Երիտասարդ գիտնականի ամբիոն
Վարդան Մամիկոնյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, նեղ մասնագիտացմամբ` կենսաքիմիկոս: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Այս պահին հիմնական գործունեությունը ծավալում է խաղողի կորիզներից կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներ ստանալու և դրանք շրջանառության մեջ մտցնելու ուղղությամբ։ Համարում է, որ ինքն ավելի շուտ գիտությանն ու գիտնականին մոտ կանգնած երիտասարդ է, քան «գիտնական», քանի որ հաճախ են իր գիտական հետաքրքրություններն ու դրանց զարգացման հեռանկարներն իրենց տեղը զիջում այլ գործերի, մասնավորապես, տուրիզմին և լեռնագնացությանը: Այդ վերջին երկուսը այն նվազագույնն են, որոնք հնարավորություն են տալիս՝ գործել ՀՀ—ում, ասել է թե` ապահովում են աշխատավարձով և, իր խոսքով, արդյունքում չի փնտրում աշխատանք արտերկրում:
Ծնվել և այժմ էլ ապրում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում: Փոքրուց զբաղվել է զանազան սպորտատեսակներով` շախմատ, ֆուտբոլ, բասկետբոլ, մի քանի մարտարվեստներ, ընբշամարտ: Տարիքի հետ, թեպետ նախասիրությունները փոփոխվել են, սակայն միշտ էլ առաջին տեղում է մնացել շախմատը:
Վարդանը պատմում է, որ միշտ մեծ հաճույքով մասնակցում է խաղողագործության և գինեգործության հետ առնչվող աշխատանքներին, որոնք հանդիսանում են ընտանիքի հիմնական եկամուտի աղբյուրը: Իսկ վերջին 10 տարիներին նա մեծ տեղ է հատկացնում լեռնագնացությունը. «միայն ժամանակ առ ժամանակ լեռներում շրջելու շնորհիվ է, որ կարողանում եմ օրերով լարված աշխատել համակարգչի առաջ կամ լաբորատորիայում: Լեռնագնացությունը մասամբ վերածվել է նաև եկամտի աղբյուրի` կազմակերպում եմ լեռնային շրջայցեր տուրիստների համար»: Ասում է, որ հենց տուրիզմի հետ կապված հեռանկարներն են, որ թույլ են տալիս իրեն՝ մնալ և աշխատել գիտության բնագավառում՝ առանց աշխատավարձի։
Որպես շրձադարձային պահ կյանքում՝ նշում է առաջին լեռ բարձրանալը. «լեռներից հետո ինձ համար դժվարություններ չկան»։ Հատկանշական է համարում առաջին լաբորատորիան` «Դեղ» գործակալության փորձագիտական լաբորատորիան, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ասպիրանտական տարիների հետազոտությունները հիմնականում նվիրված են խաղողի կորիզներում առկա հակաօքսիդանտային բաղադրիչների ակտիվության ուսումնասիրմանը: Ատենախոսությունը նվիրված է այդ ակտիվ բաղադրիչների կիրառությանը՝ լյարդի ցիռոզի ժամանակ: «Մի բան պարզ էր` ինչպես նշվում է նաև գրականության մեջ` խաղողի կորիզները շատ հարուստ են հակաօքսիդանտային բաղադրիչներով, մեր մեթոդները թույլ են տալիս՝ այդ հատկություններն ուսումնասիրել բազմաթիվ տեսանկյուններից և անջատել ու կիրառել այդ բաղադրիչները բժշկության մեջ»: Այժմ աշխատում են՝ դրանցից կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներ ստանալու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է գիտական հետաքրքրություններին, ապա, իր խոսքով, հայտնվել են փակուղում. թունավորման եղանակով առաջացվող լյարդի ցիռոզը կապված է օրգանիզմի վերարտադրողական համակարգի խախտումների հետ, քանի որ լյարդը մարդու օրգանիզմում ամենաուժեղ վերարտադրվող օրգանն է։ 2/3-ի հեռացման պայմաններում անգամ, լյարդը կարող է լիովին վերականգնվել: Խաղողի կորիզների կիրառությունը, որպես սննդային հավելումներ, թույլ է տալիս խուսափել լյարդի ցիռոզի առաջացումից: Այդ տեսնակյունից շատ հատաքրքիր և օգտակար կլիներ հետազոտությունները խորացնել՝ ուսումնասիրելով այս գործոնների ազդեցությունը վերարտադրողական, վերականգնողական համակարգի վրա, ինչը, ցավոք, ՀՀ-ում իրականացնելն անհնար է:
–Վարդան, ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները, ի՞նչ կարգի հղումներ կան Ձեր աշխատանքներին, և ընդհանրապես, ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել։
–Իմ մասնակցությամբ կատարված աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ գիտաժողովներում՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Նյու-Յորքում, Փարիզում, Բեռլինում, Դուբայում, Մոսկվայում և այլուր: 2012 թվականի ընթացքում զեկույցներով հանդես եմ եկել Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած մի միջազգային խոշոր գիտաժողովում և երկու միջազգային գիտաժողովներում՝ Ս. Պետերբուրգում: Մեր լաբորատորիայից ներկայացված աշխատանքներն ամենուր հետաքրքրություն են առաջացնում, սակայն, չնայած դրան, լուրջ դժվարություն է ներկայացնում հոդվածների տպագրումը միջազգային հեղինակավոր պարբերականներում, քանի որ մեր լաբորատորիայում կիրառվող սարքավորումները չեն համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Ուստի, չունեմ միջազգային կազմակերպությունների կողմից բարձր գնահատականի արժանացած, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրված և ոչ մի աշխատանք, հետևաբար նաև «հղումներ» և «արձագանքներ»: Ստացել եմ անվանական կրթաթոշակ ՌԴ հայ ձեռներեցների կողմից հիմնադրված «Կրթության, գիտության և առողջապահության զարգացման» բարեգործական հիմնադրամի կողմից:
Թե ինչ միջազգային գիտական համագործակցություններում է ընդգրկված Վարդանը, ինչպիսի՞ն է դրանց արդյունավետությունն ու օգտակարությունը հարցերին պատասխանում է, որ իրենց լաբորատորիան ունի միջազգային կապեր՝ բազմաթիվ լաբորատորիաների և գիտական կազմակերպությունների հետ: Սակայն գործուն համագործակցություն առայժմ չունեն. առաջադրված համատեղ թեմաներն առայժմ չեն ստացել անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։ Թեև դրանք միջազգային կազմակերպությունների կողմից ստացել են դրական գնահատականներ, սակայն ֆինանսների սղության պատճառով հետաձգվել և մինչ այսօր սպասում են հնարավոր ֆինանսավորման: Իսկ ահա ՀՀ ԳՊԿ-ին ներկայացված թեման, որն առնչվում է ՀՀ առողջապահության համար խիստ արդիական և հրատապ հարցի, այն է` համալրում դեղակայուն տուբերկուլյոզի դեմ տարվող պայքարում, և որը ստացել էր գրավոր հավանություն 12 միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա), անհասկանալի պայտճառներով չի ստացել ֆինանսավորում: Այնուամենայնիվ, Վարդանը լավատես է և կարծում է, որ հեռանկարները շատ են և թե՛ ինքը, թե՛ իրենց լաբորատորիան անպայմանորեն կկարողանան համատեղ աշխատանքներ կատարել Եվրոպական առաջատար լաբորատորիաների հետ:
Վերջին մի քանի տարում լաբորատորիայի, հետևաբար նաև՝ իր, դրամաշնորհներ չստանալու հանգամանքը կապում է սուբյեկտիվ գործոնի հետ և այդ տեսանկյունից խիստ կարևորում «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Ասում է, որ ամբողջ աշխարհում գիտության ֆինանսավորման բեռի մեծ մասն ընկնում է դրամաշնորհների վրա, ինչը շատ ճիշտ է, քանի որ այս կերպ ստեղծվում է մրցակցություն լաբորատորիաների միջև և ստիպում դրանց գործել առավել արդյունավետ: ՀՀ-ում այսօր, բյուջեյից ֆինանսավորման այս պայմաններում, առանց դրամաշնորհների մրցունակ գիտության հնարավոր չէ պատկերացնել: Գտնում է, որ մեր գիտնականներն այսօր իսկական սխրանք են գործում, սակայն փաստ է, որ գիտությունը Հայաստանում կործանարար տեմպերով հետաճ է ապրում:
– Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
–Իմ աշխատանքներում համահեղինակները բազմաթիվ են, քանի որ համատեղ աշխատանք եմ կատարել ՀՀ մի շարք այլ լաբորատորիաների հետ: Այդ աշխատանքներում դժվար է որևէ մեկին առանձնացել. փորձերին հիմնականում մասնակցում են մի խումբ գիտաշխատողներ:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման հետ կապված՝ Վարդանը կարծում է, որ միանշանակ` գիտությունն այն հիմնական գործոնն է, որը զարգացնում է աշխարհը, սակայն ո՛չ Հայաստանը։ Հասարակությունը լավ չի պատկերացնում գիտության իրական դերը: Գիտության զարգացումը տվյալ երկրի համար ապահովում է նաև որակյալ կրթություն, ասել է թե` լավ մասնագետներ: Հետևաբար, հող է նախապատրաստում ներդրումների համար: ՀՀ քաղաքացին չի նկատում, որ գիտության զարգացված լինելու պայմաններում աշխատուժի արտահոսքի տեսանկյունից անգամ, առավել ձեռնտու պայմաններում ենք հայտնվում` «խոպանչիների» մեջ ավելի մեծ տոկոս կկազմեն մասնագետները: Գիտության ֆինանսավորման կտրուկ կրճատումը՝ ՀՆԱ 5.5%-ից մինչև 0.24%, պայմանավորված էր բանակ ստեղծելու հրատապությամբ: Այժմ այդ խնդիրը չկա, հիմա արդեն հարկավոր են երկարաժամկետ և հստակ զարգացման ծրագրեր՝ յուրաքանչյուր ոլորտում: Զարգացման տնտեսագիտական ուղին կարելի է պատկերացնել հետևյալ կերպ. նորույթ-տեխնոլոգիաներ-արտադրություն: Ակնհայտ է, որ ոչ ոք նորույթը չի մատուցելու սկուտեղի վրա, այն հարկավոր է ստանալ գիտության շնորհիվ:
–Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և ասել, թե որոնք են դրանց լուծման ճանապարհները։
–Թերևս չի կարելի առանձնացնել երիտասարդ գիտնականի խնդիրները ավագ սերնդի խնդիրներից: Նշեմ մի քանիսը` անբացատրելի ցածր աշխատավարձ, ժամանակակից սարքավորումների և անհրաժեշտ նյութերի բացակայություն, հեռանկարների բացակայություն և այլն: Անձամբ մասնակցել եմ ՊԳՖԱ–ի բազմաթիվ քննարկումների, հանդիպումների և այլն: Ֆեյսբուքյան այդ էջում ավելի քան 30 կետերով մանրամասն ներկայացված են մեխանիզմներ, որոնք առաջարկում ենք կիրառել այդ խնդիրների լուծման համար:
Տեսնո՞ւմ է արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ հարցին պատասխանում է, որ որևէ լուրջ դրական միտում չի տեսնում` այդ բոլորն ուղղակի «շեղող հնարքներ» են և միտված են միայն մեկ բանի` այս ընտրությունները նույնպես հաջողությամբ անցնելուն:
–Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու արդյո՞ք իսկական գիտնականը միայն գիտությամբ զբաղվողը չէ՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու։ Գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել այն պահին, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
–Իսկ ո՞վ է ասել որ գիտնականն իրեն պարտավորված է համարում լինել «իսկական գիտնական»: Իմ անունից կարող եմ ասել, որ շատ կցանկանայի ժամանակիս մեծ մասը տրամադրել գիտությանը, սակայն, որպես շարքային քաղաքացի, ես պարտավորված եմ զգում նաև բարձրաձայնել՝ ինչպես իմ, ինձ հետ «նույն նավակում գտնվողների», այնպես էլ ամբողջ հանրության առաջ ծառացած խնդիրների մասին`պահանջելով այդ խնդիրների նկատմամբ արդարացի վերաբերմունք և առաջարկելով լուծման տարբերակներ: Ցավալի է, երբ գիտնականը ստիպված է այդքան արժեքավոր ժամանակը տրամադրել այլ խնդիրների: Սակայն, մյուս կողմից, կասկածում եմ, թե մեկ ուրիշը կկարողանա այդ գործն անել ավելի բարձր մակարդակով: Ուստի, եթե «դանակը հասել է ոսկորին», ուրեմն հե՛նց գիտնականը պետք է զբաղվի այդ հարցերով:
Հայաստանո՞ւմ է արդյոք պատկերացնում իր մասնագիտական հետագա աճն ու ապագան, թե՞ արտասահմանում, պատասխանում է, որ այժմ բանակցությունների մեջ է Լյովենի Համալսարանի երկու լաբորատորիաների հետ: Իր նպատակը մեկն է` վերապատրաստվել և վերադառնալ Հայաստան: Նրանք, իհարկե, դեմ չեն, սակայն մի դեպքում պահանջվում են զգալի ֆինանսական ներդրումներ՝ Կենտրոնում սարքավորումներով զինված նոր լաբորատորիա հիմնելու համար, իսկ մյուս դեպքում կազմակերպությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ ներդնելու նորագույն սարքավորումներ, սակայն խնդիրներ կան թույլատրություն ստանալու հարցում:
–Այնուամենայնիվ, Վարդան, գնա՞լ, թե՞ մնալ։
–Դժվար է լինել լավատես. մեր կառավարությունը կարծես իր քայքայիչ գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունի: Եթե էական փոփոխություններ չլինեն, ապա հավանաբար ժամանակի ընթացքում կթողնեմ գիտությունը: Հայաստանը լքելու և այս դաժան օլիգարխներին թողնելու մտադրություն չունեմ:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.