Տարիներ առաջ, երբ տրամվայները դեռ գործում էին, մի գյուղացի երիտասարդ ընկերներից հետաքրքրվում էր` «ապե, տենաս տրամվայներն էլ ե՞ն պերեբո քցում»: Տրամվայները` չգիտեմ, բայց քաղաքական դաշտն ու իրավապահ, դատական համակարգերը` «պերեբո քցում են»:
Հենց բարձրագույն քաղաքական դեմքը` երկրի նախագահը փոխվում է, նրա հետաքրքրության շրջանակում էլ սկսում են աշխատել նշյալ պետական համակարգերը. ջրի երես են հանում տարիներ շարունակ խնամքով թաքցրած պետական այս կամ այն ոլորտի չարաշահումների դեպքերը, քրեական գործեր հարուցում քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցչի դեմ…ու սպասում. Հետո քաղաքական իրավիճակից ելնելով՝ որոշում են, թե ինչ անել այդ քրեական գործի հետ` «խալաստոյ քցել», քրգործը հասցնել մինչև վերջ և դատե՞լ , մի քիչ թողնել «պերեբոյի» ռեժիմի մեջ, թե՞ «ռուչնոյը քաշել» ու ազատություն տալ չարաշահման մեղավորներ-հովանավորյալներին` որպես տվյալ քաղաքական ուժի նկատմամբ բարի կամքի դրսևորում:
Օրինակները շատ են` ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի գործը «խալաստոյի տակ է», ԲՀԿ-ական նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործը` «պերեբոյի», դաշնակցական նախկին նախարար Աղվան Վարդանյանի ղեկավարած կառույցի գործով էլ «ռուչնոյը» քաշեցին, «Սոկոլ գրուպի» Լյովը թռավ, իսկ Աղվան Վարդանյանը «հետադարձ տոմսով» իջավ ասպարեզ, նույնիսկ մասնակցեց Երևանի քաղաքապետի (Երևանի ավագանու անդամների) ընտրություններին:
Ի միջի այլոց, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ հայտարարվում էր ՀՅԴ-ականների անունները, նրանց ընդունում էին բուռն ծափերով, բայց Աղվան Վարդանյանի անունը լսելիս հանրությունը մի պահ լռում էր, հետո քմծիծաղի ձայն էր լսվում. հավանաբար նույնիսկ ՀՅԴ-ի համակիրները չէին մոռացել Աղվան Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ մեկը մեկի հետևից տեղի ունեցած խայտառակ պատմությունները, մասնավորապես կապված մանկատան որբերի հաշվին` միլիոններ «ջրելու» դեպքի հետ:
Հիշեցնենք, որ այս պատմության հիմքը դրվել էր 2003-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսում էր իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Հայրենի կառավարությունը մի հուշագիր էր ստորագրել Եվրահանձնաժողովի հետ, որի համաձայն այդ կառույցը 10 միլիոն եվրո էր հատկացրել Հայաստանին` գյուղատնտեսական և սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով: Եվ թվում էր, թե Հայաստանի անկախացումից հետո (1991թ.) մանկատներում մեծացած երեխաների համար մի լույս պետք է բացվի, քանի որ սոցիալական ծրագրերից մեկով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է առողջապահական օգնություն, բնակարան և գույք տրամադրեր մանկատների 227 շրջանավարտներին, սակայն 6 տարվա ընթացքում ձեռք էին բերվել նախատեսված բնակարանների միայն կեսը: Դա արվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Պետական գույքի կառավարման վարչության և երկու մասնավոր ընկերությունների միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Ըստ այդմ`35 բնակարան գնել էր «Կարեն Z» ՍՊԸ-ն, 63 բնակարան` «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ն:
Հետագայում իրավապահները բացահայտել էին այդ մութ գործարքների հակաօրինական կողմերը, իսկ լրագրողական ուսումնասիրություններից էլ պարզ էր դարձել, որ այդ ծրագրով բացի ուղղակի յուրացված գումարներից, ձեռք բերված շատ բնակարաններ ուղղակի նախկին աղբանոցներ կամ տանիքային հատվածներ են, որոնք ձեռք բերելուց հետո պետությունը չէր ապահովել բնակության համար պիտանի պայմաններ: Մանկատան երեխաներից շատերն ուղղակի չէին դիմացել ձմռան ցրտին, կոյուղաջրերի շարունակվող հոսքերին, այդ պայմաններում զարգացող հիվանդություններին և ժամանակավորապես կողպելով այդ տարածքները` հնարավորության դեպքում դուրս էին եկել որևէ տեղ պատսպարվելու:
Եվ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, ՀՀ գլխավոր դատախազությունը բացահայտել էր այդ ամենը և հաղորդագրություն տարածել, ըստ որի` 2004, 2005, 2006 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ի և ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջև ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր, որոնցով «Սոկոլ գրուպը» պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան, որոնցից գնվել է միայն 63-ը։ Դատախազությունը, ուսումնասիրելով 12 բնակարանների գները, պարզել էր, որ դրանք ձեռք են բերվել շուկայականից 53 միլիոն դրամ ավելի գնով։
Նշված պայմանագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, որը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել էր հակառակ ծառայության շահերին: Այսինքն՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերում չէր սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության և գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետևանքով «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել էր ձեռնարկատիրական գործունեությամբ: Հետևանքը եղել էր պետությանը պատճառված ծանր հետևանքներ առաջացնող էական վնասը: Եվ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանշներով՝ ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ:
Ի դեպ, 308-ի 2-րդ մասը (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսում է պատիժ` ազատազրկում` 2-6 տարի ժամանակով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ 188-ի 3-րդ մասը վերաբերում է հենց Լևոն Աղաբաբյանին` ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, որը ևս պատժվում է 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1-3 տարի ժամկետով:
Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք պետությանն անզգուշությամբ էր ծանր հետևանքներ պատճառվել, և արդյո՞ք Աղվան Վարդանյանն անզգուշությամբ էր դուրս մնացել պատասխանատվության ենթակա անձանց շրջանակից, թեև նա պարտավոր էր հսկել ահդ ամբողջ գործընթացը՝ չթողնելով պատախանատվությունն ընդամենը իր հրամանները կնքով Ձոնիկ Մարգարյանի վևա: Իհարկե, վերջինս էլ, կարծես թե, չէր ենթարկվել պատասխանատվության:
Իսկ «Սոկոլ գրուպի» Լյովը, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, մի չնչին գումար էր վերադարձրել պետբյուջե և անհետացել: Ինչ վերաբերում է «Կարեն Z»-ին, նրան ընդհանրապես մոռացան. այդպես էլ քննությունից պարզ չդարձավ, թե ով էր խորհրդավոր այդ ընկերության գործարքներ կատարած տնօրենը, որի ինքնությունն այդպես գաղտնի պահվեց:
Ստացվում է, որ ՀՀԿ-ական նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ համարձակություն չունեցավ մինչև վերջ պատժել դաշնակցական նախարարին ու նրա հովանավորյալներին:
Եվ հիմա ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ իջնելով ասպարեզ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ասում էր. «Մեզ համար այս ընտրությունները իսկապես հնարավորություն են ապացուցելու, որ ՀՅԴ-ի կշիռը այն չէ, ինչ դրվել էր մեր առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մենք գնում ենք թիմով, գնում ենք` փորձելով հասարակությանը, երևանցիներին ցույց տալու համար, որ մենք ունակ ենք լուծելու շատ խնդիրներ»:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.