Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին երեկոյան ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ զինզծառայողը նախօրեին տեղափոխվել է Երեւան:
Ասատուրյանի խոսքով՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի Վարազդատ Խաչատրյանը:
Նշենք, որ զինծառայողն Արարատի մարզի Ղուկասավան համայնքից է եւ մի քանի օրից զորացրվելու է:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու եւ ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: