«VIVOS VOCO ! ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ — Դրուագ Ե.
«Պետք է հպարտությամբ արձանագրենք որ այն ամենը, ինչ անում է Վեհափառը, պետք է ոչ թե իրեն, այլ մեր ողջ ժողովրդին, երկրին, և այդ ամենը մնալու է պատմությանը, սերունդներին»:
Ակադեմիկոսների համախօսականից
Առանց որեւէ հիմնաւորումի եւ հասարակութեանը հերթական մոլորութեամբ խարդախելու նպատակ ունի ակադեմիականների «հպարտութիւնը», որ նրանց ստիպում է արձանագրել, թէ «այն ամէնը, ինչ անում է վեհափառը (ասել կ’ուզի բնազաւթած գահակալ Գարեգին Ներսիսեանը) պէտք է ոչ թէ իրեն, այլ մէր ժողովրդին, երկրին, եւ այդ ամէնը մնալու է պատմութեանը, սերունդներին »։
Անհասկանալի է ակադեմիականների մտածողութեան ընթացքը կամ իներցիան,— որի հայերէն եզրաբառը չեմ գործածելու,— թէ այդ ինչպէ՞ս է ժողովրդին մնալու այն ամէնը, ինչ «նա անում եւ արդէն արել է»։ Նախ ի՞նչ է արել… Սեփական գրպանի համար՝ վաճառաշահութի՞ւն… Ի՛նչ է անում հիմա՝ դարձեալ նոյն շահատակութի՞նը… Ո՞ւմ համար… Ո՞ւմ սերունդների…
Ընտանիքի հոգսերով տառապող այդ կեղծ‐կաթողիկոսի սերունդների՞ համար… Նրա թոռների ու ծոռների՞ համար։ Ինձ բնաւ չի՛ անհանգստացնում նրա անձնական կեանքը։ Ընդհակառակը, ես նրան յորդորեցի կնոջը մենակ չթողնել «Փոսի թատրոնում» ներկայացումի ժամանակ, երբ ինձ տեսնելով տեղափոխուեց իմ քով եւ ոչ մի կերպ չկարողացայ ներշնչել, թէ իրեն հասկանում եմ եւ ինձ բնաւ չի վերաբերում որեւէ մէկի մասնաւոր կեանքը։
Նրա հետ կապուած յիշելու եմ եւս մի դրուագ… Վազգէն Վեհափառը «Հայերէնի Այբուբէնը» ցուցադրելու մի անակնկալ արեց։ Իր գրասենեակից առաջնորդեց դէպի երկու անկիզելի երկարաւուն պահարանները, կանգնեց դրանից մէկի դիմաց, սքեմի տակից մտաւ գրպանը կամ գուցէ գոտկատեղից կախուա՞ծ բանալին հանեց, որ ձեռքի պայուսակի բանալու չափ էր, եւ իմ դիմաց բացեց Հրաշքը, որտեղ ոսկին ու թանկագին քարերի արժէքները կրկնապատկուած էին ոսկերիչ վարպետի արուեստով եւ այդ երկու արժէքները իրենցով արդէն անգնահատելի էին դարձրել Այբ, Բեն, Գիմ… Մեսրոպ վարդապետ Մաշտոցի անեղծ Այբուբենը։ Վազգէն Վեհափառը լուռ կանգնած էր, երբ ես դարձայ դէպի երկրորդ պահարանը, Վեհափառը ասաց, որ այդ մէկն էլ Սուրբ Խաչի համար է եւ մտահոգ աւելացրեց. «Չգիտենք, թէ ո՛վ կը գայ մեզանից յետոյ։ Ոսկին կլոր է։ Կը գլորեն՝ կը կորչի… Մտածեցինք այս կերպ պահել…»լ
Այսքան մի բան…
Իսկ Գարեգին Ներսիսեանը Անթիլիաս այցելութեան օրերին հպարտացել է, թէ 30 միլիոնանոց մի նոր պալատ է կառուցելու բարեգործների յօժարութեամբ։ Ես նորութիւն չեմ ասելու, թէ մեր ժամանակների թողտուական եւ անարդար իրականութեան մէջ ինչ է նշանակում շինարարութիւն… Այդ նշանակում է փողի լուացք, որտեղ վարպետացել են քաղաքապետներն ու ճարտարապետները, վարպետացել են ջոջապետերը… Դրանցից մէկը իր կալուածքի մէջ եկեղեցու շինութիւն է կառուցում, մտահոգութիւն է յայտնում ժողովրդի բարեկացութիւնից, խոստումներ է տալիս, երբ այս ամէնի փոխարէն Գիւմրիի հարիւրաւոր անտունների կարող էր բազմասենեականոց, ժամանակակից ընտիր բնակարաններով ապահովել։ Ուրեմն, ինչո՞վ է Գարեգին Ներսիսեանը զանազանւում այդ ջոջապետից, երբ արդէն երկրորդ վեհարանն ունի Երեւանի մէջ։ Թէեւ Առաքելական մեր Եկեղեցու կաթողիկոսական աթոռանիստը Երեւանը չէ …
«Մտաւորական» ակադեմիկոսները յանդգնել են զուգահեռ անցկացնել Վազգէն վեհափառի, ով КГБ‐ի թասակի տակ էր եւ նրա անարժան հետնորդի միջեւ, ով КГБ‐ի հետ թասակի տակ է առել Հայ ժողովրդի ներկան եւ Հայաստանի ապագան։
Իսկ այդ ապագան արդէն կանխորոշուեց Սերժ Սարգսեանի հտպիտային բերկրանքով եւ հայ հասարակութեան հերթական նուաստացումով։ Բայց հասարակութեանը զոմբիացնելու ընթացքը այսքանով չաւարտուեց։ Անմիջապէս շրջանառութեան մէջ նետուեց մի «նորութիւն», թէ «Եւրոմիութիւնը շարունակում է…» Սա էլ հասարակութեանը թմրեցնող «վերլուծաբանների» ու «լրագրողների» համար ոսկոր է, թէ՝ մարդավայել ու արժանապատիւ կեանք ունենալու հեռանկարից մենք չենք հրաժարուել։
Սովորաբար, քաղաքացու իրաւունքները պաշտպանելու իւրաքանչիւր նոր փորձ ռուսամիտ Հայաստանի մէջ տարփողւում է իբրեւ «արեւմուտքի բարք» եւ անշուշտ, բառիս բացասական առումով։ Քանի որ, բանից պարզւում է, ինչպէս ռուսական նացիոնալ‐կոմունիստական կայսրութեան մէջ, նոյնպէս եւ այսօր, այն ամէնը ինչ ծնւում է կայսրութեան սահմաններից դուրս եւ զարգանում, առաջադիմում է իբրեւ բարենորոգչութիւն, իբրեւ արուեստ ու գրականութիւն… կամ օրինականութեան նոր նախապայմաններ, որպիսիք մեզ, թշուառ ռուսամիտներիս եւ նոյնքան գետնատարած ստրկութեան կեանքը վայելող հայերիս համար «գարշահոտող» են։ Եւ այս «գարշահոտութեան» մասին բարբաջանքներով փորձում են քօղարկել ոչ միայն աշխարհական հայերի, այլեւ Առաքելական Եկեղեցու կղերի անառակութիւնները։
Ինձ փորձելու են առարկել՝ ուրեմն, Արեւմուտքում միայն առաքինի՞ բարքեր են… Այսօրինակ «հակազդումը» որքան միամիտ է, նոյնքան եւ ունի ամբոխավարութեան «յաղթական դրօշ»։ Յիրաւի, Արեւմուտքում կինը կարող է եւ նրա անձնական գործն է՝ կատուների՞ հետ կ’ամուսնանայ, թէ պապուասի։ Ինչպէս եւ Արարատեան թեմի երբեմնի տեղապահ եպիսկոպոսը թատրոն կը գայ կնո՞ջ, թէ մօր հետ։ Արեւմուտքի մէջ ոչինչ գաղտնի չի մնում եւ հրաժարականներն ու դատավարութիւնների մասին մենք խանդավառութեամբ ենք տեղեկանում, ներքուստ երանի տալով, թէ այդ ինչպէ՞ս է որ արդէն քանի՜‐քանի՛ տարի մեր մթնոլորտը հագեցած է կեղծ‐նախագահի, գիշատիչ եւ խոզաբարոյ գեներալի, առեւտուր անող ընդդիմադիր «աւանդական կուսակցութեան» տնօրենին դեսպան նշանակելու եւ այն վստահութեամբ, թէ նրա պաղպաղակի տաղավարները անտէր չեն մնայ, կենդանական աշխարհի եւ կանացի ներքնաշորերի մականուններով ազգային ժողովի «ազնուականների» եւ շատ ուրիշների նկատմամբ արդար զայրոյթի հրապարակումներով… Անկիրթ եւ անդաստիարակ մշակոյթի նախարարի, կոսոմոլի ծոցում մեծացած սփիւռքի նախարարի, կիսագրագէտ եւ ծակամուտ կրթութեան նախարարի եւ շատ ուրիշների… էլի՛ շատ ուրիշների վերաբերեալ սպանիչ բացայայտումներով, բայց միեւնոյն է այս խոշոր նախիրը շարունակում է անվրդով որոճալ մէր հայրենական հիւթեղ հանդերը տրորելով…
Իրենց համառ լռութեամբ նրանք առնէտների անտարբերութեամբ կրծում են մեր նախնիներից մնացած այս փոքրիկ կտորը։
Եւ եթէ Հայաստանի մէջ արուամոլութեան ու մանկապղծութեան «արեւելեան բարքերի» վերաբերեալ նոյնպիսի բացայայտումներ չեն լինում, այնպէս, ինչպէս իշխանութիւնների ու կառավարութեան մէջ տաքուկ գահավորակների մէջ ընկմուած կաշառակերների,
«փայատէրերի», առանց գրպանի մէջ կոպեկ ունենալու Պրահա ուղարկուած եւ կարճ ժամանակ անց հերթական կեղծ‐նախագահի ֆանտաստիկ կարողութիւնների մասին, որ ընդամէնը գողութեամբ են կուտակուած, Երկրի ընդերքի հարուստ շտեմարանները վայրագօրէն դատարկող խլուրդների մասին, որոնք մնում են իբրեւ «Հայաստանի մէջ ազատ խօսքի» ցուցադրութիւններ, ապա Գարեգին Ներսիսեանի գայիսոնի շուաքի տակ թէ որպիսի մանկապիղծներ են ապրում սոդոմական կեանքով՝ նոյնպէս յայտնի է հասարակութեանը որոշակի շերտերի…
Գարեգին, ես անուններ չեմ տալու։ Եզրաս, անուններ չեմ տալու … այնպէս որ առայժմ մի տագնապէք։ Եւ ոչ թէ այն պատճառով, որ դատական վարոյթի ընթացքին սպանիչ ապացոյցներ չունեմ, այլ խնայելով պղծուած ճեմարանականների, փոքրաւորների արժանապատւութիւնը, ովքեր արդէն հասուն մարդիկ են եւ յարգուած հոգեւորականներ, որոնք պաշտօնաւորումի են ուղարկուել որքան հնարաւոր է՝ Հայաստանից հեռու։
Այս մարզի մէջ նոյնպէս իշխանութիւն նուաճած ու կառավարման համակարգի մէջ տաք անկիւններ ունեցող «լաւ տղերքը» յետ չեն մնում Եկեղեցին կաթուածահար անող կեղծ‐կաթողիկոսից։ Նրանք բոլոր մարզերի մէջ միասնական են, պառտկում են միմեանց եւ միասնաբար ոչ միայն օտարին են յանձնում Երկիրը, այլեւ այն սոդոմական կենցաղին, որ շատ հեռու է «արեւմուտքի բարքերից», քանի որ լինելով յոյժ Արեւելեան, իրենց անառակութիւնը առաջնորդւում է մի կարգախօսով՝ «Միայն թէ հարեւանս չիմանա»։ Իսկ այդ Արեւելեան, նաեւ ռուսական բարքերը խլիրդի պէս շօշափուկները տարածում է ազգային մարմնով մէկ… Եւ արդիւնքը լինելու է մօտ 30 հազար քառակուսի կիլոմետր մի անմարդաբնակ ռազմավարական տարածք, ֆորպոստ…
Չնայած որ այս պիղծ բարքերը զարգանում են ի հետեւանք բնազդային, բայց ձեռքբերովի խեղուածութեան, բայց ճիշտ այնպէս, ինչպէս եւ ընչաքաղցութիւնը դառնում են աշխարհական եւ կղերական «էլիտար» քափին պաշտպանող, ժողովրդական ընդվզումից ապահովող հովանաւոր ունենալու հիւանդագին հոգեբանութիւն։
Եւ պատմութեան անիւը յետ է պտտւում։
Թէ ինչպէս այդ անիւը իրար յանձնելով դէպի յետ պտտեցին Կրեմլի երեք սատրապները՝ օրերս համոզուեցինք բոլորս։ Բայց իբրեւ անողնաշար մի մարմին՝ ցաւից միայն տնքացինք եւ շարունակեցինք յոյսեր ունենալ յայտնի, բայց ոչ հանրայայտ կենսագրութեամբ մի օտարերկացի «ազատամարտիկի» ապաւինելով՝ առանց յիշելու թէ քանի՜‐քանի՛ «ազատամարտիկներ» են գեներալ Մանուելի գլխաւորութեամբ բռնաբարում երկիրն ու ժողովրդին… Ճիշտ այնպէս, ինչպէս քանի՜‐քանի՛ «անկախականներ» դարձան պետական հեղաշրջումի մասնակիցներ եւ երկիրը օտարացնող Իշխանութեան ու Եկեղեցու ձեռքի հեռահար գործիքներ։ Առաւել զուարճալի է, մեր այս ողբերգական իրականութեան մէջ եւս մի նոր ողբերգութիւն չնկատալու համար եմ ասում «զուարճալի», երբ այս ու այն անկիւններից դարձել լսուեցին առաջնորդ որոնողների «հայրենասիրական» աղաղակները…
Եւ պատմութեան անիւը դէպի յետ պտտող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կեղծ‐կաթողիկոսը սատրապների հետ թիկունք‐թիկունքի իր հերթին է ծառայութիւն մատուցելու նախապատրաստուել դարձեալ նոյն նպատակով… Անձի, ուզուրպատորի եւ գողոնը ապահուելու նպատակով։
Արդէն ասացի, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Ներսիսեան եղբայրները վերանուանել են։ Հիմա տեղեկտուներից շատերի մէջ այդպէս էլ ներկայացուած է։ Բայց ի՞նչ է նշանակում այս հանդուգն երեւոյթը։ Ի՞նչ կայ սրա տակ քօղարկուած… Սոսկ ստորաքարշութիւնից բխող միամիտ հաճոյակատար‐կամակատարութի՞ւն…
Ուրեմն, տեսնենք, թէ դէպի ո՛ր դարն է յետընթաց ունենալու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին։
Մեսրոպ վարդապետ Մաշտոցն ու Սահակ կաթողիկոս Պարթեւը Վռամշապուհ արքայի հովանաւորութեամբ ձեռնարկեցին Հայ Գրերի ձախողուած որոնումները, որոնք փոխարինուեցին սեփական գիւտով, որ պայմանաւորուած էր հայ ժողովրդի ինքնուրոյնութեան տագնապահարոյց վախճանի գիտակցութեամբ։ Վախճան, որ լինելու էր երկու դրացի հզօր կայսրութիւններից մէկն ու մէկի՝ Բիւզանդիայի կամ Պարսկաստանի գերութեան մէջ հաւաստի ձուլումը։ Որքան հետեւում եմ զանազան «նորագիւտ» պատմագրութեան հրապարակումների, շատերն են, որ չարամտութեամբ կամ անգիտութեան հետեւանքով անտեղեակ են ձեւանում՝ ժխտելով, թէ ժողովուրդների ինքնուրոյնութիւնը պայմանաւորուած էր նրանց հաւատամքով։
Իրականութեան մէջ, եթէ Հելենական աստուածներն են նրա պաշտամունքը, ուրեմն էլ ի՞նչ նշանակութիւն ունի էթնիկական ծագումը։ Ուստի Բիւզանդիան իրաւմամբ հաւակնութիւններ ունէր Հայաստանը իր կայսրութեան մէջ ունենալու համար։ Միւս կողմից Պարսկաստանն էր ձգտում ծաւալել իր կայսրութեան սահմանները… Ընդ որում երկու կայսրութիւնների այս շահագրգռուածութիւնը ոչ թէ տարածքներ ունենալու մէջ էր, այլ՝ հարկատու ժողովուրդների քանակի։ Ուստի Պարսկաստանն էլ այդ խնդիրը վերջնականապէս վճռած լինելու համար, ամէն կերպ ջանում էր հայերին «դարձի» բերել իր հաւատի։
Իսկ հայերը արդէն շուրջ երեք հարիւր տարի՝ իրենց զատ‐զատ համայնքներով, իսկ այնուհետեւ շուրջ հարիւր տարի էլ տէրունական օրէնքով, հրաժարուել էին կուռքերից եւ ընդունել քրիստոնէութիւնը իբրեւ մարդասիրական ու արդարամիտ Հաւատամք։ Ուստի իրենց Հաւատքով արդէն Ուրիշ էին։ Կռապաշտութիւնը նրանց համար արդէն անցած եւ մշակութային ուրոյն յատկանիշներ ունեցող անցեալ էր, իսկ կրակապաշտութիւնը բոլորովին օտար։ Ինքնուրոյնութիւնը պահպանելու համար միակ ելքը Հայ Եկեղեցին էր եւ Եկեղեցու անկախութիւնը։ Ինքնին հասկանալի է, որ հաւատի անկախութիւնը համազօր էր Տէրութեան անկախութեանը։ Երբ հայերի Դարձից երկու տասնամեակ էլ չանցած՝ հեթանոսական Բիւզանդիան նոյնպէս ընդունեց Յիսուսի վարդապետութիւնը, ապա դարձեալ նոյն հաւատին պատկանելութիւնը Հայ ժողովրդին շարունակ սպառնալու էին Բիւզանդիայի ոտնձգութիւնները՝ քաղկեդոնական հարկադրանքով։ Իսկ պարսիկներն էլ մազդեզական կրօնը պարտադրելու էին հրով ու սրով, ասպատակութիւններով ու արշաւանքներով։
Յակոբ Մանանդեանը մեկնաբանում է այսպէս. «Երբ քաղկեդոնական դաւանական ուղղութիւնը, բիւզանդական կայսրութեան ջերմ պաշտպանութեան տակ այնքան ուժեղացաւ, որ սկսեց լուրջ վտանգ դառնալ հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան համար, հայ եկեղեցին ստիպուած եղաւ կողմնորոշուել եւ վերցնել որոշակի հակա‐քաղկեդոնական ուղղութիւն։ Այդ որոշումն իր վերջնական ձեւաւորումն ստացաւ 506 թուականի Դուինի առաջին եւ 554 թուականի երկրորդ ժողովներում։ Այդ ժողովների որոշումներով հայ եկեղեցին խզեց իր կապերը բիւզանդական եկեղեցուց» («Մեսրոպ Մաշտոց», յօդուածների ժողովածու, Ե., 1962, էջ 82)։
Ուրեմն, աւելի քան մէկ դարից աւելի մնալով երկդիմի իրականութեան մէջ, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին վերջնականապէս դարձաւ ազգային եւ անկախ եկեղեցի։
Բայց ահաւասիկ՝ գրեթէ մէկուկէս հազարամեակ յետոյ, մեր եկեղեցու պատմութեան մէջ կաթողիկոսական գահը զաւթած Գարեգին Ներսիսեանը համարձակւում է հայ ազգը տանել դէպի պատմութեան խորքերը եւ «սրբագրելով պատմական սխալը» հայտարարել, թէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ուղղափառ է, որպէսզի, ինչպէս արդէն նկատել եմ, դարձեալ կորցնենք մեր «բանաւոր անկախութիւնը», որ ինչպէս եւ այն հեռաւոր ժամանակներին, նոյնանում է Տէրութեան իրական անկախութեանը։
Ահա թէ ինչպէս են մեր ազգային ինքնուրոյնութեանը միասնաբար դաւադրում КГБ‐ի որակեալ փոխգնդապետ (կամ գուցէ արդէն գեներա՞լ) հանրապետութեան կեղծ նախագահ Սարգսեանը եւ КГБ‐ի գերազանցիկ գործակալ, կաթողիկոսական գահը հափշտակած Ներսիսեանը։
Եւ շատ կարեւոր մի հանգամանք։ Նոյնիսկ օրինաչափութիւն, ինչը հաստատուն է թաթարա‐ռուսական կայսրութեան մէջ, եւ ինչը կերպարանափոխութիւնն է, աւելի ճիշտ՝ կերպարանափոխութիւնների շարքը դեռեւս Ոսկի Հորդայի ժամանակներից։ Առաջին Աշխարհամարտին պարտուած Ռուսաստանը կայսրութիւնը վերականգնելու նպատակով իր ամբողջ տարածքի վրայ բացառեց որեւէ կրօն եւ ateism‐ը դարձաւ համատարած մի պաշտամունք իբրեւ կոմունիստական գաղափարախօսութիւն։ Չնայած այդպիսի համահարթեցումի, այնու ամենայնիւ Երկրորդ Աշխարհամարտի պարտութիւնից եւս խուսափելու նպատակով, Կրեմլը մասամբ հանդուժեց ամէնից առաջ ռուսական ուղղափառութիւնը։ Բնականաբար, Խորէն կաթողիկոսին խեղդամահ անելուց տասը տարի էլ չանցած, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, ինչպէս արդէն գիտենք թէեւ КГБ-ի թասակի տակ, ինչ որ չափով վերականգնեց իր երբեմնի հեղինակութիւնը, եւս առաւել դարձաւ հայկական տարաշխարհը՝ սփիւռքը կոմունիստական Հայաստանին մօտեցնող մի աննիւթական ուժ… Իսկ 1991-ից յետոյ, բանից պարզուեց որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ստանում է տէրութեան թէկուզ պայմանական անկախութեան հետ համատեղուած իր երբեմնի դերը։ Շատ կարճ ժամանակ անց Հայերի Տէրութեան կեղծ անկախութիւնը ստեղծեց Երկիրը կողոպտող եւ ժողովրդին հարստահարող, Հայաստանը հայաթափելուն պետականօրէն նպաստող Կրեմլից ուղարկուած սատրապների գլխաւորութեամբ աւազակաբարոյ մի իշխանախումբ եւ նոյնութեամբ սկսուեց մեր եկեղեցու աւազակաբարոյ «անկախութեան» չարաբաստիկ շրջանը։
Կայսրութիւնը վերականգնելու ծրագիրը արդէն իսկ յայտնի է 1991 թուականի Դեկտեմբեր 16-ի պայմանագրութեամբ, բայց քանի որ հասարակութեան որոշակի շրջանակների հաւակնութիւններով 19‐րդ դարի Հայաստանի ազատագրութեան շարժումն ու 20-րդ դարասկզբին ազատ հանրապետութեան ծնունդը փոխարինուեց «անկախութեան» հեղհեղուկ մի բնորոշումով, քանի որ անկախականներն էլ համառօրէն հրաժարուեցին Հայաստանը ազատագրելու ծրագրից, ապա արդէն քառորդ դար է, ինչ Հայն իրեն զգում է իբրեւ ազգային պարտականութիւնը կատարած մի ժողովուրդ եւ թերուսների առատութիւնը արդէն «գիտական յայտնագործութիւններ» է անում, ապացուցելու համար, թէ Հայաստանը ոչ միայն աշխարհի պորտն է, այլ եւ մարդկութեան ծննդարան‐արգանդը։
Այսօրինակ ու ինքնամոռաց պոռոտախօս մեծամտութեամբ Հայ ժողովրդի ազատագրութիւնը խոչընդոտելու թերեւս չգիտակցուած ջանքերով, նրանք աւելի ու աւելի մտաւոր թանձր խաւարի մէջ են թաղում Հային։ Իսկ խաւարամտութիւնը լաւագոյն միջոցն է ազգեր ստորացնելու եւ ժողովուրդներ ու նրանց երկրները գաղութացնելու համար։Այս անգամ Կրեմլի դիւային մեքենան անխափան եւ աւելի վճռական է աշխատում։ Նրա լծակները Հայաստանը գաղութացնելուն զուգահեռ, նոյնացնում են նաեւ Դաւանանքը։
Հայը արդէն կորցրել լեզուն այնքան, որ մէջտեղ են եկել նոր լեզու եւ նոր այբուբեն ստեղծողներ, իսկ Ներսիսեան եղբայրներն էլ ժողովրդին դաւանափոխ անելով Հային վերջնականապէս քշելու են պատմութեան թատերաբեմից։
Ազգի այպիսի հոգեվարքը նախազգուշացրել է Աբովեան Խաչատուրը. «Մի ազգ պահողը, իրար հետ միացնողը Լեզուն է եւ Հաւատը: Եթէ լեզուդ փոխես եւ քո հաւատն ուրանաս, ապա էլ ինչո՞վ կարող ես հաստատել, թէ ո՛ր ազգից ես»: Բայց քանի որ Աբովեանին Հայը ճանաչում է իբրեւ մի «օրհնանքի» հեղինակ, այլեւս ո՞ւմ էր պէտք կարդալ «Հայաստանի Վէրքը», որ նաեւ «Հայրենասիրի Ողբն» էր։ Ո՞ւմ էր հարկաւոր Նալբանդեան Միքայէլը, ո՞վ էր եւ ի՞նչ էր Հայոց Հայրիկը, որին մի թեթեւ յիշում են միայն «թղթէ շերեփը» ձեռքին… Նրանց եւ Լեզուի եւ Հաւատի ջատագովներին, յանուն Լեզուի եւ Հաւատի արիւն թափողներին, Լեզուն եւ Հաւատի փառքը հաստատողներին փոխարինելու են եկել նախ Հայաստանը «փոքր հայրենիք« յայտարարողները՝ «մեծ հայրենիք կայսրութեան դիմաց», եւ ապա պատմական «սխալը» սրբագրողները՝ Հայաստանը եւ Հային թէկուզ եւ հազար հինգհարիւր տարի յետոյ Բիւզանդական Ուղղափառ եկեղեցու եւ կայսրութեան մէջ ձուլելու համար։
Ինչո՞ւ… Բայց ինչո՞ւ մեզ համար այսպէս սկսուեց 21-րդ դարը… Այն դէպքում, երբ վստահ էինք, զրկանքներ էինք կրել, արիւն էինք թափել, որպէսզի իբրեւ ԱԶԱՏ ԱԶԳ եւ ԱԶԱՏ ՏԷՐՈՒԹԻՒՆ անցնենք ոչ թէ դարի, այլ մեր Երրորդ Հազարամեակի շեմը։ Կորցնելով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, վերջնականպէս կորցնում ենք ինքներս մէզ… Բայց ինչո՞ւ… Ի՞նչն է որ մեզ պակասում է…
Այս հարցը օդից կախուած չի մնում։ Քանի որ նոյն հարցով է տառապում Ոսկան Մխիթարեանը։ Եւ պատասխանում է. « Անբասիր եւ պարկեշտ եկեղեցականներու եւ Եկեղեցւոյ կազմակերպչական կեանքի եւ գործունէութեան թափանցիկութեան պակասը: Դժբախտաբար՝ այս սրբազան առաքելութեան դիմաց պատուար եւ արգելք կանգնած են այսօր՝ հոգեւոր կեանքով սնանկներ, իրենց բեհեզներուն եւ վեղարներուն վստահող ողորմելիներ, իրենց նիւթական հարստութեամբ յղփացած եկեղեցականներ, Եկեղեցւոյ ու բարեմիտ հաւատացեալներու նիւթական կարողութենէն օգտուող՝ չարաշահող հացկատակներ որոնք ապականած են մեր սրբազան նախահայրերու կերտած հաւատքն ու անոնց ստեղծած ոսկեայ պատմութիւնը»:
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն վեցերորդ եւ յաջորդիւ)
Մաս հինգերորդ՝ այստեղ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.