Թատրոնի օրվան ընդառաջ հրապարակում ենք Հայ թատրոնի երկու նվիրյալների զրույցը մտավորականի կերպարի ու անելիքի շուրջ
«Թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է», ասում է Ժողովրդական արտիստ, « Համազգային թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանն, ու երազում այն օրերի մասին, որ հայն իր երկրին տեր կլինի:
-Վարպետ այս հարցը տալիս եմ իմ բոլոր զրուցակիցներին։ Ուզում եմ, որ մեր մտավորականները իրենց համար հստակեցնեն` ինչպիսի՞ն է մտավորականի բնորոշումը:
-Բարդ հարց է, որովհետև մի հատկությունը չէ, որ կարող է բնորոշել մտավորականին: Նախ և առաջ նա ազնվություն, աշխատասիրություն պիտի ունենա: Ազնվական մարդը չի կարող ծույլ լինել: Արժանապատվություն ունեցող, ամենագլխավորը, իր երկրի, իր ժողովրդի շահերից ավելի վեր ոչինչ չունեցող մարդն է մտավորականը: Դա շատ մեծ, ծավալուն հասկացողություն է:
-Անշուշտ, ունենք մտավորականներ, իսկ մտավորականություն ունե՞նք:
— Ցավոք, ոչ: Չունենք, որովհետև եթե ունենայինք, հսկայական ազդեցություն կգործեինք իշխանության վրա: Եթե մտավորականություն ունենայինք, այսօր կազակերպված հասարակություն կունենայինք : Բայց չունենք, որովհետև չունենք այդ մտավորականությունը, որ դառնա թելադրող: Այսօր թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է: Նրանք են թելադրում մեր պահվածքը, ապրելակերպը, խոսելաձևը և այլն:
— Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
— Մտավորականությունը միավորվել չի կարող: Այսինքն, չի կարող ստեղծել մի կազմակերպություն, մի համակարգ: Մտավորականության միությունը շատ խորհրդավոր, Աստվածային մի բան է: Սովետի վերջին շրջանում մենք ունեինք հրաշալի մտավորականություն, որոնցից յուրաքանչյուրն անում էր իր պարտականությունը: Փորձեք կարդալ ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի հուշերը, հոդվածները և կտեսնեք, թե որքան հայրենասիրություն, որքան անհանգստություն, որքան տառապանք կա: Ինչու՞ եմ սա ասում, որովհետև և՚ Ռաֆո Իսրայելյանը, և՚ Սևակը, և՚ Էմինը, և՚ Սիլվա Կապուտիկյանը, և էն ժամանակների մտավորականները չունեին որևէ կազմակերպություն, բայց նրանց պահվածքը, նրանց համոզումները, գաղափարներն ու ձգտումները նույնն էին: Նրանք դրանով էին միավորված, նրանք գիտեին, որ, ասենք, չի կարող պատահել, որ Համո Սահյանը սխալ խոսի, գիտեին, որ ինչ էլ նա ասի Սևակի կամ Վահագն Դավթյանի համար` հարազատ է: ճիշտ է, ճշմարիտն է, ազգային է, ի օգուտ է, օգտակար է:
-Իսկ ի՞նչն է տարանջատում:
-Տարանջատումները շատ են: Դա բնական եմ համարում: Որովհետև մեծ մասամբ խոսքը ստեղծագործողների մասին է, ինչու չէ, նաև գիտնականների, որոնք կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր համոզումներ, տարբեր մարդկային հատկություններ և թուլություններ:
-Այսօրվա մտավորականի առջև ի՞նչ հասարակական պահանջ է դրված և դրվա՞ծ է արդյոք:
-Ցավոք, ոչ մի պահանջ չի դրված: Այսօր մեզ հայտնի չէ, թէ մեր ժողովուրդը ինչ իդեալներ ունի,և ունի արդյո՞ք: Ունեցածն էլ փողն է, կշտությունն է, վայելքն է: Ցավոք, աշխարհում էլ է այդպես: Էս տարիքիս ես տխրությամբ ու հոռետեսական եմ նայում մարդկության ապագային, որովհետև աստիճանաբար մոռացվում է մարդու հոգին, մոռացվում է Աստված: Նույնիսկ կարող եմ ասել, որ Եվրոպան այլևս քրիստոնեական աշխարհ չի: Քրիստոնեությունը որպես այդպիսին, որպես փիլիսոփայություն, որպես առաջադեմ գաղափարախոսություն այլևս գոյություն չունի, որովհետև, ինչ արվում է, հակառակ քրիստոնեության է արվում: Եթե ասենք , իսլամը ունի այնպիսի նվիրյալներ, որոնք իրենց կյանքը կարող են զոհել, քրիստոնեությունը` չունի: Լավ է որ մահապարտներ չունի, բայց վատ է, որ քրիստոնեական աշխարհի մարդը կորցնում է Աստծուն:
-Ի՞նչ դաստիարակություն է ստանում մեր հասարակությունը, որտեղի՞ց է սնվում:
-Ընդհանուր դաստիարակություն չունենք: Բայց իմ հույսն այն է, որ ամենուամենայնիվ կան առողջ մտածող ծնողներ, հասկացող ծնողներ, որոնք կարևորում են դաստիարակությունը, կրթությունը: Իմ հույսը էդ ծնողներն են, էդ ընտանիքները: Շատ տգեղ բան է, երբ աշակերտը գիտի, որ իր ուսուցիչը կաշառք է վերցնում: Դա սոսկալի բան է: Կամ ասենք, գիտի, որ իրենց դպրոցի տնօրենը ազնիվ չէ, արդար չէ: Մեր ժամանակներում այդ տեսակ երևույթները բացառվում էր: Հիմա երեխայի համար սոսկալի վիճակ է: Ծնողը մի կողմից ասում է` ազնիվ եղիր, հայրենասեր եղիր, աշխատասեր եղիր, մյուս կողմից երեխան գնում է դպրոց և չի տեսնում այդ մթնոլորտը, այդ բարձր խավի հեղինակությունը, այդ օրինակը:
-Ի՞սկ իմֆորմացիայի աղբյուրները:
-Հեռուստատեսությունը տանում է ժողովրդին չգիտեմ էլ ո՞ւր, իջեցնում է ու իջեցնում: Բոլոր ժամանակներում արվեստի խնդիրը եղել է ժողովրդին բարձրացնելը: Անդրե Մորուան մի խոսք ունի, որն ինձ դուր է գալիս. «Մասսայական կուլտուրան մասսաներին զրկում է կուլտուրայից»: Այ, հիմա մասսայական կուլտուրա է: Փոխանակ բարձրացնենք մասսաներին դեպի վեր, դեպի Աստվածայինը, դեպի վեհ մարդկայինը, մենք իջեցնում ենք ամենացածր ճաշակի: Ղեկավարներն էլ արդարանում են, թէ ժողովուրդը հավանում է: Ժողովուրդն ո՞վ է: Ժողովուրդը երեխայի նման բան է, պետք է միշտ դաստիարակես:
-Կարո՞ղ ենք որևէ «պրոգնոզ» անել:
-Կարծում եմ, որ հայերը այն ժողովուրդն են, որ ժամանակ առ ժամանակ պետք է մտածեն, և անշուշտ կմտածեն: Այդ պահը կգա, երբ որ հասկանան, որ չի կարելի աշխարհից ամեն ինչ վերցնել: Աշխարհից պետք է վերցնել այն, ինչը որ քեզ օգտակար է, օրինակ` Եվրոպայից` աշխատասիրություն, մաքրասիրություն, իսկ այլանդակությունը, ամենաթողությունը չի կարելի վերցնել: Պետք է շատ զգույշ լինել: Չի կարելի ամեն արտասահմանյան բանով հրճվել, հիանալ: Մենք հինգ հազար տարվա կյանք ենք ապրել, ունենք ավանդույթներ և իզուր չենք ապրել այս աշխարհում: Հիմքը չպետք է մոռանանք: Հայերը մի օր գլխի կնկնեն, որ էսպես վերանում են և խելքները գլուխները կհավաքեն:
-Վարպետ, ո՞րն է մտավորական մարդու տեղը:
-Մտավորականը պետք է ամեն հարցում, ամեն րոպե ակտիվ լինի։ Ամեն պահի մեջ, ամեն թերության նկատմամբ ուշադիր լինի: Ցավելը քիչ է, պետք է միջամտել, պետք է պայքարել: Էս աշխարհում ամեն ինչ գործ անելով է: Կարևոր է, թէ ինչ ես անում քո երկրի համար: Կան մարդիկ, որ ամբողջ կյանքում մի լուցկի չեն ստեղծել, բայց վայելում են կյանքը: Ճիշտ է հիմա ընդունված է բոլոր հարուստներին վատաբանել, բայց դրա հետ համաձայն չեմ, քանի որ մարդը կարողացել է իր քրտինքով մի բան ստեղծել: Հարստանալը դժվար գործ է: Հարստություն պահելն էլ դժվար է ու ամեն մարդու խելքի բանը չէ: Ասում են.«Տես ինչ տուն է կառուցել»,- ես ասում եմ,- Էդ տունը իր հետ ու՞ր է տանելու, չէ որ էստեղ է թողնելու, մի հայ մարդ է ապրելու այդտեղ: Թող լինի, գեղեցիկ տուն է»: Մտավորականի հոգին պիտի անընդհատ ապրի, անդադար աշխատի ու լավ բաների համար էլ հրճվի: Մտավորականների մեղքն է, որ մենք Արցախի պատերազմի հաղթանակը չվայելեցինք, չըմբոշխնեցինք: Գու՞ցե հաղթանակի սովոր չենք դրանից է, բայց հաղթանակն անասելի մեծ էր և մտավորականության մեղքն է, որ ժողովուրդը չի հասկանում, թէ ի՞նչ է եղել:
-Կուզենայի, որ որևէ որակական փոփոխություն առաջարկեիք մեր հասարակությանը:
-Ես ամբողջ կյանքում աշխատել եմ և դրանով հպարտ եմ: Աշխատել եմ որքան հնարավոր է ինքս լինել արժանապատիվ մարդ և որքան հնարավոր է իմ ժողովրդին դարձնել արժանապատիվ: Աշխատել է պետք, գործ է պետք: Ես արդեն 81 տարեկան եմ, բայց չեմ կարող ոչ մի բանի նկատմամբ անտարբեր լինել:
-Կա՞ մի բան, որ Դուք չասել չեք կարող:
-Իհարկե կա և շատ: Չեմ ընդունում, նամանավանդ, էն դաժանությունը, որը հայը հայի նկատմամբ է գործում: Դա չեմ կարողանում ներել: Օրինակ` չեմ կարողանում ներել էն գործարարին, որը հայ կնոջը 16 ժամ աշխատեցնում է, ասենք թե` ռեստորանում և թողնում թեյավճարի հույսին: Դա դաժանություն է: Սա մի օրինակ էր, իսկ ընդհանրապես հայի դաժանությունը հայի նկատմամբ Աստծուն հակառակ բան է, դա Աստված չի ների:
-Վարպետ, խնդրում եմ Ձեր խոսքը` մեր հայ մտավորականներին:
-Ես այսօրվա մտավորականության մասին բարձր կարծիք չունեմ: Ամենագլխավոր բանը էս աշխարհում հարգանքն է մարդու նկատմամբ: Կարևոր է կարգին լինել, բարձր կուլտուրա ունենալ, որ ասում են «պարյադչնի»: Ես ուզում եմ մեր հայերին էս խոսքը ասել. Մի անգամ սահմանապահը ինչ որ սահման անցնելիս վիրավորում է Անտուան Սենտ Էքզյուպերիին, վերջինս ասում է.«Ինչու՞ ես ինձ վիրավորում, չէ որ ես ու դու միասին այլևս այս հողագնդի վրա չենք ապրելու»: Շատ խորը, իմաստուն բան է: Հարևանը հարևանին ինչու՞ է նեղացնում, հազիվ եք իրար գտել, սիրե՚ք իրար: Կամ գոնե հարգե՚ք: Ես ուզում եմ մեր մտավորականներին ասել հետևյալը. ես Սովետի ժամանակ էլ դիսիդենտներին` այլախոհներին չէի հարգում, մանավանդ հայ այլախոհներին: Ինչու՞, որովհետև ես հասկանում էի, որ մենք փոքրիկ ազգ ենք և իրավունք չունենք մեր ժողովրդի անունը էդ հսկա երկրով մեկ վարկաբեկել: Գյոթեն մի հանճարեղ խոսք ունի.«Ավելի լավ է անարդարություն, քան անկարգապահություն»: Անկարգապահությունը կործանում է երկիրը: Անարդարության դեմ կարելի է պայքարել, իսկ անկարգությունը սոսկալի բան է, դա հեղափոխություն է, որը ես ողջ էությամբ ատում եմ: Բոլոր հեղափոխությունները եղել են արյան ծովեր: Ես ուզում եմ, որ մեր այսօրվա մտավորականությունը հասկանա, թէ Հայաստանը աշխարհագրական ո՞ր տեղում է գտնվում, ո՞ւմով է շրջապատված, քանի՞ թշնամի ունի, ի՞նչ են ուզում էդ թշնամիները և ըստ այդմ իրեն պահի: Ոչ թէ տեղի – անտեղի հայհոյի նախագահին: Ես շատ հարցերում Լևոն Տեր- Պետրոսյանի հետ համաձայն չէի, բայց ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորական, անհարգալից խոսք ասել նրա մասին, քանի դեռ նա նախագահ էր: Ես հասկանում էի, որ նա իմ նախագահն է և վերջ: Մարդիկ կան, որ իրենց դրել են ճշմարտախոսի տեղ ու դուրս են տալիս: Դուրս մի՚ տվեք: Տես հատակում, ընդերքում ինչե՞ր կան, տես ու՞մ զավակն ես, ո՞ր ժողովրդի զավակն ես, էս ժողովուրդը ին՞չ կյանք է ապրել, ի՞նչ ճակատագիր է ունեցել, ըստ այդմ քեզ պահի:
-Վարպետ , ո՞րն է Ձեր խրատը այսօրվա երիտասարդին:
-Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը խորապես, ճշմարտապես հարգի մեր դրոշը, մեր զինանշանը, մեր պետությունը, մեր պետականությունը, մեր օրենքը: Ես կուզենամ, որ մենք սովորենք դառնալ պետականություն, պետություն պաշտող ժողովուրդ:
-Ի՞նչ է երազում Սոս Սարգսյանը իր երկրի համար:
-Իմ երազանքները շատ են, ես ամեն գիշեր եմ երազում: Երբ Գանձակեցի մարդու եմ հանդիպում լացս գալիս է, երբ նա պատմում է, թէ ինչ է թողել Գանձակում: Մեզնից էս ինչքա՞ն բան խլեցին, ես ի՞նչ արին մեզ հետ: Իմ Վանա լիճը, իմ քաղաքները, իմ Նախիջևանը, իմ Գանձակը…Էս ինչքա՞ն բան խլեցին: Եվ իհարկե ես երազում եմ, ասում եմ.Լավ, ես չեմ տեսնի, թող գա էն օրը, որ հայերը իրենց երկրին տեր լինեն»: Էդ է իմ երազանքը: Քոնն էլ է չէ՞:
Զրուցեց Կարինե Ջանջուղազյանը
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.