Այսօր` նոյեմբերի 22-ին, լեգենդար հերոս ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ կդառնար 70 տարեկան: Ուստի` միացնելով «Ժամանակի մեքենան», ուղևորվենք դեպի 1988 թվականի փետրվարի 20-ը` Ազատության հրապարակ, ուր արցախյան առաջին հանրահավաքն էր տեղի ունեցել: Հրապարակ է գալիս նաև Լեոնիդը: «Եկավ, կանգնեց, լսեց եւ, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն եւ ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով եւ շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»,-պատմում է նրա ջոկատի անդամ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Ու այդպիսով տաղանդավոր ֆիզիկոսը, որը միաժամանակ մի քանի մարզաձևի սպորտի վարպետ էր, 45 տարեկանում ծնվում է երկրորդ անգամ` արդան որպես ռազմական գործիչ, զորավար: Իսկ այժմ` նրա նախառազմական կենսագրությունը.
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում , Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Եվ ահա 1990-ի սկզբներին նրան տեսնում ենք Աշոտ Նավասարդյանի կողքին: Նոր կազմավորվող ՀՀԿ-ի անդամ չի դառնում, բայց փոխարենը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
1991 թ. հունիսին, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Ահա Լեոնիդ Ազգալդյանի մտքերից մի քանիսը.
- Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ:Թո՛ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հայ՛ը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
- Մենք մինչև հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք ՀԱՅ ԴԱՏԻՑ: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
- Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
- Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
- Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
- Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և … վերջ:
Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. «Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էի: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից հետ եկա: Ինչու”: Չգիտեմ: Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց որ թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուրգում, ինձ համար հանգիստ ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում»:
Ու եզակին այն էր, որ Լեոնիդը թերևս գտել էր ազատագրական պատերազմի ֆիզիկայի գաղտնիքները, և դրա շնորհիվ նրա ջոկատի մարտական կորուստները ռեկորդային ցածր էին: Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր: մինչդեռ, Գագիկ Գինոսյանի վկայությամբ` «Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, եւ այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաեւ հայ պատմության եւ ապագայի դեմ»: Ավելին, «քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»:
Իսկ ի՞նչ մեթոդներով էր Լեոնիդը ապահովում ֆանտաստիկ կարգապահությունն ու մարտունակությունը: Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ է, գնամ քնեմ:
Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի 21-ին` 50 տարեկանը չբոլորած: Իսկ նրա ջոկատի պրակտիկ ռազմադպրոցն անցած հարյուրավոր ազատամարտիկներից շատերը հետո իրենք դարձան ջոկատների հրամանատարներ, այնուհետ համալրելով Հայոց բանակի սպայական կազմը: Ու այն, որ մեր բանակը Հարավային Կովկասում լավագույնն է, դրանում Լեոնիդի ներդրումը վիթխարի է: Եվ այսօր էր փաստորեն ի դեմս հրամանատարական պաշտոններ վարող Լեոնիդի մարտիկների, Լեոնիդի ստվերը անտեսանելի հսկում է շատ ու շատ զորամասերի անցուդարձը, մթնոլորտը, ոգին… Այսինքն` նա անտեսանելիորեն կա, և ճշմարտություն է նրա խոսքը, որ զոհվելու է միայն Ստամբուլի մատույցներում:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Լուսանկարները` http://azgaldyan.am կայքից
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.