«Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ամեն կերպ խրախուսելու է հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով»,- PanARMENIAN.Net- ին երեք տարի առաջ տված հարցազրույցում հայտնել էր սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը : «Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը, եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ»:
2010թ. դեկտեմբերի 9-ին տարածված մի այլ հաղորդագրություն.
«Սփյուռքի նախարարությունը որոշել է խրախուսել հայրենադարձությունը, բայց ոչ զանգվածաբար: Հայաստանի սփյուռքի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հայրենադարձության մասին հայեցակարգը, որով նախատեսում է խրախուսել սփյուռքահայերի վերադարձը պատմական հայրենիք:
Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանում, լինեն դրանք անհատներ կամ ընտանիքներ: Նրանց հնարավորություն կտրվի պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել: Հնարավոր է նաեւ սոցիալական աջակցության տրամադրում, զբաղվածության հարցի լուծում»:
Գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս այն երիտասարդներին, ովքեր ունեն հայկական արմատներ (որոշ ծրագրերում կարող են եւ չունենալ, բայց այդ դեպքում նրանք գալիս են սեփական միջոցներով), գալ Հայաստան ու տարբեր ՀԿ-ներում ու նմանատիպ կառույցներում, դպրոցներում որպես կամավորականներ աշխատանք տանեն, ասենք՝ թրենինգներ, դասախոսություններ, դասընթացներ, քաղաքն են մաքրում, մի խոսքով՝ ինչով կարողանում են «իրենց ներդրումն են ունենում իրենց երկրի զարգացման մեջ»: Այդ ծրագրերը վճարում են նրանց ճանապարհածախսը եւ հոգում որոշ դեպքերում նաեւ կացարանի ու սննդի մասին, բայց հիմնականում նրանք գոյատեւում ես սեփական միջոցներով:
Երիտասարդները ծանոթանում են Հայաստանին, նրանցից շատերն առաջին անգամ են գալիս Հայրենիք, շփվում տեղացիների հետ, ակտիվ մասնակցում այստեղի իրավապաշտպանական ակցիաներին, մի խոսքով՝ անցնում են իրենց կամավորությունն ու վերադառնում ով որտեղից եկել է:
Այս հինգ տարվա ընթացքում, որ ապրում եմ Երեւանում, շատ այդպիսի կամավորականներ եմ հանդիպել: Վերջերս էլ նկատել եմ մի օրինաչափություն. կամովորականությունը կարող է դառնալ քրոնիկ, այսինքն՝ մի անգամ գալով Հայաստան երիտասարդները զանազան ճանապարհներ են փնտրում Հայաստան վերադառնալու, նրանց դուր է գալիս այստեղի կյանքը, փոքր տարածությունները, մարդկային անմիջականությունը, այն ամենը ինչ կորսվել է մեծ քաղաքակրթության մեջ:
Նրանցից շատերն իմ ընկերներն են՝ Մելանին Կանադայից, Մելինեն Ֆրանսիայից, Միլենան ԱՄՆ-ից ու էլի շատ կան, ուղղակի նրանց եմ ընտրել հարցերս տալու համար՝ ինչո՞ւ են նրանք ուզում մնալ Հայաստանում եւ ի՞նչն է դա բարդացնում ու երբեմն դարձնում անհնարին:
Մելանին ու Մելինեն տեղի հայերենը վատ գիտեն, ու չնայած նրան, որ շատ լավ տիրապետում են անգլերենին եւ ֆրանսերենին, միեւնույն է, արեւելահայերենի մակարդակը չի բավարարում ասենք՝ թարգմանչի աշխատանք գտնելու համար:
Մելանին կամավորական է եղել Կանանց Ռեսուրսային Կենտրոնում, մեկնել է Շուշիի կանանց օգնելու, 6 ամիս այստեղ մնալուց հետո վերադարձել է Կանադա ու աշխատում է այնտեղ, որպեսզի փող հավաքի ու գա, ասում է՝ «Հայաստանի համար մի լավ բան անեմ», արդեն բավականին հավաքել է, մարտին կգա: Մելանին ասում է. «Կանադան հարուստ երկիր է, բարեկեցիկ, բայց կյանքը ապահով է ու ձանձրալի այդ ապահովության մեջ, մարդիկ քիչ են շփվում, միայն ակումբներ ու դիսկոտեկներ են հաճախում, չկա Հայաստանի պես, որ հյուր գնաս հաճախ: Մարդիկ Հայաստանում ավելի ջերմ են, նրանք իրական բողոք ունեն, իսկ Կանադայում՝ ոչ: Ես իմ Կանադայի ընկերներից շատերին ամիսներով չեմ տեսնում, ու ընկերությունն էլ այլ տիպի է, մի տեսակ անհոգի: Հայաստանն ուրիշ է, սիրում եմ ավելի շատ քան Կանադան, կուզեմ ապրել Հայաստան, գործ լիներ մենակ»:
Մելինեն Ֆրանսիայից է, բանասիրություն եւ բեմարվեստ է ուսումնասիրել Ֆրանսիայում, Հայաստանում է արդեն մեկ տարուց ավել, հայերեն էր եկել սովորելու, ուզում է ավելի երկար մնալ: Ասում է. «Էստեղ ու Ֆրանսիայում կան նույն խնդիրները, նաեւ՝ տարբեր են: Ես ավելի լավ եմ հասկանում Ֆրանսիայի խնդիրները, որովհետեւ այնտեղ եմ մեծացել, բայց այստեղի պրոբլեմները՝ մարդու իրավունքների հետ կապված, ինձ ոգեշնչում են պայքարել այդ ամենը շտկելու համար, ու ես կուզեմ մնալ Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխեմ դեպի լավը, լինի դա արվեստում, թե հասարակարգում»: Իր սեփական թատրոնն է բեմադրում Մելինեն տարբեր տեղերում, տանը աշակերտներ է պարապում, բայց, միեւնույն է, առանց ծնողների օգնության չի կարող գոյատեւել այստեղ: «Էստեղ մարդիկ ավելի մարդամոտ են, հեշտ են գնում կոնտակտի, հեշտ են շփվում: Օրինակ, թատրոնի համար, երբ մարդիկ եմ փնտրում, շատ հեշտ համաձայնվում են համագործակցել: Նաեւ կան շատ «դատարկ» տեղեր, հենց այդ նույն թատրոնի մեջ, ուր ես կարող եմ գործել», ասում է Մելինեն:
Միլենան ԱՄՆ-ից է, ծնվել է Հայաստանում, 10 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել են ԱՄՆ, քոլեջում ուսումնասիրել է իրավունք ու ստեղծագործական գրականություն, եկել է «Դեպի Հայք» ծրագրով հոկտեմբերին, ուզում է մնալ Հայաստանում որքան հնարավոր է երկար ժամանակ:
«Ամերիկայում ես կորցնում եմ իմ լեզուն, ես զգում եմ, որ աստիճանաբար անգլերենն ինձ համար դառնում է առաջնային, ու դա ինձ անհանգստացնում է: Քանի որ ես ապրում եմ մեծ մեգապոլիսում՝ Նյու Յորքում, ուր կյանքը շատ արագ է ընթանում, երբեմն կորում եմ այդ եռուզեռի մեջ: Այստեղ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, չնայած լինում է եւ հակառակը, բայց ես ուզում եմ փորձել այլ կերպ ապրել: Ես չեմ ուզում «գժանոցում» ապրել: Ինչպես առաջ սովետի քարոզչամեքենան էր մատուցում մնացած աշխարհը իր քաղաքացիներին, այնպես էլ այսօր դա անում է ԱՄՆ կառավարությունը, երբ դու չգիտես թե իրականում ի՞նչ է կատարվում աշխարհում, չես տեսնում ռեալ պատկերը: Ես ուզում եմ ճանաչել Հայաստանը, որտեղից ինձ տարել են ծնողներս, միայն թե, լավ կլիներ ստանալ ինչ-որ պետական աջակցություն, գոնե աշխատանքի հարցով օգնեին, ես կմնայի հաստատ»,- ասում է Միլենան:
Հիմա ո՞նց հասկանալ. Սփյուռքի Նախարարությունը զանազան «հայեցակարգեր» է մոգոնում «հայրենադարձությունը խրախուսելու համար», իսկ երբ երիտասարդները իրենք իրենց ոտով գալիս են Հայաստան ու ուզում են մնալ այստեղ, ոչ մի առաջարկ չի անում: Նրանց բերող կազմակերպություններն են սեփական նախաձեռնությամբ թափուր աշխատանքային տեղերի մասին տեղեկատվություն տարածում կամավորականների շրջանում, ոմանք այդ կերպ հնարավորություն են ստացել աշխատանք գտնելու ու մնալու Հայաստանում: Բայց այդ ամենը պետք է լինի պետական մակարդակով, պետք չէ հայտնագործել հեծանիվ, եթե այն արդեն կա: Պետք չեն «հայեցակարգեր հայրենադարձությունը խրախուսելու համար», ընդամենը պետք է այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն մնալու ու նպաստելու մեր երկրի բարգավաճմանը, մանավանդ՝ մարդու իրավուքների ամրապնդման հարցում, քանի որ նրանք ավելի քաղաքակիթ երկրներում են մեծացել ու ունեն ավելի մեծ արդարության պահանջ: Իսկ գուցե՞ հենց այդ ազատամտությունն ու իրենց իրավունքների գիտակցումն է, որ հեչ ձեռք չի տալիս մեր իշխանավորներին, գուցե՞ վախենում են, որ հանկարծ Հայաստանը կպարարտեցվի ուսյալ ու բանիմաց, իրենց արժանապատվություն ու իրավունքները գնահատող ու պաշտպանող երիտասարդներով, ու ոնց կլինի, մեկ էլ ու հանկարծ նրանց այլախոհութունը կսասանի ավազակապետությունը:
Երբ լինում են ընտրություններ՝ նախագահական հիմնականում, ես չեմ գնում քվեարկության, որովհետեւ չկա իմ թեկնածուն: Իսկ իմ թեկնածուն հավանաբար պետք է լինի նրանցից՝ նա եվրոպական կամ ամերիկյան կրթություն է ստացել, կամ ծնվել ու մեծացել է այնտեղ, կամ վաղ հասակում արտագաղթել, նրա ուղեղը մաքուր է տեղի ներքաղաքական խաղերից, նրա արժեքները համամարդկային են, նա սիրում է Հայաստանը, նա ուզում է, որ հայերը լավ ապրեն, նա գալիս է Հայաստանը փրկելու:
Սփյուռքի Նախարարության Աստծու տվածի վրա թքելու տեմպերով իմ թեկնածուն դեռ շուտ չի հայտնվի, ուրեմն՝ ձայնս էլի կկեղծեն, ու հայրենադարձությունն իրապես խրախուսելու փոխարեն բոլոր կանայք իրենց աղջիկներին կկոչեն Անի, իսկ տղաներին՝ Վան: Հա ու մեկ էլ անհեթեթ ու անօգուտ հազարավոր դոլարանոց սեմինարներ կանցկացնեն «Կնոջ դերը Սփյուռքի ամրապնդման գործում»: Իսկ էդ երիտասարդները՝ ի՞նչ կա որ, ջահել են, թող գնան փող աշխատեն, գան ստեղ նայեն սարերին ու ծախսեն էդ փողը:
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.