Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը շարունակում է ակտիվորեն գործել չնայած ամառվա տապին։
Նրանք հանդես են եկել առաջարկով` Ազգային Մրցունակության հիամնադրամին։
«Տեղեկացնում ենք, որ սկսած 2010 թվականից ևս երկու հայաստանյան գիտական ամսագիր ձեռք են բերել Ազդեցության Գործակից (ԱԳ — IF http://en.wikipedia.org/wiki/Impact_factor).
Journal of Contemporary Physics (ISSN 1068-3372) IF = 0,268
Journal of Contemporary Mathematical Analysis (ISSN 1068-3623) IF = 0,172
Առաջարկում ենք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին խրախուսավճարներ տրամադրել վերոնշյալ պարբերականներում վերջին երկու տարիների ընթացքում (2009-2010՝ այն տարիների, որոնց ընթացքում հաշվարկվել է ԱԳ-ն) տպագրված երիտասարդ գիտնականներին»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ նամակ է ուղղել Ազգային մրցունակության հիմնադրամին, որում` միանալով գիտնականների առաջարկին կոչ է արել խրախուսել Հայաստանի մրցունակ երիտասարդ գիտնականներին։ Շատ ողջունելի կոչի է միացել տիկին Բախշյանը։ Սակայն չգիտես ինչո՞ւ նրա կոչը պայմանավորված է իրադարձությամբ` երկու հայաստանյան գիտական ամսագիր ձեռք են բերել Ազդեցության Գործակից, ու կարծես միանգամյա խնդրանքի է նման, «Կոչ եմ անում Ազգային Մրցունակության Հիմնադրամին հատուկ միջոցառումով անդրադառնալ այս իրադարձությանը և մեր մրցունակության հզորացման հարցում նրա կարևորությանը», այնինչ, պետք է հարցը դնել հստակ և կտրուկ` առավել կարևոր, առավել ունակ, առավել ռեալ, առավել հեշտ իրագործելի, առավել եկամտաբեր, առավել հեռագնա-խոստումնալից մրցունակային ոլորտ համաշխարհային ազդեցության առումով քան գիտությունը, այսօրվա օրով Հայաստանում ոչ մի ոլորտ չունի։ Հենց մրցունակության առումով։
Նրան պատասխանել են, մեջբերեմ մի քանի կտոր` «Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր 12/08/2011-ին թվագրված նամակի համար, որը պաշտոնապես ստացվել է 17/08/2011-ին», — այսինքն, նորագույն տեխնոլոգիաների դարում, ու մանավանդ, ներկայացված լիենելով Ֆեյսբուքում, մեր ԱՄՀ-ն, կամ ինչպես առաջարկեցին գիտնականների էջում` ՄԱՀ-ը էջ ունի` National Competitiveness Foundation of Armenia , նամակը տեղ է հասել 5 օրում, պատասխանել են 6 օրից։ Ճիշտ է ասում Արամ Պապայանը` «Բայց ինչ օպերատիվություն, ժողովուրդ։ Սկի խորհրդային կառույցները էսքան ծանրաքարշ չէին։ Էս որ դա՞րն է։ Կարո՞ղ է մրցունակության հիմնադրամը ինտերնետ չունի՞, կարո՞ղ է հոսանք չունենան, պետք լինի հավաքվենք իրենց օգնե՞նք»: Հաջորդ մեջբերումը ՄԱՀ-ի պատասխանից. «Գիտական ամսագրերի կայացմանը նպաստող և դրանցում տպագրվող երիտասարդ հոդվածագրերի խրախուսման ծրագրեր մինչ այժմ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից չեն իրականացվել: Սակայն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը պատրաստ է քննարկել Ձեր առաջարկությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գալիք նիստի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբեր ամսին»։ «Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ նման որոշումները կայացվում են հոգաբարձուների խորհրդի նիստում, որի վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան նման մանր ծրագրերի։ Այսինքն կպնելու տեղ ոնց որ թե չունենք, մարդիկ չեն կարող առանց նիստի որոշում կայացնել», — գրել է Կարապետ Մկրտչյանը։
Այո, կպնելու տեղ իրոք չունեն… Միայն թե` հարգելի ՄԱՀ, ձեզնից ոչ ոք չի խնդրում նպաստել գիտական ամսագրերի կայացմանը , այլ ընդամենն անել այն, ինչ պետք է անի մրցունակության հիմնադրամը` խրախուսի առավել մրցունակային ոլորտները, ճիշտ կողմնորոշվելով նրանց առաջնայնության մեջ երկրում, այլ ոչ թե զբոսաշրջությունը գերադասել գիտությանը։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույնպես դիմել է վարչապետին նմանատիպ կոչով։ Բայց եկեք հիշենք, որ պարոն Հովհաննիսյանն առաջներում էլ ավելի մեծ հնարավորություններ ուներ ծրագիրն իրականացնելու` ԱԺ նախագահ, նախարարներ… Էդ ինչո՞ւ հենց հիմա ե՞ն հասկացել, որ` «պետության կողմից գիտության ոլորտին հատկացվող բյուջեական միջոցները հեռու են բավարար լինելուց և անկարող են մրցունակ գիտական առաջընթաց ապահովել։ Ըստ էության անարդյունավետ է օգտագործվում կամ փոշիանում ոչ միայն տասնամյակների ընթացքում ձևավորված ահռելի գիտական ներուժը, այլ նաև բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները, քանի որ, ծառայելով ոչ թե զարգացմանը, այլ գոյատևմանը միայն, դրանք պարզապես դանդաղեցնում են գիտության վերջնական մահը Հայաստանում» … Նա դեռ պատասխանի չի արժանացել ՄԱՀ-ի կողմից։
Իսկ գուցե բավակա՞ն է բոլորս իրար խաբխբելով զբաղվենք, գուցե հնարավոր է անկախ ամեն ինչից նստել ու մտածել գիտության կարևորության մասին մեր երկրի ու ազգի այլ երկրների ու ազգերի հետ արժանապատիվ գոյակցելու մասին։ Գուցե՞ մի կողմ դնելով անձնական նեղ կամ կուսակցական շահերը, չմտածելով PR-ի մասին են մարդիկ կոչեր հնչեցրել իրենց նամակներին և ջատագովն են լինելու դրանց ճակատագրին հետամուտ լինելուն` հայ գիտության հույսի` երիտասարդ գիտնականների համար արժանապատիվ ու ապահով կյանք ապահովելու Հայաստանում, որպեսզի նրանք մեզ պարզերես անեն մեր այդքան պաշտած «արտասահմաններում»… Հուսամ` այդպես է։
Նայում ենք հիմնադրամի կայքը։
«Հիմնադրամի թիրախ ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը, որտեղ առկա է զարգացման մեծ, սակայն ոչ իրագործված ներուժ, ինչպես նաև հստակ մրցակցային առավելություն համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում: Հիմնադրամը նաև իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտների զարգացման համար: Այս ծրագրերը մշակվում են համաշխարհային ցանցերով գիտելիքի, փորձի և հմտության փոխանակման նպատակով։
Հիմնադրամը գործում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով` ներգրավելով ռազմավարական նշանակության ներդրումներ, որոնք հնարավորություն կստեղծեն խթանելու զարգացման գործընթացը և զարգացնելու ազգային մրցունակությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է տարբեր երկրներում ապրող վեց անվանի հայ գործարարներից, ՀՀ կառավարության վեց անդամներից և Հայաստանում միջազգային դոնոր համայնքի մեկ ներկայացուցչից»:
Ղեկավարում է խորհուրդը Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիմնադրամի գործադիր տնօրենն է Արման Խաչատուրյանը: Ի դեպ` վերջինիս աշխատավարձը կազմում է 6 200 000 դրամ ամսեկան։ Այս առիթով մի երիտասարդ գիտնական, Հովակիմ Զաքարյանը, գրառում է կատարել գիտնականների էջում`
«Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարն ստանում է 6,2մլն դրամ»…
ինչ խոսքը, երևում է` այս հիմնադրամը սեփական աշխատավարձների օրինակով է ուզում ցույց տալ մեր հասարակությանը թե ինչ բան է ժամանակակից ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Որպես Հ.Գ. նշեմ, որ հիմնադրամի նախագահի մեկ ամսվա աշխատավարձը համարժեք է իմ` ԳԱԱ կրտսեր գիտաշխատողի, 16 տարվա աշխատավարձին։ Էսպիսի հասարակարգում ենք ապրում։»…
Այո, այսպիսի երկրում ենք ապրում, որովհետև 6 200 000 դրամը մոտավորապես այն գումարն է, որը պահանջվում է «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» ամսագրերում 2009 և 2010 թվականներին (այսինքն` այն թվականներին, որոնց ընթացքում տպագրված հոդվածների հղումներով է “Thomson Reuters”-ը հաշվարկել ազդեցության գործակիցները) երիտասարդ գիտնականների տպագրությունները խրախուսելու ողջ ծրագրի համար։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հիմնադրամ, որն իրականացնում է «նյու վասյուկի» կարգի աշխարհացունց ծրագրեր, հսկայական գումարներ ծախսելով պրոյեկտների վրա, որոնց ոչ իրականացման ժամկետն է հայտնի, ոչ եղանակը, ոչ էլ թե ինչ կստացվի։ Կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը թիրախային ոլորտներն են, միթե՞ հիմնադրամը ասենք, զբոսաշրջությունը խթանելու համար Տաթևի վերածննդի ծրագրի վրա կարող է հսկայական գումարներ ծախսել, իսկ ընդհանուր առմամբ 6 200 000 դրամ չի՞ կարող հատկացնել, խրախուսելու և խթանելու համար ոչ պակաս կարևոր մրցունակային ոլորտ` գիտությունը։ Միթե՞ պարզ չի, որ Ազգային Մրցունակության հիմնադրամը պարտավոր է խրախուսել իրենց հրապարակումներով այդ մրցունակությանը նպաստած երիտասարդ գիտնականներին։ Թե՞ վախենում են, որ երիտասարդները կոգևորվեն ու կսկսեն հոդվածներ գրել։
Այո, մրցունակության առումով առավել կարեւոր ոլորտ, քան գիտությունը չի կարող լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ «մրցունակության» կոչված հիմնադրամի ռեակցիան եւ նրա նախագահի` վարչապետի լռությունը երիտասարդ գիտնականների առաջարկների վերաբերյալ։ Հո մենակ գործադիր տնօրենի կենսագրականին նվիրված ճոռո ամպագոռգոռ բառաշարով չի, որ էս երկրում պետք է փակեն մարդկանց աչքերը ու վճարեն խելքից դուրս բարձր աշխատավարձեր։ Այդ Ամերիկյան Համալսարանի մագիստրոսի կոչումը և այլ կոչումներ աշխարհում մասնագետների մոտ ծիծաղ կառաջացնեն, չեն արժևորվի` մրցունակ չեն, նրանք չարժեն մեր մեկ երիտասարդ գիտնականի մեկ IF հոդվածի ազդեցության 1/10-ը։ Երիտասարդ գիտնականները տեսնում են և ընդվզում են` հերիք է խաբել հանրությանն ու մեզ` մենք, իհարկե, չենք էլ խաբվել երբևիցե, պարզապես լռել ենք, քանի որ խաբված էր հանրությունը, դա ձեզ հաջողվել էր։ Բայց ո՛չ, պետք է ասել` «բոլ ա»։ Ի՞նչ է ընդհանրապես անում այդ Ազգային Մրցունակության հիմնադրամը, ի՞նչն է նրա համար մրցունակության չափորոշիչ, ո՞ւմ համար է։ Մրցունակության իրական ցուցանիշն ապահովողին է պետք աջակցել, և գիտնականներն են այդ մարդիկ։
Գիտե՞ք, ես ինձ օգտագործված եմ զգում իմ երկրում։ Ես վճարում եմ հարկեր պետբյուջե, որը ֆինանսավորում է զանազան հիմնադրամների աշխատակազմի աստղաբաշխական աշխատավարձերը` «Լույս» հիմնադրամի տնօրենի աշխատավարձը 10 000 ԱՄՆ դոլար է, այդ գումարի հարկերը վճարում է հիմնադրամը, այսինքն`նա ստանում է մաքուր 10 000 դոլար։
Ազգային Մրցունակության հիմնադրամի տնօրենի աշխատավարձի կեսը գալիս է մասնավոր սեկտորից, կեսը` պետբյուջեից, ուրեմն` իմ ու ձեր գրպանից։ Ու այդ աշխատանքը վատ է կատարվում` ազգային մրցունակություն չի ապահովում, մենք աշխարհում դառել ենք «չմո» ազգ։ Վարչապետն ու իր թիմը բազմաթիվ նման կառույցների միջոցով քամում են պետբյուջեն, հանրային մասնավոր ռեսուրսները, նրանց համար մենք` հայությունս, նամուսի ու թասիբի, անվան ու «պրեստիժի» գերի, այստեղ թե սփյուռքում, հարմար արոտավայր ենք։ Մեզ թասիբի են գցում Գյումրու տեխնոպարկերով, Դիլիջաններով, նմատանտիպ փուչիկներով, նրանք արդուկում են մեր ուղեղը, խաբում են ողջ հայությանը, նրանք զբաղված են երկիրն ու արտերկրյա հայությանը շահագործելով ու թքած ունեն մնացած ամեն ինչի վրա։
Իսկ ո՞նց սենց դառանք, ախր` անկախանում էինք, երազում էինք այլ Հայաստան, էս ո՞նց հասանք ստեղ… Ես երեւի գիտեմ…
Երբ Լեոնիդ Ազգալդյանը, որը Մոնթեի հետ միասին ինձ համար ՀԱՅ մարդու, նվիրյալի, առաքինության կերպարներ են, հերոսներ, կռվում էին հանուն Արցախի անկախության ու հայրենիքի բարօրության չէին գնացել զոհվելու, այլ պայքարելու զոհվեցին խորհրդավոր մինչև այսօր, ինձ համար անտրամաբանական պայմաններում, ուրիշներն իրենց համար կեղծ կենսագրականներ էին դզմզում… Ու… բան չկա, ամեն ժամանակներում ամեն ազգերի մեջ եղել են նմանատիպ կերպարներ, բայց մեզ մոտ բոլորին հայտնի կեղծ ու կեղտոտ բաները «պռախոդ» ունեցան, ի տարբերություն նորմալ երկրների ու նորմալ ազգերի։ Դրա համար նույնպես մենք պարտված ենք այդ պատերազմից 20 տարի անց։ Ու հիմա, այդ պատերազմի տարիքի երիտասարդները, կամ քիչ առաջ ծնված, որ չնայած զրկանքներին մեծացել են ու մեզ համար պարծանք են դարձել` գիտնականնե՛ր, վիրավորված են այդ հիմնադրամների գործունեությունից, ու ես խոսում եմ նրանց անունից ևս…
Եզրափակեմ երիտասարդ գիտնական Կարապետ Մկրտչյանի հարցով` «Անկեղծ ասած ես թերահավատորեն եմ մոտենում: Թե՞ հիմնադրամը նրա համար է, որ ազգը մրցունակ ոչ մի բան չանի, իսկ հիմնադրամը հարստանա։ Եթե կա այդպիսի հիմնադրամ, ինչու՞ մինչև հիմա դրա որևէ գործունեությանը, որը կապ ունի ազգային մրցունակության հետ, ծանոթ չենք: Եթե որևէ մեկը գիտի թե ի՞նչ կարևոր գործ է արել այդ հիմնադրամը իր գոյության տարիների ընթացքում, խնդրում եմ գրեք»…
Հ.գ. Ավարտելուց հետո մի անգամ էլ անցա նախաձեռնության էջով, ու հանդիպելով էջի ադմինիստրատորի կողմից արված այս գրառմանը շատ տխրեցի… « փնտրեք այստեղ` New Titles with First Journal Impact Factor Armenia բառը և կգտնեք հայաստանից ԱԳ ստացած երկու պարբերականների անունները, սակայն անմիջապես խնդրում ենք համեմատել արդյունքները Turkey բառի որոնումից հետո բերված արդյունքների հետ»։
Ես փնտրեցի. Թուրիքա` 22, Հայաստան`2… Իսկ դեռևս տասիհինգ տարի առաջ հարաբերությունը հակառակն էր` արդ, հանցագործ չէ՞ մեր կառավարությունը։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.