Մեծ հանցագործությունները կարող են սկսվել փոքր հանցանքներից և նույնիսկ զանցանքներից: Զինվորական հանցագործություններն էլ կարող են սկսվել «Ներքին ծառայության կանոնագրքի»` անէական թվացող կանոնները խախտելուց: Բայց այդ ամենը կարող է չլինել կամ կանխվել, եթե պետության կողմից լիազորված պատասխանատու յուրաքանչյուր հրամանատար կարողանա հավատարիմ մնալով օրենքին, զինվորական երդմանը` օրինակ դառնալ շարքային զինվորի համար և ժամանակին բացահայտել ու հարթել զինվորների միջև ծագած անբարեհաճ հարաբերությունները: Սակայն միշտ չէ, որ հրամանատարի վարքագիծն օրինակելի է ենթակա զինվորների համար, և միշտ չէ, որ շարքային զինվորը պահպանում է կանոնադրական հարաբերությունները և ընկերասիրություն ու հարգանք դրսևորում համածառայակցի նկատմամբ: Օրինակները բազմաթիվ են, կանոնադրական հարաբերությունները խախտելու շարժառիթներն էլ գրեթե միանման. նրանք սովորաբար սեփական գերակայությունն ընդգծելու, իրենց հակակրանքը այս կամ այն զինվորի նկատմամբ դրսևորելու և զինծառայությունից խուսափելու (կամ գուցե որոշ զորամասերում չծառայելու) խնդիր ունեն:
ԼՂՀ ՊԲ Մարտունու զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Գևորգյանը մեղադրվում է պետի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մաս): Ըստ մեղադրանքի` նա հանդիսանալով հրաձգային գումարտակի նռնականետորդ, 2012թ հուլիսի 13-ին առավոտյան «վերկաց» հրամանի ժամանակ դանդաղ հագնվելու պատճառով դիտողություն է ստացել ջոկի հրամանատար, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Մկրտչյանից: Դիտողությանն ի պատասխան` Նվեր Գևորգյանը կոպիտ ձևով հակադարձել է պետին` ասելով «արա հեսա վեր եմ կենում»: Դրանից երկու ժամ անց, շարքում ոչ ճիշտ կանգնելու համար Անդրանիկ Մկրտչյանը, կրկին կատարելով իր ծառայողական պարտականությունները, «արա» անվանելով դիտողություն է արել իրեն ենթակա Ն. Գևորգյանին:
Այդ առիթով, հաջորդ օրը` հուլիսի 14-ին, ժամը 21-ի սահմաններում Նվերը վերոնշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Անդրանիկին կանչել է զորանոցի հետնամաս` առանձնազրույցի, որտեղ նրան հայհոյել է, քաշքշել և քարով հարվածել վերջինիս գլխին` պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս: Պետն էլ իր հերթին է հայհոյել, քաշքշել և անպարկեշտ ձևով ստորացրել իրեն ենթակա Նվերին: Ուստի Անդրանիկ Մկրտչյանին ևս մեղադրանք է առաջադրվել, սակայն` զինծառայողին վիրավորելու համար:
Նրանք երկուսն էլ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և խնդրել են առաջին ատյանի դատարանից` դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանն էլ, առարկությունների բացակայության պատճառով չի մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը, հիմնավորված է համարել մեղադրանքը և կայացրել մեղադրական դատավճիռ. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, 2012-ի նոյեմբերի 12-ին Նվեր Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակել կարգապահական գումարտակում պահելը` 1 տարի ժամկետով: Իսկ Անդրանիկ Մկրտչյանի նկատմամբ դատարանը պատիժ նշանակել` կալանք` 20 օր ժամկետով, որը պետք է կրի կայազորային կարգապահական մեկուսարանում:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Նվեր Գևորգյանը, ով խնդրում է բեկանել դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատիժ:
Ի դեպ, երկու ամբաստանյալներն էլ նախկինում դատապարտված չեն եղել, սակայն հայտնվելով պետության անբարեխիղճ հսկողության ներքո` խախտել են զինվորական կանոնադրությունը` իրենց զանցանքը վերածելով քրեական օրենսգրքով արգելված արարքի` «հանցագործության»:
Մեկ այլ քրեական գործից էլ տեղեկանում ենք, որ 2012թ. դեկտեմբերի 3-ին, դռնփակ դատական նիստում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Ասկերանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Հայրապետյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման` ապօրինի եղանակով զինծառայությունից խուսափելու համար (ՀՀ քր. օր-ի 363 հոդվածի 2-րդ մաս): Իսկ ապօրինի եղանակը եղել է մինչ զորակոչվելը «աղջկա հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալու» մասին հայտարարությունը: Ըստ քրեական գործի նյութերի` Նարեկը սկզբում ծառայել է Ասկերանի զորամասերից մեկում` որպես հետախուզական դասակի վարորդ-հետախույզ: Այդ ընթացքում` ապրիլի 8-ին, նա 2 ժամով լքել է զորամասի տարածքը` ընկերուհուն տեսնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց մտափոխվել է և վերադարձել ծառայության վայր: Նրան ենթարկել են 10-օրյա կարգապահական տույժի և տեղափոխել Ստեփանակերտի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան: Այնտեղ գտնվելու ժամանակ, Նարեկը, կարծելով, որ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած անձինք ազատվում են զինվորական ծառայությունից և զորացրվում ԶՈւ շարքերից, իր հետ կարգապահական տույժ կրող զինվորներին և մեկուսարանի աշխատակիցներին սուտ տեղեկություններ է հայտնել, թե իբրև նախքան բանակ զորակոչվելն ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով ունեցել է սեռական հարաբերություններ:
Դատարանն այս մեղադրանքն ապացուցված է համարել` հիմնվելով հիմնականում վկաների ցուցմունքների վրա, իսկ ամբաստանյալի հակասական ցուցմունքներից հավաստի է համարել նախաքննականը, որտեղ ամբաստանյալ Նարեկն ընդունել է մեղադրանքը:
Նարեկը, պաշտպան Ա. Շամիրյանի մասնակցությամբ տված նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ զորամասում
ծառայության նշանակվելու առաջին իսկ օրերից չի կարողացել ընտելանալ և հարմարվել զինվորական ծառայությանը` առավոտյան վերկացին, ֆիզպատրաստությանը, հրամանատարների հրամաններին, զինվորական առօրյային և կարգապահությանը, սակայն այդ մասին ոչ մեկին չի պատմել: Ապրիլի 8-ին ընկերուհուն տեսակցելու նպատակով ինքնակամ թողել է զորամասի տարածքը, ապա վերադարձել և հաջորդ օրը զորամասի հրամանատարի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի: Տույժը կրել է ՌՈ կարգապահական մեկուսարանի թիվ 2 խցում, որտեղ տույժ են կրել նաև 5 ժամկետային զինծառայողներ, որոնց ինքը չի ճանաչել: Խցում գտնվող զինվորների խոսակցություններից լսել է, թե իբր ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած զինծառայողները ազատվում են զինվորական ծառայությունից և զորացրվում պահեստազոր: Ինքն էլ զինծառայությունից ազատվելու նպատակով, 2012թ. ապրիլի 13-ին խցում գտնվող զինծառայողներին հայտնել է,որ քաղաքացիական կյանքում ընկերուհուն օրալ տարբերակով է բավարարել: Խցում գտնվող զինծառայողները այդ մասին հայտնել են մեկուսարանի հսկիչին և ինքը հսկիչի ներկայությամբ նույնպես հաստատել է այդ հանգամանքը, որից հետո իրեն տեղափոխել են այլ խուց: Այնուհետև հետագա ծառայությունը շարունակելու նպատակով իրեն տեղափոխել են մեկ այլ` զորամաս, որտեղ ծառայում են ոչ նորմալ սեռական կողմնորոշում ունեցող զինծառայողներ` «գոլուբոյներ»: Հասկանալով, որ իրեն չեն զորացրելու, այլ ընդհակառակը տեղափոխել են այնպիսի զորամաս,որտեղ ծառայելը իրեն վայել չէ, գնացել է զորամասի հրամանատարի մոտ, պատմել իրականությունը և խնդրել,որ իրեն անմիջապես տեղափոխեն այնտեղից: Նույն օրը իրեն տեղափոխել են Ստեփանակերտի ՌՈ բաժնի ընդունիչ-բաշխիչ մաս: Նշել է նաև, որ համածառայողների և սպաների հետ գտնվել է նորմալ կանոնագրքային փոխհարաբերությունների մեջ, իր նկատմամբ երբևէ որևէ մեկը բռնություն չի գործադրել և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող գործողություններ չի կատարել: Ինքը երբևէ ոչ բնական ճանապարհով որևէ մեկին չի բավարարել, նշված հայտարարությունը արել է իր նախաձեռնությամբ` զինծառայությունից ազատվելու նպատակով:
Սակայն դատաքննության ընթացքում, արդեն մեկ այլ պաշտպանի ներկայությամբ, ամբաստանյալ Ն. Հայրապետյանը տարբեր պատճառաբանություններով ժխտել է մեղքը, տվել հակասական ցուցմունքներ` նշելով, որ իրականում քաղաքացիական կյանքում ոչ բնական ճանապարհով ոմն Անուշի հետ ինտիմ հարաբերություն է ունեցել: և այդ մասին ՌՈ-ում ասել է ոչ թե զինծառայությունից խուսափելու համար, այլ որ ուղղակի իր հետ «տենց» բան է եղել: Ուստի, դատարանում նա հրաժարվել է նախաքննական ցուցմունքից ու պնդել դատաքննության ժամանակ տված ցուցմունքը, քանի որ դա է իրականությունը:
Սակայն դատարանը գտել է, որ նրա նախաքննական ցուցմունքներն են ճիշտ` լսելով նաև վկաներին` Նարեկի համածառայակիցներին, խցակիցներին և մեկուսարանի հսկիչին, ովքեր նույն բառերով և մտքերով են ցուցմունքները ներկայացրել: «Գոլուբոյների» զորամասի համածառայակիցները իրենց ցուցմունքներում նշել են, որ երբ Նարեկին տեղափոխել են իրենց մոտ և նրան հայտնի է դարձել զորամասի` «պիտակավորված» լինելու հանգամանքը, նա հրաժարվել է ծառայել այնտեղ. պարզապես պատմել է ՌՈ-ում գլխով անցածն ու հավելել, որ ինքը մաքուր տղա է, նորմալ սեռական կյանքով է ապրել և ինքը այդ զորամասում չի ծառայելու, հակառակ դեպքում իրեն ինչ-որ վնաս կպատճառի: Դրանից հետո նրան կրկին տեղափոխել են ՌՈ և մեղադրանք առաջադրել:
Դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալն առաջին անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության, ծառայության վայրից բնութագրվում է բացասականորեն, ինչպես նաև այն, որ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքներ չկան, հանցավոր արարքն էլ դասվում է ծանր հանցագործությունների շարքին, Ն. Հայրապետյանին դատապարտել է ՀՀ քր. օր-ի 363 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժի` 3 տարվա ազատազրկման:
Նրա նոր պաշտպանը` Ազատ Ավագիմյանը այժմ վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել և փոփոխել դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Եթե հավատալու լինենք քրեական գործի նյութերում արտացոլված ապացույցներին և ամբաստանյալ Նարեկի ցուցմունքներին, թվում է, թե կանոնադրական հարաբերությունների խախտման խնդիր չկա, սակայն մի քանի հարցեր, այնուամենայնիվ ծագում են` հանգեցնելով մի կարևոր հարցի. ինչու՞ է Նարեկը փորձել խուսափել ծառայությունից նույնիսկ ինքնազրպարտության ճանապարհով: Իսկ մինչ այդ, ինչու՞ է Նարեկի առաջին պաշտպան Ա. Շամիրյանը թույլ տվել նրան` նախաքննական այնպիսի «ինքնազրպարտչական» ցուցմունք տալ, որը հետո պետք է հերքվեր նույն Նարեկի կողմից` դատարանում և վիճարկվեր երկրորդ պաշտպանի կողմից: Այսինքն, եթե առաջին պաշտպանը նախաքննական մարմնի հետ չի համագործակցել, ուրեմն պետք է առաջնորդվեր Նարեկի շահերը պաշտպանելով և ոչ թե նրան ավելի խոցելի դարձնելով, ինչը հակասում է նաև «Փաստաբանության մասին» օրենքին: Արդյո՞ք այդ ցուցմունքը չի գրվել նախաքննական մարմնի թելադրանքով և պաշտպանի լուռ համաձայնությամբ, որտեղ Նարեկը նշել է, թե զորամասում իրեն ոչ ոք չի նեղացրել, չի նվաստացրել, հրամանատարների հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ, բայց ցանկացել է խուսափել ծառայությունից: Չի բացառվում, որ փախուստի իրական պատճառը կանոնադրական հարաբերությունների խախտումները եղած լինեն, որոնց մասին նա չի համարձակվել ասել` չունենալով նաև փաստաբանական պատշաճ օգնություն: Որպեսզի կասկածը մերկապարանոց չլինի` հարկ ենք համարում մեկ ավելորդ անգամ նշել, որ վերոնշյալ և ներկայացվելիք դեպքերը վերաբերում են միայն որոշ զորամասերի, որոնցում կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերն այնքան շատ են, որ հաճախ հանգեցնում են ծանր հետևանքների: Ուստի, չենք զարմանա, որ նախաքննական մարմնի այս «սցենարը» տվյալ զորամասի հրամանատարներին հերթական պատժից «պրծացնելու» օրինակներից լինի:
ԼՂՀ ՊԲ-ի Ասկերանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մանասյանն էլ մեղադրվում է զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ համածառայակցի առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ )քր. օրի 373 հոդվածի 1-ին մաս): Ութամյա կրթությամբ այս գնդացրորդը` Արմեն Մանասյանը, 2012թ. ապրիլի 14-ին, ժամը 14.20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետում, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, դատարկ պարկուճով լիցքավորել է համածառայող, սերժանտ Իգոր Գրիգորիի Զաքարյանին ամրակցված «ԱԿ-74 » տեսակի ինքնաձիգը և կրակել վերջինիս ուղղությամբ: Հետևանքը եղել է այն, որ Իգոր Զաքարյանը ստացել է զույգ աչքերի շաղկապենիների և եղջերաթաղանթների, դեմքի առաջին աստիճանի այրվածքներ, որոնք փորձագետները որակել են որպես թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Չնայած գործի հանգամանքները շատ պարզ են եղել, սակայն Արմեն Մանասյանին թույլատրել են ծառայությունը շարունակել տուժողի հետ միասին` հրամանատարության հսկողությամբ, իսկ որպես մեղադրյալ ներգրավել են դեպքից միայն 2,5 ամիս անց` հուլիսի սկզբին: Նոյեմբերի 6-ին էլ` արդեն դատարանում մեղադրյալը լիովին ընդունել է մեղադրանքը և խնդրել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանն էլ, տեսնելով, որ կողմերն առարկություններ չունեն, տուժող կողմն էլ քաղհայցի պահանջ չունի, բավարարել է միջնորդությունը: Իսկ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ոչ միայն հանցավորի անձը, այլ նաև նրա հորը բնութագրող մի շարք հատկանիշներ ու հանգամանքներ: Մասնավորապես. դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն առաջին անգամ է կատարել ոչ մեծ ծանրության հանցանք, ծառայության և բնակության վայրերից բնութագրվում է դրականորեն, երիտասարդ է, կատարածն ընդունել է և զղջացել, դեպքից անցել է շուրջ յոթ ամիս, զորացրման ենթակա է, հայրը մասնակցել է ԼՂՀ սահմանների շուրջը ծավալված մարտական գործողություններին, պարգևատրված է «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի եղել: Այնպիսի տպավորություն է, որ հոր` հայրենիքին մատուցած ծառայությունները ներառվել են որպես մեղմացուցիչ հանգամանք` որդու համար, ուստի, զարմանալի չէ, որ դատարանը մեղավոր է ճանաչել Արմեն Մանասյանին` դատապարտելով մեղմ պատժի. նրան պետք է կարգապահական գումարտակում պահեն ընդամենը 3 ամիս, սակայն նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով պահանջում է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Քանի որ դատաքննությունն արագացված է եղել, հանգամանքները լիարժեքորեն պարզելու հնարավորությունն էլ` սահմանափակված, դժվար է ասել` կրակոցն իսկապե՞ս անզգուշության հետևանք է եղել, թե՞ այնուամենայնիվ դրդապատճառ եղել է: Սակայն հաշվի առնելով, որ նա արդեն մեկ տարվա ծառայող է եղել և կարողացել ու լիցքավորել է ինքնաձիգը դատարկ փամփուշտով, փողն էլ ուղղել դեպի տուժողը, նա չէր կարող չհասկանալ դրա հնարավոր հետևանքները: Գուցե իրականում Իգոր Զաքարյանին վախեցնելու կամ վնասելու դիտավորություն է ունեցել ինչ-որ նպատակի հասնելու կամ չհասնելու պատճառով… Համենայնդեպս, նույնիսկ քրեական գործի նյութերով ձեռք բերված հանգամանքների պարագայում առկա է հրամանատարության աչալրջության բացակայություն, ինչի պատճառով էլ ամբաստանյալն անարգել խախտել է զենքի հետ վարվելու կանոնները և վնաս պատճառել համածառայակցի առողջությանը:
Անդրադառնանք նաև հանրությանը հայտնի ևս մեկ զորամասում կատարված միջադեպի. խոսքը ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկի մասին է, որի երկու շարքային զինծառայողները` Արման Նազարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտվել են կրկին կանոնադրական հարաբերությունները` երկուական դրվագով խախտելու մեջ: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2012-ի նոյեմբերի 12-ին նրանց դատապարտել է 6-ական ամսվա պատժի, որը նրանք պետք է անցկացնեն կարգապահական գումարտակում:
Ըստ դատաքննության նյութերի` շարքային Հ. Հովհաննիսյանը մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ ուշացել է սահմանված գրաֆիկի համաձայն առաջնային գծի դիտակետ գնալ, ինչի պատճառով 2012թ. հուլիսի 3-ին ժամը 03-ի սահմաններում համածառայող, նույն դիրքի հերթապահող, շարքային Արման Նազարյանը նրան դիտողություն է արել: Հովհաննեսը անպարկեշտ և հայհոյախառն պատասխան է տվել, և երկու շարքայինների միջև վիճաբանություն է սկսվել. նրանք միմյանց քաշքշել են, հարվածել, հայհոյել, այնուհետև վեճը շարունակել են ավելի ուշ` առավոտյան ժամը 07-ի սահմաններում: Արմանն իր գերակայությունն ընդգծելու նպատակով Հովհաննեսից ջուր է ուզել, սակայն վերջինս չի կատարել նրա ցանկությունը, ինչն էլ հերթական անգամ բորբոքել է կրքերը` դառնալով կանոնագրքային կանոնները խախտելու առիթ: Վիճաբանությունը դադարեցվել է համածառայողների միջամտությամբ:
Երևանի Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջերս սկսված մի քրեական գործով էլ մեղադրվում է շարքային Լևոն Գզողյանը: Ըստ մեղադրանքի` վերջինս, ծառայելով ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զորամասերից մեկում` որպես հետախուզական դասակի կուրսանտ: Նա 2012թ. նոյեմբերի 7-ին, ժամը 07.45-ի սահմաններում, նույն դասակի ննջարանում, բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքի օգտագործման կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դասակի կուրսանտ Հարություն Քոթանջյանի հետ, զինվորական ճտքակոշիկով հարվածելով վերջինիս որովայնին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Այսինքն, Լևոն Գզողյանը կատարել է քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք` զինծառայողների կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Հոդվածի սանկցիան նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում:
Վերջաբանի փոխարեն այս ամենին հավելենք կանոնադրական հարաբերությունների խախտման մի դրվագ, որին ականատես է եղել 3-ամյա դուստրս և զարմանալիորեն ու բարեբախտաբար կանխել բախումը: Մոտ 12 տարվա վաղեմություն ունեցող այս միջադեպը եղել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ այդ պահին հյուրընկալվել էին լրագրողները` զինվորների ծառայության և զորամասի պայմաններին ծանոթանալու նպատակով: Այդ ժամանակ դուստրս ինձ հետ էր: և մինչ լրագրողներս բանակի և զորամասի հետ կապված որոշ հարցեր էինք պարզում հրամանատարներից, քիչ հեռու կանգնած աղջիկս պատահաբար լսում է երկու զինծառայողների վեճը, ովքեր միմյանց «արա» արտահայտությամբ են դիմում: Այդ բառը նրան հիշեցնում է բակի հասակակիցներից լսած մի արտահայտություն, որն էլ սկսում է մեխանիկորեն արտասանել. «Արան դու ես, կինդեր ձու ես, մեջը բացեմ` տեսնենս դու ես»: Դա բավականին զվարճացնում է վեճի բռնված և հավաքված զինվորներին, ովքեր անմիջապես մոռանում են վեճը, աղջկաս խնդրում մի քանի անգամ կրկնել «բանաստեղծությունը», իսկ քիչ անց այդ ամենի մասին շատ բարձր տրամադրությամբ պատմում են նաև մեզ:
Այս դրվագը հիշեցի ոչ թե ինքնագովազդով զբաղվելու, այլ` ցույց տալու համար, որ եթե փոքրիկը կարողանում է շատ հանգիստ` առանց հոգեբանական գիտելիքների ու մշակված մեթոդաբանության, հեշտությամբ կանխել վեճը, ապա ի՞նչն է խանգարում, որ հրամանատարությունը դա անի` առողջ մթնոլորտ ապահովելով և կարգուկանոն հաստատելով: Իսկ նման բան կարող է անել միայն պատվախնդիր, բանակն իր որդու պես սիրող, սրտացավ սպան, զինվորականը, որոնց պակասը մենք այնքան շատ ենք զգում հատկապես այն զորամասերում, որտեղ հանցագործությունների ու «հանցագործ», բայց հովանավորվող հրամանատարների պակաս չկա…
Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացումը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
- 12:10Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել՝ գերեզմանատեղիների հատկացման հետ կապված հանցագործություններ գործելու համար
- 15:10Անօդաչուի միջոցով փորձել են իրեր նետել «Սևան» ՔԿՀ տարածք
- 11:10Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 3 տոննա կոկաին
- 14:10«Վերակենդանացած» տղամարդն ինտենսիվ խնամքի բաժանմունքում է. մանրամասներ
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. դատաբժիշկը արձանագրել է խնամքի կենտրոնում բնակվող տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, բժիշկները վերակենդանացրել են նրան
- 11:10Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.