 2008 թվականի ամռանը ցուցասրահի է վերածվել 13 մ երկարությամբ տնտեսական պատշգամբը, որտեղ այժմ ցուցադրվում է Կապուտիկյանի հարուստ արխիվի մի մասը: 2009 թվականի հունվարի 20-ին բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, ՀՀ կառավարության որոշմամբ, նրա ապրած տանը բացվեց տուն-թանգարանը, որի մուտքն անվճար էր, մինչեւ այս տարվա հունվարը: Ըստ տուն-թանգարանի նորանշանակ տնօրեն ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ստիպված են եղել պետականացման հայտ ներկայացնել. «Պետությունն էլ, հարգելով Կապուտիկյանի հիշատակը, մեզ ներառեց Գրականության եւ արվեստի թանգարանի կազմում` եղանք նրանց 5-րդ մասնաճյուղը եւ դարձանք վճարովի»: Սակայն, Թանգարանային գիշերվա շրջանակում կապուտիկյանական հարկի տակ հավաքված մարդիկ եկել էին անվճար, օրվա խորհուրդն էր այդպես պահանջում: Իսկ օրվա խորհրդին համահունչ` ի ցույց դրվեցին բանաստեղծուհու որոշակի կարեւոր փաստաթղթեր` Արցախյան շարժումից, բարեգործությունից, մինչեւ իսկ 2004 թվականին սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի վերադարձնելը, որոնց առաջին ականատեսը եղան թանգարանային գիշերվա այցելուները` Կապուտիկյանի արվեստը գնահատողները:
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ
Սիլվա Կապուտիկյանն առաջին անգամ Արցախ է գնացել 1959 թվականին, եւ առաջին բախտավոր հեղինակն է եղել, որ իրավունք է ստացել պետական հրավերով գնալու այնտեղ: Դրանից առաջ` 1948թ. Արցախ է գնացել Ավ. Իսահակյանը, բայց, ասում են` ինչպես գնացել, այնպես էլ լուռումունջ, հետ է եկել հուսահատված. «Ղարաբաղը ոչ մի ոռոգվող դաշտ, ոչ մի ջրվող այգի չունի, իսկ ժողովուրդն ուղղակի քարից հաց է քամում մեծ դժվարությամբ, եղածն էլ Ադրբեջանը տանում է` մինչեւ վերջին թելը կողոպտելով ղարաբաղցուն»,- վերադարձից հետո ասել է Իսահակյանը:
Այսպիսով` ասում են Ս. Կապուտիկյանին հոծ բազմություն էր սպասում Արցախում, թատրոնի շենքում ասեղ գցելու տեղ չի եղել, ժողովուրդը հիացած ու կարոտած աչքերով «Խոսք իմ որդունի» հեղինակին է դիմավորել: Կապուտիկյանը պատմել է. «Խոսքս գետնին չէր հասնում, ամեն բառը կլանում էին: Լավ հասկանում էի` առաջին կածանն էր բացվել Հայրենիքից դեպի Արցախ, եւ իրավունք չունեի փակելու այդ կածանը, այսինքն` պետք է խոսեի դիվանագիտորեն` չվտանգելով այդ բացված փոքրիկ կածանը: Եվ Ղարաբաղը ինձ մի հետաքրքիր բան հուշեց. հասկացա, թե ինչու մեր ժողովուրդն այսքան անջատ ապրելով, սարեր-ձորերով իրարից բաժանված լինելով, այնուամենայնիվ, մեկ միասնություն է դարձել` չունենալով պետականություն եւ անընդհատ բախվելով օտար քամիներին: Բայց մածունի մերանի նման մեր մշակույթը մեզ կապել ու շաղախել է` դարձրել մեկ ազգ, մեկ մշակույթ ունեցող հանրություն»:
ՆԱՄԱԿ Է ԳՐՈՒՄ ԱԼԻԵՎ ՀՈՐՆ
ՈՒ ԲՐԵԺՆԵՎԻՆ
Այդ այցի ժամանակ Կապուտիկյանին ուղեկցում են Ղարաբաղով մեկ` Ամարասի վանք, Գանձասար, բայց երբ հասնում են Դադիվանք, որն այն ժամանակ կոչվել է Խութավանք, եւ տեսնելով խղճալի վիճակում, որոշում է. «Հասնեմ Երեւան, տեսե՛ք, թե ձեր գլխին ինչ խաղ եմ խաղալու: Մեծ գոմի էր վերածվել Դադիվանքը, եւ այնքան անասուն էին լցրել, որ գոմաղբն ուղղակի բարձրացել ու պատերի կեսից էր դարձել: Պատկերացրեք, թե այդ նեխահոտն ու միզանյութը ինչքան էր ներծծվել պատերի մեջ, որ ամեն րոպե Դադիվանքը կարող էր փլվել այդ միզանյութից: Կարծես լեզուն կտրված մեր զանգերը, կռնատ մեր խաչքարերն ու կամուրջները աղերսում էին` խնդրում ենք, օգնի՛ր, փրկի՛ր մեզ…»,- այսպես է պատմել Կապուտիկյանն ու գալով Հայաստան` սկսել է շարժումը: Անմիջապես հոկտեմբեր ամսին նամակ է գրում Ադրբեջանի ակադեմիայի նախագահին եւ պահանջում դատարկել, պատշաճ տեսքի բերել Դադիվանքը ու կանխել ավերածությունը: Սակայն ստանում է խայտառակ պատասխան, ինչպես այսօր, թե իբրեւ Ադրբեջանը բացառապես հարուստ երկիր է, հազարամյա մշակույթով, եւ շատ լավ գիտենք մեր մշակույթի տեղը, դուք չէ, որ մեզ պետք է հուշեք, թե ինչպես վարվենք մեր մշակույթի հետ: Կապուտիկյանը տեսնում է, որ իր բողոքը ոչ միայն տեղ չի հասնում, այլ հակառակ ազդեցությունն է թողնում, որոշում է խոսքն ուղղել ավելի բարձր ատյաններին եւ բողոքի նամակ գրում Ալիեւ հորը` Հեյդար Ալիեւին: Իսկ ավելի սեղմ տարբերակն ուղղում Բրեժնեւին` թե մինչեւ վերջին թելը կողոպտվող Ղարաբաղը Դուք ներկայացնում եք, որպես ծլող-ծաղկող, զարգացող մարզ, ինքներդ եկեք եւ տեսնեք, թե ինչ է մնացել այն Ղարաբաղից, որը կարող էր մի ամբողջ պետություն կերակրել` այսօր սոված վիճակում է: Այդ ընթացքում բանաստեղծուհուն էին միացել Զորի Բալայանը, ապա` Սերո Խանզադյանը հուժկու հոդվածներ է գրում եւ ենթարկվում տնային կալանքի:
ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՆ Է ՍԿՍՈՒՄ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ ՃՆՇԵԼ
1988 թվականի շարժման առաջամարտիկների մեջ նաեւ Սիլվա Կապուտիկյանն էր, ում Մարաղա գյուղի բնակիչները տալիս են ձեռագրով հատ-հատ գրված դիմումներ եւ խնդրում են Գորբաչովին Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս: Այդ խնդրանք-դիմումների տակ դրվում են հարյուր հազարի հասնող ստորագրություններ: Թանգարանի տնօրեն տիկին Արմենուհին պատմեց, որ վերջերս այդ դիմումներն ու ստորագրությունների մի մասը տարել են Ստեփանակերտի պետական համալսարան. «Մարդիկ չէին հավատում իրենց աչքերին, որովհետեւ իրենց հոր եւ մոր ստորագրությունները տեսան, ասացին, որ շատ բարձր պաշտոնի մարդիկ են եղել ու չնայած ամեն րոպե կարծել են, որ գիշերը չեն լուսացնի` կգան, կտանեն, բայց առաջինը իրենք էլ ստորագրել են: Պիտի տեսնեիք ինչ լաց էր, կենդանի վկայության բռնկում առաջացրեց: Մենք այդ ստորագրություններից մի թղթապանակ թողեցինք այնտեղ, իսկ մնացածը` մեզ մոտ է: Այդ հարյուր հազար ստորագրություններն էին, որ Կապուտիկյանին բարձրացրին ամենավերին ալիքի վրա, եւ Զորի Բալայանի հետ փետրվարի 27-ին, կանչ ունեցան եւ ներկայացան Մ. Գորբաչովին»,- պատմում է թանգարանի տնօրենն ու հավելում. «Նա Գորբաչովի մոտ գնաց առավելագույնս զինված` Հայաստանի մշակութային հուշարձաններով, Նախիջեւանի եւ Արցախի հետ միասին Հայաստանի քարտեզով: Արդեն «Մոսկվա» հյուրանոցում խնդրում են, աղաչում` տիկին Սիլվա, ոչ մի դեպում զենքերը ցած չդնեք, Գորբաչովը հատուկ տաղանդ ունի` մարդկանց զինաթափելու, բայց խնդրում ենք ազգովի` ձեր «զենքերը» ցած չդնեք: Գիշերը Զորի Բալայանը զանգ է ստանում Բաբկեն Արարքցյանից (այդ ժամանակ ԱԺ նախագահ), որն ասում է, որ ողջ Հայաստանը լցվել է Ազատության հրապարակ, Օպերայի մատույցներում անգամ տեղ չկա, իսկ շեփորի ձայնը բռնել է ամբողջ Հայաստանը, եւ բոլորը ձեր խոսքին են սպասում: Կապուտիկյանը շատ է ոգեւորվում դրանից: Հետո զանգում է Զ. Բալայանի որդին եւ նույն բանը պատմում, իսկ Բալայանն էլ ասում է` բալիկ ջան, ընդամենը մի քանի ժամ է մնացել, լույսը բացվի, Ղարաբաղը մերն է… Սակայն առավոտյան, երբ հյուրընկալվում են Գորբաչովին, նա անմիջապես տակտիկական հարձակում է գործում, թե` պարոն Բալայան, դուք ո՞ւմ անունից Ղարաբաղը խոստացաք ձեր ժողովրդին, մի՞թե ես այսպիսի բան եմ ասել: Տիկին Սիլվան ասում էր` Զորին միանգամից զինաթափ եղավ, ու այդ ճնշվածությունը մնաց մինչեւ խոսակցության վերջ: Բայց քանի որ Կապուտիկյանն արդեն իր ասելիքը ուղեղում մշակել էր, չի կոտրվում, մինչեւ վերջ եւ ամեն անգամ, երբ Գորբաչովը փորձում է ինչ-որ ձեւով ճնշում գործադրել, բանաստեղծուհին հանում է իր «զենքերը» հերթականությամբ: Նախ` քարտեզը եւ ասում, սա էլ, խնդրեմ, Նախիջեւանի քարտեզը, որտե՞ղ է տեսնված, որ մարդ գնա ուրիշի հողում այսքան հուշարձան ու հարստություն ստեղծի եւ թողնի ու կամավոր հեռանա: Չէ՞ որ սա մշակված քաղաքականության հետեւանք է, հայերս աշխարհի ամենամշակութասեր ժողովուրդը եւ ազգը լինելով` այսօր դատարկվում ենք մեր երկրից, ո՞րն է պատճառը: Մի խոսքով` հերթը հասնում է հակառակ ճնշմանը` Կապուտիկյանն է սկսում Գորբաչովին ճնշել, որն էլ ճարահատյալ ասում է` այո, գիտեմ, նույնիսկ անունը Ղարաբաղ չէ` Արցախ է… Այնպես է կլորացնում խոսակցությունը, որ մեր երկու գրողներին թվում է, թե հարցը կլուծվի հօգուտ մեզ, եւ բավարարված դուրս են գալիս: Բայց, եթե մի տեղ տրամադրված են լինում հարցը լուծել հակառակ ձեւով, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ են դնում եւ ճանապարհում խաղաղ»,- պատմեց տուն-թանգարանի տնօրենը:
ԱՌԱՆՑ ԱՉՔ ԹԱՐԹԵԼՈՒ` 40 ՀԱԶԱՐ ՌՈՒԲԼԻ ՀՈՆՈՐԱՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՐՑԱԽԻՆ
Ասում են` Ս. Կապուտիկյանն ու Զ. Բալայանը դուրս են գալիս Գորբաչովի մոտից` համոզված լինելով, որ հարցը կլուծվի մի գրչի հարվածով, ինչպես ժամանակին Ղրիմի հարցն են լուծել, ինչպես այսօր լուծվում է Կոսովոյի կամ Վրաստանի փոքր տարածքների հարցը` մի գիշերվա մեջ: Բայց, ցավոք, հենց հաջորդ օրը` փետրվարի 28-ին, սկսվեց Սումգայիթի եղեռնագործությունը:
Կապուտիկյանը վերադառնում է` անուղղակի ինչ-որ ծանրություն ուսերին` ինքն իրեն մեղադրելով. գուցե իմ կամ ձեր պատճառով…
Որոշվում է նվիրատվություն անել Արցախին, եւ եթե շատերը 3 ռուբլի օգնություն էին տալիս, ոմանք` երբեմն 10, բայց Կապուտիկյանն առանց աչք թարթելու` 40 հազար ռուբլի` իր գրքի հոնորարը, միանգամից նվիրաբերում է, խնդրելով, որ այդ մասին որեւէ տեղ չբարձրաձայնվի: Նրա հուշերում գրված է. ««Երկխոսություն իմ եւ իմ միջեւ» պոեմի, ինչպես նաեւ վերջին տարիներին հրատարակված գրքերիս հոնորարները, որոնք միասին կազմել են 30 հազար ռուբլի, նվիրաբերում եմ Արցախի պաշտպանությանը, գաղթականներին, երեխաներին, երկրաշարժից տուժածներին…»: Թվարկելիս նույնիսկ մատների վրա չի տեղավորվում, որոնց կտրոնները ի պահ է տված թանգարանում, այն բոլոր շնորհակալական նամակների հետ, որոնք ստացել է բարեգործությունը ստացածների եւ այդ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների կողմից:
ԱՐԿԵՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՈՎ ՁՈՒԼՎԱԾ ՄԵԴԱԼԸ ԹԱՆԿ ԷՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀՈՒ ՀԱՄԱՐ
Այդ շնորհակալագրերից զատ, Կապուտիկյանի համար իր ուրույն տեղն է ունեցել Արցախի մայրության ֆոնդից ստացած` արկերի բեկորներից ձուլված մեդալը, որին նա արժանացել է երկու անգամ. «Այսքան իմ ստացած շքանշանների ու մեդալների մեջ ամենաթանկը արկի բեկորներից ձուլված այս երախտիքի մեդալն է»,- ասել է Ս. Կապուտիկյանը:
Կապուտիկյանի կենսագրությունը հարուստ է եղել նաեւ մեդալներով, բայց 2004 թվականին նա վճռորոշ ու աննախադեպ քայլի դիմեց` ի նշան երկրի իշխանության դեմ բողոքի: 2004 թվականի ապրիլյան դեպքերը բանաստեղծուհին ստիպված է եղել հետեւել հենց իր բնակարանի պատշգամբից եւ ականատես եղել կրակոցներին, ժողովրդի վիրավորվելուն եւ անմիջապես վճռել ու վերադարձրել մի քանի ամիս առաջ ստացած շքանշանը` այն ժամանակվա նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, որպես բողոքի նշան, որ մի՛ վիրավորեք, մի՛ սպանեք իմ ժողովրդին, ամեն կաթիլ արյունը մեզ համար թանկ է, ամեն հայ մեզ համար թանկ է:
ՏԻԿԻՆ ՍԻԼՎԱՅԻ ՀՈԳԻՆ ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆԴՈՒՆԻ ՄԵԴԱԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Այսօր` արդեն 12 տարի անց, իշխանությանը վերադարձրած բանաստեղծուհու շքանշանը վերադարձել է նրա տուն-թանգարան, այդ մասին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրենն ու պատմեց, որ շքանշանը դեռեւս ապրիլի սկզբից է վերադարձվել. «Հաճախ էինք ինքներս մեզ հարցնում` ի՞նչ եղավ մեդալի ճակատագիրը, որտե՞ղ է պահվում, նույնիսկ մտածում էի գնալ նախագահական եւ նամակների բաժնից հետաքրքրվել, թե որտեղ է մեդալը: Եվ շատ պատահական ապրիլի 1-ին, նախկին տնօրեն տիկին Ռաֆլետայի հրաժեշտի երեկոյին, մեր գլխամասի` Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տիկին Ռաֆլետայի վաստակը գնահատելու համար Մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալ հանձնեց, ներկաներին ասաց` մի անակնկալ ունեմ, ինձ տվել են նաեւ Սիլվա Կապուտիկյանի վերադարձրած «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Մենք երկակի վիճակում հայտնվեցինք` նախ շատ ուրախացանք, որովհետեւ ոչ մեկս չէինք տեսել մեդալը եւ այդքան անհանգիստ էինք նրա ճակատագրով, ու կարծես մեդալն իր ոտքով եկավ մեզ հյուր: Եվ հետո` չգիտենք տիկին Սիլվայի հոգին ինչպե՞ս կընդունի այդ վերադարձը: Ինչն էլ հենց մեզ կաշկանդում է»,- եզրափակեց Ա. Դեմիրճյանը:
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
- 12:10Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
- 13:10Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
- 11:10Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.