Այն, որ հանրային գերակա շահի անվան տակ Երևանի Կենտրոնում կատարված կառուցապատումների ծրագիրը վերածվեց հանրային գերակա «քցոցիի»` արդեն կասկածից վեր է: Դրա մասին են խոսում և′ ՄԻ Եվրոպական դատարանի վճիռները, և′ անտուն մնացած բնակիչները, որոնք բողոքի ակցիաներով շարունակում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար, ինչպես նաև դեռ դատարաններում քննվող քրեական գործերը` այն անձանց վերաբերյալ, որոնց նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ յուրացվել են նոր բնակարանի հույսով ապրող մարդկանց վճարած միլիոնները:
Դրանցից մեկն էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննած «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործն է, որի դատաքննությունն ընթանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Խոսքն այս դեպքում Արամի 72 — 80 և Եկմալյան փողոցի նորակառույցների մասին է, որտեղ բնակարանները միաժամանակ վաճառվել են մի քանի հոգու` չնայած ի սկզբանե ապագա սեփականատերերի հետ եղել են առուծախի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա էլ այդ անձինք միլիոնների վճարումներ են կատարել:
Ըստ մեղադրանքի` Գագիկ Պապոյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊԸ-ների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:
Իսկ Սիմոն Աղազարյանը, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած` բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 դրամ:
Այս գործով անցնող տուժածները 250 հոգուց ավելի են, որոնցից 23-ը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իսրայելի, Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչներ են: Իսկ հայաստանյան խաբվածների մեջ կան դատավորի ազգականներ, նաև պատգամավոր: Խաբվածներից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր, տարբեր աղմկահարույց պատմություններից մեզ հայտնի Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կարապետ Կարապետյանն է` Յուվեցի Կարոն:
Ի դեպ, խաբված սեփականատերերը իրենց ասուլիսներում և բողոքի ակցիաներում բազմիցս անդրադարձել են այս գործի նախապատմությանը` նշելով, որ Գագիկ Պապոյանը պատասխան է տալիս ուրիշների գործած հանցանքների համար: Տուժածներից Սոնիկ Մաղաքյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր հետևյալը. «Գ.Պապոյանը ուղղակի կառուցապատող է, իսկ իսկական մեղավորները մնացին կուլիսներում: Նա իր պարտականությունը կատարել է, իսկ նրա մեղքը նրանում է, որ նման գործի մեջ է ներքաշվել: Շենքը կառուցվել է 2004-2005 թթ, սակայն 2007 թ. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը արդեն կառուցվող շենքի տակի հողը նվիրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Անդրանիկ Խալոյանին, ով մի քանի տարի անց որոշել է, որ ինքը այդ 50 բնակարանի տերն է: Գ. Պապոյանը հարկեր չվճարելու պատճառով շատ լուրջ խնդիրներ ուներ, որի վրա աչք են փակել բոլորը, որոնք էլ հետագայում բնակարաններ են ստացել այդ շենքից: Այս գործի հետ կապ ունեն դատախազությունը, հարկայինը, Արդարադատության նախարարությունը: Մասնավորապես, հարկայինի պետը` Գևորգ Ներսիսյանը, նրա գործընկեր Խորեն Թադևոսյանը, իբր ներդրել են շենքում 100 հազար ԱՄՆ դոլար, և ստացել 300 հազարական դոլար շահույթ:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարութ Փամբուկյանը, ով 2 մլն ԱՄՆ դոլար էր ներդրել գործում, հասկանալով, որ իրեն խաբում են, եկել և մեր վրա է ուժը պատել: Նա մեզանից վերցրել է այդ բնակարանները: Մի բնակարանը մի քանի օրվա ընթացքում մի քանի անգամ վաճառվել է, և Արդարադատության նախարարությունը աչք է փակել դրա վրա:
Իսկ դատավոր Ռուբեն Ներսիսյանի մայրը չունեցած սեփականության դիմաց ստանում է 0.5 մլն դոլար արժողությամբ բնակարան»:
Մեկ այլ տուժող` Վահան Սարուխանյանը, ում տունը քանդել են 2006-ին` խնդրո առարկա շենքը կառուցելու նպատակով, լրագրողներին հայտնել է նաև իր կատարած աշխատանքների և բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների մասին. «Մեզ խոստացել էին, որ բնակարան կտան: Ես այն տունը, որը ինձ էր խոստացվել, վերանորոգել եմ…, մնացել էր մանրահատակը խփել: Հիմա ասում են, որ դու բնակարան չունես այստեղ: Ես բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ եմ հանդիպել, որևէ արդյունք չկա, իսկ նոյեմբերի 2-ին հանդիպել եմ ՀՀ նախագահին, ով ասաց, որ հարցս կլուծվի…»:
Փաստորեն, մինչ օրս հարցը դեռ չի լուծվել: Պարզապես սեփականատերերի հետևողական պայքարի արդյունքում, նախընտրական շրջանում հաջողվել է կալանքի վերցնել արդարադատությունից անընդհատ խուսափող վերոնշյալ երկու երկու անձանց: Բայց նույնիսկ այս դեպքում դժվար է ասել` խաբվածները կկարողանա՞ն վերադարձնել իրենց կորցրած բնակարանները, թե՞ սա հերթական բեմադրությունն է` քավության նոխազների դերակատարմամբ, որոնց ժամանակավորապես փակի տակ են պահում` քաղաքական անկայուն վիճակը ավելորդ անգամ չսրելու և Ազատության հանրահավաքային հրապարակը նոր էլեկտորատով չհամալրելու համար: Այս համոզմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ խաբելու այդ ողջ գործընթացը սկսվել է Ռ. Քոչարյանի իշխանավարության ժամանակ և շարունակվել Ս. Սարգսյանի օրոք. այսինքն 8 տարի շարունակ գործել է հանցավոր շղթան, տուժածներն անընդհատ բարձրաձայնել են այդ մասին, սակայն ոչ ոք չի կանխել այդ շղթայի գործունեությունը և ժամանակին չեն մեկուսացրել մեղավորներին: Ստացվում է, որ վերջիններիս հովանավորները շատ բարձրաստիճան անձինք են, որոնց երկրի նախագահը կամ չի ցանկանում նեղացնել, կամ «կիսվում է…»: Ուստի չի բացառվում, որ նախագահի` իր պաշտոնը վերստանձնելուց և քաղաքական վիճակի կայունացումից կարճ ժամանակ անց, կալանավորվածներն ազատ արձակվեն:
Էլմիրա Մարտիրոսյան
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 14:10Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
- 12:10Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել՝ գերեզմանատեղիների հատկացման հետ կապված հանցագործություններ գործելու համար
- 15:10Անօդաչուի միջոցով փորձել են իրեր նետել «Սևան» ՔԿՀ տարածք
- 11:10Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 3 տոննա կոկաին
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.