«Մա՛մ, երկու օր սպասի, երկու օրից ավել չեն դիմանալու իրանք, երկու օր հետո ամեն ինչ դադարելու է, շատ-շատ երկու օր կարողանան դիմանալ մերոնց»,-ապրիլի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում այսպես էր հանգստացրել մորը Արցախում ապրիլի 5-ին զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանը: Գոռը սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում՝ որպես ավտոէլեկտրիկ, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ հուլիսի 7-ին, գրում է shabat.am-ը:
Բնավորությամբ փակ, լռակյաց ու լուրջ Գոռը քառօրա պատերազմի օրերին զարմացրել է ընտանիքին. երբ զանգում էր, ուրախ էր, բարձր տրամադրությամբ, մի փոքր խոսելուց հետո սկսում էր երգել: Հիմա են հասկանում՝ ամեն ինչ արել է, որպեսզի չանհանգստանան: Իր պարտականությունները կատարում էր սրբորեն, նորոգում էր զորամասի մեքենաները, զենք ու սնունդ հասցնում առաջնագիծ: Հերթական անգամ զինվորներին հաց հասցնելուց հետո այլևս չի վերադարձել զորամաս:

Գոռը վախ չուներ, մենք իրեն հույս տալու փոխարեն, ինքն էր մեզ հույս տալիս…

Կարապետ Կիրակոսյան (հայր)- Ես ու մեծ տղաս Ռուսաստանում էինք, երբ ամսի 1-ին այդ լուրը որ լսեցինք, զանգեցի Գոռիս: Ամսի 1-ով իր հերթապահության օրը լրացել էր, իջել էր դիրքերից, մի քիչ հանգիստ էի, ասաց՝ իջել ենք ցած, հիմա ես գառաժում եմ, մեքենաներն եմ նորոգում: Խաբեց ինձ, այդ օրը երբ իջել էր, նորից էր բարձրացել էր դիրքեր: Մյուս վարորդին խփել էին, ինքն էր բարձրացել նորից: Սպասում էինք, որ Գոռը զորացրվի ու ինքն ու կինս գային մեզ մոտ, ինքը չէր ուզում , ասում էր՝ պիտի մնամ Հայաստանում, իմ տեղն այստեղ է: Գոռը սկզբում եղել է շարքային, հետո իր շնորհքը նկատել են, դարձել է զորամասի էլեկտրիկն ու կամբադի վարորդը, ամբողջ կյանքի երազանքը զորամասում մեքենա քշելն էր, որ զինվորներին հաց տանի, հասցնի ամեն օր…Ես Գոռիկիս մահը զգացի էդ օրը: Ինձ մոտ սրտի ցավ չի եղել, բայց էդ օրը ամբողջ ընթացքում էնպես էր սիրտս ցավում…Գիշերը ժամը 3-ն էր, չէի կարողանում քնել, արթնացա,նայեցի ինտերնետում չէր, զանգեցի, զանգ չէր գնում, լուսադեմին երեխեն բարձր ձենով գոռաց, ձայն տվեց, ասաց՝ պա՛պ, գործից ուշանում ես, ինչի՞ ես քնել, մնացել քնած…Իր ձայնն եմ լսել, ինքը ինձ ձայն տվեց…Էլ հետ չեմ գնա Ռուսաստան, ինձ էստեղից էլ կտրելը դժվար կլինի, գնամ ինչ անեմ…

Գրիգոր Կիրակոսյան (եղբայր)- Մենք որ Հայաստանում չէինք, նրանով էին հանգիստ, որ ամսի 1-ին իջել էր դիրքերից, մեզ ասում էր, որ զորամասում է: Հետո իմացանք ամեն ինչ, իմացանք, որ էդ ընթացքում ոչ թե մի անգամ, այլ շատ անգամներ նույնիսկ գիշերով հասել է տղերքին: Մի քանի անգամ կրակել են իր վրա, միշտ փախցրել է, վերջինը չստացվեց: Մենք սկզբում գիտեինք, թե վիրավոր է, հասանք Մոսկվայի օդանավակայան, մտա ինտերնետ, արդեն նկարը քցել էին: Գոռը վախ չուներ, իր խոսքի տերն էր: Քոլեջում իր դասասենյակը անվանակոչելու են իր անունով:

Սիրանուշ Շահնազարյան (մորաքույր)- Գոռը լուրջ էր, լուռ, մտածկոտ: Ինքը չէր թողնում, որ մենք իրեն ճանաչեինք, բայց էնպիսի բան արեց, որ ամբողջ աշխարհն իրեն ճանաչեց: Գոռս շատ երազանքներ ուներ, սիրած աղջիկ ուներ: Ասում էր՝ մա՛մ, շորերս կպատրաստեք, ախպորս մեդալները կուղարկեք, որ խփեմ դոշիս գամ…Ինքը իր մեդալը ստացավ: Վերջին անգամ շատ ուրախ էր, ամսի 4-ի առավոտյան մոր հետ խոսում էր ու սկսեց երգել՝ հարսանիք է լինելու, քեֆիս քեֆ չի հասնելու… Մի տարի քույրս էս տան մեջ մենակ է եղել, Գոռն ասում էր՝ մա՛մ, դու էլ գնա պապայի մոտ, մայրն ասում էր՝ մինչև Գոռը տուն չգա, ես կմնամ: Մնացիքն սպասելով, Գոռը չեկավ… Գոռը միշտ հպարտությամբ էր հաց տանում զինվորին, էնքա՜ն սիրով էր ասում՝ էրեխեքս… Գոռի սիրելի երգը «Եռաբլուր»-ն էր, միշտ երգում էր այդ երգը՝ «Տեղս պահեք բլուրում…»:

Գոռ Կիրակոսյանի մոր՝ Գայանե Կիրակոսյանի անունով բացվել է հաշվեհամար:Ովքեր կցանկանան աջակցել հերոսի ընտանիքին, կարող են կատարել իրենց փոխանցումները:






Գոռ Կիրակոսյանը Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, զոհվել է Մատաղիսում, զինվորներին հաց հասցնելով:
Հավերժ փառք մեր հերոսներին