Այս հարցազրույցը արվել է շուրջ մեկ տարի առաջ.
«Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»,- այսպես է մտածում պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր և դերասան Նիկոլայ Ծատուրյանը:
— Պարոն Ծատուրյան, վերջին ժամանակներում խիստ հազվադեպ է դարձել հայ մտավորականի հայտնությունը: Ո՞ւր են մեր մտավորականները:
— Մտավորականությունը երբեք ձեռնտու չի եղել պետական կառույցներին, որովհետև նրանց ոչխարի հոտ է պետք, ոչ թե անհատներ, որոնք քննադատեն, չհավանեն, ինչ-որ ուղղություն ցույց տան: Սովետի ժամանակ, այնուամենայնիվ, կային դասեր, կային բանվոր դասակարգ, գյուղացիություն, կար մտավորականություն: Այսօր շատ բաներ վերացել են: Ո՞ւր է բանվոր դասակարգը: Չկա: Ինչպե՞ս կարող է լինել պետություն` առանց բանվոր դասակարգի: Նշանակում է` ոչինչ չի արտադրում, բայց շատ հաջող կերպով մեր ժողովուրդը այդ բացը լրացրեց` բանվորությունը վերացավ, զարգացավ առևտրական խավը: Չորս կողմն առևտրականներ են, իսկ այս պայմաններում մտավորականները մտել են ծակերը և ննջում են: Ինչպես օրինակ` ես. մտել եմ վիրտուալ աշխարհ և չեմ ուզում շփվել այս աշխարհի հետ, որովհետև այնքան բացասական էմոցիաներ է հաղորդում մեր իրականությունը, որ չես ուզում շփվել: Մտավորականությունը հոգնել է «պայքար-պայքար մինչև վերջից»:
— Եվ ինչպե՞ս եք բնորոշում մեր հասարակությանը:
— Մեր հասարակությունը 2 մասից է բաղկացած: Կա ազգ, և կա ժողովուրդ: Հիմա 90%-ը ժողովուրդ է, 10%-ը` ազգ: Ամբողջ կյանքում ատել եմ ամբոխը, զզվել եմ հերթերից, անգամ` հերթով նախագահին բարևելուց: Սարոյանը «Փրկություն կղզում» ասում է. «Առանձին-առանձին վերցրած` բոլոր մարդկանց սիրում եմ, նույնիսկ իմ ազգի թշնամիներին, որովհետև գիտեմ, որ մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»: Էս բոլոր միտինգները, որ կան, պայքար չեն, պարզապես մի քանի հոգի հմայում են ամբոխին, որ հետո իրենք նստեն աթոռին ու սկսեն գռփել: Մեր ժողովուրդը կարծես զոմբիացել է, որովհետև եթե նայում են «32 ատամ», սերիալներ, որոնք հեղեղել են արվեստի աշխարհը. սա սպանդ է: Բոլոր արժեքները խեղաթյուրվել են:
— Գուցե պատճառը ուղղորդողի, առաջնորդողի բացակայությո՞ւնն է:
— Իոնեսկոյի ռնգեղջյուրի սինդրոմն է. կարծես բոլորը ռնգեղջյուր են դառնում: Այնքան է ժողովրդի ճաշակը փչացել, ուղղորդելն անգամ վտանգավոր է: Մի անեկդոտ կա` բանվորները խոսում են, մեկը ասում է` տղերք, վեր կենանք, մի բան անենք: Մյուսն ասում է` բա որ հանկարծ նորից հաղթե՞նք: Այսինքն` կարող է նորից հեղափոխություն լինի, ու ավելի վատ լինի: Դեմոկրատիան լավ բան է, բայց կարևոր է, թե ում ձեռքն ես տալիս: Շատերը հիանում են «32 ատամ»-ով կամ նմանատիպ գործերով: Այդպիսիներին համեմատում եմ գազանանոցում կապիկներով հիացող երեխաների հետ, բայց շատ քչերը` արժանապատիվներն են առյուծի վանդակին մոտենում: Այսօր մեր մտավորականները սոված, խեղճ միայնակ առյուծի նման գցված են վանդակի մեջ: Կապիկների համար վանդակը սովորական բան է, կարող են թռչկոտել, իսկ միայնակ առյուծը տխուր է: Մեր մտավորականը այսօր այդ առյուծն է:
— Ո՞րն է մեկուսացման պատճառը:
— Ձեռք են քաշել: Եթե մտավորականությունը շատ մտնի այս կյանքի մեջ, կաղքատանա, որովհետև հոգևոր սնունդ չկա: Երբ անհատներով ենք չափում, մեզ մոտ ամեն ինչ լավ է. սպորտը լավ է, անհատ նկարիչները լավ են, իսկ թատրոններում, ինչպես Սոս Սարգսյանն է ասում, օդ չկա, ինչպես օրինակ` վրաց թատրոնում, որտեղ մտավորականությունը պարտադիր հաճախում է թատրոն: Մեր մտավորականությունը ծպտված է: Ծպտված է, որովհետև աղքատ է, անփող է: Արժեքները փոխված են, և երկիրն այսօր օլիգարխների ձեռքում է: Ամեն ինչ կախված է փողից, դրա համար էլ մտավորականը լուռումունջ է: Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»: Երկար տարիներ են պետք, որ ամեն ինչը իր տեղն ընկնի: Իզուր չէ գրված «Խաչագողի հիշատակարանը», որովհետև մեզ մոտ շատ են խաչագողերը: Մենք չենք հոգնում կրկնել մեր սխալները: Հայ մարդը միշտ անհատ է եղել, դրա համար էլ չի կարողանում պետականություն ստեղծել: Դա է պատճառը, որ ամեն ինչ մասնատված, աղճատված է, դրա համար էլ մտավորականները մտել են տները: Ցեղակույտի ենք վերածվում: Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ հարուստ գրականություն ունենք: Հալեպում շատ գրական բացահայտումներ արեցի, որոնցից տեղյակ էլ չենք: Էսպես էլ ապրում ենք: Մենք ենք, մեր ճահիճը:
— Հատկապես որտե՞ղ եք վտանգ տեսնում:
— Վտանգն այն է, որ երկիրը կարող է երկիր չդառնալ, քանի դեռ շարունակվում է էս հսկայական արտահոսքը: Երեքուկես միլիոնանոց երկրից մեկուկես միլիոնն այստեղ չէ, և քանի դեռ շարունակվում է հայկական էս գաղթը, մենք այնքան փոքրաթիվ կդառնանք, որ արդեն չենք մտնի համաշխարհային կազմակերպությունների շարքը, օգնություններ չենք ստանա, որովհետև այն երկիրը, որը մեկ միլիոնից պակաս է, ոչ օգնություն է ստանում, ոչ էլ երկիր է: Կորցրած հողեր ենք պահանջում: Բա որ տա՞ն: Ղարաբաղ ենք վերցրել, մարդ չի ապրում: Ղարաբաղցին փախել է, եկել Երևան: Գնում ես տասնյակ կիլոմետրեր ազատագրված տարածքներով, մարդ չի ապրում: Եթե անգամ մեր հողերը տան, ոչ մի հայաստանցի այնտեղ չի գնա ապրելու, կգնան միայն արևմտահայերը: Ասենք թե` երեք միլիոն հայ մտնի ապրելու, իսկ 30 միլիոն քրդե՞րը: Վաղը, մյուս օրը եթե ընտրություններ լինեն, կստացվի պառլամենտ` երեսունը մեկի հարաբերությամբ` 30 քուրդ և 1 հայ: Մենք էլի հյուրեր կլինենք մեր հողում: Շատերի համար տարօրինակ է, բայց ես կարծում եմ, որ քանի դեռ հայը երկու երեխայից ավել չի ունենում, փրկությունը չի լինի: Շատ երեխաներ պիտի ունենանք, որովհետև երբ փոքր երկիրը շատանում է ժողովրդով, իրենից անկախ` պահանջ է ունենում տարածվելու, մի տեղ էլ ունենալու: Իսկ քանի դեռ մի բան էլ դատարկվում ենք` էսպես ենք ապրում: Երբ ակվարիումի մեջ շատ ձկներ են դնում, չեն աճում, պիտի մեծացնես տարածքը, ծաղիկը երբ դնում ես փոքր սափորի մեջ, չի աճում: Որպեսզի ազգը ծաղկի, պիտի այնքան շատանա, որ իրեն մեծ տերիտորիա պետք լինի: Ասում են` ինչ պայմաններ են, որ երեխա ունենանք, իսկ մեր պապե՞րը, որ 6-7 երեխա էին ունենում, մի՞թե լավ էին ապրում: Ախր այսպես կարող ենք և վերանալ, ինչպես Բյուզանդիան, Ասորեստանը: Ծրագիր չունենք: Ազգային ծրագիր:
— Ե՞րբ չի կարողանում լռել Նիկոլայ Ծատուրյանը:
— Ես ոչնչին լուրջ չեմ նայում և ամեն ինչում ծիծաղելին եմ տեսնում: Ցավում եմ, որ մեր ժողովուրդը հումորն էլ է կորցրել:
— Իսկ երբ խռովում եք, հուզվում…
— Երբեք չեմ խռովում, աշխատում եմ հիանալ գոնե այն փոքր խոտով, որ ասֆալտը ճեղքելով դուրս է գալիս:
— Այնուհանդերձ, հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
— Եթե չհավատայի, հիմա Ամերիկայում կլինեի, ինչպես շատերը: Չնայած հնարավոր է, որ վերջում ասենք` խելոքը նրանք են, բայց միևնույն է` հավատում եմ:
— Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
— Ես սիրում եմ, որ երբ մի գաղափար է ծնվում, մեր ժողովուրդը միաբանվում է: Դրա վառ ապացույցը ֆուտբոլն է, երբ հայերն են խաղում, կամ` Ղարաբաղյան շարժումն էր, թեև, ցավոք, շուն-շան որդիք օգտվեցին դրանից, բայց ազգը միավորվեց մի գաղափարի շուրջ: Ուրեմն, եթե մեր ազգը նպատակ դնի` մեր երկիրը իսկապես պետություն դարձնելու, կփրկվի: Դրա համար էլ մեզ պետք է մտավորականություն: Կառավարության անդամների ու դեպուտատների 90%-ը բութ ուղեղներ են, որ անգամ չեն հասկանում` թատրոնը ինչ բան է: Ծնվել են իրենց գյուղերում, իրենց ակումբում սուտ թատրոն են տեսել ու մինչև հիմա դրա մեջ են: Դրա համար էլ արվեստը չի զարգանում, որովհետև եթե մի ղեկավար գա թատրոն` ներկայացում դիտելու, ժողովուրդն էլ օրինակ կունենա: Չնայած թատրոնից թատրոն չեն գնում, որովհետև մեր պառլամենտի ժողովները հենց թատրոն են, որ կան: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր ազգը մի իսկական ծրագիր կմշակի, որովհետև իրականում խելոք ազգ ենք:
— Ձեր խոսքը` ուղղված մտավորականին:
— Մեր մտավորականները միշտ իրարից անջատ են գործում. երբ մեկի գաղափարը ցայտուն է և մյուսի հետ չի բռնում, անջատվում են: Բարեբախտաբար, կարող են միանալ այն խնդրի շուրջ, որը պետությանն է վերաբերում: Բայց առանձին-առանձին վերցրած` ամեն մեկը պետության զարգացման իր ուղին է տեսնում: Իսկ մասսաները` ուր տարան-տարան: Ամբողջ խնդիրն այն է, որ տանողները սխալ են տանում: Ցավոք:
— Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր թոռնիկների համար:
— Երազում եմ` թոռներս ապրեն նորմալ, կարգին երկրում: Իսկապես դեմոկրատական, օրենք ճանաչող երկրում: Պարզ է, որ մենք չենք տեսնի, բայց գոնե նրանք տեսնեն:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.