Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, 2007 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարիների ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:
Արտակի հետ օրերս ունեցանք ևս մեկ զրույց՝ իր այժմյան աշխատանքային գործունեության, կատարած աշխատանքների ու հետագա ծրագրերի մասին՝ http://hetq.am/arm/news/23744/ : Այսօր կխոսենք այլ բնույթի խնդիրներից:
-Արտակ, ինչպե՞ս եք վերաբերվում վերջին երկու տարիներին իրականացվող տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին: Արդյոք դրանք ի զորո՞ւ են՝ բավականչափ լրջորեն փոխելու իրավիճակը։
-Այդ մրցանակաբաշխություններին ու տարատեսակ մրցանակներին վերաբերում եմ դրական: Իսկ, որպես պատմաբան, եթե գնահատելու լինեմ այդ մրցանակաբաշխությունները, ապա դրանք, իմ կարծիքով, ոչ այլ ինչ են, եթե ոչ երիտասարդ գիտաշխատողների կատարած աշխատանքը և ոլորտի խնդիրները բարձրաձայնելու լրացուցիչ մի միջոց: Դրանց շնորհիվ նաև ակնհայտ դարձավ, որ երիտասարդ գիտաշխատողների կատարած զգալի աշխատանքը հակառակ համեմատական է նրանց ստացած ցածր աշխատավարձին: Անհուսալի միամտություն կլինի կարծել, թե տարատեսակ մրցանակաբաշխություններով կարելի է իրավիճակ փոխել: Պարզից էլ պարզ է, որ բոլոր երիտասարդ գիտաշխատողներին անգամ ամենամեծ ցանկության դեպքում մրցանակ չես տա, իսկ խրախուսանքի արժանի են բոլորը: Կարծում եմ, որ արժանապատիվ աշխատավարձերի պարագայում այս մրցանակաբաշխությունների մի զգալի մասի կարիքն ինքնըստինքյան չի զգացվի:
-Իսկ Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը՝ միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը:
-Այժմ զանազան «ֆակտորների» և «ինդեքսների» մասին…
Մրցանակաբաշխություններ կազմակերպելիս նախ և առաջ պետք է հստակորեն սահմանազատել բնագիտական և հասարակագիտական գիտությունները, մասնավորապես` հայագիտությունը, քանի որ դրանց չափորոշիչները չեն կարող նույնը լինել: Պետք է հստակորեն գիտակցել, որ կան հայոց պատմության և աղբյուրագիտության, հայոց լեզվի և բարբառագիտության, հայ գրականության և գրականագիտության, հայկական պարբերական մամուլի և գրատպության, վիմագրագիտության և ժողովրդագրության հետ կապված բազմաթիվ թեմաներ, որոնք, հարյուրավոր տարիներ էլ անցնեն, չեն հետաքրքրելու արտասահմանյան որևէ հեղինակավոր գիտական հանդեսի, բացառությամբ Սփյուռքի հայագիտական հանդեսները: Մենք ենք լինելու այդ թեմաների հիմնական հասցեատերը և սպառողը: Եվ դա բնական է, չէ՞ որ աշխարհը չի պտտվում մեր շուրջը: Մենք ևս ամեն օր չէ, որ մեզ մտատանջում ենք պատմության հոլովույթում այլ ժողովուրդների ունեցած տեղի և դերի կամ պատմա-մշակութային ժառանգության հետ կապված հարցերով… Սակայն, հենց նմանատիպ հայագիտական թեմաներով զբաղվող երիտասարդ գիտաշխատողներն են հայագիտության իրական նվիրյալները, հայագիտության վաղվա օրը կերտողները: Առաջին հերթին հենց նրանք են արժանի խրախուսման:
Սույն հարցին կարելի է մոտենալ նաև հակառակ կողմից: Այնուամենայնիվ, իսկ ի՞նչ կպատահի, եթե հասարակագիտական աշխատանքները ևս «գնահատվեն» բնագիտության համար սահմանված կամ «ընդհանուր» չափորոշիչներով: Կարծում եմ, նման սիրողական մոտեցման դեպքում շատ և շատ հայագետներ պարզապես կդադարեն կանխորոշված ելքով այդ մրցանակաբաշխություններին մասնակցելուց: Արդյունքում՝ հասարակագետների համար «նախատեսված» մրցանակները դանդաղորեն սահելու են հայագիտության հետ կապ ու առնչություն չունեցող, վերազգային, ազգին և պետությանը գրեթե ոչինչ չտվող, ինչ-որ տեղ նաև պատահական թեմաների կողմը: Արդյոք դա՞ է մեզ պետք…
Իհարկե, նմանատիպ թեմաներով զբաղվող գիտաշխատողները ևս արժանի են խրախուսանքի, սակայն ո՛չ հայոց պատմության, լեզվի և գրականության հաշվին…
Բոլոր հնարավոր մրցանակաբաշխությունների կազմակերպիչներին կոչ կանեի՝ ձեռնպահ մնալ վերջնականապես չճշգրտված չափորոշիչներով հասարակագիտական գիտությունների մրցանակաբաշխություններ կազմակերպելու հարցում:
— Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է անել։
-Պետք է նկատել, որ անգամ Ձեր հարցաշարում հաշվի չեն առնված բնագիտական և հասարակագիտական գիտությունների միջև եղած էական տարբերությունները, և Ձեր հարցերի մի մասը, որոնք ես հարկադրված եմ շրջանցել, ուղղված են բացառապես բնագետներին: Անցողակի նկատեմ, որ ըստ էության նույն հարցի մի փոքր այլ տարբերակն է, որի վերաբերյալ բացորոշ արտահայտվեցի վերևում:
—Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները: Տեսնո՞ւմ եք դրանց լուծման ճանապարհներ։
-Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներն են չափազանց ցածր, զուտ խորհրդանշական աշխատավարձերը և չգնահատված, անտեսված լինելը, կամ այլ կերպ ասած` գիտնականների «ռոբինզոնացումը»:
Պատմաբաններիս մոտ մի արտահայտություն է տարածված. այս կամ այն գործն արեցինք «վասն Հայրենյաց», այսինքն` աշխատեցինք ոչինչ չստանալով, – ինչպես կասեին Գառնիի արքունի բաղնիքի անվարձահատույց մնացած շինարարները: Սակայն, անգամ «վասն Հայրենյաց» կատարված աշխատանքի հեղինակը լիովին արժանի է վարձատրության… «վասն Հայրենյաց»։
— Հրաշալի՛ է ասված: Լավ, իսկ Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները: Ինչո՞ւ է այդպես ստացվել: Ի՞նչ անել՝ վիճակը շտկելու համար։
-Այս հարցը լիովին կարող է մի առանձին հարցազրույցի նյութ լինել: Այսպես ստացվել է հասարակության կողմից գիտությունը չկարևորելու, ինչպես նաև գիտնականների տեղի ու դերի չգիտակցված, հետևողական նսեմացման պատճառով: Կարծում եմ, որ վիճակը շտկելու համար պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի դեմքով իրապես շրջվելու դեպի գիտությունը: Մասնավոր նախաձեռնություններն այս դեպքում բավարար չեն:
—Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Նա չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
-Ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վերաբերում եմ չափազանց դրական: Այդ առումով հատկապես նշելի է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության գործունեությունը: Ընդհանրապես, իսկական գիտնականը պետք է լինի նաև լավ քաղաքացի, և հարկ եղած դեպքում անվարան բարձրաձայնի հասարակությանը հուզող խնդիրների մասին:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ես կարծում եմ, որ գիտնականը պետք է վաստակի հենց իր գործով, և վաստակի արժանապատիվ, այլ ոչ թե ստանա զուտ խորհրդանշական աշխատավարձ: Գիտնականն այն դեպքում կդադարի գիտնական լինելուց, երբ իր գործը թողած մտածի այլ ճանապարհով իր առօրյա ապրուստը հոգալու մասին:
—Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
-Եթե անկեղծ լինեմ, ապա վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում դրական միտումներն, իրոք, նկատելի են: Սակայն, միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ այդ քայլերն իրենց ծավալներով չափազանց սահմանափակ և անբավարար են:
-Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքները լաբորատորիաների վարիչներն ու տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ։
-Ես ինքս երբեք չեմ բախվել կոռուպցիոն երևույթների հետ, թեև չեմ կարող բացառել նաև նմանատիպ երևույթների տարածվածությունը գիտական աշխարհում: Լինելով սկզբունքային անձնավորություն` ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը գրվի համահեղինակ իմ կատարած աշխատանքներում, ինչպես նաև ինձ թույլ չեմ տա գրվել համահեղինակ այլոց կատարած աշխատանքներում: Առհասարակ, այլ գիտնականների կատարած աշխատանքի յուրացումը բնորոշ է թույլ, իրենց բնագավառներում չկայացած միջակություններին: Բարեբախտաբար, ես աշխատել և աշխատում եմ մեր հանրապետության լավագույն պատմաբանների հետ, որոնցից շատ բան եմ սովորում: Ամեն մեկս զբաղվում ենք մեր գործով և ոչ մեկս մյուսի կատարած աշխատանքը մեզ վերագրելու խնդիր չունենք:
Սակայն, միաժամանակ հարկ եմ համարում նկատել, որ չափազանց շատ են սիրողական մակարդակի առանձին «հեղինակների» կողմից մեր աշխատանքներից կատարված գրագողության դեպքերը: Ցավոք, որևէ աշխատանք չի տարվում այս արատավոր երևույթի դեմ պայքարելու և առաջն առնելու համար:
—Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։
-Կարծում եմ, որ ոչ, թեև ինձ հայտնի բոլոր նշանավոր պատմաբանները հիմնականում տղամարդիկ են:
—Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
-Իմ ապագա գիտական գործունեությունը պատկերացնում եմ միայն և միայն Հայաստանում, որովհետը գտնում եմ, որ հայոց պատմության մասնագետը նախ և առաջ պետք է գնահատված լինի իր Հայրենիքում:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.