Ամբողջ լրագրողական հանրությունը քննարկում է «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան, հայտնի ֆոտոլրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումը: «ՀԺ»-ի վարկածով`դա ոստիկանապետի անձնական վրեժն է սուր քննադատության համար, ոստիկանության վարկածով`նա վրաերթ է կատարել և թաքնվել քննությունից:
Ոստիկանությունը հայտարարում է, որ մի քաղաքացու պատահականորեն միջին ծանրության վնասվածք հասցնելուց հետո լրագրողը խուսափել է ներկայանալ քննության, նրա նկատմամբ հունվարի 23-ից հայտարարվել է հետախուզում ու խափանման միջոցն ընտրվել է կալանքը, «ՀԺ»-ն պնդում է, որ վրաերթի փաստ չի եղել, եղել է «սարքոցի», Հայկ Գևորգյանը օրենքով սահմանված կարգով` պատշաճ գրավոր չի ծանուցվել հարցաքննության կանչվելու վերաբերյալ, բայց ամեն օր նույն ավտոմեքենայով գալիս էր աշխատանքի, գնում ասուլիսների, կատարում իր սովորական գործը:
Մի կողմ դնելով իրավական հարցադրումներն ու լրագրողական գործունեության հետ կապված հարցերը, ընդամենը մեկ հարցի անդրադառնանք. անկախ նրանից, ոստիկանության գործողություններն իրավաչափ էին, թե ոչ, ինչո՞ւ հենց փետրվարի 3-ին ի կատար ածվեց կալանավորման որոշումը, երբ պարզ էր, որ լրագրողին հայտնաբերելու խնդիր գոյություն չուներ: Այսինքն` խնդիրն արժի դիտարկել նախընտրական զարգացումների խորապատկերի վրա:
Ընտրություններից առաջ լրագրողների աչքը վախեցնելու վարկածը աշխատող չէ, քանի որ վախեցողը առանց այդ էլ կվախենա, իսկ չվախեցողի վրա դա որևէ կերպ չի ազդի: «ՀԺ»-ի գործունեությանն էլ դա չի խոչընդոտի, ընդհակառակը, կթեժացնի այդ թերթի նկատմամբ հանրային հետաքրքրասիրությունը և ինքնաբերաբար կբարձրացնի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը հենց ՀԱԿ-ի կողմից հանրահավաքային սեզոնը սկսելուց առաջ: Գումարած դրան, հենց փետրվարի 3-ին լրացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 14 տարին, և դա հարցին, անշուշտ, լրացուցիչ ինտրիգ կհաղորդի…
Ի դեպ, հենց նույն օրը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ասուլիսին հայտարարեց, որ ՀԱԿ-ը խորհրդարանում տեղեր կունենա, բայց բացառեց ՀԱԿ-ի մուտքը իշխող կոալիցիա: ՀԱԿ-ի`ԱԺ-ում հայտնվելու վերաբերյալ արտահայտվել են և այլ հանրապետականներ: Ստացվում է, որ իշխող կուսակցությունը իր կարևոր գործիչների շուրթերով կասկածի տակ չի դնում ՀԱԿ-ի խորհրդարանական հեռանկարը, ու միաժամանակ տեղի է ունենում աղմկալի ձերբակալություն, որը օբյեկտիվորեն նպաստում է ՀԱԿ-ի վարկանիշին: Միգուցե ՀԱԿ-ի առաջ կանաչ լույս է վառվում, բայց նաև նույն ՀԱԿ-ին զգուշացման մեսի՞ջ է ուղարկվում, որ ոստիկանությունը հարկ եղած դեպքում կոշտ է գործելու…
Ի վերջո, իր գործողություններին ընդդիմադիր երանգներ հաղորդող և համամասնական — մեծամասնականի հարցով ՀՀԿ-ին ցուցադրաբար հակառակվող ԲՀԿ-ն էլ ահագին ոստիկանական մեսիջներ ստացավ, այդ թվում և Բանգլադեշի Համոյի ճակատագրի տեսքով: Ավելորդ չէ նշել և Գագիկ Մելիքյանը պնդումը Վարդան Բոստանջյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ԲՀԿ-ն հավատարիմ է կոալիցիոն հուշագրին և 2013-ին սատարելու է Սերժ Սարգսյանին` Մելիքյանը պնդեց, որ հենց Բոստանջյանն է արտահայտել ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը, իսկ մյուս ԲՀԿ-ականները, այդ թվում` խոսնակներ Խաչիկ Գալստյանն ու Բաղդասար Մհերյանն արտահայտել են իրենց անձնական կարծիքները, քանզի ԲՀԿ-ն չի տարածել պաշտոնական հայտարարություն կոալիցիոն հուշագրից հրաժարվելու վերաբերյալ:
Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի առջև դրվել է պահանջ`արագ հստակեցնել սեփական դիրքորոշումն և, կամ մինչև ՀՀԿ համագումարը հայտարարել իր նվիրվածությունը հուշագրին, կամ նույն ժամկետում պաշտոնապես «ապահարզանի» դիմել և հրաժեշտ տալ կոալիցիային: Մինչդեռ ԲՀԿ-ին ձեռնտու է անորոշ վիճակը պահպանել և մարտի 10-ից հետո ու հնարավորություն ունենալ հարկ եղած դեպքում, կտրուկ քայլ անել ընտրություններից մի քանի օր առաջ, երբ արդեն օգտագործած կլինի և սեփական վարչական լծակները: Արդյունքում` «կիսաընդդիմադիր» ակնարկների ու կեցվածքների շնորհիվ լրացուցիչ վարկանիշ ձեռք բերած կլինի:
Ահա այդպիսի դրամատիկ իրավիճակ: Փաստորեն ստացվում է, որ որոշակի բավականին չոր ակնարկներ են հղվում և Լևոն Տեր-Պետրոսյանին, և ըստ էության ԲՀԿ-ի թիկունքում երևացող Ռոբերտ Քոչարյանին: Ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի` դեռ անցյալ տարի ԲՀԿ-ին հղած «քաղաքագիտական վերլուծությանն» էլ է առնչվում, զի ինչքան էլ ՀԱԿ-ը հայհոյի Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿ-ի առաջնորդը բավականաչափ օգտապաշտ և ցինիկ գործիչ է, որպեսզի իսպառ չբացառի ընտրություններում ՀՀ առաջին և երկրորդ նախագահների բացահայտ կամ ստվերային համագործակցությունը:
Այսինքն` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հղել են մեկը` բացահայտ, մյուսը` քողարկված վերջնագրեր, ու թերևս հիմա ստանում են հետադարձ վերջնագրերը` բումերանգի էֆեկտով: Հետաքրքիր է, քանի՞ պտույտ դեռ կկատարի այդ «բումերանգը» հետ ու առաջ… Բայց կարող են լինել և համաձայնությունների տարբերակներ. ասենք, Ռոբերտ Քոչարյանը հայտնվում է ՀՀԿ — ԲՀԿ միասնական ցուցակում (հետագա առավել կարևոր դերակատարման հեռանկարով), ՀԱԿ-ին էլ վերապահվում է հիմնական խորհրդարանական ընդդիմության դերը: Դե, դաշնակները կմնան իրենց տեղում ու կշարունակեն «Ստամուլն արյան ծով» դարձնելու մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, ՀԱԿ-ը կհնչեցնի նույն ամբիոնից «ազատական» գաղափարներ… Բոլորը կլինեն գոհ ու շնորհակալ, ընտրությունները` եվրոպական չափանիշներով, ու կողբան միայն դուրսգրված ավելորդները` վարկաբեկված ՕԵԿ-ը և իր ուժերը իրացնել փորձող «Ժառանգությունը»` նորածին «Ազատ դեմոկրատներով» հանդերձ: Կատարյալ հովվերգություն:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.