Մարինե Սամսոնյանը ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու: Բակալավրային կրթություն ստացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում (տեսական ֆիզիկայի ամբիոն), ապա մեկնել է Հռոմ ու տեղի Տոր Վերգատա համալսարանում շարունակել ուսումն ասպիրանտուրայում: 2011 թվականին Հռոմում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ «Սեր դեպի ֆիզիկան իմ մեջ սերմանեց պարոն Գեղամը, ում մոտ ես նախապատրաստվում էի ընդունելության քննություններին»,- պատմում է Մարինեն: Սիրում է ասույթներ, սիրելի ասույթներ շատ ունի, բայց Կոկո Շանելի հետևյալ ասույթն ամենահաճելին է` «Մի վախեցիր փոփոխություններից և օտար կարծիքներից: Եղիր հիասքանչ, թեկուզև՝ սխալ՝ շրջապատի համար և ինքնավստահ—երջանիկ` քեզ համար»։ Ներկա պահին գտնվում է Իտալիայում, խնամում է իր 9 ամսական փոքրիկին: Փոքրիկի ծնունդն էլ հենց կյանքում շրջադարձային պահերից մեկն է համարում, իսկ, օրինակ, մասնագիտական կարիերայի տեսակետից` այն, որ կարողացել է շահել Մարի Կյուրի թոշակ՝ ասպիրանտուրայում սովորելու համար և մեկնել Հռոմ։ Ի դեպ, Մարինեն սիրում է նաև ճամփորդել (բայց ոչ միայնակ), տեսնել նոր մարդկանց, նոր երկրներ, նոր բարքեր ու սովորություններ, ճանաչել նոր մտահորիզոններ:
Աշխատել է ոչ խոտորումային տրամաչափային և լարերի տեսությունների խնդիրների վրա ու այդ տեսություններն իրար կապող հոլոգրաֆիկ առնչության վրա: Ատենախոսության վերնագիրն է՝ «Ոչ խոտորումային երևույթները տրամաչափային և լարերի տեսություններում, նրանց հոլոգրաֆիկ կապը»: Վերջերս հետազոտում էր սև խոռոչների տեսական խնդիրները՝ նույն լարերի տեսության շրջանակներում: Աշխատանքները մեկ կամ երկու համահեղինակներով են.
—Տեսական ֆիզիկայում, եթե անունդ հոդվածում նշված է, արդեն իսկ նշանակում է, որ ներդրումդ էական է: Իսկ հեղինակների անունները սովորաբար գրվում են՝ ըստ այբբենական կարգի:
Համագործակցել է Գերմանիայի Բոնի համալսարանի, Հռոմի համալսարանի, Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների հետ: Նշում է, որ Հայաստանում գործող գիտնականը չի կարող արտասահմանում գտնվող իր գործընկերոջը գիտական այցով Հայաստան հրավիրել, քանի որ ֆինանսներ չկան: Արտասահմանում այս խնդիրը չկա, այդ իսկ պատճառով տարբեր երկրներում գործող խմբերի միջև համագործակցությունն ավելի ակտիվ է։
—Հայաստանում իհարկե կա ներքին համագործակցություն, սակայն, իմ կարծիքով, տարբեր խմբեր այնքան էլ ակտիվ չեն շփվում միմյանց հետ, իսկ նույն խմբի, նույն խնդրի վրա աշխատող գիտնականների գիտական շփումները շատ են: Իհարկե, եթե մի գիտնականի փորձն ու գիտելիքներն են անհրաժեշտ լինում, շփումն անխուսափելիորեն լինում է:
Տպագրությունները՝ գտել ու շարունակում են գտնել իրենց արձագանքն ու կիրառությունը գիտական հանրության կողմից: Աշխատանքները ներկայացրել է Ամստերդամում, Երևանում տեղի ունեցած գիտաժողովներում, սեմինարների ձևով` Բոնի համալսարանում, Հռոմի Տոր Վերգատա համալսարանում, Ֆրասկատիի գիտական լաբորատորիայում:
Ընդգրկված է եղել Երևան-Բոն համագործակցության ֆոն Հումբոլտ ծրագրում` որպես երիտասարդ մասնակից, ստացել է Մարի Կյուրի կրթաթոշակ, իտալական ասպիրանտուրայի կրթաթոշակ, «Գ. Ծառուկյան» հիմնադրամի խրախուսավճար՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների համար:
—Տարատեսակ մրցանակներին շատ լավ եմ վերաբերվում, սակայն դրանք խնդիր չեն լուծում: Մրցանակ ստացած գիտնականը շատ կարճ ժամանակ անց նորից հայտնվում է նույն վիճակի մեջ: Իրավիճակը լրջորեն փոխելու համար պետք է գիտնականի (ոչ միայն երիտասարդ գիտնականի) աշխատավարձը բարձրացնել այնքան, որ հնարավոր լինի ապրել ու ընտանիք պահել Հայաստանում:
Երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող տարբեր չափանիշների վերաբերյալ (ինդեքսավորվող տպագրությունների քանակ, ամսագրերի ազդեցության գործակից, հոդվածների հղումների քանակ, հ-ինդեքս և այլն) ասում է, որ բոլորն էլ կարևոր են, ու ամեն տարի տարբեր չափանիշներ կիրառելը հնարավորություն է տալիս, որ հաղթողները տարբեր լինեն:
—Կարծում եմ` մրցանակաբաշխություն կազմակերպողներն իրենց գործից շատ լավ են հասկանում. դա թողնենք նրանց: Բայց համամիտ եմ փորձարարների հետ, որ կա՛մ պետք է փորձարարների ու տեսաբանների համար մրցույթներն առանձին անցկացվեն, կա՛մ, ինչն իհարկե շատ ավելի գերադասելի ու ուրախացնող կլիներ, պետք է փորձարարներին զինել անհրաժեշտ նյութերով ու տեխնիկաներով: Այո՛, կարծում եմ, որ հ—ինդեքսն օգտակար կլինի տեսաբանների համար, իսկ փորձարարների մոտ կարելի է նայել հեղինակների հերթականությանը: Սա՝ ֆիզիկայում: Գիտության մյուս բնագավառների վերաբերյալ չեմ կարող ասել:
Մարինեի կարծիքով, Հայաստանում գիտության թերֆինանսավորման հիմնական պատճառը արժեհամակարգի խեղումն է վատ տարիներին: Իսկ թերֆինանսավորման պատճառով էլ հասարակության մոտ ձևավորվել է վատ կարծիք թե՛ գիտության, թե՛ գիտնականի մասին: Իրավիճակն ու հասարակության կարծիքը կարող է փոխել միայն ղեկավարությունը:
Գիտության զարգացման մեջ դրական միտումներ տեսնում է: Բայց դրանք հիմնականում մրցանակների տեսքով են: Իր կարծիքով, դա շատ քիչ է: Պետք է աշխատավարձերի կտրուկ բարձրացում, մանավանդ հիմա, երբ կյանքը Հայաստանում խիստ թանկացել է:
—Հայաստանում գիտնականի (ոչ միայն երիտասարդ) հիմնական խնդիրը թերֆինանսավորումն է, աշխատավարձի գրեթե բացակայությունը: Այդ հարցը լուծելուց հետո միայն կարելի է խոսել տարբեր սարքավորումների, նյութերի բացակայության մասին:
Կարծում է, որ ցանկացած մարդ, այդ թվում և գիտնականը, իրավունք ունի պաշտպանել իր շահերը: Ու, հետևաբար, ճիշտ է տարբեր հարթակներում բարձրաձայնել այսօր գոյություն ունեցող կենսական խնդիրները: Գիտնականը պետք է վաստակի միայն ի՛ր գործով: Այսօր Հայաստանում դա անհնար է: Այդ պատճառով էլ շատերն ուրիշ ուղիներ են փնտրում՝ ապրել կարողանալու համար:
Գիտության ոլորտում տարբեր արատավոր երևույթների տարածվածության մասին.
—Այո՛, գիտական աշխարհում ևս գենդերային խնդիր կա: Ես դրան բախվել եմ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում: «Ֆիզիկոս կին» արտահայտությունը շատերի մոտ թերահավատություն է առաջացնում: Բայց ա՛յ կոռուպցիայի չեմ հանդիպել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտասահմանում, իմ աշխատանքն էլ երբեք չի շահագործվել։
Քանի որ Մարինեն, ինչպես արդեն ասվել է, ասպիրանտուրան ավարտել է Հռոմի Տոր Վերգատա համալսարանում, ու այդ ընթացքում ապրել է Հռոմում, եղել է տարբեր երկրներում, մասնակցել տարբեր գիտաժողովների, համագործակցությունների, խնդրեցի համեմատել երիտասարդ գիտնականների գործունեության պամանները Հայաստանում և արտասահմանում:
—Արտասահմանում ուսանողներն ու երիտասարդ գիտնականներն ունեն ամեն ինչ` իրենց աշխատանքը կատարելու համար, իսկ Հայաստանում նրանք գրեթե ոչինչ չունեն: Արտասահմանում շատ են լինում սեմինարներ: Մարդիկ հնարավորություն ունեն տարբեր երկրներից գիտնականների հրավիրել այս կամ այն խնդիրները քննարկելու համար: Հայաստանում սա չկա: Արտասահմանում առողջ, ակտիվ գիտական մթնոլորտ կա, Հայաստանում սա շատ թույլ է արտահայտված: Շատ լավ կլիներ, եթե Հայաստանում էլ լիներ հետթեկնածուական կարգավիճակի համակարգը: Այն կստեղծեր առողջ մրցակցություն, աշխատելու հնարավորություն կտար տարբեր գիտական հաստատություններում, քանի որ Հայաստանում էլ կան շատ լավ պրոֆեսորներ, ում հետ աշխատելը կնպաստեր մասնագիտական դինամիկ աճին:
Վերջում հարց` Հայաստա՞ն, թե՞ արտասահման.
—Այս պահին հեռու ապագայիս մասին ոչինչ չեմ կարող ասել, ոչ մեկն էլ չի կարող ասել: Մի բան հաստատ է. ես չեմ փախչում իմ հայրենիքից և շատ կուզենայի իմ հարազատների կողքին ապրել: Մենք հայերս շատ խելացի ու ուժեղ ազգ ենք: Կուզենայի, որ Հայաստանի գիտնականներն այլևս չունենային կենսական խնդիրներ: Համոզված եմ, որ այս տիպի խնդիրների բացակայության դեպքում աշխարհի գիտական բարձունքները կլինեն նաև մերը:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.