Արդեն սկսվել է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչևՍուրբ Հարության տոնի նախօրեն. Ս. Հարության` Զատիկի տոնը նշվելու է ապրիլի 4-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:
«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):
Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը:
Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու հիմնական պայմաններն են: Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն, տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Թեմայի շուրջ զրուցեցինք Սևանի տարածաշրջանի Ճամբարակի հոգևոր հովիվ, Տեր-Մեսրոպ Քահանա Երիցյանի հետ
-Ի՞նչ է պահքը:
-Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
Պահքի կարևորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված ,բարեկենդանե անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը:
Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարևորագույն նախապայմանը` ապաշխարանքը:
Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ս. Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
Պահքերից առաջինն ու մեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Պահքը սկսվում է Բարեկենդանին և ավարտվում Զատկին, և այն Քառասնորդաց է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Եվ սա ունի բազում խորհուրդներ:
Նախ՝ որովհետև այս քառասունը սատանայի փորձությունների ժամանակն է, որովհետև Քրիստոս քառասնօրյա պահքով հաղթեց փորձող սատանային: Նույնպես և մենք քառասնօրյա պահքով հաղթում ենք սատանայի փորձությունները, և նա հեռանում է մեզանից, ինչպես ասում է Ավետարանը. Այդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով՚ (Մարկ. Թ 28):
Երկրորդ՝ այս քառասունը ժամանակն է մարտերի ու պատերազմների, և չարչարելով ու մեր մարմինը զրկելով՝ պատերազմում ենք ընդդեմ ախտերի ու հաճույքների: Պահքով, ծոմով ու ծարավով չարչարում ենք մեր մարմինը և ողորմություն տալով՝ հաղթում աշխարհին, իսկ խոնարհությամբ հաղթում սատանային, ինչպես սաղմոսն է ասում. «Չարչարվեցի և սաստիկ կորացա, մռնչացի սրտիս հեծությունից» (Սաղմ. ԼԷ 9):
Երրորդ՝ այս քառասնօրյա պահքն օրհնվեց և սրբվեց Աստծուց ու մարգարեներից, որովհետև գրված է. «Եղիան քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու Քորեբ լեռը»(Գ Թագ. ԺԹ 8): Սա ցույց է տալիս, թե ովքեր սրբությամբ պահում են այս քառասուն օրերը, համարձակապես պիտի ժամանեն Աստծու լեռը՝ երկինք՝ Քրիստոսի մոտ:
Մովսեսը քառասուն ցերեկ ու քառասուն գիշեր պահեց և Տիրոջից Օրենքը ստացավ: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր սրբությամբ պահում են այս քառասուն օրերը, Աստծու օրենքներն ու պատվիրաններն են ընդունում:
Իսրայելի ժողովուրդը անապատում քառասուն տարի մնալուց հետո միայն հասավ պարգև ստացած երկիրը: Սա այն է խորհրդանշում, որ եթե քրիստոնյա ժողովուրդը քառասնօրյա պահքով Աստծուն երկրպագի, ապա կհասնի Դրախտ՝ Վերին Երուսաղեմ: Այսպես օրհնված ու սրբված է այս քառասունքն Աստծուց և մարգարեներից:
Հին ու Նոր Կտակարաններում այս պահքի օրերի քառասուն թվի վերաբերյալ բազում վկայություններ կան, ինչպես օրինակ՝ տապանի և տաճարի չափերում, նաև Սողոմոնի պալատի չափերում (տե՜ս Գ Թագ. Է 38), ինչպես նաև ջրհեղեղի օրերի, Մովսեսի ու Սամվելի կյանքի, Դավթի ու Սողոմոնի թագավորության տարիների թվում:
Այս պահքը կոչվում է նաև Աղուհացից, որովհետև նախկինում այս պահքի կերակուրն աղ ու հաց է եղել: Այսպես պահել են հավատացյալներն առաքյալների ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատի մեջ, իսկ այնուհետև թուլանալով` աստիճանաբար սկսեցին ուտել նաև այլ կերակուրներ: Եվ թեպետ մենք նման չենք մեր նախնիներին ո՜չ պահքով, և ո՜չ էլ այլ սրբություններով, սակայն նրանց այս պահքը մեզ զանազան խրատներ է տալիս: Նախ՝ որ ուտում էին ժամանակին ու աղոթքով և տասներորդ ժամից ոչ շուտ, այն էլ օրական մեկ անգամ և չէին հագեցնում իրենց մարմինը զանազան խորտիկներով, որն ավելորդ է և միայն մարմինն է պարարտացնում, այլ միայն հաց, ջուր և բանջար էին ուտում, այն էլ` չափավոր` ո՜չ հագենալու համար, և քաղցով ու ծարավով ճնշում էին իրենց մարմինը:
Այս օրերին Եկեղեցին ծածկում է խորանը վարագույրով և արգելում Ավետարանի համբուրումը, որովհետև մենք մի ամբողջ տարի մեղքեր գործեցինք՝ ապրելով սխալական կյանքով ու տկար մարմնով, ինչպես Ադամին մեղքից հետո Տերը զրկեց Դրախտից ու Կենաց ծառից: Ադամին հրամայվեց ուտել բոլոր ծառերից և միայն մի ծառից չուտել, իսկ մեզ համար օրինադրվեց ուտել միայն Բարեկենդանի ու Զատկի օրերին և նրանց միջև եղած օրերին պահք պահել:
Ադամն ուտելով մեղավոր դարձավ ու արտաքսվեց Դրախտից, իսկ մենք մեղավոր եղանք և՛ կերակրի, և՛ մեր գործերի պատճառով, ուստի երկուսի համար էլ պահում ենք: Որպեսզի, ինչպես Քրիստոս Իր մահով նախաստեղծներին հանեց դժոխքից և Դրախտ հրավիրեց, նույնպես և մեզ ազատի մեր խղճմտանքից՝ իբրև դժոխքից, մտցնի Եկեղեցի և տա Կյանքի կերակուրը՝ Իր Մարմինն ու Արյունը:
Մարդը երկակի բնույթ ունի՝ մարմնավոր ու հոգևոր, և մարմնավորը հաճախ է ենթարկվում կերակրի հարկադրանքին, մինչդեռ Մեծ պահքի օրերին բազմանում է հոգևոր կերակուրը, որպեսզի հոգին չմեռնի:
Արդ՝ այս պահքը սուրբ Քառասնորդաց պահք է ասվում նաև, որովհետև Բուն բարեկենդանից մինչև վեցերորդ շաբաթվա ուրբաթ օրը՝ քառասուն օր է, որը Ղազարոսի հարության օրն է: Սա հույժ խորհրդավոր օր է, քանզի, ինչպես ասում են իմաստունները, Տերն Ադամին արարումից քառասուն օր հետո միայն դրեց Դրախտում, և մեզ՝ պահքը պահողներիս, հարություն է տալու Ղազարոսի օրինակով և Ողոգոմյան (Ծաղկազարդի) տոնին ներս է մտցնելու Եկեղեցի:
Քրիստոս քառասնօրյա պահքը տվեց մեր հողաթավալ հոգու և մարմնի համար, և փոխանակ Դրախտի՝ Քրիստոսի խաչելությամբ մտնում ենք Եկեղեցի, որը երկինք է երկրի վրա:
Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ (տե՜ս Ծննդ. Է 17). եթե մարդիկ ապաշխարեին, ապա չէր լինի քառասնօրյա անձրևը: Ջրերի քառասուն օր հորդելն օրինակն է քառասնօրյա պահքի: Պահքի «ջրերը» մարում են հոգու մեղսալից կրակն ու այն մաքրում հեղձուցիչ ախտերից:
Աբրահամը քառասուն օր ու քառասուն գիշեր պահեց, որովհետև ուխտեց ոչինչ չուտել առանց հյուրերի, քանի որ ողորմած էր, և դրանով եղավ Աստծուն հաճելի և արդարների հայր: Սատանան, այս իմանալով, փակեց ճանապարհները, և քառասուն օր ոչ մի հյուր չեկավ Աբրահամի մոտ, մինչև Հորից Միածինն առաքվեց երկու հրեշտակներով հանդերձ, ովքեր փոխանակ հյուրերի՝ տվեցին Որդու ավետիսը (տե’ս Ծննդ. ԺԸ 1): Եվ եթե մենք էլ պահենք ըստ կարողության, ապա Աստված մեզ մոտ ևս կգա՝ Իր Որդով ու Սուրբ Հոգով և բոլոր հրեշտակներով:
Մովսեսը քառասուն օր՝ գիշեր ու ցերեկ, պահեց և արժանացավ Աստծու տեսությանը և երկու քարեղեն տախտակներին՝ ի տարբերություն մահմեդականների, ովքեր միայն ցերեկն են պահում և գիշերն ուտում:
Քառասնորդական պահքը երեք անգամ պահեց նաև Հեսուն, որոնցից երկուսը՝ Մովսեսի հետ, իսկ մեկը՝ հետո, և աշակերտելով Մովսեսին՝ հասավ Ավետյաց երկիրը: Նույնն անելով՝ մենք ևս Աստծու որդի ենք դառնում և արժանանում Վերին Երուսաղեմին:
Իսրայելի որդիներն անապատում քառասուն տարի շարունակ կերան մանանան, իսկ մենք պահքի օրերին վայելում ենք Աստվածային Գրքերի իմաստությունը, որովհետև Քառասնորդացից հետո ստանալու ենք մի երկիր, ուր բխում է կաթ ու մեղր, ինչպես և նրանք ստացան:
Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին, և քառասնօրյա պահքով էլ մեր մարմինը, հոգին և միտքը կթագավորեն պես-պես ստահակ ցանկությունների վրա, որոնք կործանում են մեր անձերը:
Ըստ Օրենքի՝ քառասուն անգամ մահակով հարվածում էին հանցավորին, իսկ մենք, հանցավոր լինելով, Քրիստոսի օրենքով քառասնօրյա պահքով ենք տանջվում և սրբվելով մտնում եկեղեցի՝ բարի գործերով:
Փրկիչը երեք անգամ, քառասուն օրերի միջոցով, մեզ Աստծու առջև կանգնեցրեց: Եվ այս երեք քառասուններով մեր երեք ծնունդներն են խորհրդանշվում, որոնցից առաջինը մարմնավոր ծնունդն է մորից, երկրորդը՝ հոգևոր ծնունդը՝ Ավազանից, երրորդը՝ հարությամբ ծնունդը՝ գերեզմանից: Տերը երեք անգամ մեզ ստեղծեց, որպեսզի լինենք առաջին ստեղծվածի նման:
Գրիգոր Աստվածաբանն ասում է. «Մեր երեք ծնունդներն էլ Քրիստոս Իրենով պատվեց՝ Իր ծննդյամբ, մկրտությամբ ու հարությամբ»: Նախ՝ Տերն Իր քառասնօրյա հասակում տաճար մտնելով՝ մեզ մաքրեց անեծքից ու ծննդական աղտեղություններից և մտցրեց տաճար՝ ընծայելով Հորը: Եվ մենք քառասնօրյա պահքով սրբվում ենք հոգու պղծություններից, ոչ թե տատրակներով, այլ Հիսուսի քաղցր խոսքով, և ընծայվում Տիրոջը: Տիրոջ՝ քառասնօրյա հասակում տաճար գալստյամբ՝ բոլոր հավատացյալներս ընծայվում ենք Հորը, ինչպես մարմնի անդամները միանում են գլխին՝ ըստ առաքյալի խոսքի.« Ամբողջ մարմինն իրար ամրորեն միացած՝ զանազան հոդերով, գլխին է միացած, որը Քրիստոս է» (հմմտ. Եփես. Դ 15-16): Իսկ մենք քառասնօրյա պահքով մանկանում ենք չարի մեջ և մաքրված կանգնում Աստծու առաջ:
Երկրորդ՝ մկրտությունից հետո Տերը սատանայի դեմ մարտնչեց քառասնօրյա պահքով՝ որպես կցորդություն խաչի վրա կրած Իր չարչարանքների, որով ավազակը վերստին Դրախտ մտավ Նրա հետ, և թշնամին կործանվեց: Մենք նույնպիսի պահքով ենք հաղթում թշնամուն՝ նրան, ով կերակրի միջոցով մեզ հեռացրեց Կենաց ծառից: Հիսուսի մկրտությունից հետո քառասնօրյա պահքը նշանակում է նաև մեր վերստին ծնունդից մինչև մահ՝ տաժանելի կյանքի բոլոր օրերը մեծ սգով և տառապանքով անցկացնելը:
Երրորդ՝ հարությունից քառասուն օր հետո, առանց պահքի, քառասնօրյա վայելումով Տերը համբարձվեց, որպեսզի մենք քառասնօրյա պահքով սովորենք մտքով բարձրանալ և հարություն առնելով իբրև հարսանքավորներ՝ Նրա հետ նստենք երկնքում, ուր մտավ մեր Կարապետը և մեզ համար Աստծու առջև կանգնելով՝ մեզ էլ Իր հետ Աստծու առջև է տանում: Հարությունից քառասուն օր անց համբարձումը նշանակում է նաև հարությունից հետո մեր համբառնալն ամպերով՝ Տիրոջն ընդառաջ՝ ըստ Պողոսի խոսքի (տե’ս Ա Թեսաղ. Դ 16):
-Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը որ պահքի շրջանում մարդկանց մեծ մասը չի պահպանում այդ ավանդույթները՝ շեղվելով ավանդական պահքի ուտելիքներից
-Աստված մարդուն ստեղծել է ազատ և անկաշկանդ իսկ իր նման ….Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կյանքը կազմակերպի այնպես ինչպես ինքն է ուզում, սակայն մեր Տեր Աստված պահանջում է որ մարդիկ հետևեն պահքի կարևորությանն և այն իրականացնեն իրենց կյանքից ներս
Որքանո՞վ է պահքի ավանդույթը պահապնվում մեր հավատացյալների կողմից և ի՞նչ է հարկավոր այն պահպանելու համար
-Պետք է նշեմ որ գոյություն բարձյալին այսօր բավականին մեծացել է մեզանում պահք ցանկացող մարդկանց թիվը ի ուրախություն բոլորիս …
Որքանո՞վ է այն պահպանվում մեր հոգևորականության շրջանում
-Այն պետք է պահպանել սրբությամբ հավատքով և կամավոր ցանկությամբ
-Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ մեր օրերում այն շատ քչերն են պահպանում. Ձեր խոսքը կամ խորհուրդը այն պահպանելու համար
-Ես համաձայն չեմ ձեզ հետ, նույնիսկ այսօր ոչ մկրտված մարդիկ են ինձ դիմում և ցանկություն են հայտնում պահպանել … սա արդեն ուրախալի փաստ է ,սա ես արդեն անվանում եմ նրանց համար հոգևոր կյանքում առաջընթացի քայլ …բայց ես նրանց ասում եմ որ մինչ այս ամենը իրագործելը անհրաժեշտ է դառնալ հայ քրիստոնյա և առաքելական եկեղեցու անդամ …
-Իսկ որո՞նք են պահքի ուտելիքները
-Պետք է հրաժարվել մսեղեն և կաթնեղեն կերակուրներից՝ ձվից, ձուկից, ինչպես նաև կաթնային բաղադրություն ունեցող թխվածքաբլիթներից ու նման բաղադրություն ունեցող կոնֆետեղենից. նաև ոգելից խմիչքներից և ծխախոտի վատ սովորությունից … ավելի քան 40 օր ,դրան գումարած նաև ավագ շաբաթը ընդունում մինչև սուրբ հարության ճրագալույսը, երբ մեղմում ենք պահքը ձկով, ձվով, փլավով, գինով նաև արդեն մեզանում հայկական ավանդական բաղարջով:
-Արդյո՞ք պահք պահելով մարդ չի կարող համարվել հավատացյալ
-Պահքը դեռևս դրախտում որոշել է մեր Տեր Աստվածը, երբ Ադամին և Եվային արգելեց ուտել պտուղը: Հայերն այն իրագործել են իրենց իսկ հոգեշահ հորդորների միջոցով պետք է այս շրջանում դադարեցնել նաև մատաղները և սնվել բացառապես միայն ցանկացած բուսական կերակուրներով: Նաև խիստ արգելվում է ընթացքում սեփական կյանքով ապրելը՝ ամուսնացյալների պարագայում. համարվում են քրիստոնյա ,բայց ինչպես ասված է սուրբ գրքում՝ հավատքն առանց գործերի մերաբ չէ:
-Իսկ ո՞րն է պահքի խորհուրդը
-Մեր Տերը այս հարցն ուղղեց նրանց, որոնք չէին հասկացել Պահքի բուն նպատակը: Նրանք չգիտեին, որ Հիսուսի աշակերտները ունեին մի ուրիշ կերակուր, որն ամեն օր ճաշակում էին Նրա բերանից բխող օրհնաբեր խոսքով և անմիջականորեն վայելում նույնինքն Աստծուն: Հետևաբար, կարիք կա՞ր մաքրվելու և մոտենալու Աստծուն, երբ Նա Ինքն էր մոտեցել մարդկանց:
Մեր Տերը մեզ հետ չէ այսօր, սակայն մարդիկ զգո՞ւմ են արդյոք Նրա ներկայությունը իրենց մէջ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են շարունակվում զանազան տեսակի մեղքերի շարանները ոխը, ատելությունը, նախանձը, վիճաբանությունները և այլն: Տերը մեր կողքին է, բայց մենք մերժում և հեռացնում ենք Նրան մեզանից, ինչպես Անառակ Որդին, բայց երբ անդրադառնանք և ցանկանանք վերադառնալ, կարիքը պիտի ունենանք մի կողմ դնելու աշխարհային մտահոգությունները, որոնք խճողել են մեր մտքերն ու հոգիները կարիքը պիտի ունենանք վերանորոգվելու, մտածելու և մեր ներաշխարհում ամփոփվելու ու լռության մեջ լսելու Տիրոջ ձայնը: Այևս է իսկական պահքը: Աստված ուզում է, որ մենք իբրև Իր հարազատ զավակները մշտապես ուրախ լինենք, բայց մյուս կողմից էլ ընդունում է ղզջումի և անդրադարձի համար մեր թափած արցունքները նրանք նկատելով որպես մերժման բողոքներ մեր կատարած սխալների ու մեղանչումների դեմ, խոնարհվում է, մխիթարում ու հույս է տալիս մեզ:
Պահքի կարևությունը շեշտելով և բուն իմաստն ու բովանդակությունը բացատրելով Ավետարանիչը նկարագրում է, թե Հովհաննես Մկրտչի աշակերտներին տարօրինակ էր թվում այն հանգամանքը, թե Հիսուս Իր առաքյալներին և հետևորդներին չէր ստիպում պահք պահել, ինչպես իրենց ուսուցիչն էր անում: Հիսուս նրանց պատասխանում է «Միթե կարելի՞ բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան իրենց հետ է, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի և ապա ծոմ կպահեն»:
Սրանով Մեծ Վարդապետը հստակ ցույց է տալիս, որ պահքը, ծոմը, աղոթքը միջոցներ են և ոչ թե նպատակ: Իրական նպատակը Աստծուն մոտ լինելն ու Նրա ներկայությունը զգալն է: Եկեղեցին, հավատարիմ Քրիստոսի խոսքին, խրատում է մեզ երեք բան անել – աղոթել, պահեցողություն անել և ողորմություն տալ:
Աղոթքը մեզ մոտեցնում է Արարչին, պահեցողությունը մարմնական սննդից ավելի շեշտում է հոգևոր սննդի կարևորությունը, իսկ ողորմածությունը առիթ է տալիս մեզ մեր ունեցածը բաժանելու Աստծու զավակների՝ սովածների, աղքատների, կարիքավորների, բանտարկյալների և հիվանդների հետ:
Աստված մեզ կանչում է, որպեսզի մենք Իրենով երջանիկ լինենք և ներկա ու ապագա կյանքի ապահովությունը ունենանք: Առանց Աստծու՝ կյանքը մութ է: Նրա թևերի տակ ապրել նշանակում է՝ հավիտենական ապահովություն ունենալ, քանի որ Նա է բոլոր բարիքների աղբյուրը: Աստված մեզ չի ստեղծել միայն այս ժամանակավոր կյանքի համար, որ մի քանի տարիներ ապրենք, տառապենք ու մեռնելով՝ փոշիանանք: Նա Իր պատկերով ստեղծած մարդու համար մեծ ու փառավոր ապագայի ծրագրեր ունի, որոնք իր ժամանակին անպատճառ պիտի գործադրի: Միև խաբվեք, գերեզմանը կյանքի վախճանը չէ: Մահը այն դուռն է, որի միջով այս կյանքից հավիտենականության պիտի անցնենք: «Երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջով են ննջում»: Այս է Ավետարանի պատգամը, որը հավիտյանս չի փոխվում: Չխաբվեևնք, մեր անհավատությամբ՝ ո՛չ Աստված Իր գոյությունից կդադարի և ո՛չ էլ Նրա դատաստանը կվերջանա, բայց Նրան չհետևելով՝ մեևնք կկորչենք: Հետևաբար՝ միևշտ աղոթեցեք: Ամեն:
Հրաժարում մեղքերից … ապրել ապաշխարհության մեջ … մաքրվել կամա թե ակամա գործած մեղքերից …
Գարիկ Ավետիսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.