Հարբած, օրորվելով՝ հայրը մտնում է տուն: Երեխան մոտենում է նրան ու բացականչում. «Պա´պ, պա´պ, մի հատ թիթեռ կնկարե՞ս»:«Պապան էլ բանուգործ չունի՞, նստի՝ քեզ համար թիթեռ նկարի՞»,- երեխայի ոգևորության գլխին սառը ջուր է լցնում հայրը:
Պարզվում է, ի տարբերություն շարքային քաղաքա ցի ների, Հայաստանի բանուգործ ունեցող բարձրաստիճանները լավ էլ սիրում են թիթեռ նկարել, և ոչ միայն իրե նք են նկարում, այլև ստիպում են շատերին՝ հիանալ իրենց նկարած թիթեռներով:
Ազգային ժողովում այսօր իսկական թատերական ներկայացում էր` վառ ու գունագեղ: Ենթադրաբար թե´ սցենարը, թե´ ռեժիսուրան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ձեռքի գործն են: Բեմադրության մասնակիցները շատ էին. գլխավոր դերերում 131 ջահելներ էին` 18-30 տարեկան, հիմնականում կարիերիստական նկրտումներով, որոնց իդեալը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, որ ջահել-ջահել կարողացավ պատգամավոր ու նախարար դառնալ: Բայց դե՝ նրանից պակաս ջահել չէր Վազգեն Խաչիկյանը, որ էսօր իր գլխապտույտ հաջողություններից բուժման կարիք ունի:
Քասթինգն ավարտվեց էս վերջերս. 131 ջահելներից շատ ավելի ջահելներ թեստային քննություններ էին հանձնել Սահմանադրության, օրենքների, ներքին և միջազգային քաղաքականության վերաբերյալ, որոնց միջոցով էլ լավագույնները հնարավորություն ստացան հաղթող ճանաչվել հովիկաբրահամյանական շոուում և դառնալ գլխավոր դերակատարներ: Այսօր Ազգային ժողովի նախագահի բեմադրության պրեմիերան էր: Նախ, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում բաժանվեցին «Երիտասարդ խորհրդարան» անունը կրող ներկայացման դերակատար պատգամավորների մանդատները: Դրանից հետո սկսվեց հիմնական բեմադրությունը:
Բացվեց Երիտասարդ խորհրդարանի անդրանիկ նիստը: Երեկ տեղի էին ունեցել մշտական 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Հանձնաժողովի նախագահ այս ջահելներն էլ ռոտացիոն կարգով բազմելու են Ազգային ժողովի նախագահի գահին. Հովիկ Աբրահամյանը, հոգ տանելով իր մտահղացած խորհրդարանի իրականացման բոլոր մանրամասներին, այնուամենայնիվ, չէր կարող թույլ տալ, որ ինչ-որ մի ջահել ասի, թե ինքն էլ է խորհրդարանի նախագահ, հենց դրա համար էլ ԱԺ նախագահողը լինելու է փոփոխական: Այսօր, Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, խորհրդարանի անդրանիկ նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը` Կարեն Պետրոսյանը: Նա միայնակ նստել էր ԱԺ ղեկավարության համար հատկացված տեղում, իսկ ԱԺ նախագահը, զիջելով իր տեղը, բազմել էր վարչապետի համար նախատեսված աթոռին: Կառավարության անդամների համար նախատեսված շարքում էին բազմել նաև այս ներկայացման մասնակիցներն ու թամաշայի հրավիրվածները: Իսկ թամաշայի եկել էին դարձյալ ամենաբարձր մակարդակով. ջահելների օրհնությունը կազմակերպեց Տեր Նավասարդ Կճոյանը, եկել էին Ռուսաստանի դեսպանը, եվրակառույցների ներկայացուցիչներ և, բնականաբար, Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ ու ջահելների կուռք Արմեն Աշոտյանը:
Երիտասարդ խորհրդարանի նիստն անցավ ինչպես հարկն էր` ամենաբարձր մակարդակով, այնպես, ինչպես անցնում են առաջին դասարանցիների դասերը. մոտ 25 րոպե ներկա-բացակա էին անում` կարդում նորելուկ պատգամավորների անունները, որոնք ոտքի էին կանգնում, ասում, թե որ բուհում են սովորում (131 պատգամավորներից 42-ն ինքնառաջադրվել են, 50-ը ներկայացնում են պետական և ոչ պետական բուհերը, իսկ 39-ն Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչներն են) և մի առանձնակի ոգևորությամբ շեշտում, որ «անդամակցում են Հանրապետական կուսակցությանը». այս ջահելների համար սա մի այլ կարգի «պլյուս» էր համարվում:
Ներկա-բացակայից հետո խորհրդարանն սկսեց աշխատել. օրակարգում երկու հարց էր ներառված` խորհրդարանի կազմավորման և գործունեության ու հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգերը:
Այստեղ ևս երևաց, որ երիտասարդ խորհրդարանը ոչ մի բանով չի զիջում իսկական խորհրդարանին. այս պատգամավորացուները նույն կերպ չէին կարողանում գրանցվել, քվեարկել, ինչպես մինչ օրս շատ հաճախ չեն կարողանում նրանց «բնօրինակները»: Բոլորը շունչները պահած հետևում էին, թե՝ ըհը´, ջահելները, վա´յ, ինչ լա~վ էր, գոնե էս անգամ կարողացան գրանցվելու համար քարտ մտցնել կամ քվեարկելու համար կոճակ սեղմել: Եթե մինչ այս պահը ենթադրություններ կային, թե քննությունների բովով անցած ջահել պատգամավորացուները, մտնելով խորհրդարան, գետնով են տալու ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի չեղած պատիվը, միանգամից երևալու է, թե ինչ բերեց Հովիկ Աբրահամյանը իր պատգամավորների գլխին, նրանց պատճենների միջոցով ցույց տալով, թե ինչպիսին պետք է և կարող է լինել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, ապա հենց առաջին նիստից կարելի է «բնօրինակ» պատգամավորներին շնորհավորել` կարիերիստ ջահելներից ոչ մեկը, կարելի է ասել, ավելի լավը չէ, քան, ասենք, Սամվել Ալեքսանյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Աշոտ Տոնոյանը, Ռուբեն Հայրապետյանն ու ներկա խորհրդարանի մյուս «գլուխգործոցները»:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ ներկայացումը կկայանա աշնանը և, հավանաբար, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ բեմադրիչը չի ձանձրացել կամ կողքից գլխի չեն գցել, որ «թիթեռ նկարելը» գուցե անվնաս զբաղմունք է, բայց թիթեռ նկարելուց այն կողմ՝ մինչև կոկորդը պրոբլեմներով լցված Հայաստանն է, ու էդքան էներգիա նման անպետք բաների վրա ծախսելու փոխարեն՝ կարելի է գոնե մի խնդիր լուծել:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.