Սևանի մաքրման աշխատանքները տարեց տարի ավելի ու ավելի է վերածվում զավեշտի` ուղիղ համեմատականով տռզացնելով ոմանց գրպանները: Սևանի հաշվին հարստացողների ցանկը չի փոքրանում. պարզապես մեկը գնում, մյուսն է գալիս` այդպես էլ ոչինչ չանելով, իսկ Սևանը մնում է իր խնդիրների հետ դեմ-հանդիման: Ամեն տարի ամենատարբեր պատրվակներով միլիոններ են դուրս գրվում Սևանա լճի մաքրման, կենսաբանական միջավայրի վերականգնման և հազար ու մի նման ծրագրերի անվան տակ: Գումարները ծախսվում են, իսկ լիճն էլ ավելի վատ վիճակում է հայտնվում:
Սևանի ջրի բարձրացմանը զուգահեռ` ափամերձ տարածքների մաքրումը տարիներ առաջ սկսվեց սխալով. համապատասխան տեխնիկան թանկ համարեցին ու ջրի մեջ մնացած ծառերը չմաքրեցին` չնայած փոշիացավ ոչ քիչ գումար, բայց արդյունքը եղավ զրոյական:Հաջորդ տարի էլ ավելի գումար դուրս գրվեց`արդեն սխալը ուղղելու համար: Սկսեցին արմատախիլ անել ջրից դուրս գտնվող ծառերը, ձեռքի հետ էլ ջրածածկ հատվածն իբր մաքրեցին: Դարձյալ ոչ այն արդյունքը, որ սպասում էին. ջուրն արագ է բարձրանում` չէին հասցնում: Բացատրությունը համապատասխան տեխնիկայի բացակայությունն էր, ինչը վերջապես լուծվեց` ֆիննական «Watermaster classic 3» 603 հազար եվրոյանոց մեքենան գնելու միջոցով: Սա համարվեց Սևանի փրկությունը. այսուհետ ծառերն ամբողջությամբ արմատահան էին արվելու և դուրս էին բերվելու: Տարիներ տևած խառնաշփոթից տարիներ շարունակ օգտվում են կոնկրետ մարդիկ` նրանցից ոմանք էլ «մասնգիտացան» եղած փայտանյութն ըստ պահանջի տնօրինելու մեջ:
Երեկ այցելեցինք այն վայրը, որտեղ իրականացվում էին մաքրման աշխատանքները` Գավառի տարածքում: Առաջին զգացումը սարսափն էր: Ափամերձ հատվածը եղևնիների հրաշք անտառ էր: Ու անտառը գետնին էր հավասարեցվում: Բացատրեցին, թե, ճիշտ է, ջուրը հեռու է, բայց դա արվում է ջրի բարձրացման վտանգնին ընդառաջ: Տեղանքն իսկապես հարթ էր և հնարավոր էր, որ ջրի բարձրացման հետևանքով լիճը բավական առաջ գար: Այնուամենայնիվ, նախարարությունը գոնե վերահսկո՞ւմ է իրավիճակը` անտառահատումը, թե՞ հատողներին տրված է իրավունք` հատել և յուրացնել փայտանյութը` ըստ ճաշակի և ըստ քանակի: Բնապահպանության նախարարությունից Սևանի հարցերը կորդինացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, որը հայտնեց, թե անտառահատումն իրականացնողն ու վերահսկողը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է: Ազգային Պարկը կնքում է պայմանագրեր, համաձայն որոնց՝ անտառային զանգվածը թողնվում է հատում իրականացնողներին, որոնք, ըստ պրն. Ավալյանի, բյուջեից փող չեն ուզում իրենց կատարած աշխատանքի համար (ինչպես տեսնում ենք, թանկարժեք փայտանյութի տերերը բավական համեստ են և բավարարվել են միայն փայտանյութի վաճառքով), փոխարենը վճարում են բնավճար կոչվածը, որից հետո տնօրինում անտառանյութն իրենց հայեցողությամբ:
Մեր տեղեկությունները հաստատվեցին. սա «Սևան Ազգային Պարկի» տնօրեն Աշոտ Գնդոյանի բիզնեսն է, իհարկե, անհնար է ասել, թե ովքեր են փայ պարոն Գնդոյանի հետ, ամեն դեպքում տերուտնօրենն այստեղ ոստիկանության ակադեմիայի նախկին պետ Գնդոյանն է, որն ազգային պարկը հասցրել է կործանման, բայց դեռ շարունակում է բարեհաջող գործունեություն ծավալել` հայտարարելով, թե իր դեմ խաղ չկա, Սերժը իր ընկերն է… (նման հայտարարության հիմքը իբրև թե Գնդոյանի դստեր` նախագահականում աշխատելն է):
Այստեղ իսկապես մեծ փողեր են պտտվում. հատված փայտը տեսակավորվում է, մի մասը որակավորվում է որպես վառելափայտ, մի մասը` շինանյութ: Մեծ փողերի մի մասը գոյանում է որակյալ շինանյութը վառելափայտի տեղ դուրս գրելով: Եվ ուրեմն, միանշանակ կարելի է ասել, որ անտառահատման գործում «Սևան ազգային պարկի» տնօրինությունը շահում է:
Կառավարությունը գնեց ֆիննական տեխնիկան, սակայն դա ընդամենը գալոչկա դնելու համար էր, քանի որ մեկ մեքենայով անհնար էր գործ անել: Տարվա սկզբին հայտարարվեց տենդեր, որում հաղթեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «զեմլյակ», եղվարդցի Բաղդասար Մեսրոպյանն իր շատ տարօրինակ անվամբ` «Նաիրի բերրիություն» ՍՊԸ-ով: Բայց սա երևի թե այն եզակի տենդերն էր Հայաստանում, որտեղ զեմլյակը զեմլյակին, կարելի է ասել, քցել է, թեև արդարության համար հարկ է ասել, որ նախարարն այս հարցում այդքան էլ մեղավոր չէ:
Մեսրոպյանը շահելով տենդերը` իրականացնում է մաքրման աշխատանքներ` ունենալով համապատասխան տեխնիկա: ՍՊԸ տնօրենի ասելով՝ իրենց կազմակերպությունն այսօր միակն է հանրապետությունում, որ ի զորու է նման աշխատանքներ իրականացնել. ֆիննական մեքենան ոչինչ անել չէր կարող, եթե չլինեին կատերպիլար CAT 325 -ը`280 հազար դոլար արժեքով, ճահճագնաց տեխնիկան` CAT 428 E անիվավորները` յուրաքանչյուրը՝ 100-120 հազար դոլար և այլն: Մեսրոպյանն անգամ պաշտպանության նախարարությունից է ПТСМ մակնիշի արդեն դուրս գրված տեխնիկա վերցրել, կապիտալ նորոգել, որն այսօր օգտագործվում է ծառերը ջրից դուրս բերելու համար. չլիներ այն ասում են, անհնար կլիներ այդքան գործ գլուխ բերել:
«Նաիրի բերրիությունը» շահում է տենդերը և հայտնվում փաստի առաջ: Տենդերով նախատեսվում էր մաքրել 315 հա տարածք` 1 հա-ն 370 հազար դրամի դիմաց` առանց ԱԱՀ-ի: Տաժանակիր աշխատանքը, որտեղ աշխատում են երկու հերթափոխով, առավոտյան ութից մինչև երեկոյան տասը-տասնմեկը, չի արդարացնում իրեն: Ջրի տակ հայտնված անտառը` մաքրման հատվածը, բավական մեծ է, որքան ջրի խորությունը մեծանում է (տեղ-տեղ այն հասնում է 5 մ), այնքան աշխատանքի արդյունավետությունն ընկնում, վառելքի ծախսը` մեծանում է: Հաշվարկներն արվել էին այն ժամանակ, երբ դիզվառելիքը 380 դրամ էր, հիմա դիզվառելիքը 430 դրամ է:
Սկզբում նաև անփորձության պատճառով մեքենաները բավական հաճախակի ընկղմվել են ջրի մեջ: Ծախսեր են պահանջվել նաև դրանք ջրից դուրս բերելու, շարքից դուրս եկածները վերանորոգելու համար:
Բաղդասար Մեսրոպյանը, ճիշտ է, մի քիչ ուշ, բայց հասկանալով, թե ինչ պատասխանատվության տակ է ընկել և ինչ վնասներ է կրում, դիմում է նախարարություն` մոնիթորինգ իրականացնելու, քանի որ աշխատանքի ծավալները չէին համապատասխանում կառավարության տենդերի մեջ հաշվարկված գումարներին: Մոնիթորինգի արդյունքում հաստատվում են Մեսրոպյանի ասածների իրավացիությանը, սակայն ընդամենը կարողանում են աշխատանքի ծավալը կրճատել` 315 հա-ի փոխարեն թողնելով 301 հա, ընդհանուր գումարը մնում է նույնը` 125 մլն դրամ: «Էս տարի կանեմ, ոչինչ, կտուժեմ, բայց մինչև վերջ իմ թասիբի համար կանեմ, բայց մյուս տարի, եթե հա-ի համար 1 մլն 200 հազար չտան, էլ չեմ անի: Սենց գործ մենակ ես կարամ անեմ, էս տեխնիկան մենակ ես ունեմ»,- ասում է Բաղդասար Մեսրոպյանը:
Մեր հարցմանն ի պատասխան պարզվեց, որ նախարարությունում տեղյակ են թերհաշվարկների մասին, սակայն հաջորդ տարի կառավարությունը պատրաստ չէ ավելի վճարել, ավելին, իրենք էլ չգիտեին. «Նոյեմբերից նոր պարզ կդառնա»,- ասացին: Ի դեպ, անտառի որոշ հատվածի մաքրումը տրված է նաև այս ՍՊԸ-ին, սակայն Մեսրոպյանը շառից — փորձանքց հեռու նախընտրել է անտառահատման այդ հատվածի գործը ևս հանձնել «Սևան ազգային պարկին»` հատված զանգվածի համար ընկերության հաշվեհամարին փող փոխանցելու պայմանով:
Այս պահին Փամբակի ու Նորատուսի հատվածում մեծ քանակի դալար ծառեր են հատվում. հատվում են անխնա: Նախատեսված է անտառահատում մինչև 1,5 նիշը, սակայն ոչ մի երաշխիք ու նորմեր, ավելին, վերահսկողություն չկա, որ դրանից ավելին չեն կատարվում հատումները:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.