Հայկ Խաչատրյանը քիմիական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Ներկայում աշխատում է Հարավ-կորեական Սամսունգ ընկերության գիտահետազոտական կենտրոնում (Samsung Display, Research and Development center, Process developing team), որպես ավագ գիտաշխատող (책임)։ Ներկայում զբաղվում է հաջորդ սերնդի էկրանների` ճկուն էկրանների, ստեղծման գործով:
Կյանքում եթե դժվարին վիճակներում է հայտնվում, հիշում է մի իմաստուն խոսք, որը, իր խոսքով, թեև մի քիչ գռեհիկ է հնչում, սակայն շատ դիպուկ է. «Եթե նույնիսկ ձեզ կերել են, անգամ այդ պարագայում երկու ելքի հնարավորություն կա»: Այսինքն, երբեք ու ոչ մի պարագայում փակուղի չկա: Իսկ առօրյայում առաջնորդվում է մի ասույթով, որը շատ է օգնում. «եթե չփորձես, երբեք չես հիասթափվի, իսկ եթե փորձես, գուցե ստացվի»:
-Հայկ, կարո՞ղ եք մի քանի նախադասությամբ ասել, թե ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։
-Ծնվել եմ լեռնային գյուղում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք), որտեղ ամենուրեք սարեր են: Երբ փոքր էի, միշտ հարցնում էի՝ իսկ ի՞նչ կա այն սարի հետևում, իսկ մյուսի՞»… Այդպես ծնվեց հետաքրքրություն` անորոշության, խորհրդավորի, դեռևս անհայտի նկատմամբ: Իսկ որտե՞ղ կարելի է հագուրդ տալ նորին գերազանցություն հետաքրքրությանը, հանդիպելու սուր զգացողությանը` երես առ երես կանգնելով անորոշության առջև, եթե ոչ՝ գիտության մեջ: Նախկինում մարդիկ տեղափոխվում էին վայրից վայր, երկրից երկիր՝ մի ինչ-որ նոր բան գտնելու, մի ինչ-որ նոր երևույթ բացահայտելու համար: Դա մարդու սկիզբն է ու մարդու բնույթը: Ներկայում, կարծես թե, չկա արդեն անհայտ վայր` նոր քարտեզներ գծելու համար: Սակայն այդ քարտեզագրումը կարելի է իրականացնել գիտության մեջ, որտեղ ամեն ինչ նոր է, ամեն ինչ՝ հետաքրքիր, ամեն ինչ՝ խորհրդավոր… Եվ պատահական չէ, որ մեկ անգամ գիտությամբ զբաղվելով ու կլանվելով այդ աշխարհում, սերմանվում, բողբոջում և ծիլեր է տալիս մի զգացում, որի նկարագրման համար կարելի է «սեր» եզրն օգտագործել: Ահա այդ սերը, անգամ բազում զրկանքների պարագայում, ձգում ու պահում է մարդուն և օծում նրան` տալով գիտության կրողի տիտղոսը:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ուրիշ ինչո՞վ եք հետաքրքրվում կյանքում։
-Նախասիրություններս բազմաթիվ են: Դրանք հաջորդում են միմյանց` կախված տարիքի, աշխատանքի, կյանքի որոշակի դրվագի ու ժամանակահատվածի հետ: Թերևս, չի փոխվել միայն ընթերցելու նկատմամբ ունեցածս սերը: Սակայն, ցավոք, ներկայում, ժամանակի սղության պատճառով, այդ հաճույքի բերկրանքը հաճախ չեմ կարողանում վայելել:
-Ձեր կյանքի ու նաև մասնագիտական կարիերայի ամենաշրջադարձային պահերը որո՞նք եք համարում։
-Կարող եմ նշել մի քանի շրջադարձային պահեր, որոնք ուղղակիորեն կապված էին կոնկրետ որոշման հետ: Մասնավորապես, կարող եմ հիշել մասնագիտության ընտրության պահը: Դպրոցական տարներին արտադասարանային սկզբունքով պարապում էի պատմություն: Առաջընթացս պսակվեց հանրապետական օլիմպիադայի հաղթողի դիպլոմով` Հայոց պատմություն առարկայից: Ենթադրվում էր, որ ես պետք է պատմություն առարկան ընտրեի, սակայն ես քիմիա և բնության պահպանություն մասնագիտությունն ընտրեցի: Մասնագիտական առումով շրջադարձային էր ասպիրանտուրայի ընտրությունը: Ես գերազանցությամբ ավարտել եմ Էկոլոգիա և բնության պահպանություն բաժինը, բայց ընտրեցի քիմիական ֆիզիկա մասնագիտացումը, և թեկնածուական ատենախոսությունս հենց այս ոլորտում է:
–Կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ի՞նչ տպագրություններ, ինչպիսի՞ հաջողություններ կան։ Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքներն ու ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել։
-Հակիրճ ներկայանալու համար, ասեմ, որ ստացել եմ բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Հայաստանում ամենաբարձր մրցանակը համարվող ՀՀ նախագահի մրցանակ–2009, իմ գործընկերոջ և գիտական ղեկավարի հետ միասին: Մրցանակների շարքից են՝ ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության Լավագույն գիտական աշխատանք մրցույթի հաղթող՝ տեխնիկական գիտությունների ոլորտում–2010, ARPA Institute Invention մրցույթի ինովացիոն ծրագրի հաղթող–2009, ԱՄՆ պետդեպարտամենտի “Fulbright” դրամաշնորհ–2007-2008, Համաշխարհային կերամիկայի ակադեմիայի անդամ “As a member of the International Association on SHS (SHS-AS)– 2005″ և այլն:
Ունեմ մոտ 80 գիտական հրապարակումներ` հոդվածների, թեզիսների, գիտաժողովների նյութերի տեսքով: Աշխատանքներս ներկայացրել եմ բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովներում՝ Նոր նյութեր և պրոցեսներ, Երևան-Գորիս, ՀՀ, 2010 (բանավոր զեկույց); “SHS X International Symposium on Self-Propagating High-Temperature Synthesis”, հուլիսի 1-5, Ծաղկաձոր, ՀՀ (բանավոր զեկույց); 18th International Baltic Conference Engineering Materials & Tribology, Baltmattrib, Tallinn, Estonia, 2009 (բանավոր զեկույց); “SHS IX International Symposium on Self-Propagating High-Temperature Synthesis”, հուլիսի 1-5, Դիժոն, Ֆրանսիա (բանավոր զեկույց); “Nonisothermal Phenomena and Processes” միջազագային գիտաժողով, Նոյեմբերի 27 — Դեկտեմբերի 1, Երևան, ՀՀ, 2006 (բանավոր զեկույց); ԲԻՍ-ին նվիրված առաջին Հայ-Իսրայելական դպրոց, սեպտեմբերի 21-23, Երևան, Հայաստան, 2005; “SHS VIII International Symposium on Self-Propagating High-Temperature Synthesis”, Հունիսի 21-24, Կալյարի, Իտալիա, 2005 (բանավոր զեկույց); “II Համառուսական երիտասարդ գիտնականների գիտաժողով նվիրված կառուցվածքային մակրոկինետիկային“, Նոյեմբեր 7-9, Մոսկվա, ՌԴ, 2004 (բանավոր զեկույց); “Քիմիական ֆիզիկայի նոր պրոբլեմները”, հոկտեմբեր 7-11, Երևան, ՀՀ, 2002; AEMS-ի 11-րդ գիտաժողով, Հոկտեմբեր 23-26, Երևան, Հայաստան, 2003, և այլն:
Համահեղինակ եմ հինգ մեթոդական աշխատանքների` ուսանողների լաբորատոր աշխատանքները կազմակերպելու համար: Ունեմ 11 արտոնագիր` ԱՄՆ, Կորեա, Չինաստան, Թայվան, Եվրոպական և այլն: Իհարկե, արտոնագրերի մեծ մասը ստացել եմ, երբ արդեն աշխատում էի Սամսունգ ընկերությունում: Ներկայում զբաղվում եմ ճկուն էկրանների ստեղծման գործով:
– Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային գիտական տարածքին Ձեր և ձեր խմբի ինտեգրվածության աստիճանը, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում զարգացման համար։
-Մեր գիտական խմբն ստացել է բազմաթիվ միջազգային դրամաշնորհներ: Այս պահին կարող եմ մտաբերել մի քանիսը` CRDF, Copernicus-2, NFSAT-CRDF, ANSEF, ISTC, Fulbright, Mobilitas (FP-7) և այլն: Այս դրամաշնորհների շրջանակներում լուրջ հետազոտություններ են կատարվել և տպագրվել հարյուրավոր աշխատանքներ: Մասնագետների փոխանակումներ են եղել` Հայաստան – ԱՄՆ, Եվրոպա: Գիտական խումբը մեծ ներուժ ունի, ունի նաև հրաշալի պատմություն և փորձ, ինչպես նաև՝ լայն մտածողությամբ ղեկավար: Վերջինիս դերը անժխտելի է՝ այս խմբի ձեռքբերումների ու խմբվածության մեջ:
Կարծում եմ՝ անելիքներ դեռ շատ կան: Հատկապես վերջին տարիներին փոխվել է դրամաշնորհների տրման կարգը: Հիմնականում պահանջվում է, որ որոշ մասնաբաժին վճարի շահող կողմի պետությունը: Իսկ մեր պետությունը, բնականաբար, չի վճարում: Այս տեսակետից՝ գիտնականը մենակ է մնացել այս կատաղի մրցակցային դաշտում, և հիմա դրամաշնորհներ ստանալը շատ դժվար է:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում։ Արդյո՞ք ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն չի տա՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու։
-Ներքին համագործակցություններ կան, բայց դրանք շատ թույլ են ու զարգացման մեծ տեղ ունեն: Դրա շնորհիվ կշահենք մենք բոլորս: Սակայն, կարծես թե, այդ ուղղությամբ լայն քայլեր չեն նկատվում:
–Ձեր աշխատանքներում քանի համահեղինակ է ընդգրկված, և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
-Աշխատանքներս, ինչպես նշեցի, ավելի քան 80-ն են: Հիմնականում երկուսից–երեք համահեղինակներով ենք: Ներդրման աստիճանը խիստ բազմազան է: Այն կարող է խորհդատվականից մինչև ամբողջական մաս կազմել, այդ թվում՝ նախագծման, պլանավորման և փորձերի իրականացման, ինչպես նաև՝ ձևակերպման ու ամսագիր ուղարկելու գործընթացներում:
–Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել։
-Այո, մրցանակները և խրախուսանքներն իրոք ոգևորում են, հատկապես՝ երիտասարդներին, և կարող են մեծ խթան լինել՝ ավելի լավ աշխատելու ու նպատակամղված գործելու համար: Սակայն դա կոսմետիկ փոփոխություն է, դրանով վիճակը չես շտկի: Պետք է արմատական փոփոխություն լինի: Առաջին հերթին գիտնականի տված արտադրանքը` գիտական արդյունքն ու միտքը պետք է սպառող լինի: Այդ սպառումը պետք է պետությունն իրականացնի, որից ինքը խիստ կշահի` բոլոր առումներով:
–Այս տարի, Հայկյան մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք՝ ընդունվել է միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը։
-Ճիշտ ու դիպուկ պարամետր են ընտրել երկու դեպքում էլ: Դա կխթանի տպագրվող աշխատանքների որակի բարձրացմանը: Համամիտ եմ՝ ազդեցության գործակիցը որպես հիմք ընդունելու գաղափարի հետ:
–Ինչպե՞ս եք վերաբերում այն բանին, որ մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։
-Դա մի քիչ կխճճի վիճակը: Կարծում եմ, այս փուլում դա ցանկալի չէ: Արդյո՞ք մի փայլուն երիտասարդ, որը, ենթադրենք, ընտել է կաթնավերամշակման բաժինն ու բարձր ցուցանիշներ է ցույց տալիս, պետք է ավելի քիչ խրախուսման արժանանա, քան այն միջակ երիտասարդը, որին հաջողվել է խցկվել շատ արդիական մի ճյուղի, ասենք, գենային ինժեներիայի մեջ։ Կարծում եմ, որ ներկայում Հայաստանում առաջին հերթին պետք է խրախուսել լավ աշխատանքը: Թեև կարևորում եմ նաև ժամանակին համահունչ քայլելու հրամայականը:
–Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է անել, որ պայմաններն ավելի ընդունելի դառնան։
-Շատ խորքային խնդիր է: Կարելի է պարզապես մրցանակը երկատել: Թող առանձին լինի մրցանակ տեսական և մրցանակ` փորձարարական աշխատանքների համար: Թերևս այս սխեման այնքան էլ կենսունակ չէ, բայց տարբերակ է:
–Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս միշտ դժվարություն է առաջանում՝ կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելում։ Գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք այս հարցում, ինչպիսի՞ չափորոշիչներ կիրառել։ Ի՞նչ կարծիքի եք՝ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։
–հ-ինդեքսով դատելու համար գիտնականն արդեն պետք է բավականին կայացած լինի: Կարծես թե, դա այնքան էլ տեղին չէ երիտասարդ գիտնականի պարագայում:
–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
-Ցավոք, չեմ տեսնում։ Ու դրա ուղղակի հետևանքն է իմ արտագաղթը` ընտանիքիս հետ միասին: Պետությունն ինձ կրթելու և մասնագետ դարձնելու համար ահռելի մեծ ներդրում կատարեց, իսկ այժմ պտուղներից օգտվում են այլ ազգերն ու պետությունները: Այստեղ են մեր պապերն ասել. «հիմարի ոսկին` խելոքի գրպանում», ու այստեղ չկա ոչ մի անօրինաչափություն:
–Որքա՞ն է կոռուպցիան տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ, իրենց վերագրելով կատարված աշխատանքը կամ օգտվելով աշխատանքի այլ պտուղներից։
-Կոռուպցան ամենուր է, այո: Սակայն գիտական աշխարհում, կարծես թե, դա այնքան էլ սուր չէ կամ գուցե ինձ է բախտ վիճակվել օրինակելի գիտական խմբերում աշխատել: Ղեկավարի համահեղինակ գրվելն օրինաչափ ու նորմալ եմ համարում: Թերևս, երբեմն ցանկալի է նաև առանձին հանդես գալ: Այդ պարագայում արդեն մեծ նշանակություն ունի խմբի ղեկավարի կամ գիտական ղեկավարի մտածողության ձևաչափը: Խոշոր գիտնականները միշտ խրախուսում և առաջ են մղում երիտասարդներին: Իսկ գրագող և շահագործող ղեկավարների խմբերը միշտ էլ միջակությունից վերև չեն բարձրանում: Այնպես որ, ղեկավարները նույնպես դա գիտակցում են և փորձում հնարավորինս մրցունակ թիմ կերտել:
–Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
-Արդեն երկու տարի աշխատում եմ Սամսունգ ընկերության գիտահետազոտական ինստիտուտում: Զբաղվում ենք ճկուն էկրանների (flexible display) և փաթաթվող հեռուստացույցների (rollable TV) ստեղծմամբ: Տարբերությունը նյութական ու տեխնիկական բազան է: Այստեղ առկա են ինձ հայտնի ու անհայտ բոլոր հետազոտական եղանակները: Այսինքն, դիցուք կարիք առաջացավ ուսումնասիրել ինչ–որ երևույթ կամ նյութ՝ խնդրեմ, դա հնարավոր է իրականացնել գերժամանակակից մեթոդներով ու շատ սեղմ ժամկետում: Մեթոդի բացակայության դեպքում, հնարավոր է անալիզը պատվիրել համալսարաններում: Վճարում է ընկերությունը, և բացարձակ կապ չունի վճարվող գումարի չափը:
Նշեմ նաև թերի կողմերը. այստեղ խնդրի լուծմանը չի տրվում գիտական մոտեցում: Չկա տեսական լավ հիմք: Արդյունքներն ստանում են փորձերի, շատ փորձերի ու վիճակագրության հաշվին: Երբեմն նաև զարմանալի է, թե ինչպես կարելի է այսպես, «աչքաչափով» գիտություն անել և արդյունք ստանալ: Ես վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում միտքը շատ ավելի առաջ է, քան Կորեայում, սակայն տեխնիկական հագեցվածության տեսանկյունից Հայաստանն ուղղակի ծիծաղելի վիճակում է: Տարբերությունն այնքան է, ինչքան ձուկը` չորքոտանուց:
–Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։
-Ինչքան էլ ասենք չկա, միևնույն է, դա ուղղակի կստացվի միայն ասել: Իրականում, կարծես թե կա: Համենայն դեպս, տղաներն ամենուր ավելի լուրջ են ընդունվում, քան աղջիկները:
-՚Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
-Եթե ըղձականով խոսենք, ապա՝ Հայաստանում, իսկ եթե ավելի իրատեսական, ուրեմն` արտասահմանում:
–Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին, և ընդհանրապես գիտական հանրությանն այս տարի։
-Բեղուն միտք և հաջող ղեկավար այրեր: Ինչպես ասում են՝ ավելի լավ է՝ տասը էշ` առյուծի ղեկավարությամբ, քան տաս առյուծ` էշի: Եթե վատ մենեջմենթ լինի, երբեք թունելի վերջում լույսը չի երևա, իսկ գիտնականները ստիպված «Չիկագո» կգնան, իհարկե, հոգու կանչով…
Զրուցեց Մանե Հակոբյանը
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.