Սիրելի ընթերցող այսօրվանից հատվածաբար Ձեզ կներկայացնենք Սոմերսեթ Մոեմի հրաշալի գործերից ևս մեկը՝ «Երեք հաստլիկ կանայք Անտիբում» պատմվածքը:
Մեկին անվանում էին միսիս Րիչմըն, նա այրի էր:Երկրորդին անվանում էին միսիս Սաթքլիֆ, նա ամերիկուհի էր և երկու ամուսին էր փոխել: Երրորդին անվանում էին միսս Հիքսըն, նա պառաված օրիորդ էր: Բոլոր երեքն էլ քառասուն անց, կյանք տեսած և ապահովված կանայք էին: Միսիս Սաթքլիֆը տարօրինակ անուն ուներ` Էրոու: Երբ նա դեռ երիտասարդ էր ու բարակիրան շատ էր սիրում իր անունը: Այն սազում էր նրան, և դրա շուրջ արվող կատակները, թեև չափից դուրս հաճախ էին կրկնվում, շատ էին շոյում միսիս Սաթքլիֆին,- նա անգամ հակված էր հավատալու, որ այդ անունը համապատասխանում է իր բնավորությանը` խորհրդանշելով ուղղամտություն, արագություն ու վճռականություն: Հիմա, երբ գիրությունը աղավաղել էր նրա նուրբ դիմագծերը, երբ թևերն ու ուսերն այդքան հաստացել էին, իսկ կոնքերն այդքան պարարտացել, Էրոուն ավելի քիչ էր սիրում իր անունը: Գնալով դժվար էր դառնում այնպիսի զգեստներ ճարելը, որոնք նրան իր ուզած տեսքը հաղորդեին: Անվան հետ կապված կատակները հիմա արդեն Էրոուի թիկունքից էին արվում, և նա շատ լավ գիտեր, որ դրանք հեռու էին բարեկամական լինելուց: Սակայն միսիս Սաթքլիֆը ոչ մի դեպքում չէր ուզում հաշտվել միջին տարիքի կնոջ դերի հետ: Նա շարունակում էր կապույտ շորեր հագնել, որպեսզի ընդգծի աչքերի գույնը և արհեստական միջոցների օգնությամբ պահպանում շեկ մազերի փայլը: Ինչը որ Էրոուին առանձնապես էր դուր գալիս Բեաթրիս Րիչմընի և Ֆրենսիս Հիքսընի մեջ այն էր, որ նրանք երկուսն էլ իրենից շատ ավելի գեր էին. դրա շնորհիվ Էրոուն նրբիրան էր երևում, բացի այդ, նրանք երկուսն էլ տարիքով ավելի մեծ էին և հակված էին նրան վերաբերվելու որպես մի փոքրիկ պատանի էակի: Դա այնքան էլ տհաճ բան չէր:
…
Զվարթ կանայք լինելով, նրանք սիրում էին Էրոուի հետ կատակներ անել նրան սիրահետողների մասին. իրենք արդեն դադարել էին մտածել դատարկ բաների շուրջ (էլ չասած, որ միսս Հիքսընը երբեք մի վայրկյան անգամ չէր հատկացրել այդ տեսակի մտքերին), սակայն ներողամտությամբ էին վերաբերվում իրենց ընկերուհու սիրախաղերին: Ենթադրվում էր, որ օրերս Էրոուն երրորդ տղամարդուն է երջանկացնելու:
-Միայն թե էլ չպիտի չաղանաս, սիրելիս,- ասում էր միսիս Րիչմընը:
— Եվ, ի սեր աստծո, իմացիր` ինչպե՞ս է բրիջ խաղում,- նրան ձայնակցում էր միսս Հիքսընը:
Նրանք Էրոուի ապագա ամուսնուն պատկերացնում էին հիսնամյա, բայց լավ պահպանված ու արիստոկրատական կեցվածքով տղամարդ, ասենք` պաշտոնաթող ծովակալ, որը լավ գոլֆ է խաղում, կամ կնոջը կորցրած մեկը, որը ծանրաբեռնված չէ զավակներով, բայց ով էլ լինի` պիտի լավ եկամուտ ունենա: Էրոուն բարյացակամորեն ունկնդրում էր նրանց, մտքում պահելով այն փաստը, որ դա ամենևին էլ իր ուզածը չէ: Ճիշտ է, ինքը կցանկանար նորից ամուսնանալ, սակայն նրա երազանքը բոցկլտացող աչքերով բարակիրան իտալացի էր` հնչեղ տիտղոսով, և կամ ազնվազարմ իսպանացի դոն, և երեսուն տարեկանից ոչ մի օր մեծ: Վայրկյաններ էին լինում, երբ, հայելուն նայելով, Էրոուի մեջ վստահություն էր առաջանում, թե ինքն էլ դրանից մեծ չի երևում:
Նրանք մոտ ընկերուհիներ էին` միսս Հիքսընը, միսիս Րիչմընը և Էրոու Սաթքլիֆը: Գիրություն էր, որ միացրել էր այդ կանանց, և բրիջն էր, որ ցեմենտել էր այդ միությունը: Առաջին անգամ հանդիպել էին Կառլսբադում, որտեղ նույն հյուրանոցում էին կենում և բուժվում նույն բժշկի մոտ, որը միևնույն անողոքությամբ էր վերաբերվում նրանց: Բեաթրիս Րիչմընն անասելի չափեր ուներ: Նա գեղեցիկ կին էր` հրաշալի աչքերով, կարմրացրած այտերով ու ներկած շուրթերով: Նա շատ գոհ էր լավ կարողության տեր այրու իր վիճակից: Բեաթրիսը պաշտում էր ուտելիքը: Սիրում էր հաց ու կարագ, սերուցք, կարտոֆիլով ու ճրագուով փուդինգ: Նա տարին տասնմեկ ամիս ուտում էր ինչ խելքին փչեր, իսկ հետո մեկ ամսով գնում Կառլսբադ` նիհարելու: Բայց ամեն տարվա հետ միսիս Րիչմընն ավելի էր գիրանում: Նա բողոքում էր բժշկին, սակայն կարեկցանք չէր գտնում վերջինիս կողմից: Բժիշկը նշում էր մի շարք հասարակ ու պարզ փաստեր:
-Բայց եթե երբեք չեմ ուտելու իմ սիրած բաները, էլ ինչու՞ եմ ապրում, — փորձում էր համոզել Բեաթրիսը:
…
Բժիշկն անխրախուսորեն ուսերն էր թոթվում: Դրանից հետո միսիս Րիչմընն ասում էր միսս Հիքսընին, թե սկսում է կասկածել, որ բժիշկն իր կարծածի չափ խելոք չէ: Միսս Հիքսընն աղմուկով հռհռում էր : Նա այդ տեսակ կին էր: Խոր, թավ ձայն ուներ և լայն ու տափակ, դեղնած դեմք, որի վրա փայլատակում էին փոքրիկ վառվռուն աչքերը. Քայլում էր ծանր` մի տեսակ անշնորհք, ձեռքերը գրպանը դրած, և երբ զգում էր, որ ուշադրություն չի գրավի, երկար սիգար էր ծխում: Հնարավորին չափ տղամարդավարի էր հագնվում:
-Ինչու՞ պիտի զուգվեմ ու զիզիբիզիկներ հագնեմ, — ասում էր նա:- Ինձ նման չաղ մարդը պիտի հանգիստ լինի:
Միսս Հիքսընը թվիդից շորեր ու ծանր կոշիկներ էր հագնում, իսկ երբ հնարավորություն էր լինում` գլխաբաց էր ման գալիս: Սակայն նա փղի ուժ ուներ և պարծենում էր, թե շատ տղամարդկանցից ավելի հեռու է նետում գոլֆի գնդակը: Միսս Հիքսընը սիրում էր հասարակ բառեր օգտագործել և ցանկացած բեռնակրից ավելի լավ հայհոյել գիտեր: Չնայած անունը Ֆրանսիս էր, գերադասում էր, որ իրեն Ֆրենկ կոչեն: Հմտորեն, բայց տակտով, յուր մարդամոտ բնավորության օգնությամբ ամուր էր պահում իրենց երեքի ընկերությունը: Կանայք միասին հանքային ջուր էին խմում, նույն ժամին լոգանք ընդունում, միասին կատարում կազդուրիչ զբոսանքներ, իրար հետ վազվզում թենիսի հրապարակում` մարզիչի գլխավորությամբ, և միևնույն ժամին ուտում իրենց աղքատիկ ու դիետիկ կերակուրները: Ոչինչ չէր կարող փչացնել կանանց լավ տրամադրությունը, բացի կշեռքից, և երբ նրանցից մեկնումեկի քաշը նույնն էր լինում, ինչ որ նախորդ օրը, ո՛չ Ֆրենկի կոշտուկոպիտ կատակները, ոչ Բեաթրիսի bonhomie-ն, ոչ էլ Էրոուի փիսիկությունները չէին օգնում մռայլությունը ցրելու:
Անմիջապես վճռական միջոցներ էին ձեռք առնվում` հանցավորը քսանչորս ժամով տեղափոխվում էր անկողին, և նրա բերանը բան չէր ընկնում, բացի բժշկի հանրահայտ բանջարեղենի ապուրից, որը մեջը վարունգ գցած եռացրած ջրի համ ուներ:
Երբեք երեք կին այդքան հավատարիմ ընկերներ չեն եղել: Նրանք միանգամայն անկախ կլինեին ուրիշներից, եթե բրիջում չորրորդի կարիք չզգային: Մոլի, ջերմեռանդ խաղացողներ լինելով, մտերիմները օրվա բուժումը վերջացնելուն պես, նստում էին բրիջ խաղալու: Էրոուն, իր կանացիությամբ հանդերձ, երեքի մեջ ամենալավ խաղացողն էր` անողորմ, խելացի, խնայել չուներ, մի փոքր զիջում անգամ չէր անում և չէր հապաղում օգտվել դիմացինի սխալից: Բեաթրիսը տեսաբան էր և ամեն վայրկյան կարող էր վկայակոչել բոլոր հեղինակություններին: Ընկերուհիները երկար վիճաբանություններ էին ունենում մրցակցող սիստեմների շուրջ: Իրար ռմբակոծում էին Գալբերթսընից ու Սիմսից մեջբերումներով: Ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը երբեք մի թուղթ անգամ չէր խաղում առանց տասնհինգ լավ դրդապատճառի, սակայն հետագա խոսակցությունից ակներև էր դառնում նաև , որ տասնհինգ հավասարաչափ լավ պատճառ կար այդ թուղթը չխաղալու: Ամեն ինչ կարգին կլիներ, անգամ այն գարշելի ապուրն ու քսանչորս ժամ անկողինը, երբ բժշկի հոտած (Բեաթրիս), քոսոտ (Ֆրենկ), նողկալի (Էրոու) կշեռքը ձևացնում էր, թե մեկնումեկը երկու օրվա մեջ մի ունցիա անգամ չի կորցրել), եթե միայն իրենց մակարդակի խաղացող ճարելու մշտական դժվարություն չլիներ:
…………
Ահա այս էր պատճառը, որ Ֆրենկը հրավիրեց Լինա Ֆինչին` գալ իրենց մոտ` Անտիբ, որի մասին կկարդա ընթերցողը ստորև: Ֆրենկի առաջարկությամբ ընկերուհիները պետք է մի քանի շաբաթ անցկացնեին այնտեղ: Նրան` ողջամիտ այդ կնոջը, անմտություն էր թվում, որ բուժումը վերջացնելուց անմիջապես հետո Բեաթրիսը, որը միշտ քսան ֆունտ քաշ էր կորցնում, տեղի է տալու յուր անսանձ ախորժակին և այդպիսով նորից գիրանա: Բեաթրիսը թույլ էր: Նրան մի ուժեղ կամքի տեր անձնավորություն էր պետք , որ հետևեր դիետին: Ֆրենկն առաջարկեց Կառլսբադից հեռանլուն պես տուն վարձել Անտիբում, որտեղ կարող են ուզածի չափ մարմնամազությամբ զբաղվել(բոլորին է հայտնի, որ ոչինչ ավելի շատ չի օգնում նիհարելուն, քան լողալը) և հնարավորին չափ շարունակել բուժումը: Սեփական խոհարար պահելով, գոնե կկարողանային խուսափել բացահայտորեն գիրացնող ուտելիքներից: Ինչու մի քանի ֆունտ էլ չգցեին: Դա հրաշալի միտք էր թվում: Բեաթրիսը գիտեր իր լավը, և նա կարող էր հաջողությամբ դիմանալ գայթակղությանը, եթե այդ գայթակղությունը քթի տակ չլիներ: Բացի այդ նա թղթախաղ էր սիրում, և շաբաթը երկու-երեք անգամ կազինոյում մի քանի հուզումնալից վայրկյաններ ապրելը հաճելի ժամանց կլիներ: Էրոուն պաշտում էր Անտիբը նա կփորձեր Կառլսբադում անցկացրած մեկ ամսից հետո ժամանակն իզուր չկորցնել: Կարող էր հեշտ ու հանգիստ ընտրություն կատարել երիտասարդ իտալացիների, կրքոտ իսպանացիների, նրբակիրթ ֆրանսիացիների և երկարոտն անգլիացիների միջև, որոնք առավոտից իրիկուն զբոսնում էին լողավարտիքներով ու վառ գունավոր խալաթներով: Ծրագիրը շատ հաջող էր իրականանում: Կանայք հոյակապ ժամանակ էին անցկացնում: Շաբաթը երկու օր խաշած ձվերից ու հում պոմիդորներից բացի ոչինչ չէին ուտում և ամեն առավոտ թեթև սրտով հեծնում էին կշեռքը: Էրոուն նիհարել էր մինչև յոթանասուն կիլոգրամ և իրեն աղջնակի նման էր զգում: Բեթրիսն ու Ֆրենկը կշեռքին որոշակի ձևով կանգնելիս 83-84 կիլոգրամից ավել չէին կշռում: Նրանց գնած կշեռքը կիլոգրամներով էր ցույց տալիս, և կանայք չտեսնված հմտացել էին մի ակնթարթում կիլոգրամները ֆունտերի և ունցիաների թարգմանելու մեջ:
……..
Բայց մի դժվարություն էր մնացել` չորրորդ բրիջ խաղացողը: Այս մեկը տախտակի պես էր խաղում, մյուսն այնքան դանդաղ, որ կարելի էր գժվել, երրորդը վիճել էր սիրում, չորրորդը տարվել չգիտեր, հինգերորդը խաղանենգից մի մազ էր հեռու: Նույնիսկ տարօրինակ էր, թե ինչ դժվար է ուզած խաղացողին գտնելը:
Մի օր առավոտյան, երբ կանայք ծովի կողմը նայող տեռասում պիժամայով նստած թեյ էին խմում (առանց կաթի կամ շաքարի), բժիշկ Հադբըրթի դեղատոմսով պատրաստված չգիրացնող չորահաց ուտում, Ֆրենկը, որ նամակներն էր կարդում, գլուխը բարձրացրեց:
-Լինա Ֆինչն է գալիս Ռիվիերա,- ասաց նա:
-Դա ո՞վ է,- հարցրեց Էրոուն:
-Նա զարմիկիս հետ էր ամուսնացած: Զարմիկս մեռավ մի երկու ամիս առաջ, և հիմա Լինան ներվային ցնցումից նոր է ուշքի գալիս: Ի՞նչ կասեիք, եթե մի երկու շաբաթով այստեղ հրավիրեինք:
-Բրիջ խաղու՞մ է,-հարցրեց Բեաթրիսը:
-Բա ո՞նց,-շեփորեց Ֆրենկն իր կրծքային ձայնով:-Շատ լավ էլ խաղում է: Դրսի մարդկանցից լրիվ անկախ կդառնանք:
-Քանի՞ տարեկան է,- հարցրեց Էրոուն:
-Իմ չափ:
-Ուրեմն լավ է:
Հարցը լուծված էր: Ֆրենկը, իրեն հատուկ վճռականությամբ, նախաճաշը վերջացրեց թե չէ, գնաց հեռագիր տալու, և երեք օրից Լինա Ֆինչը ժամանեց: Ֆրենկը դիմավորեց նրան կայարանում: Լինան խոր, սակայն ոչ ցուցադրական սուգ էր կրում իր վերջերս մեռած ամուսնու համար: Ֆրենկն արդեն երկու տարի չէր տեսել նրան: Նա ջերմ համբուրեց Լինային և մի կուշտ նայեց վրան:
-Շատ նիհար ես, ջանիկս,- ասաց նա:
Լինան խիզախորեն ժպտաց:
_Վերջերս ուժասպառ եմ եղել: Շատ քաշ եմ կորցրել:
Ֆրենկը հառաչեց, բայց հայտնի չէ` կորցրած զարմիկի՞ համար, թե՞ նախանձից:
Ինչ որ է, Լինան չափից դուրս խեղճացած չէր, և արագ լոգանք ընդունելուց հետո նա միանգամայն պատրաստ էր Ֆրենկին Իդըն Րոք ուղեկցելու: Ֆրենկը նորեկին ներկայացրեց իր երկու ընկերուհիներին, և նրանք մտան Մանքի Հաուզ:
…..
Դա մի ապակեծածկ, ծովին նայող շինություն էր, աղմկոտ, լողազգեստներ, պիժամաներ և խալաթներ հագած մարդկանցով լեփ-լեցուն, որոնք բարում սեղանների շուրջ նստած կոկտեյլ էին խմում: Բեաթրիսի փափուկ սիրտը կարեկցանք զգաց դեպի որբևայրին, իսկ Էրոուն, տեսնելով, որ Լինան գունատ է, աչքի չընկնող և քառասունութից ոչ պակաս, նույնպես պատրաստ էր նրան սիրելու: Մատուցողը մոտեցավ կանանց:
-Ի՞նչ կխմես, Լինա, սիրելիս,-հարցրեց Ֆրենկը:
-Ահ, չգիտեմ, ինչ որ դուք բոլորդ` դառը Մարտինի կամ Ուայթ Լեյդի:
Էրոուն ու Բեաթրիսը մի արագ հայացք նետեցին նրա կողմը: Բոլորին է հայտնի, թե կոկտեյլներն ինչպես են գիրացնում:
-Երևի հոգնել ես ճանապարհից,-բարեսրտորեն ասաց Ֆրենկը:
Նա դառը Մարտինի պատվիրեց Լինայի համար, իսկ իրեն և իր երկու ընկերուհիներին` լիմոնի ու նարնջի խառնած հյութ:
-Մենք գտնում ենք, որ այս շոգին ալկոհոլը լավ չէ,-բացատրեց նա:
-Օ, ինձ վրա բոլորովին չի ազդում,-անհոգ պատասխանեց Լինան:-Ես կոկտեյլ եմ սիրում:
Էրոուն իր կարմրաներկի տակ թեթևակի գունատվեց (ոչ նա, ոչ էլ Բեաթրիսը լողանալիս երեսները չէին թրջում և Ֆրենկի կողմից անմտություն էին համարում, որ այդ չափերն ունենալով, ձևացնում է, թե սիրում է սուզվել), բայց ոչինչ չասաց: Զրույցն ուրախ էր ու անկաշկանդ, խանդավառությամբ խոսում էին ինչի մասին ասես, մինչև վրա հասավ ժամանակը, և կանայք ետ գնացին առանձնատուն` երկրորդ նախաճաշին:
Ամեն անձեռոցիկի մեջ երկու փոքրիկ , չգիրացնող չորահաց էր դրված: Լինան ուրախ ժպտաց` դրանք դնելով իր ափսեի կողքը:
-Կարելի՞ է հաց ուզել,-հարցրեց նա:
Ամենամեծ անպատշաճությունն անգամ երեք ընկերուհիների ականջին այդպիսի հարված չէր լինի: Տասը տարի էր արդեն, նրանցից ոչ մեկը հաց չէր կերել: Նույնիսկ Բեաթրիսն, իր ողջ շատակերությամբ հանդերձ, այդտեղ արդեն չափը չէր անցնում: Ֆրենկը, որպես լավ տանտիրուհի, առաջինը խելքի եկավ:
-Անշուշտ, ջանիկս,- ասաց նա և, ծառայապետի կողմը շրջվելով, կարգադրեց հաց բերել:
-Եվ մի քիչ կարագ,-ասաց Լինան` իրեն հատուկ մեղմ ու անհոգ եղանակով:
Մի րոպե շփոթված լռություն տիրեց:
-Չգիտեմ, տանը կա՞, թե չէ,-ասաց Ֆրենկը,-բայց կտեղեկանամ: Կարող է խոհանոցում մի քիչ լինի:
-Ես գժվում եմ հաց ու կարագի համար, իսկ դու՞ք,-ասաց Լինան` Բեաթրիսի կողմը շրջվելով:
…………
Բեաթրիսը հիվանդագին ժպտաց և խուսափողական պատասխան տվեց: Ծառայապետը մի երկար ու խրթխրթան ֆրանսիական բուլկի բերեց: Լինան բուլկին երկու մասի կիսեց և վրան քսեց կարագը, որ հրաշքով հայտնաբերվել էր: Մատուցվեց տապակած ձուկ:
-Մենք այստեղ շատ հասարկ բաներ ենք ուտում,-ասաց Ֆրենկը:- Հուսով եմ`դեմ չես:
-Չէ, բոլորովին, ես ինքս շատ պարզ բաներ եմ սիրում,-ասաց Լինան, կարագ քսելով իր ձկան վրա:-Մի քիչ հաց ու կարագ լինի, կարտոֆիլ ու սեր` բավական է, որ ինձ երջանիկ զգամ:
Երեք ընկերուհիները հայացքներ փոխանակեցին: Ֆրենկի հսկայական դեղնած դեմքը մի փոքր սմքեց, և նա տհաճությամբ նայեց իր ափսեին դրված չոր, անհամ ձկանը: Օգնության հասավ Բեաթրիսը:
-Պատկերացնում եք, այստեղ սեր չի ճարվում,-ասաց նա:-Դա այն բաներից է, առանց որի ստիպված ես մի կերպ բավարավել Ռիվիերայում:
-Ափսոս-ասաց Լինան:
Նախաճաշի մնացած մասը բաղկացած էր գառան կոտլետներից, որոնց վրայից ճարպը խնամքով հեռացվել էր, որպեսզի Բեաթրիսը հանկարծ ճիշտ ճամփից չշեղվի, ջրի մեջ եռացրած սպանախից և որպես աղանդեր` տանձի կոմպոտից: Լինան տանձը փորձեց և ծառայապետի կողմը մի հարցական հայացք նետեց: Այդ հնարամիտ մարդը միանգամից հասկացավ, ու թեև առաջ ոչ մի անգամ շաքարի փոշի չէր մատուցել, անմիջապես մի աման բերեց: Լինան առատորեն օգտվեց դրանից: Մյուս երեքը ձևացնում էին, թե չեն նկատում: Հետո սուրճ հրամցվեց, և Լինան երեք կտոր շաքար դրեց իր գավաթը:
-Շատ քաղցրասեր եք,-ասաց Էրոուն, փորձելով պահպանել ձայնի բարեկամական հնչողությունը:
-Մենք գտնում ենք, որ սախարինը շատ ավելի քաղցր է,-ասաց Ֆրենկը, մի բարալիկ հաբ նետելով իր սուրճի մեջ:
-Զզվելի բան է,-ասաց Լինան:
Բեաթրիսի բերանն անկյուններում կախ ընկավ, և նա ծարավ հայացքով նայեց շաքարին:
-Բեաթրիս,-խստորեն որոտաց Ֆրենկը:
Բեաթրիսը մի հառաչ արձակեց և ձեռքը տարավ սախարինի հաբերին:
Երբ նստեցին բրիջի սեղանի շուրջ, Ֆրենկն իրեն թեթևացած զգաց: Պարզ է, որ Էրոուն ու Բեաթրիսը սրտնղած են: Ֆրենկն ուզում էր, որ Լինան նրանց դուր գա և շատ էր ցանկանում, որ վերջինս իր երկու շաբաթն ուրախ անցկացնի նրանց շրջապատում:Առաջին ռոբերի ժամանակ Էրոուին զույգ ընկավ նորեկը:
-Դուք Վանդերբիլթ եք խաղում, թե Գալբերթսըն,-հարցրեց Էրոուն:
-Ինձ համար օրենքներ չկան,-ուրախ-ուրախ պատասխանեց Լինան:-Ես բրիջ խաղում եմ բնական` սրտի թելադրանքով:
-Իսկ ես կլասիկ Գալբերթսըն եմ խաղում,- կծու ասաց Էրոուն:
Երեք հաստլիկ կանայք պատրաստվեցին ճակատամարտի: Ուրեմն, օրենքներ չկան: Իրենք նրան ցույց կտան: Երբ բանը հասնում էր բրիջին, նույնիսկ Ֆրենկի ընտանեկան զգացմունքներն էին մոռացության տրվում, և նա մյուսների նման նստեց խաղալու, լի` իրենց միջի օտարին կլպելու վճռականությամբ: Սակայն սրտի թելադրանքը շատ լավ էր ծառայում Լինային: Նա խաղալու բնատուր տաղանդ ուներ և մեծ փորձ: Խաղում էր ֆանտազիայով, արագ, համարձակ ու վստահ: Մյուս խաղընկերուհիները չափից դուրս բարձր մակարդակ ունեին, որ չհասկանային` Լինան գիտի, թե ինչ է անում, և քանի որ նրանք երեքն էլ անսահման բարեսիրտ, մեծահոգի կանյաք էին, կամաց-կամաց փափկեցին: Ամեն ինչ սկսում էր հաջող ընթանալ:
…………
Մի երկու ժամից կանայք բաժանվեցին. Ֆրենկն ու Բեաթրիսը գնացին գոլֆ խաղալու, իսկ Էրոուն աշխույժ զբոսանքի` Րոքմեյը անունով մի ջահել արքայազնի ընկերակցությամբ, որի հետ վերջերս էր ծանոթացել: Արքայազնը շատ անուշիկ էր, երիտասարդ, գեղեցկադեմ: Լինան ասաց, որ կմնա հանգստանալու:
Նորից հանդիպեցին ճաշելուց անմիջապես առաջ:
-Հուսով եմ, որ քեզ լավ ես զգացել, Լինա, սիրելիս,-ասաց Ֆրենկը:-Խիղճս խայթում էր, որ քեզ պարապ-սարապ էի թողել ամբողջ ժամանակ:
-Չե, ներողություն մի խնդրիր: Ես մի կուշտ քնեցի, իսկ հետո գնացի Հուան ու կոկտեյլ խմեցի: Եվ գիտե՞ս թե ինչ հայտնագործեցի: Դուք այնքան գոհ կլինեք: Մի սիրունիկ փոքրիկ թեյարան գտա, որտեղ շատ հրաշալի խիտ ու թարմ սեր են ունենում: Ես ասացի, որ օրական կես պինտ ուղարկեն մեզ: Մտածեցի, թող դա էլ իմ փոքրիկ ներդրումը լինի տան հոգսերում:
Լինայի աչքերը փայլում էին: Նա ակներևաբար սպասում էր, որ կանայք կհրճվեն:
-Շատ լավ բան ես արել,- ասաց Ֆրենկը, հայացքով փորձելով խաղաղացնել իր երկու ընկերուհիների դեմքին հայտնված ցասումը:-Բայց մենք երբեք սեր չենք ուտում: Այս եղանակին դա մարդուն այնքան ջղային է դարձնում:
-Ուրեմն պիտի ամբողջը մենակ ուտեմ,- ուրախ-ուրախ ասաց Լինան:
-Դուք ձեր կազմվածքի մասին չե՞ք մտածում,-Էրոուն հարցրեց զգուշորեն, մտածկոտ-սառցային ձայնով:
-Բժիշկն ասել է, որ պետք է ուտեմ:
-Հո չի՞ ասել, որ պետք է հաց ու կարագ և կարտոֆիլ ու սեր ուտեք:
-Ասել է: Ես կարծում էի, դուք դա նկատի ունեիք, երբ ասացիք` հասարակ ուտելիքներ…
-Դուք այնքան կգիրանաք, որ…-ասաց Բեաթրիսը:
Լինան ուրախ ծիծաղեց:
-Չէ, չեմ գիրանա: Գիտեք, երբեք ոչինչ ինձ չի գիրացնում: Միշտ կերել եմ ինչ ուզեմ, և երբեք վրաս ամենափոքր ազդեցություն անգամ չի գործել դա:
Այս խոսքերին հետևած քար լռությունը խախտվեց միայն ծառայապետի ներս գալով:
-Ճաշը մատուցված է, — հայտարարեց նա:
Ուշ գիշերով, երբ Լինան գնաց քնելու, կանայք Ֆրենկի սենյակում անցան հարցի քննարկմանը: Ամբողջ երեկոյի ընթացքում նրանք սաստիկ զվարթ էին և այնքան կատակներ էին իրար հետ արել, որ ամենաքննախույզ դիտողին ապակողմնորոշած կլինեին: Բայց հիմա դիմակները մի կողմ նետվեցին: Բեաթրիսը մռայլ էր: Էրոուն չարացած էր, իսկ Ֆրենկը` սովորականից կոպիտ:
-Այնքան էլ հաճելի չի նստել ու նայել, թե ոնց է ուտում հենց այն բաները, որ հատկապես սիրում եմ,- տրտմագին ասաց Բեաթրիսը:
-Ոչ մեկիս համար էլ հաճելի չի,-հարվածը ետ մղեց Ֆրենկը:
-Պետք է նրան այստեղ կանչած չլինեիր,-ասաց Էրոուն:
-Ի՞նչ իմանայի,-գոռաց Ֆրենկը:
-Ինձ, չգիտեմ ինչու, թվում է, որ եթե իր ամուսնու մասին մտածեր, դժվար թե այդքան շատ ուտեր,-ասաց Բեաթրիսը:-Երկու ամիս էլ չկա, որ թաղել է: Ուզում եմ ասել, իմ կարծիքով մեռածին մի քիչ հարգել է պետք:
-Ինչ է, չի՞ կարող ուտել այն, ինչ որ մենք,-թշնամանքով ասաց Էրոուն:- Հյուր է, չէ՞:
-Դե դու լսեցիր, թե ինչ ասաց: Բժիշկն ասել է, որ պետք է ուտի:
-Ուրեմն, թող առողջարան գնար:
-Ֆրենկ, դրան դիմանալ չի լինի,-տնքաց Բեաթրիսը:
-Ես որ դիմանում եմ, դուք էլ կդիմանաք:
-Նա քո ազգականն է, ոչ թե մերր,-ասաց Էրոուն:-Ես չեմ պատրաստվում երկու շաբաթ նստել այստեղ ու նայել, թե այդ կինն ինչպես է իրեն խոզի տեղ դնում:
…………….
-Նա քո ազգականն է, ոչ թե մեր,-ասաց Էրոուն:- Ես չեմ պատրաստվում երկու շաբաթ նստել այստեղ ու նայել, թե այդ կինն ինչպես է իրեն խոզի տեղ դնում:
-Գռեհիկ է ուտելուն այդքան կարևորություն տալը,- դղրդացրեց Ֆրենկը, և նրա ձայնը սովորականից ավելի կրծքային էր:-Ի վերջո, միակ իսկապես կարևոր բանը հոգին է:
-Դու ի՞նձ ես գռեհիկ անվանում, Ֆրենկ,-աչքերը փայլեցնելով հարցրեց Էրոուն:
-Չէ, իհարկե չէ,- մեջ ընկավ Բեաթրիսը:
-Քեզնից հեռու չի, որ մեր քնած ժամանակ խոհանոց գնաս ու թաքուն մի լավ ուտես:
Ֆրենկը վեր թռավ:
-Ինչպե՞ս ես համարձակվում այդպիսի բան ասել, Էրոու: Ես երբեք ոչ մեկից չեմ պահանջել այն, ինչ ինքս պատրաստ չեմ անելու: Այսքան տարի ինձ իմանալուց հետո մի՞թե կարող ես կարծել, թե ի վիճակի եմ այդպիսի ստոր բան անել:
-Բա ինչպե՞ս է, որ երբեք քաշ չես գցում:
Ֆրենկը խոր շունչ առավ, ու հանկարծ արցունքները դուրս ցայտեցին նրա աչքերից:
-Ինչ դաժան բան ես ասում: Ես այնքան եմ նիհարել:
Նա երեխայի պես հեկեկում էր: Մսեղ մարմինը ցնցվում էր, և հսկայական արցունքները հեղեղում էին լեռանման կուրծքը:
-Ջանիկս, ախր ինձ չհասկացար,- գոչեց Էրոուն:
Նա ծնկի եկավ և իր թմբլիկ թևերով գրկեց Ֆրենկից այնքան, որքան հնարավոր էր: Նա հեկեկում էր, և դեմքի շպարը վար էր հոսում այտերով:
-Ինչ է, ուզում ես ասել` չի՞ երևում, որ նիհարել եմ,-հեծկլտում էր Ֆրենկը:-Այդքան տառապանքիցս հետո:
-Իհարկե, երևում էր, սիրելիս, -գոռում էր Էրոուն` արտասունքների միջից:-Բոլորն էլ դա նկատել են:
Բեաթրիսը, թեև ի բնե հանդարտ խառնվածք ուներ, սկսեց կամացուկ լաց լինել: Շատ հուզիչ տեսարան էր: Իսկապես, միայն քարսիրտը չէր փափկի` տեսնելով, թե ինչպես է Ֆրենկը` առյուծի պես այդ կինը, կտոր-կտոր լինում: Շուտով, ինչևէ, նրանց արցունքները չորացրին և մի քիչ կոնյակ ու ջուր խմեցին, որ բժշկի ասելով ամենաքիչ գիրացնող խմիչքն էր, ու շատ ավելի լավ զգացին իրենց: Ընկերուհիները որոշեցին, որ Լինան պետք է ուտի այն սննդարար կերակուրները, որ նրան խորհուրդ էին տվել, և հանդիսավոր երդվեցին` թույլ չտալ, որ դա խախտի իրենց անվրդովությունը: Լինան, անկասկած, առաջնակարգ բրիջ խաղացող էր և վերջ ի վերջո դա ընդամենը երկու շաբաթ էր տևելու: Կարեցած ամեն բան պիտի անեին, որ նա լավ զգար իրեն: Կանայք ջերմ համբուրեցին իրար և արտակարգ բարձր տրամադրությամբ գնացին քնելու: Ոչ մի բան չէր կարող խախտել այդ հրաշալի ընկերությունը, որն այդքան երջանկություն էր բերել իրենց երեքի կյանքում:
…………
Բայց մարդն իր բնույթով թույլ արարած է: Չի կարելի նրանից շատ բան պահանջել: Իրենք տապակած ձուկ էին ուտում, մինչդեռ Լինան` կարագի ու պանրի մեջ ծփծփացող մակարոն, իրենք տապակած կոտլետ ու եփած սպանախ, Լինան` pate de fcie gras, իրենք` շաբաթը երկու անգամ պինդ խաշած ձու և հում պոմիդոր, իսկ Լինան` սերուցքի և կարտոֆիլի մեջ բոլոր կանոններով համեղ սարքած սիսեռ: Խոհարարն իր գործի վարպետն էր, և նա ուրախությունից թռչկոտում էր, որ իրեն հնարավորություն է տրված ճաշատեսակներից մեկն ավելի հարուստ, ախորժալի ու հյութեղ պատրաստել, քան մյուսը:
-Խեղճ Ջիմ,-հառաչում էր Լինան, մտածելով յուր ամուսնու մասին,-նա սիրում էր ֆրանսիական ճաշատեսակներ:
Ծառայապետն ի հայտ բերեց այն փաստը, որ ինքը վեց-յոթ տեսակի կոկտեյլ պատրաստել գիտի, իսկ Լինան տեղեկացրեց, որ բժիշկն իրեն խորհուրդ է տվել երկրորոդ նախաճաշին բուրգունդյան գինի խմել, և ճաշին` շամպայն: Երեք հաստլիկ կանայք դիմանում էին : Նրանք զվարթ էին, զրուցասեր և նույնիսկ արտակարգ ուրախ(այդպես է, բոլոր կանայք ի բնե խաբելու տաղանդ ունեն), սակայն Բեաթրիսը հետզհետե ուժասպառ էր լինում ու հուսալքվում, իսկ Էրոուի քնքուշ կապույտ աչքերը պողպատյա փայլ էին ստանում: Ֆրենկի կրծքային ձայնն ավելի խրպոտ էր դարձել: Լարվածությունը զգալի էր դառնում, երբ բրիջ էին խաղում: Երեք կանայք խաղի ժամանակ խոսելու սովորություն ունեին, բայց քննարկումը միշտ էլ բարեկամական բնույթ է ունեցել: Այժմ դիտողությունները որոշակիորեն կծու էին դարձել, և երբեմն մեկը մյուսի սխալը մատնանշում էր միանգամայն ավելորդ ուղղամտությամբ: Քնարկումը վերափոխվում էր հակաճառության, իսկ հակաճառությունը վիճաբանության: Ժամանակ առ ժամանակ խաղը վերջանում էր զայրացկոտ լռությամբ: Մի անգամ Ֆրենկն Էրոուին մեղադրեց իրեն միտումնավոր կերպով վնասելու մեջ: երկու թե երեք անգամ Բեաթրիսը` ընկերուհիների մեջ ամենափափկասիրտը, հուզվեց արտասվելու աստիճան: Մի ուրիշ առիթով Էրուն սեղանին շպրտեց իր խաղաթղթերը և ցասումի նոպայի մեջ դուրս նետվեց սենյակից: Կրքերը բորբոքվում էին: Խաղաղության աղավնին Լինան էր:
-Ախր չարժե բրիջի համար վիճել,-ասում էր նա:-Վերջ ի վերջո , դա միայն խաղ է:
……………….
Նրա համար ամեն ինչ շատ լավ էր: Կուշտ կերել էր և կես շիշ շամպայն խմել: Բացի այդ, բախտն անբնական կերպով բերում էր: Տանում էր նրանց ամբողջ դրամը: Ամեն խաղից հետո հաշիվը գրանցվում էր, և Լինայինը օր օրի ավելանում էր անխափան կանոնավորությամբ: Ի՞նչ է, դուրս էր գալիս, որ աշխարհում արդարություն չկա՞: Կանայք սկսեցին իրար ատել: Ու թեև Լինային նույնպես ատում էին, սակայն չգիտես ինչու նրան իրենց խոստովանամայր էին ընտրել: Ամեն մեկն առանձին գնում էր մոտը և պատմում, թե մյուսները որքան վատն են: Էրոուն ասում էր, թե վստահ է, որ իրեն վնաս է այդքան հաճախ իրենից տարիքով այդքան մեծ կանանց տեսնելը: Ինքը միտք ունի զոհաբերել ընդհանուր գումարի մեջ իր ներդրածը և ամռան մնացած մասը անցկացնել Վենետիկում: Ֆրենկը Լինային հավատացնում էր, թե իր նման տղամարդկային խելք ունեցողից դժվար է սպասել, որ բավարարվի Էրոուի պես թեթևամիտով և Բեաթրիսի պես բացահայտ հիմարով:
-Ես պետք ունեմ ինտելեկտուալ զրույցների,-որոտում էր նա:- Ինձ նման ուղեղ ունեցողը պետք է խելքով իրեն հավասարների հետ շփվի:
Բեաթրիսի ուզածը միայն խաղաղություն էր ու հանգստություն:
-Ես կանանց ատում եմ, ազնիվ խոսք,- ասում էր նա:- Նրանք այնքան անհուսալի են, այնքան չար:
Երբ Լինայի երկու շաբաթը վերջանալու վրա էր, երեք հաստլիկ կանայք իրարից համարյա խռով էին: Լինայի ներկայությամբ ցույց չէին տալիս, բայց երբ սա բացակայում էր` էլ չէին ձևացնում: Վեճեր արդեն չէին լինում: Պարզապես չէին նկատում իրար, իսկ երբ դա հնարավոր չէր, սառցային քաղաքավարությամբ էին վերաբերվում մեկը մյուսին:
Լինան պետք է գնար իր բարեկամների մոտ` Իտալական Ռիվիերա, և Ֆրենկը նրան ճանապարհեց նույն գնացքով, որով ժամանել էր: Լինան իր հետ շատ էր տանում երեք հաստլիկ կանանց փողերից:
-Ես չգիտեմ, թե ձեզ ինչպես շնորհակալություն հայտնեմ,- ասաց Լինան` վագոն բարձրանալիս:-Ես հրաշալի ժամանակ անցկացրեցի:
Մի բան, որով Ֆրենկ Հիքսընն ավելի շատ էր հպարտանում, քան իր ոչ մի տղամարդուց պակաս չլինելը, այն էլ, որ նա ջենտլմեն էր, ուստի պատասխանը կատարյալ էր իր մեծահոգությամբ և վեհությամբ:
-Մենք բոլորս շատ ուրախ ենք, որ մեզ հետ եղար, Լինա,- ասաց նա:- Դու մեզ շատ պարտավորեցրիր:
Սակայն երբ Ֆրենկը մի կողմ շրջվեց հեռացող գնացքից, նա ի նշան թեթևության` մի այնպիսի հառաչ արձակեց, որ կառամատույցը դղրդաց: Նա թափով հետ տարավ ուսերը և լոնք տվեց դեպի առանձնատուն:
-Օֆ, -մռնչում էր նա, մի վայրկյան կանգ առնելով, որ շունչ քաշի:-Օֆ:
Տուն հասնելուն պես Ֆրենկը փոխեց շորը, հագավ լողազգեստը, կտորից չստերն ու տղամարդու հասարակ խալաթը և գնաց Իդըն Րոք: Մինչև երկրորդ նախաճաշը դեռ երկար ժամանակ կար` կարելի էր լողանալ: Նա անցավ Մանքի Հաուզով, նայելով շուրջը, որ ծանոթներին բարևի, քանզի անսպասելիորեն իրեն շատ հաշտ ու խաղաղ էր զգում մարդկության հետ, և հանկարծ զարմանքից մեխվեց տեղում: Աչքերին չէր կարողանում հավատալ: Բեաթրիսը մեն -մենակ նստած էր սեղաններից մեկի մոտ` հագին Molineux-ից 2-3 օր առաջ գնած պիժամա, վզին` մարգարիտների շարան, և Ֆրենկի սուր աչքերը նկատեցին, որ նա հենց նոր գանգրացրել է մազերը, իսկ այտերը, աչքերն ու շրթունքները ներկած են: Ինչքան էլ, որ մարմնեղ էր, ավելին, նույնիսկ պարարտ, ոչ ոք չէր հերքի, որ նա արտակարգ գեղեցիկ կին է: Բայց ի՞նչ էր անում Բեաթրիսը: Ֆրենկն իր անճոռնի, նեանդերթալցու քայլվածքով մոտեցավ Բեաթրիսին: Սև լողազգեստի մեջ Ֆրենկը նման էր այն հսկայական կետաձկանը, որին ճապոնացիները որսում էին Թորիս Սթրեյթսում, և որին հասարակ լեզվով ծովային կով են անվանում:
-Բեաթրիս, ի՞նչ ես անում,- գոռաց նա իր կրծքային ձայնով:
Ասես հեռավոր սարերում որոտացող ամպրոպ հնչեց: Բեաթրիսը անվրդով նայեց Ֆրենկին:
-Ուտում եմ,- պատասխանեց նա:
-Գրողը տանի, տեսնում եմ, որ ուտում ես:
Բեաթրիսի առջև արդեն մի ափսե croissant էր դրված, մի ափսե կարագ, ամանով ելակի ջեմ,սուրճ և մի սափոր սեր: Բեաթրիսը կարագը հնարավորին չափ հաստ քսում էր ախորժելի, տաք հացին, ծածկում ջեմով և ամենի վրայից թանձր սեր լցնում:
-Դու քեզ կսպանես,- ասաց Ֆրենկը:
-Պետքս էլ չի,- բերանը լիքը` մռթմռթաց Բեաթրիսը:
-Գիտե՞ս ինչքան կգիրանաս:
-Կորիր գրողի ծոցը:
Նա բացահայտորեն ծիծաղում էր Ֆրենկի երեսին: Աստված իմ, ինչ հրաշալի բուրմունք ունեին croissant-ները:
-Ես քեզնից հիասթափված եմ, Բեաթրիս: Կարծում էի, ավելի շատ կամքի ուժ ունես:
-Մեղքը քոնն է: Այն գրողի տարած կինը: Դու նրան հրավիրեցիր այստեղ: Երկու շաբաթ նայում էի, թե ոնց է խոզի պես զխտվում: Դրան դիմանալ չէր լինի: Որ պայթեմ էլ, միանգամ էլ պետք է պինդ ուտեմ:
……………
Ֆրենկի աչքերն արցունքով լցվեցին: Հանկարծ նա իրեն թույլ ու կանացի զգաց: Կուզեր, որ մի ուժեղ մարդ իրեն ծնկին դներ, փայփայեր ու կրծքին սեղմեր և երեխայի անուններ տար իրեն: Նա անխոս իջավ Բեաթրիսի կողքի աթոռին: Մատուցողը մոտեցավ: Ձեռքի մի զգայացունց շարժումով Ֆրենկը ցույց տվեց սուրճը և croissant-ները:
-Նույնից,-հառաչեց նա:
Հետո ձեռքը ծույլ-ծույլ մեկնեց, որ բուլկի վերցնի, բայց Բեաթրիսն ափսեն ճանկեց և մի կողմ քաշեց:
-Չէ,- ասաց նա:-Սպասիր, մինչև քոնը բերեն:
Ֆրենկը նրան անվանեց մի անունով, որ կանայք հազվադեպ են ջերմ քնքշության վայրկյանին օգտագործում: Մի րոպեից մատուցողը բերեց croissant-ները, կարագը, ջեմը և սուրճը:
-Բա սերն ու ՞ր է, հիմարի մեկը, -մռնչաց Ֆրենկը. ասես հետապնդված առյուծ լիներ:
Նա սկսեց ագահորեն ուտել: Սրահը լցվում էր լողացողներով, որոնք գալիս էին ծովին ու արևին իրենց տուրքը հատուցելուց հետո մի կամ երկու բաժակ կոկտեյլ խմելու: Շուտով հայտնվեց Էրոուն` իր արքայազն Րոքմեյրի հետ: Մի ձեռքով մարմնի շուրջ մի սիրուն մետաքսե շալ էր կիպ բռնել, որպեսզի հնարավորին չափ բարալիկ երևա, իսկ գլուխը բարձր էր պահում, որ արքայազնը կրկնակզակը չնկատի: Նա ուրախ ծիծաղում էր: Իրեն ջահել աղջիկ էր զգում: Արքայազնը հենց նոր ասել էր (իտալերեն), որ նրա աչքերի կողքին Միջերկրական ծովի կապույտ ասես սիսեռով ապուրի գույն ունենա: Նա թողեց Էրոուին , որպեսզի գնա տղամարդկանց զուգարան և սանրի իր սղալած սև մազերը: Պայմանավորվեցին, որ հինգ րոպեից կհանդիպեն ու մի բան կխմեն: Էրոուն քայլեց դեպի կանանց զուգարան, այտերին մի քիչ կարմրաներկ և շրթունքներին շրթներկ քսելու: Սակայն ճամփին տեսավ Ֆրենկին և Բեաթրիսին: ու կանգ առավ:Աչքերին: չէր կարողանում հավատալ:
-Տեր աստված,- ճչաց նա:-Անասուններ, խոզեր:-Նա մի աթոռ ճանկեց:-Մատուցող:
Միանգամից մոռացավ ժամադրության մասին: Ակնթարթ չանցած մատուցողը նրա կողքին էր:
-Բերեք ինձ նույնը, ինչ-որ այս տիկնայք են ուտում,-կարգադրեց նա:
Ֆրենկն իր հսկա ծանր գլուխն ափսեից վեր բարձրացրեց:
-Ինձ pate de foie gras բերեք,-որոտաց նա:
-Ֆրենկ,-գոչեց Բեաթրիսը:
-Ձայնդ կտրիր:
-Շատ լավ: Ես էլ կուտեմ:
Բերեցին սուրճը, տաք բուլկիները, սերը, pate de foie gras-ը, նրանք գործի անցան: Պաշտետի վրայից սերուցք քսեցին ու կերան: Ջեմը գդալով էին կլանում: Ագահորեն կուլ էին տալիս խրթխրթան հացը: Էլ ի ՞նչ էր սերն Էրոուի համար: Թող արքայազնը իրեն պահի իր պալատը Հռոմում և իր ամրոցն Ապենինյան թերակղզում: Կանայք չէին խոսում: Նրանք չափից ավելի լուրջ գործով էին զբաղված: Ուտում էին հանդիսավոր, մոլեգին խանդավառությամբ:
-Քսանհինգ տարի է` կարտոֆիլ չեմ կերել,-ասաց Ֆրենկը տարակա, մտածկոտ տոնով:
-Մատուցող,-գոռաց Բեաթրիսը,-երեք բաժին տապակած կարտոֆիլ բերեք:
-Tres bien, Madame.
Կարտոֆիլ բերեցին: «Արաբիայի բոլոր անուշ բույրերը ավելի լավ չէին բուրում»: Ուտում էին մատներով:
-Ինձ դառը Մարտինի բերեք,-ասաց Էրոուն:
-Դու հո չե՞ս կարող ուտելու կեսից դառը Մարտինի խմել, Էրոու, -ասաց Ֆրենկը:
_Չե՞մ կարող: Սպասիր, կտեսնես:
-Շատ լավ, այդ դեպքում ինձ կրկնակի դառը Մարտինի բերեք,-ասաց Ֆրենկը:
-Երեք հատ կրկնակի դառը Մարտինի բերեք,-ասաց Բեաթրիսը:
Բերելուն պես կոկտեյլները մի շնչով խմեցին: Կանայք իրար նայեցին ու հոգոց քաշեցին: Անցած երկու շաբաթվա տարաձայնություններն անհետացան, և նրանց սրտերը նորից լցվեցին անկեղծ սիրով, որ միշտ տածել էին իրար հանդեպ: Դժվար էր հավատալ, թե երբևէ մտքերովն անցել էր խախտել այն բարեկամությունը, որը միշտ այդքան բավարարություն էր բերել նրանց: Կարտոֆիլը կերան վերջացրին:
-Տեսնես շոկոլադով էկլերներ ունե՞ն, -ասաց Բեաթրիսը:
-Իհարկե, ունեն:
Դե իհարկե, ունեին: Ֆրենկը մեկը միանգամից խոթեց իր հսկա բերանը, կուլ տվեց և մի ուրիշը ճանկեց, սակայն, մինչ այս մեկը կուտեր, նայեց ընկերուհիներին և հրեշավոր Լինայի սիրտը մի վրեժխնդիր դաշույն խրեց:
-Ինչ ուզում եք ասեք, բայց ճիշտն այն է, որ նա քոսոտ բրիջ խաղացող էր, չէ՞:
-Նողկալի,-համաձայնեց Էրոուն:
Բայց Բեաթրիսը հանկարծ մտածեց, որ կուզեր ձվակարկանդակ ուտել:
Վերջ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.