Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերն այսօր Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի Նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա և օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջև շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առևտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:
Հայաստանի և Ավստրիայի Նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը և իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման:
***
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ավստրիական տնտեսական համաժողովում
Մեծարգո՛ պարոն Նախագահ Ֆիշեր,
Մեծարգո՛ պարոն Լայթլ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ, որ իմ այցը բարեկամ Ավստրիա նշանավորվում է հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացմամբ: Այս միջոցառման մեկնարկը տրվում է իմ և Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերի բարձր հովանու ներքո, քանզի մենք երկուստեք առանձնակի կարևորում ենք մեր երկրների միջև գործարար կապերի ամրապնդումն ու տնտեսական համագործակցության զարգացումը: Շատ ուրախ եմ, որ այստեղ ներկա է նաև Ավստրիայի տնտեսական պալատի հարգարժան նախագահ պարոն Լայթլը:
Նմանօրինակ ներկայացուցչական ֆորումները ոչ միայն առևտրա-տնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլ նաև կարևոր հարթակ՝ երկխոսության և փոխճանաչողության համար: Շատ կարևոր է, որ այս սրահում ներկա գործարարության ամենատարբեր ոլորտներ ներկայացնող հայ և ավստրիացի գործարարներն իրար լավ ճանաչեն:
Ողջունելի է, որ վերջին շրջանում մեր երկրների միջև կրկին նկատվում է առևտրատնտեսական համագործակցության աշխուժացում: Ինչպես պարոն Նախագահն ասաց, մինչև 2008թ. մենք ունեինք շատ ավելի լավ ծավալներ և ցուցանիշներ, քան այսօր, բայց, փառք Աստծո, երկու տարի առաջ նորից սկսվեց աճ: Աճի այսօրվա տեմպերը մեզ հույս են ներշնչում, որ տեսանելի ապագայում կհաղթահարենք այդ ցուցանիշները, թեև ես համոզվածությամբ եմ ասում, որ այն չի արտացոլում մեր համագործակցության ողջ ներուժը: Ես վստահ եմ, որ թե՛ Ավստրիայում, թե՛ Հայաստանում կան բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ, որոնք կարող են մեծ պահանջարկ վայելել Ավստրիայի և Հայաստանի շուկաներում: Ես դրանում մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Երկկողմ առևտրի մակարդակը ցածր է, իսկ շրջանառվող ապրանքատեսակները՝ սահմանափակ: Ուստի, ես կուզենայի հորդորել ինչպես այս համաժողովի մասնակիցներին, այնպես էլ համապատասխան մեր պետական կառույցներին՝ լինել նախաձեռնող նոր տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Այս ուղղությամբ կարևոր առաքելություն ունի Հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովը, որի 6-րդ նիստը գումարվեց Երևանում այս տարվա ապրիլին:
Այս գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում է ավելի քան 30 ընկերություն, որոնք ներկայացնում են էլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, զբոսաշրջության և ֆինանսական ծառայությունների ոլորտները: Վերջիններիս ներկայությունը, իհարկե, պատահական չէ. նշված ոլորտներում Հայաստանին հաջողվել է կուտակել համագործակցության լավ ներուժ:
Հայաստանը, ուր հնագետների պնդմամբ գինեգործությունը հազարամյակների ավանդույթներ ունի, իսկ ոսկեգործությունն ու գորգագործությունը դարձել են ազգային այցեքարտ, այսօր արդեն նաև իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային քարտեզի վրա:
Կարծում եմ՝ պատահական չէ, որ Ավստրիայի կառավարությունը Հայաստանին ընդգրկել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում. սա խոսում է փոխգործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկության մասին: Ուրախ եմ, որ արդեն իսկ առկա է ավստրիական «Ռայֆայզեն» բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Ավստրիական զարգացման բանկի և «Ամերիաբանկի» միջև համագործակցության դրական փորձ, իսկ հայկական «Ասկե» ընկերության և ավստրիական «Սիեմենս Վաի» տեխնոլոգիական ընկերության միջև համագործակցության շնորհիվ, այսօր Հայաստանում նախաձեռնվել է Հայաստանի մասշտաբների համար խոշոր մետալուրգիական արտադրություն: Ի դեպ, համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է երկու տարի առաջ՝ պարոն ֆիշերի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետություն, երբ Երևանում կրկին անցկացնում էինք գործարար համաժողով:
Երևանի և Վիեննայի միջև «Ավստրիական ավիաուղիների» կողմից իրականացվող կանոնավոր չվերթը, 2013թ. հունվարից Եվրամիության քաղաքացիների համար Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս.թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման կարգի դյուրացումը, ինչպես նաև այցի ընթացքում զբոսաշրջության ոլորտում ստորագրված փաստաթուղթը լրացուցիչ խթան են գործարար շփումների ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ստեղծված է տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, որն ապահով գործարար կապերի երաշխիք է:
Հարգելի՛ գործընկերներ,
Անկախությունից ի վեր Հայաստանն ընտրել է տնտեսական զարգացման ազատական մոդելը, որը ենթադրում է կառավարման ինստիտուտների արդյունավետ աշխատանք, հանրային ծառայությունների բարձր մակարդակ և ամենակարևորը՝ թափանցիկ ու ազատ գործարար միջավայր: Այդ նպատակով Հայաստանում, նաև մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, իրականացվել և իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ, մասնավորապես՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության ուղղություններով:
Ուզում եմ շեշտադրել մի կարևոր հանգամանք. ներկայիս փոխկապակցված և հարափոփոխ աշխարհում տնտեսական համագործակցության կարևորագույն գրավականներից է վստահությունը: Միմյանց առավել լավ ճանաչելու համար պետք է ուժեղացնել հումանիտար կապերը, որոնք ամուր կամուրջ կհանդիսանան նաև գործարար շփումների ամրապնդման համար: Սիրով կառաջարկեմ համապատասխան պետական մարմիններին աշխատել Հայաստանում՝ ավստրիական և Ավստրիայում` հայկական մշակութային միջոցառումներ կազմակերպելու, մասնագիտական և ուսանողական փոխանակումներ կազմակերպելու, գիտական առնչություններն աշխուժացնելու ուղղությամբ: Սա չափազանց կարևոր հանգամանք է:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ձեզ հայտնի է, որ Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին: Դա որևէ կերպ չի նվազեցնում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու մեր ձգտումը:
Եվրոպական հանձնաժողովի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար. օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը՝ դուք կարող եք ավելի հեշտացված կարգով դուրս գալ 170 միլիոն սպառող ունեցող Եվրասիական շուկա: Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով: Դա են ապացուցում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդն է՝ Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ:
Ես սիրով հրավիրում եմ ավստրիական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մեր երկիրը կարող է շահավետ հարթակ դառնալ սննդի վերամշակմամբ զբաղվող ավստրիական հանրաճանաչ «Սպից», «Դ՛Արբո» ընկերությունների համար՝ առաջարկելով առողջ և համեղ գյուղատնտեսական հումք, ոսկերչության ոլորտում աշխարհահռչակ «Ֆրեյ Վիլ» ընկերության համար՝ առաջարկելով բարձրորակ ոսկերիչներ և առանձնահատուկ պայմաններ ոսկերչական ազատ տնտեսական գոտում, ի դեպ աշխարհում կան հազարից ավելի հայտնի ոսկերչական ընկերություններ, որոնք կամ հայկական կապիտալով են կամ որոնց սեփականատերերը հայեր են, աշխարհի բոլոր ծայրերում, գրեթե բոլոր երկրներում և բոլոր քաղաքներում գործում են հանքարդյունաբերական հումքի վերամշակող «Ասամեր Բազալտիկ Ֆայբեր» ընկերության համար՝ առաջարկելով բնական քարերի լայն տեսականի, դեղագործական «Ջ.Լ. Ֆարմա», «Ջեներիկոն Ֆարմա» և այլ ավստրիական ընկերությունների համար, որոնք կարող են օգտվել ազատ տնտեսական գոտիներում ստեղծված փայլուն հնարավորություններից:
Հավատացած եղեք, որ հայ-ավստրիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված ձեր քայլերը գտնվում են մեր անմիջական ուշադրության և հոգածության կենտրոնում: Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունները կախված են նաև գործարարությունը խթանելու հանգամանքից, ուստի պատրաստ ենք խոշոր ներդրումների պարագայում, հատկապես եթե ձեռնարկություններն ունենալու են նորարական արտադրանք, ընդունել և կիրառել հատուկ օրենք տվյալ ներդրման մասին և տալ հարկային արտոնություններ, այդ թվում նաև՝ շահութահարկի գծով:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ավարտելով խոսքս` մաղթում եմ, որ Ավստրիայի առևտրատնտեսական պալատի այս հիասքանչ շենքում անցկացվող համաժողովի արդյունքում երկարաժամկետ գործընկերային կապեր հաստատվեն, որոնք կծառայեն հայ և ավստրիացի բարեկամ ժողովուրդների շահերին:
Շնորհակալություն:
Շնորհակալ եմ պարոն Նախագահ Ձեր մասնակցության և Ձեր գործարարությունը մեր երկու երկրների միջև զարգացնելու հետաքրքրության ու ժամանակի համար և, անշուշտ, իհարկե, շնորհակալ եմ պարոն Լայթլին՝ այս միջոցառումն անցկացնելու համար:
- 15:10Ալիեւը հայտարարել է, որ ցանկացել են տապալել իրեն
- 13:10Կանադան Արցախում պատերազմի արդյունքում չեղարկել է Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները
- 13:10Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
- 14:10«Իվան, գնա տուն». Հակառուսական ակցիա Ադրբեջանում
- 15:10Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի. Коммерсантъ
- 14:10ԱՄՆ հետախուզություն. Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը
- 14:10«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից
- 11:10Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին
- 12:10Jpost. Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդանշան կլինի ամբողջ աշխարհի համար. Ճանաչման ժամանակն է
- 14:10Թուրքիայում սպանվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռովնագ Աբդուլլաեւի զարմիկը
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.