Հայոց ցեղասպանության ավելի քան քառասուն մասնագետներ աշխարհի ինը երկրներից մարտի 22-23-ին հավաքվել էին Երևանում, որպեսզի ռազմավարություն մշակեին, թե ինչպես գտնել իրավական հիմնավորումներ ցեղասպանության հետևանքները վերացնելու համար, հակազդել թուրքական ժխտողականությանը և կազմակերպել ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրեր ու թանգարանային ցուցադրություններ: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանը գիտաժողովին հղած իր ուղերձում ափսոսանք էր հայտնել, որ Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը ճանապարհ էր հարթել հրեական Հոլոքոստի համար: Նա հույս էր հայտնել, որ Ցեղասպանության հարյուրամյակն առիթ կհանդիսանա ի ցույց դնել հայերի միասնականությունն ու հաստատակամությունը ցեղասպանության հետևանքների վերացման հարցում, ապահովել արդարության վերականգնում և հաջորդ սերունդներին փոխանցել պայքարի ու մաքառման նոր եղանակներ: Նախագահը ողջունել էր այն փաստը, որ թուրք հասարակության առավել գիտակից տարրերը քանդում են լռության ու ժխտողականության պատը և քննադատաբար մոտենում իրենց երկրի մերժողական քաղաքականությանը: Նախագահը գիտաժողովի մասնակիցներին հորդորել էր առաջարկություններ ներկայացնել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին:
Ստորև ամփոփ ներկայացնում ենք վերոնշյալ գիտաժողովին մասնակցած փորձագետների մեկնաբանությունները.
Իսրայելցի գիտնական Յաիր Աուրոն քննադատեց Իսրայելի պետությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, մատնանշելով, սակայն, որ Իսրայելի հասարակության մի ստվար զանգված ընդունում է այն: Հոլոքոստի ժամանակ նույն ողբերգական ճակատագրին արժանանալով, Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, ասաց պրոֆ. Աուրոն:
Լոս Անջելեսից պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը Պետական հանձնաժողովին կոչ արեց ձեռնարկել գեղարվեստական և մշակութային միջոցառումներ, քան ակադեմիական գիտաժողովներ՝ ավելի շատ մարդկանց գրավելու համար ամբողջ աշխարհում: Նա առաջարկեց ստեղծել համահայկական ֆիլհարմոնիկ նվագախումբ, որը կշրջի աշխարհով մեկ 2015 թվականի Ապրիլի 24-ից առաջ: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ թուրքական կառավարությունն ավելի լավ է նախապատրաստվում Հարյուրամյակի միջոցառումների հակազդմանը, քան հայերը՝ դրանց ձեռնարկմանը:
Պետական հանձնաժողովի քարտուղար և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց թանգարանի ընդարձակման ծրագրերը մինչև 2015 թվականը:
Նյու Յորքից պրոֆ. Տատրյանը մեկնաբանեց, որ երբ ուրացող պետությունը թույլ է, այն ավելի հեշտությամբ է ընդունում իր ոճիրները: Քանի դեռ Թուրքիան շարունակում է մնալ ուժեղ երկիր, այն չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, նկատեց Տատրյանը:
Սիրիայի Հալեպ քաղաքից գիտաշխատող Միհրան Մինասյանն առաջարկեց, որ հիշատակման միջոցառումները դիտարկվեն հույների և ասորիների հետ միասին: Նա նշեց, որ թուրք ուրացողները չեն մեղադրում այս երկու էթնիկ խմբերի անդամներին ռուսական բանակին միանալու կամ զինված խմբեր ձևավորելու համար, սակայն նրանք ևս զանգվածային բռնության և ցեղասպանության զոհեր դարձան:
Երևանից պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը բացատրեց, որ հակառակ տարածված կարծիքի, Օսմանյան կայսրությունը և ոչ թե Ուրուգվայն է եղել առաջին պետությունը, որը դատավճիռներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1919-1926 թվականներին: Ուրուգվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին:
Հայաստանի Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգն առաջին անգամ օգտագործվել է 1915 թվականի մայիսի 24-ին՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ հռչակագրում՝ թուրքական իշխանությանը նախազգուշացնելով, որ նրանք պատասխանատվություն են կրելու հայկական ջարդերի համար: Նույն կերպ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատարանը պատերազմի նացիստական հանցագործներին մեղադրեց Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե ցեղասպանության իրագործման համար: Վարդանյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետությունում ստեղծել մշտապես գործող պետական մարմին՝ իրավական հիմնավորումների հետազոտության և մշակման ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջները Թուրքիայից միջազգային դատարաններում հետապնդելու համար:
Ստամբուլից նշանավոր թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը հաճախ է բանտարկվել Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար, խոսեց «Թուրքիայում աճող ժխտողական արտադրության մասին»: Նա միտք հայտնեց, որ ժխտողականությունը խրախուսում է ահաբեկչությունը Թուրքիայում:
Որպես ցեղասպանության գիտաժողովի մասնակից, իմ ելույթն ավելի «արդարության հետապնդման» մասին էր և ոչ թե «ցեղասպանության ճանաչման», որն արդեն հաջողությամբ իրագործել ենք: Արդարության հայեցակարգը ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր պահանջները Թուրքիայից՝ բարոյական, ֆինանսական հատուցում և տարածքների վերադարձ:
Ես նաև առաջարկեցի, որ Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ որևէ հատուկ միջոցառում ձեռնարկելուց առաջ, նախ հանդես գալ միասնական պատգամով և նպատակներով: Այլապես, մենք կարող ենք խառը ուղերձներ հղել Թուրքիային ու միջազգային հանրությանը՝ չհստակեցնելով, թե իրականում ինչ ենք ցանկանում և ձգտում իրագործել 2015 թվականի Ապրիլի 24-ին:
Ի վերջո, հայկական պահանջատիրությունը 2015 թվականին չի ավարտվում: Հայերը պետք է համառորեն հետամուտ լինեն Թուրքիայից իրենց արդար պահանջներին՝ մինչև Հայ դատի «արդարության» իրագործումը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.