Երեկ կեսգիշերին Բանվորի արձանի և «Շենգավիթ» մետրոյին հարակից տների բնակիչները փողոց էին թափվել՝ տեսնելու, թե ինչպես է վառվում «Սպայկա» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ի տարածքը: Տեղի բնակիչները, դիտելով հրշեջների և ոստիկանների իրարանցումը դարպասների մոտ, «Սպայկայի» մասին կիսաձայն էին խոսում, համոզված լինելով, որ այն Քոչարյաններինն է՝ տեղեկություն, որը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից պարբերաբար հերքվում է:
Բայց, միևնույն է, «Սպայկայի» հետ Քոչարյանների կապի մասին խոսակցությունները չեն մարում, ինչպես կրակը «Սպայկայում»: Առավոտյան Իսակովի պողոտայում գտնվող Քոչարյանի առանձնատան առաջ մեքենաների կուտակում էր, իսկ Քոչարյանի որդին՝ Լևոնը, երևաց «Սպայկայի» տարածքում, հրշեջների կողքին: Գիշերվանից դեպքի վայրում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ հրշեջի հագուստով: Երկու անգամ տարածքում հայտնվեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որը մտահոգված դեսուդեն էր անում, իսկ լրագրողներին տեսնելով, սկսեց վազել, հընթացս կցկտուր տեղեկություններ արտաբերելով. «Հիմա վնասի մասին ոչ մի բան չենք կարող ասել: Կառույցներ կան, նրանք կորոշեն, կքննարկենք: Սա մեզ համար խոշոր կառույց էր, որն արտահանումներ էր կազմակերպում»: Սովորաբար աղետների ժամանակ կառավարությունը հանձնաժողով է ստեղծում, ժամկետներ է նախանշում: Բայց այս անգամ, հրդեհը չմարած, վնասները չհաշված, գործադիրն իր նիստում որոշեց ընկերությանը նոր արտադրական տարածք առաջարկել, որպեսզի մթերման սեզոնից առաջ բարդություններ չառաջանան:
Նման արագությամբ ՀՀ կառավարությունը դեռ ոչ մի անգամ չէր հայտնվել աղետյալների կողքին՝ կարկուտից կամ երաշտից կորուստներ կրած համայնքների, հրդեհից, երկրաշարժից կամ սելավից տուժած հասարակ գյուղացիների: Նիստն ավարտվեց, բայց կրակը դեռ մեկուսացված չէր: Մարդկային զոհեր չեն եղել: Կրակը մարելիս երկու հրշեջ է տուժել: Մեկը ոտքի վնասվածք է ստացել, մյուսը ծխահարվել է: Հրդեհը մարել են 14 ժամից ավելի: 17 մարտական հաշվարկ է աշխատել, նաև «Նաիրիտից» եկած ստորաբաժանում, որը «փրփուրով» է աշխատել: ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից իմացանք, որ 13:15-ին հրդեհը մեկուսացվել է: «Հրդեհի հետագա զարգացումը կասեցվել է, հիմա իրականացվում են վերջնական հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասաց նա 13:40-ին՝ ավելացնելով, որ թունավոր նյութեր չեն արտանետվել: Նույնը վստահեցնում էր «Սպայկայի» նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, ում հանձնարարված էր պատասխանել լրագրողների հարցերին: «Մենք պատրաստվում էինք ծիրանի մթերման մեկնարկին, մեծ քանակությամբ փայտե և պլաստմասսե արկղեր կային ներսում, և դրանք էլ են բռնկվել: Եղել է կարտոֆիլ Շիրակի և Գեղարքունիքի մարզերից: Մթերքը մերն է եղել, որի համար մենք գյուղացիներին վճարել ենք»,- ասաց նա:
15000 քմ տարածք ունեցող սառնարանային համալիրը, որն ամբողջությամբ վնասվել է, ամենամեծն էր տարածաշրջանում: Այն ապահովագրված էր, բայց թե որ ընկերությունում, Բաղդասարյանը չասաց՝ կոմերցիոն գաղտնիք է: Նա հերքեց, որ ներսում դյուրավառ ներկեր կամ վտանգավոր քիմիական նյութեր են եղել: Դժվար է հավատալ, որ կարտոֆիլն ու արկղերն այնպես կվառվեն, որ 12 ժամ չի հաջողվի գոնե մտնել շենք: Մինչդեռ առավոտյան ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը հայտնեց, որ շենքի ներսում դյուրավառ հեղուկներ, անվադողեր, ներկեր և այլ քիմիական նյութեր կային, որոնք ուժեղացնում են կրակը ու դժվարացնում փրկարարների աշխատանքները:
Փաստորեն, մեծ քանակության քիմիական, դյուրավառ, գուցե նաև պայթյունավտանգ նյութեր պահվել են մի տարածքում, որը չուներ համապատասխան հրշեջ հանգույց: Հայտնի չէ, թե էլ ինչ է պահվել այստեղ, թեև սառնարաններում սառեցման համար օգտագործվող գազն արդեն բավական էր կրակը բորբոքելու համար: Գուցե անվտանգության կանոնների խախտումները չբացահայտելու նպատակով է հրդեհի շուրջ գաղտնիություն պահվում: Մեր տեղեկություններով, սառնարանները դատարկ են եղել, իսկ շենքից դուրս մի բեռնատար մեքենա է եղել ամբողջությամբ այրված: Չի այրվել գրասենյակի տարածքը, որտեղ փաստաթղթերն էին պահվում: Կասկածելի է և արտաքին միջամտության մասին է վկայում նաև այն փաստը, որ կրակը մեծ ուժով բռնկվել է միաժամանակ ահռելի տարածքում, ոչ թե տարածվել աստիճանաբար: Նման իրավիճակներում նախնական վարկածներ են հրապարակվում, ինչը չարվեց «Սպայկայի» դեպքում: Այս գաղտնիությունը վարկածներ է ծնում: Օրինակ, թշնամության վարկածը: Բանվորները չեն սիրում «Սպայկայի» ղեկավարությանը, քանի որ չնչին աշխատավարձ էին ստանում: Տեղի բնակիչներից մեկը պատմեց, որ մրգի սորտավորման համար, որը ծանր աշխատանք է, այստեղ վճարում էին 70 հազար դրամ:
Երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ընկերությունը պարտքեր ուներ աշխատավարձի գծով: «Սպայկան» համարվում է տարածաշրջանում ամենախոշոր բեռնափոխադրողը, իսկ Հայաստանում գյուղարտադրանք մթերող և արտահանող ամենախոշոր ընկերությունն է, դրա հիմնադիր և տնօրեն Դավիթ Ղազարյանը ճարպիկ, նեղ իրավիճակներից հեշտությամբ դուրս եկող մարդու համբավ ունի: 2011 թվականին նրա դեմ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել: Պատճառը խոշոր մաքսային խախտումներն էին, բայց մեղադրանքը հանվեց: Դավիթ Ղազարյանը 2007-ին բռնվել էր ապօրինի ճանապարհով Հայաստան 2-3 տոննա մոլիբդենի փոշի ներկրելու գործում: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Դավիթ Ղազարյանին այսկերպ փորձում էին դուրս մղել մոլիբդենի շուկայից այդտեղ վերահսկողություն իրականացնող Քոչարյանները: Վերջիններիս փայատեր դարձնելու միջոցով Ղազարյանին հաջողվեց ոչ միայն պահպանել, այլև ծաղկեցնել իր բիզնեսը, իսկ ճաղավանդակների հետևում հայտնվեց նրա աշխատողը` մոլիբդենի փոշի տեղափոխող բեռնատարի վարորդը: Այս տեղեկությունները «Սպայկայի» մամուլի պատասխանատուն հերյուրանք է համարում:
2001 թվականին հիմնված ընկերությունը 2,5 հեկտար տարածք ունի, 250-ից ավելի աշխատողներ, նաև պայմանագրեր արտասահմանյան սուպերմարկետների հետ: Այս տարի նախատեսում է 150 հազար տոննա բերք արտահանել ԱՊՀ տարբեր երկրներ: Ընկերությունում հավատացնում են, որ մթերումն իր հունով կշարունակվի, իսկ սառնարանային տնտեսությունը կվերականգնվի 3 ամսում:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.