Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կենտրոնական բանկ: Հանրապետության Նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում: Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը Նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։
Կանխիկ գործառնությունների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է կանխիկ դրամի ավտոմատ վերահաշվարկի գործընթացին, որն իրականացվում է թղթադրամները մշակող ժամանակակից և արագագործ սարքավորումներով: Կենտրոնական բանկում օգտագործվող սարքավորումների շնորհիվ, թղթադրամների մշակման ամբողջ գործընթացում մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի, և ավտոմատացման հետևանքով էապես կրճատվել են գործառնական ռիսկերը: Օգտագործվող համակարգերը ավտոմատ հաշվում ու առանձնացնում են կեղծ և անվճարունակ թղթադրամները, իսկ պիտանի թղթադրամները՝ փաթեթավորում: Սարքը հնամաշ թղթադրամները տեղում մանրատելով ոչնչացնում է:
Ֆինանսական վարչությունում Նախագահին ներկայացվել են միջազգային ֆինանսական շուկաներում ներկա իրավիճակը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել է ֆինանսական շուկաներում ՀՀ կողմից տեղաբաշխված եվրոպարտատոմսի դինամիկան և ներդրողների վարքագիծը:
Շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ու մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ ներկայացրել են Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները, բանկի նախաձեռնած բարեփոխումները, ինչպես նաև բանկային համակարգի առջև ծառացած խնդիրները ու դրանց լուծման ուղիները:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ամփոփել է բանկային ոլորտում վերջին տարիներին իրականացրած աշխատանքները և ձեռքբերումները, նախանշել ԿԲ ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման միջոցները:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքները, Կենտրոնական բանկում իրականացվող հետազոտական աշխատանքները, գիտական ներուժի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը անդրադարձել է գնաճի կառավարման հիմնախնդիրներին և վերջին տարիների ընթացքում դրամավարկային քաղաքականության գործողություններին: Նա ներկայացրել է նաև ԿԲ ինստիտուցիոնալ կարողությունները, նշել դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման մարտահրավերները:
Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները վերջին 5 տարիների ընթացքում, առկա իրավիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադառնալով ֆինանսական համակարգի զարգացումներին, նա նշել է, որ այդ ընթացքում եռակի աճել են ֆինանսական համակարգի վարկերը, ավանդները, ակտիվները և այլ հիմնական հաշվեկշռային ցուցանիշները՝ փաստելով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին: Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն՝ ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայուն է տարբեր շոկերին: Ապագա զարգացումներից Անդրանիկ Գրիգորյանն առանձնացրել է Բազել III ստանդարտի ներդրումը, որը կնպաստի ֆինանսական կայունության ամրապնդմանը:
Վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը ներկայացրել է Կենտրոնական բանկի վիճակագրական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ 2003թ. Հայաստանի վիճակագրական համակարգն ինտեգրվել է ԱՄՀ տվյալների տարածման և որակի ապահովման ամենաառաջադեմ և խստապահանջ ՏՏՀՉ (SDDS) համակարգին, իսկ 2008 թ-ին ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության կողմից Կենտրոնական բանկի վիճակագրությունն արժանացել է ամենաբարձր գնահատականի: Առաջիկայում ԿԲ վիճակագրական աշխատանքները զարգանալու են երկու հիմնական ուղղություններով՝ հարցումների ընդգրկունության խորացում և միկրո տվյալների տեղեկատվական բանկի ստեղծում:
Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Նահապետյանն անդրադարձել է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման ուղղություններին, մասնավորապես՝ ԿԲ կառավարման որակի և արդյունավետության բարձրացմանը, անձնակազմի կառավարման և միջազգային համագործակցությանն առնչվող հարցերին:
Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել Կենտրոնական բանկի առաջիկա անելիքների մասին: Նախագահն անդրադարձել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին, ինչի ուղղությամբ, ըստ Նախագահի, կառավարությունն ակտիվորեն զբաղվում է: «Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարություն և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել, աշխատել»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն: «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար, նաև իրենց ավելի ապահով զգալու համար: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ և, իհարկե, պետք է անպայման, շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,-ընդգծել է Նախագահը: Նրա կարծիքով, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է: Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև, իհարկե, մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն է, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը, ընդհանրապես, ֆինանսական մեր համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ: «Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք և այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք և, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք: Ես ուզում եմ այստեղ նաև ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական: Ի՞նչ նկատի ունեմ. եթե մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Խոսքս նաև ուսումնասիրություններին է վերաբերում: Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Կենտրոնական բանկում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող ամենատարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, պաշտպանունակությանը, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության երեկվա հրաժարականից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը, Քեսաբից տեղահանված հայերին և, ընդհանրապես, դժվարության մեջ գտնվող սիրիահայ մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և այլն:
Նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին Նախագահը պատասխանել է. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին:
Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը:
Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,-ասել է Նախագահը:
Խորհրդակցության ավարտին Կենտրոնական բանկի մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. վերստուգիչ խմբի ֆինանսական աուդիտի բաժնի պետ Մարիաննա Ամիրբեկյանը, ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական համակարգի վերլուծության բաժնի պետ Արտակ Ասատրյանը, դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ Նարեկ Ղազարյանը, ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի մեթոդաբան Լիլիթ Մանվելյանը, ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական սպասարկման բաժնի մեթոդաբան-իրավախորհրդատու Հասմիկ Մուսիկյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.