Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:
Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:
Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:
Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:
Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:
Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:
Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:
Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:
«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:
Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:
Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…
Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:
Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…
Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….
Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.