Շնորհավորելուց ու շնորհավորանքներ ընդունելուց հետո ՀՀ ոստիկանապետը հյուրերի հետ գնաց իր առանձնասենյակ, մի բաժակ բան խմեց, հետո իջավ լրագրողների հետ ճեպազրույցի, որի ժամանակ հերթական անգամ բավական հետաքրքիր մտքեր արտահայտեց. Ալիկ Սարգսյանն այս առումով պարզապես անկրկնելի է: Ոստիկանապետը խնդրեց բացառապես տոնին վերաբերող հարցեր ուղղել. «Խնդրում եմ, որ վաղվա ձեր մեկնաբանությունները գոնե բարի կամքով լինեն»: …Այնուամենայնիվ, որոշ հարցեր հնչեցին:
— Պարո´ն ոստիկանապետ, մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Քննչական գլխավոր վարչությունից առնվազն 50-60 ոստիկաններ զգուշացրել են, թե դիմում կգրեն և դուրս կգան այն պատճառով, որ վերջերս կալանավորվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը, և արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը:
— Գիտե՞ք ինչ, տպավորությունը ստեղծվեց այն պահից, երբ քննիչի ձերբակալումից հետո քննիչները, որպես իրենց աշխատանքային ընկերոջ, բնականաբար, իրենց մտահոգությունն էին հայտնել, հավաքվել էին քննչական գլխավոր վարչությունում, պետի աշխատասենյակում, և տպավորություն ստեղծվեց, որ քննիչները ո´չ թե աղմուկի ձայն, ո´չ թե որ… չգիտեմ, դժգոհության արտահայտություն, ո´չ թե, որ ուզում են հրաժարվել իրենց աշխատանքից և այլն, և այլն: Ես հայտարարում եմ, այդպիսի բան չկա, չունենք որևիցե քննիչ, որ համապատասխան զեկուցագիր կամ դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու: Սա եղել է ուղղակի սովորական աշխատանքային քննարկում, որը, կարծում եմ, նույնպես բնական էր, քանի որ ձերբակալվել էր նրանց աշխատանքային ընկերը: Բայց երբ որ բացատրեցինք պատճառները, երբ որ հասկացան մարդիկ` ինչի համար ա, ինչի մասին ա խոսքը, նույն պահին ես կապվեցի դատախազի հետ, իմացա ավելի մանրամասներ, և կարծում եմ՝ նրանք ըմբռնումով մոտեցան: Բոլորը անցել են իրենց աշխատանքին: Այսպիսի նյութ, խոսակցություն, թեմա, երբևիցե չի եղել, ինչպես կոչում են հաճախ մամուլում` բունտ, հրաժարականներ և այլն:
— Պարո´ն Սարգսյան, այսօր Դուք ասել եք, թե կարծրատիպերը պետք է փոխվեն ոստիկանության հանդեպ. ինչպե՞ս եք պատրաստվում դա իրականացնել և կարո՞ղ եք նշել ինչ-որ ժամկետ:
-Գիտե՞ք, այսօր պատրաստվում ենք ամենօրյա մեր գործունեությամբ, այնպես չի, որ կախարդական փայտիկով միանգամից տպավորությունը կփոխվի ոստիկանության մասին: Ուղղակի ես ուզում եմ բոլորդ հիշեք, որ իրոք փոխվել է ոստիկանի կերպարը, որ նախկին Խորհրդային Միությանը ծառայող, այս հզոր կայսրությանը ծառայող միլիցիայի աշխատակիցը կտրականապես տարբերվում է այսօրվա ոստիկանից, որովհետև այսօրվա ոստիկանը ծառայում է մեր անկախ պետությանը, մեր հայրենիքին: Բոլոր ոստիկանները քաջ գիտակցում են, որ միայն պատժելով, մնացած բոլոր մեթոդներով, ինչպես ժողովուրդը մշտապես ընկալել է ոստիկանին, որպես պատժող մարմին, որպես բռնություն: Այսօր այս կերտվածքը, այս մոտեցումը աշխատանքային՝ չկա և ավելին՝ այս տրամադրությունն ու հոգեբանությունը ոստիկանների մոտ արմատախիլ է արվում ժամանակի ընթացքում: Թույլ տվեք ժամանակը կոնկրետ չնշել, ես ուղղակի նշեմ, որ տարեվերջում դուք կունենաք նոր ոստիկանություն, նոր գնահատումներով աշխատող, դրսևորվող ոստիկանություն, և ես ապագայում տեսնում եմ, որ շատ կարճ ժամանակ անց, ասածս հեռու սարերի հետևում չի, մեկ, երկու, երեք տարիների ընթացքում դուք կունենաք եվրոպական չափանիշներին համապատասխան, բայց հայկական, հայոց մտածելակերպով օժտված հայոց ոստիկանություն, որի հիմնական նպատակը կլինի նախ և առաջ ծառայել մեր ժողովրդին: Ուրիշ խնդիր մեր ոստիկանությունը չի հետապնդում: Դուք երեկվա նիստից հետո էլ տեսաք, որ արվում է ամեն ինչ, որպեսզի բոլոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնեն, ինքնամաքրման այդ ամբողջ աշխատանքների հետ կապված, կարծում եմ, ոստիկանությունը ամենաակտիվն է, և մենք շատ կարճ ժամանակահատվածում մեր պետությանը, պետական ղեկավարներին, ժողովրդին կապացուցենք, որ մենք իրոք լի ենք վճռականությամբ և նոր քայլ ենք ուզում անենք Հայաստանի ոստիկանության կյանքում:
— Պարո´ն ոստիկանապետ, ինքնամաքրման մասին խոսեցիք: Այս ձերբակալությունները… եթե իսկապես նախագահի առաջադրած խնդիրը կատարվի, և համակարգը մաքրվի, մտավախություն չունե՞ք, որ ոստիկանությունը գուցե հայտնվի ճգնաժամի մեջ` կադրերի պատճառով, քանի որ, ամեն դեպքում, փորձառու ոստիկաններ են ձերբակալվում:
— Ես այդպիսի խնդիր չեմ տեսնում, ձերբակալված որևիցե ոստիկանի մասին այս պահին հայտարարություն անել չեմ կարող` հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. քննչական ծառայությունները զբաղվում են, և նրանց հանցանքը հիմնավորվելու դեպքում, միգուցե, ես առիթ կունենամ իմ խոսքն ասելու, այս պահին թողեք՝ թող քննությունը ավարտվի: Այնուամենայնիվ, ճգնաժամ կոչվածը ոստիկանությունում ես չեմ տեսնում, պրոֆեսիոնալ կադրեր մենք այս պահին բավականաչափ ունենք, այնպես չի, որ ոստիկանությունը գլխատվել և նորից սկսում է վերականգնվել, վերակառուցվել, մենք արմատական մոտեցում ունենք այս հարցին: Ինչ վերաբերվում է կադրերին, կադրերը մենք ունենք, կադրերի խնդիր այս պահին ընդհանրապես չկա, մեծ քանակությամբ դիմողներ ունենք ոստիկանություն ընդունվելու, մեծ քանակությամբ: Ես իմ հայտարարության համար պատասխանատու եմ, որովհետև նույն կադրերի վարչությունում մի քանի հարյուրի հասնող դիմումներ կան` բոլորը բարձրագույն մասնագիտական կրթությամբ, ինչու՞ չէ` տեխնիկական, մանկավարժական կրթությամբ, հոգեբանի մասնագիտությամբ, որի կարիքը այս պահին նույնպես ունենք մենք:
Կարծում եմ, մոտավորապես մեկ-երկու տարիների ընթացքում եթե պիտի ունենանք կադրային փոփոխություն, ապա լավ նկատառումներով` թարմացման, նորացման: Գաղտնիք չի, որ մեր երիտասարդ կադրերը այսօր լրացնելով մեր շարքերը՝ իրենց նոր խոսքն են ասում, նրանց հետ ավելի հեշտ է: Նույն ակադեմիայի հետ կապված, որը այս կրթական բարեփոխումների արդյունքում կլինի բոլորովին այլ ուսումնական ձեռնարկություն, տալիս է մասնագետներ իրավաբանի որակավորմամբ, որոնք որևիցե կերպ չեն զիջում Հայաստանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներին` իրենց գիտությամբ, իրենց բանիմացությամբ և իրենց տարբեր որակներով (հաշվի առնելով իրավաբանականի այսօրվա որակը՝ ոստիկանապետի ասածը այդքան էլ հեռու չէ ճշմարտությունից. գոնե հաբռգածության առումով ոստիկանական ակադեմիայի սաները շատ ավելի պարկեշտ կլինեն- Լ.Կ.), որ իրավաբանի մասնագիտությանը զուգահեռ ձեռք են բերում նաև ոստիկանությանը հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոնք մեր ծառայությունում խիստ անհրաժեշտ են: Կադրերի հետ կապված ես այսօր որևիցե խնդիր չեմ տեսնում, և այն ժամանակավոր, մի պահ ստեղծված տպավորությունը, որ կադրերի այս արագ փոփոխությունը կարող է ճգնաժամ առաջ բերել, այս պահին ես իմ խորին համոզմունքն եմ հայտնում, որ ոստիկանությունում ճգնաժամ չի լինի, մանավանդ` կադրային:
— Ի՞նչ է նշանակում ինքնամաքրում, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում ինքնամաքրվելիս, և դա նշանակու՞մ է արդյոք, որ առաջիկայում ևս կլինեն աղմկահարույց բացահայտումներ:
— Ես չեմ ուզում այս պահին տխուր կանխատեսումներ անել, պարզապես ուզում եմ ասել, որ տպավորություն չստեղծվի, թե կան հատուկ կազմակերպություններ, կառույցներ, որոնք հատուկ զբաղվում են ոստիկանության գործունեությամբ և հայտնաբերում են այս նեգատիվը, և որ ոստիկանությունը անմասն է մնացել: Այսպիսի դեպքերի մեծամասնությունը` 60-70 տոկոսը, հայտնաբերվել են ոստիկանության կողմից, ոստիկանության ծառայությունների կողմից, և մենք հայտարարում ենք, որ այս խստացումը նպատակաուղղված է և կնպաստի, որպեսզի ոստիկանությունը նորովի գործի, և էս տիպի գործերը հիմնականում հայտնաբերում ենք մենք ինքներս: Կան թերություններ, որոնք տարբեր տույժերի են արժանանում ոստիկանության պետի կողմից հիմնականում և, ինչու՞ չէ, ազատվում են զբաղեցրած պաշտոնից, պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելիության մասին նրանց հայտարարվում է, տարբեր կարգապահական տույժեր, նկատողություններ, խիստ նկատողություններ, բայց դրանից բացի, ամենավտանգավորն այն է, որ հաճախ ոստիկանությունում թույլ են տալիս խախտումներ, որոնք համարվում են քրեորեն պատժելի արարք, որի կապակցությամբ շատերը հայտնվում են դատարանի առջև: Այս ամենը ես ցավով եմ հայտնում, որովհետև հասկանում եմ, որ ցանկացած պրոֆեսիոնալ ոստիկանի կորցնելն այս պահին մեր շահերից չի բխում: Հիմա ուղղակի կհասկանան, որ ոստիկանության ղեկավարության վերաբերմունքը, պահանջները փոխվել են, շատ ավելի խստապահանջ են դարձել և սխալներ թույլ չտան այլևս:
— Պարո´ն ոստիկանապետ, իսկ վերջին ձերբակալությունները չե՞ն կարող արդյոք մթագնել ձեր տոնը:
— Չի կարելի մտածել, որ մենք խաղաղությամբ ենք անցնում մեր ճանապարհը, չի կարելի մտածել, որ մեր անդորրը այն աստիճան խաղաղ է, որ… Ճիշտ է, տրամադրության ինչ-որ անկում կլինի, ում մասին որ խոսում եք, դրանք մեր աշխատանքային ընկերներն են եղել, բնականաբար, շատ ցավալի է մեզ համար: Բայց որ ընդհանուր համակարգի այս բազմահազարանոց կոլեկտիվի վրա այս դեպքերը որևիցե լուրջ ազդեցություն ունենալ չեն կարող, և որի իրավունքը մենք չունենք, որ այն աստիճան խորը ընդունենք, որ գոնե բիծ թողնի: Մենք էդ իրավունքը չունենք: Ես արդեն հորդորել եմ, որ չհուսահատվեն, այսօրվա դժվարություններից չբարոյալքվեն, նկատի ունեմ սոցիալական դժվարությունները, որոնք լուրջ խնդիր են այսօր ցանկացած ոստիկանի համար: Ես նկատի ունեմ իրավական պաշտպանվածության ամբողջ դաշտը, որը ոստիկանները չեն կրում ամբողջապես և գրեթե պաշտպանված չեն: Ես նկատի ունեմ այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալիս այսօրվա բարեփոխումների ընթացքում: Հարգելի´ լրագրողներ, խնդրում եմ, մեր համար ուղղակի անհոգ մնացեք: Շատ շուտով դուք էլ ձեր տրամադրվածությունը կփոխեք, և այն կասկածամտությունը, որ տեսնում եմ ձեր աչքերում, կվերանա, որովհետև կտեսնեք բոլորովին նոր ոստիկանություն: Ես ոստիկանի մասնագիտությունը սիրում եմ բոլոր մասնագիտություններից շատ: Ոստիկանները, չնայած կորուստներին, որ ունենում են, մի առավելություն ունեն` մարդ ճանաչելն է: Ոստիկանների օբյեկտը մարդն է, ամենօրյա աշխատանքի հերոսը մարդն է՝ ավելի շատ, քան մյուս մասնագիտությունների մոտ: Մարդ կոչվածով զբաղվում են ոստիկանները, և հիմա մենք սիրով ենք զբաղվում մարդով: Մենք սիրով ենք զբաղվում մարդով: Ես նկատի չունեմ հանցագործներով:
— Պարոն Սարգսյան, արդեն շուրջ 3 տարի է՝ Դուք ոստիկանապետ եք: Ալիկ Սարգսյան-ոստիկանապետը ինչո՞վ է առանձնանում մյուս ոստիկանապետերից: Ասենք, Վանոն հայտարարեց, թե Հայաստանի միակ գողը ես եմ և էդպես մնաց մարդկանց հիշողության մեջ: Դու՞ք:
— Իմ մասին ես այս պահին կարծիք չեմ հայտնի, կարծում եմ՝ կոռեկտ չէ: Ես կարծում եմ, որ իմ հնարավորության սահմաններում, ինչքան կարողացել եմ, իրագործել եմ խնդիրը, որը դրված է եղել իմ առջև: Բնականաբար, միայնակ մարդը ոստիկանությունում ոչինչ չարժի: Ինչի հասել եմ, ես հասել եմ իմ գործընկերների, իմ կառույցի հզորության, կառույցի հնարավորությունների արդյունքում: Միայն հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգը բավական է, որ ոստիկանությունը ունենա հնարավորություններ էս կյանքում մեր երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքում իր անհրաժեշտ դրսևորումն ունենա: Իմ նախորդների հետ կապված որևիցե խնդիր նույնպես չեմ առաջադրում, որովհետև բոլորն են աշխատել հատուկ նվիրումով: Հնարավոր չի աշխատել ոստիկանությունում, այն էլ` ոստիկանության պետ և չունենալ էդ ձգտումը, էդ նվիրումը, սերը դեպի էս համակարգը: Այլապես չսիրելով, չնվիրվելով, մոլուցքի աստիճան սիրո վերաբերմունք չունենալով դեպի ոստիկանը և նրա համազգեստը, ոստիկանության պետ աշխատելը, կարծում եմ, հարիր չի, նույնիսկ պատժելի է: Ոստիկանության պետը պիտի ապրի էս համակարգով, համակարգի ցանկացած աշխատակցի կյանքով: Հավատացնում եմ, ես ապրում եմ, ես սիրում եմ էս համակարգը և անելու եմ ամեն ինչ, եթե նույնիսկ հարցը վերաբերվի առողջությանս, դա էլ չեմ խնայելու, որովհետև էսօր մի շատ կարևոր նպատակ ունեմ, որ ցանկացած ոստիկան հպարտ դուրս գա փողոց, որ ցանկացած ոստիկան մարդուն վայել ապրելու հնարավորություն ունենա, որ ցանկացած ոստիկան՝ էն էնտուզիազմից բացի, որ ունի, մի բան էլ հասկանա, որ ինքը գնահատված է: Մենք էդ օրերը ունեցել ենք և էլի շատ կունենանք:
Շարունակելի…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.