Գիշերային կրակոցները Տպագրիչների 9 հասցեում պայթեցրին քարոզարշավի դոնդողը: Անդրիասի լողանալն ու Րաֆֆու բարևելը, խաղաղ կլոունադայի մյուս դրվագներն անմիջապես խամրեցին: Որոշ գործիչներ, սեփական շահերից ելնելով, սկսեցին սրել խոսակցությունը: Րաֆֆին, ակնարկելով իշխանություններին, խոսեց ընտրությունների բնականոն ուղին շեղելու մասին: Հովիկ Աբրահամյանը փորձեց ինտրիգի կենտրոնում տեղադրել երկրորդ նախագահին, իսկ ինքը՝ Հայրիկյանը, շրջանառության մեջ դրեց ռուսական հետքի վարկածը:
ԲԱՅՑ ՕԴՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԿԱԽՎԵՑԻՆ
Ինչո՞ւ հենց 4 տոկոսանոց թեկնածուն, այդ ե՞րբ են ՌԴ հատուկ ծառայությունները ոչ պրոֆեսիոնալ քիլլեր պահել: Ինչո՞ւ պետք է իշխանությունը խաթարի ընտրական գործընթացը, որում ակնհայտ առավելություն ունի: Քոչարյանի ինչի՞ն էր պետք այսչափ վտանգավոր տարբերակով ցեխ շպրտել ընտրությունների վրա: Ինչպե՞ս կարելի էր 20-25 սանտիմետրից (այս հեռավորությունը նշում է Հայրիկյանը՝ Ս. Ս.) այնպես գործածել նագանը, որ գնդակը դուրս չգա մարմնի միջից, իսկ երկրորդ գնդակն էլ ընդհանրապես նրան չդիպչի: «Եթե շարժում չանեի, և ուղիղ խփեր, հաստատ կերակրափողիս էր խփելու»,- բացատրեց ապաքինվող Հայրիկյանը: Սովետական հին անեկդոտ կա: Մի մարդ իջնում է ավտոբուսի առաջին դռնից, վազում, բարձրանում է հետևի դռնով: Եվ այդպես՝ մի քանի անգամ: Վարորդը, տեսնելով այս շարժումը, հարցնում է՝ սա ի՞նչ է ուզում: Պատասխան. «Որ չբռնեն»: «Բայց սա ո՞ւմ է պետք, որ բռնեն»: Պատասխան. «Չգիտե՞ս, неуловимый Ջոնն ա»: Վարձու քիլլերից 20 սմ-ի վրա «ուխոդվող» Հայրիկյանին պատկերացնելով, սկսեցին խոսել, որ սա ոչ թե մահափորձ էր, այլ ինքնավնասում: Նման եզրահանգումից հետո թեկնածուի վարկանիշը, որը մահափորձից հետո վեր էր ձգտում, փոխեց ուղղությունը: Որքան էլ զարմանալի է, Հայրիկյանը չի ստում, ինչը, սակայն, չի նշանակում, որ խաղը, որում ինքն իր կամքից անկախ օգտագործվում է, նվազ վտանգավոր է:
ԿՐԱԿՈՑ՝ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏՈ՞Վ
Սպասվում էր, որ ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ քննչական խումբը պետք է տարրական տեղեկություններ հայտնեն: Էլ չենք ասում քննվող վարկածների շրջանակի մասին, որը նման արտակարգ միջադեպերից հետո նույն ռուսներն են անգամ հայտնում: Մերոնք, սակայն, միայն հոդվածն են նշում, որով գործ է հարուցվել՝ 34-305, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ: Բացի այն, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի մեկ գնդակ, և մեկ նմանատիպ գնդակ էլ վիրաբույժները Հայրիկյանի մարմնից են հանել, այլ տեղեկություն չի հրապարակվում: Գրեթե մեկ շաբաթ է անցել, բայց նույնիսկ հայտնի չէ, թե ինչ զենքից և ինչ հեռավորությունից են կրակել Հայրիկյանի վրա: Այն, որ կրակոցներն արձակվել են TT, նագան, մաուզեր կամ այլ նմանատիպ ատրճանակից, քրեագետների ենթադրությունն է: Դեպքի վայրից պարկուճ չի հայտնաբերվել, ինչից հետևում է, որ օգտագործվել է հենց նման զինատեսակ: Հանցագործը, ձեռքին ունենալով կրակոցի մեծ ուժգնության և բալիստիկ բարձր չափանիշներ ունեցող զենք, փաստորեն, մի քանի սանտիմետրից այնպես է կրակել, որ ոչ միայն չի սպանել, այլև փամփուշտը դուրս չի եկել մարմնից, իսկ երկրորդ անգամ ուղղակի վրիպել է:
Սրանից շատերը եզրակացրին, որ կրակողը «սիրողական» մարդասպան է: Մինչդեռ չի բացառվում ճիշտ հակառակը՝ որ կրակողը գերպրոֆեսիոնալ էր, և այնպես է հաշվարկել, որ իր զոհը թեթև վնասվածք ստանա: Դրա համար գոյություն ունի փամփուշտները նախապես մշակելու կամ փչացնելու պրակտիկա: Ըստ որոշ քրեագետների, որոնք այս օրերին խուսափում են իրենց անունները հրապարակել, սակայն հաճույքով կիսվում են մեզ հետ, միայն փամփուշտը ձևափոխելու դեպքում է հնարավոր թուլացնել հարվածային ուժգնությունը: Այլ կերպ ասած՝ կրակոցը նպատակ ուներ զգուշացնել, ոչ թե սպանել:
ՈՒՄ ԵՎ ԻՆՉՈՒ ԷԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ
Շատերը սպասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ծրագրային ելույթում վերլուծելու է ներքաղաքական իրավիճակը, բացատրելու է ՀԱԿ վարքագիծը, պատասխանելու է ՀԱԿ հասցեին հնչող քննադատությանը: Բայց նա խոսեց քաղաքական գործիչների արևմտամետ կամ ռուսամետ լինելու մասին՝ բացատրելով, որ որ Հայաստանի համար հստակ կողմնորոշում չընդունելն է ճիշտ: Թե որքանով էր ակտուալ ելույթը, երևաց հետո: Վերջերս ռուսական բարձրաստիճան այցելությունների շքերթ է սկսվել դեպի մեզ: Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեզ այցելեց ընտրություններից առաջ, ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի ղեկավար Բորիս Կովալչուկը, որի հայրը Պուտինի մերձավորներից է, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ռուսական աստղեր, իսկ շաբաթ օրն այստեղ էր Իոսիֆ Կոբզոնը, որն իր ֆինանսական հեղինակությամբ և կապերով տարբերվում է սովորական աստղից: Այս շքերթը նշանակում է, որ ՌԴ-ն և նախագահ Պուտինն անձամբ Սերժ Սարգսյանի մեջքին են: Ինչպես կորոշվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, պաշտոնապես հայտնի չէ, սակայն մի քանի նուրբ դետալներից կարելի է ենթադրել, որ մերոնք դեմ չեն:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահը ներկա էր Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին, ինչն առնվազն կարող է նշանակել, որ նախագահը հետաքրքրված է այդ ուղիով: Իսկ անդամակցության ձևը վերջերս «Կենտրոնի» եթերում հուշեց Բագրատյանը՝ ասելով, որ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը պետք է համաժողովրդական քվեարկությամբ լուծվի: Թե ինչ կարծիքի կլինի ժողովուրդը, որի եկամտի 40 տոկոսը Ռուսաստանի խոպանչիներն են ապահովում, պարզ է: Պատահական չէ, որ ակնհայտ պրոարևմտյան կողմնորոշում ունեցող «Ազատ դեմոկրատները» վերջերս հրաժարվեցին պաշտպանել Հրանտ Բագրատյանին՝ պատճառաբանելով, որ իրենք Եվրամիությանն անդամակցելու կողմնակից են, իսկ Բագրատյանը՝ ընդամենը ինտեգրման:
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ ՄԵՍԻՋԸ
Անշուշտ, այս ամենն Արևմուտքի համար աննկատ չի անցնում: Բավական է հիշատակել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հունվարի 23-ի գրառումը նրա պաշտոնական բլոգում: Դեսպանը ՀՀ նախագահական ընտրությունների համատեքստում ստեղծված քաղաքական իրավիճակին կոշտ և ոչ դիվանագիտական գնահատականներ է տալիս, գրում է ընտրացուցակների վերաբերյալ անվստահության, հանրային ռեսուրսն օգտագործելու, այլ բացասական երևույթների մասին: Թե ինչքան են հետաքրքրում մեր «արդար» ընտրություններն արևմտյան դիտորդներին, համոզվեցինք 2008-ի նախագահականից հետո: Ուստի Քեթրին Լիչի երկարաշունչ, դիվանագետին ոչ հարիր հայտարարությունները կարելի է դիտարկել որպես նախազգուշացման քաղաքակիրթ ձև: Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ դրան շատ ավելի կոշտ մեթոդներ են հետևել: Հիշում եք, 2004 թվականի փետրվարին, ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ կորավ նախագահի թեկնածու Իվան Ռիբկինը: Վերջերս «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրված «Բերեզովսկի» փաստագրական ֆիլմում հրապարակված վարկածի համաձայն, Ռիբկինին բռնի տեղափոխել էին Ուկրաինա, սպանության նպատակով, որից հետո նախագահական ընտրությունները Ռուսաստանում պետք է չեղյալ համարվեին: Ֆիլմի հեղինակները մեղադրում էին Բերեզովսկուն և արևմտյան հատուկ ծառայություններին, որ նրանք փորձեցին խանգարել Պուտինին առաջադրվել: Ուկրաինական գաղտնի ծառայությունները կասեցրին այս ծրագիրը:
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կիրակի երեկոյան ռուսական ալիքները հայկական ընտրությունների մասին ռեպորտաժներ էին հեռարձակում: Դրանցից մեկը Ռուսական առաջինի պատրաստած, Հայրիկյանի դեմ կատարվածի մասին էր: Նշվում էր, որ ամենամեծ շանսերը ընտրություններում ունի Սերժ Սարգսյանը: Հպանցիկ անդրադարձ է արվում Հայրիկյանի 4 տոկոսանոց ռեյտինգին, և ոչ մի բառ նրա հայտնած կասկածների մասին, թե մահափորձը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները: Մինչդեռ մահափորձից մեկ օր առաջ Հայրիկյանը հարցազրույց էր տվել ՀՀ-ում եվրոպացիների խոսափող «Ազատություն» ռադիոկայանին: Նրան հարց է տրվում. «Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի, նաև Եվրոպայի հետ, և ներկայիս իշխանությունները փորձում են դա հավասարակշռել։ Դուք ի՞նչ կարծիքի եք մեր արտաքին քաղաքականության մասին»: Պատասխանը, բնականաբար, հակառուսական է. «Հայաստանը որդեգրել է հստակ կողմնորոշում դեպի եվրոպական արժեքային համակարգ։ Այն, ինչ կհակասի Եվրոպական Միության հետ մերձենալու մեր տրամադրվածությանը, բնականաբար, դրան չպետք է միանանք»։
Էլ ո՞վ կարող էր, բացի ԿԳԲ-ի նկուղներում 18 տարի նստած Հայրիկյանից, նման պատասխան տալ, ինչը հետագայում կարող է փայլուն դրդապատճառ դառնալ երևակայական ռուս քիլլերին ուղարկելու համար: Զարմանալի չէ, որ մահափորձից մի քանի օր անց նույն ռադիոկայանին Հայրիկյանը հարցազրույց է տալիս՝ ակնարկելով, որ կատարվածի համար ռուսներն են մեղավոր, վերհիշելով, որ մարդասպանը հայկական դիմագծեր չուներ: Եթե «Հայրիկյան» օպերացիան այնուամենայնիվ արևմտյան մեսիջ էր մեր իշխանություններին, ապա պետք է ընդունել, որ բավականին նուրբ և կատարման իմաստով պրոֆեսիոնալ մակարդակի էր: Վերոշարադրյալը վարկած չեմ անվանի, այլ պարզապես մտքեր, փաստերի համադրություն, որը բացատրում է, թե ինչու քիլլերը վրիպեց, ինչու հենց Պարույր Հայրիկյանը թիրախ դարձավ, և ում էր այս ամենը ձեռնտու:
Սյուզան Սիմոնյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.