Ֆեյսբուքում լայն քննարկում է ծավալվել Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականի և դրան` ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների պատասխանի շուրջ.
Մոտ 340 տարի առաջ Մոլյերը գրել էր իր «Քաղքենին ազնվական» կատակերգությունը: Զավեշտալի իրավիճակների հիմքն այն էր, որ 17-րդ դարում, շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, ի հայտ եկան բազմաթիվ հարուստ մարդիկ, որոնք ունեցվածքով չէին զիջում, իսկ երբեմն նաեւ գերազանցում էին ազնվականներին, բայց իրենց մտավոր եւ մշակութային որակներով ոչ մի կերպ չէին համապատասխանում բարձր խավի չափանիշներին: Թվում է, թե այդ նորահայտ մեծահարուստները կարող են ապրել նաեւ առանց նման հավակնությունների: Բայց նրանք, ովքեր այդպես են մտածում, լավ չգիտեն մարդկային էությունը: Մարդը սովորաբար չի կարող սահմանափակվել իր ունեցած պալատներով եւ ոսկիներով, նա ցանկանում է ձեռք բերել, փողով գնել նաեւ «պատիվ-հարգանքը», որպեսզի նրան համարեն ոչ միայն հարուստ եւ բարեգործ, այլեւ կրթված, արդարամիտ եւ նույնիսկ իմաստասեր: Կամ, ինչպես կասեր աշխարհի հայերի առաջնորդ Արա Աբրահամյանը՝ «ֆիլոս»: Թվում է, թե ինչ է եղել՝ նստիր քո Մոսկվայում, վայելիր քո միլիոնները, եթե մտքովդ անցնում է՝ բարեգործություն արա, բայց ոչ՝ այդ գործարարն ուզում է նաեւ «ֆիլոս» լինել, տիեզերքի խնդիրների մասին գրքեր է գրում: Եթե մեկը հարցնի, թե ինչ է գրված այդ գրքերում, նա դժվար թե որեւէ լեզվով կարողանա դրանց բովանդակությունը վերաշարադրել: Իրեն պարզապես պետք է, որ գրքի վրա գրվի նրա անունը՝ դա շոյում է մեծահարուստի ինքնասիրությունը:
Պատգամավոր դառնալը եւ ընդհանրապես «քաղաքականությամբ» զբաղվելը մեր օլիգարխների համար նույնպես այդ երանգն ունի: Իհարկե, այստեղ կա նաեւ պրագմատիկ բաղադրիչը՝ պատգամավորական մանդատը նպաստում է նրանց բիզնեսի ստվերայնությանը: Բայց կա նաեւ «պատիվ-հարգանքի» պահանջը՝ պատգամավոր լինելը նրանց համար ինչ-որ «էլիտար» բան է, «գոլդ» համարի կամ Հյուսիսային պողոտայի անիմաստ բնակարանի նման:
Մեր պաշտոնյաները, բնականաբար, նույն մեծահարուստներն են՝ պաշտոնը, ինչպես հայտնի է, հարստության աղբյուր է: Եվ որքան նրանց վարկը եւ իմիջը անհամատեղելի են մտավորականի մասին պատկերացումների հետ, այնքան շատ են նրանք ձգտում ներկայանալ որպես մտավորական: Մի քանի տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դարձրել են ինչ-որ ակադեմիայի ակադեմիկոս: Հիմա էլ նա իր պատրաստակամությունն է հայտնում գնել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը՝ հավանաբար, քաղաքապետի աշխատավարձի իր «հետ քցած» փողերով: Եթե Վարդանիկն է այդ տունը գնելու, ապա, կներեք՝ այդ տունն անձամբ ինձ պետք չէ:
Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորանալ գիտության մեջ: Ըստ երեւույթին, նա չի պատկերացնում հայ պատմագիտության հետագա զարգացումը առանց իր հզոր մտքի եւ բազմակողմանի գիտելիքների: Զուգահեռաբար փորձում է նաեւ փոքր-ինչ «սպիտակեցնել» իր իմիջը:
…Կոտայքի մարզպետ Կովալը, որքան գիտեմ, գիտական ոչ մի աստիճան չունի: Որպես այդ մարզի բնակիչ՝ ես պատրաստ եմ միանգամայն անշահախնդիր ձեւով օգնել նրան, որ նա թեկնածուական թեզ պաշտպանի երաժշտագիտությունից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՓԵՏՐՎԱՐ 3 aravot.am
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների նամակը «Առավոտ»-ին
ՓԵՏՐՎԱՐ 7 aravot.am
«Առավոտի» փետրվարի 3-ի «Նորահայտ ֆիլոսներ» խմբագրականը սկզբում զայրույթ, ապա՝ հիասթափություն առաջացրեց: Հիասթափություն, որ իրեն խմբագիր ու մտավորական համարող մեկը արդեն խառնում է բանականության չափանիշները և ամբարտավան ոճով իրականությունը պատկերում իր հիվանդ երևակայությամբ: Եթե մութն ու լույսը հազիվ տարբերող մեկը Հովհաննես Թումանյանի տունը գնելու և որպես մշակութային հաստատություն հայությանը վերադարձնելու՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած քայլի համար չուրախանար, երևի ներելի լիներ: Բայց երբ այդ փաստի շուրջ ակնհայտ ու լկտի չարախնդում է իրեն ազգասեր, մշակութագետ ու էլ չգիտես ինչ ձևացնող Արամ Աբրահամյանը, առնվազն տարօրինակ է:
Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ մշակույթ է զարգացնում ու մշակույթ պահում:
Ամենայն հայոց բանաստեղծի տունը գնելն ու այդ գանձը պահպանելը չէ, որ պետք է հավաստեն քաղաքապետի մշակութասեր մտավորական լինելը: Նա հազարավոր անգամներ, հազարավոր գործերով է ապացուցել իր հավատամքն ու ճշմարիտ հայ լինելը: Չնայած այս պահը հաշվետվությունների համար չէ, սակայն անհնար է չշեշտել, որ Գյումրու հետաղետյան մշակույթի վերաստեղծման ողջ գործընթացը բացառապես կապված է մեր քաղաքապետի գործունեության հետ: Մշակութային օջախների ստեղծման, միջոցառումների անցկացման և ոչ մի ոլորտ չկա, որին դիպած չլինի քաղաքապետի ձեռքը: Այդ նրա օրոք և նրա ջանքերով են վերաբացվել կամ ստեղծվել Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի հուշատուն թանգարանները, Ասլամազյան քույրերի պատկերասրահը:
Վարդան Ղուկասյանի ներդրումը մեծ է ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցյանների տան), Իսահակյանի տուն թանգարանի վերաբացման գործում: Մշակույթ հասկանալու և մշակույթի հարգն իմանալու արտահայտությունն են «Գյումրի» պատմահանրագիտարանային գրքի, «Շիրազ-Նամե» պոեմի տպագրությունը, տասնյակ այլ հրատարակություններ, որոնց ստեղծման ակունքներում քաղաքապետն է:
Գյումրին նրա ջանքերով ու ներդրումներով հարստացել ու շարունակում է հարստանալ մեր պատմական դեմքերի, գիտության, մշակույթի անվանի գործիչների արձաններով:
Վարդան Ղուկասյանը քաղաքի գրողների միության խնդիրների լուծման գործում ևս մեծ դեր ունի՝ որպես աջակից ու հովանավոր:
Իսկ ո՞վ եք Դուք, որ Ձեզ դրել եք անաչառ դատավորի տեղ ու ճգնում եք ապացուցել անապացուցելին:
Հայոց դժբախտությունների հայր ԼՏՊ-ի մամլո խոսնակ, ՀՀՇ-ի հավատավոր գործիչ, ապա հերթականությամբ՝ Հ 1-ի, Ա 1 +-ի, հիմա էլ՝ «Շանթի» մեկնաբան:
Արամ Աբրահամյանն արդեն 13 տարի, գրում և «գրեցնում է» Վարդան Ղուկասյանի դեմ՝ զանազան առիթներ ստեղծելով, առանց առիթների: Եվ ճիշտ են այն բազմաթիվ գյումրեցիները, որ ասում են՝ մեր քաղաքապետի վրա գրելով՝ Արամը տներ առավ: Իսկ Արամը, ով հասարակության մեջ հայտնի է «Փոդրադչիկ Արամիկ» մականունով, դատելով իր գործունեությունից, բանակցում է բոլոր ուժերի հետ ու, անկախ քաղաքական վերադասավորումներից, միշտ գտնում հարմար մի ասպարեզ: Ծծակը շուտ-շուտ փոխում է, կերակրատաշտից կերակրատաշտ անցնում, որ որովայնը միշտ կուշտ պահի: Աշխատում է իշխանական հեռուստաեթերներում, միաժամանակ, իրեն համարում ընդդիմադիր, իշխանությանը ռեժիմ անվանում: «Բանտիկը» կապած, պատկերասրահներից ճեմելով մշակութային հաղորդումներ է վարում՝ իրեն երևակայելով արվեստագետ ու մշակույթի շղարշի տակ փող սարքում: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ աշխատողներին ուղղում է պաշտոնյաների դեմ, որ նյութեր գրեն և ինքը փողեր աշխատի ու ծառայեցնի միայն իրեն: Նրա համար անըմբռնելի է, թե ինչպես Վարդան Ղուկասյանը կարող է սեփական գումարը ներդնել եկեղեցի ու ազգային մշակութային օջախ ստեղծելու գործում: Ինքն հաստատ չէր անի: Դե, թող ինքը մասնակցեր Ամենայն հայոց բանաստեղծի տան շուրջ ծագած խնդրի լուծմանը կամ, գոնե ամբարտավան կեցվածք չընդուներ այն մարդու հանդեպ, ով իրոք ազգանպաստ ու երիցս գնահատելի գործ է անում:
Երբ պաշտոնյան ձգտում է մշակութասեր և մշակույթին սատարող լինել, գովելի է ու բնական: Բայց անբարո է, եթե իրեն մտավորական ձևացնողն է մոռանում իր անցյալն ու, փետուրներ հագած, ուզում է իրեն դատավոր կարգել:
Թումանյանի սրբությունը մարդն է, Ձեր դավանանքը՝ սպիտակն ու լույսը սևացնելը:
Եվ երևի Դուք ճիշտ եք, որ Թումանյանի տունը Ձեզ պետք չէ, քանի որ այն գնել է քաղաքապետը: Սա բացեիբաց, թերթում հայտարարել կարող է միայն թուրքական ծագում ունեցողը:
Վերջում` խորհուրդներ: Համարձակվեք կլոր սեղանի շուրջ նստել Վարդան Ղուկասյանի հետ ու համոզվեք, թե իրականում ո՞ւմ ինչպես, ինչո՞վ ու ինչքանո՞վ են մարդիկ գնահատում: Տեսեք ու լավ իմացեք Ձեր չափը, կշիռը, տեղը:
Հիշեք աստվածաշնչյան պատգամը` «Նախ տես քո աչքի գերանը, ապա նոր` ուրիշի աչքի չոփը»:
…. Իսկ Վարդան Ղուկասյանի քարավանը, ինչպես կասեր ժողովուրդը, անսայթաք կընթանա:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողներ
- 13:10Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը
- 11:22Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին
- 15:10Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
- 11:10100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների է ենթարկվել, նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ. պատգամավոր
- 15:10Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա, տակը կմնաք դուք ու ձեր դեմքը, եթե մնա. Արփինե Հովհաննիսյանն` արցախցիներին վատ վերաբերվողներին
- 14:10Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան
- 12:10Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը
- 15:10Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
- 12:10Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին. ՀՀԿ
- 12:10«Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը»
04.10.2023 | 15:10
04.10.2023 | 14:10
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.