«Ժամանակին մենք հիանում էինք մեր օպերայի հպարտ տեսքով, իսկ հիմա, երբ նայում ես հյուսիսային պողոտային մի քիչ խորքից, այդ հիմար շենքերի արանքից երևում է մի խղճուկ օպերայի շենք, շրջապատված գռեհիկ, անճաշակ սրճարաններով: Ես իմ և իմ ընկերների անունից վիրավորված եմ: Մեր քաղաքը չտես մարդու քաղաք է դարձել»,-ասում է իմ զրուցընկերը` դերասան, ռեժիսոր, սցենարիստ, « Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը:
— Ինչպիսի՞ն է հայ մտավորականի իրական կերպարը, ո՞նց կբնորոշեք այսօրվա մտավորականին:
— Երեկվա կամ այսօրվա մտավորականի միջև տարբերություն չկա ` մտավորականը մտավորական է: Դա հասարակության այն շերտն է, որն ունի շատ որոշակի քաղաքացիական կեցվածք: Սա ամենակարևորն է: Ցավոք, ժամանակները այնպիսին են, որ քաղաքականությունը մի քիչ շատ է մխրճվել հասարակական խնդիրների մեջ և երբեմն քաղաքացիական կեցվածքը շփոթում են քաղաքականության հետ: Ինձ համար մտավորականը այն քաղաքացին է, որն ունի որոշակի պատկերացումներ հասարակությանը հուզող հարցերի մասին, ունի իր որոշակի դիրքորոշումը, անկախ թե իր քաղաքական համակրանքը ու՞մ կողմն է: Երբ խոսում եմ քաղաքացիական կեցվածքից, շատերը կարծում են, թե խոսում եմ ընդդիմության մասին: Այդպես չէ: Երբ մարդ ունի որոշակի դիրք, կեցվածք, ես միևնույն է՝ հարգում եմ: Տարօրինակ է, բայց շատ արվեստագետներ, գրողներ, տարբեր բնագավառի գործիչներ ունենալով պետք է նաև ունենայինք մտավորականության մեծ բանակ, սակայն չունենք: Ինչու՞: Ցավոք, մտավորական համարում ենք նրանց, ում մենք դեմքով, կամ էկրանից ենք ճանաչում , իսկ այն մարդուն, որին չենք տեսել էկրանից, մի՞թե մտավորական չէ: Ցավոք, շատ քիչ են այդպիսի մտավորականները:
— Պատճառը՞։
— Խիստ նվազել է պատասխանատվությունը հասարակության նկատմամբ, նույնիսկ նրանց մոտ, ովքեր պարտականություն են ստանձնել կարգավորելու հասարակության խնդիրները: Պակասել է պատասխանատվությունը նաև նրանց մոտ, ովքեր տնօրինում են մեր երկիրը, մեր տնտեսությունը, մեր ճակատագիրը:
— Իսկ իրականում ո՞րն է մտավորականի տեղը:
— Մտավորականի տեղը պետք է լինի առաջին շարքերում: Ես 1946 թվին եկել եմ Խորհրդային Հայաստան և խորհրդային տարիներին եմ մարդ դարձել: Չեմ ուզում երախտամոռ լինել։ Ես այստեղ եմ ուսանել, մասնագետ դարձել, ամուսնացել, ընտանիք կազմել, ճանաչում վայելել: Այդ տարիների լավն ու վատը ես ու իմ սերնդակիցները կրում ենք: Մենք պետք է այնքան ողջախոհություն ունենանք, որ մեկի թերությունը մյուսի վրա չբարդենք: Պիտի կարողանանք հանգիստ դիտել և ասել, թե որն է լավը, որին պետք է ընդօրինակել և պահել, և որն է վատը, որը չարժե տանել նոր տուն: Ցավոք, այդ բանը չենք անում, այլ, ինչպես ասում են, « ջրի հետ միասին, երեխային էլ ենք դուրս նետում»:
— Իսկ ո՞րն է լավագույնը, որ պիտի պահենք:
— Մեր երկրի արգանդը դեռ բեղուն է և մենք ունենք լավ երիտասարդներ: Ճիշտ է, նրանք դժվարությունների են հանդիպում, աջից և ձախից խանգարողներ ունեն, բայց միևնույն է՝ նրանք կան և դա հուսադրող է:
— Իսկ ո՞րն է վատի, չարի արմատը, որը եկել է Ձեր ժամանակաշրջանից և պիտի կտրվի այսօր:
— Թեկուզ այն, որ հիմա դպրոցներն անգամ կուսակցականացված են: Բացահայտորեն, ոչ թե գաղտնաբար: Ուսուցիչը կուսակցական է և կուսակցական աշակերտներ է կերտում: Այ , հենց սա է չարի արմատը: Ուսուցիչն իրավունք չունի կուսակցական լինելու, նախ՝ պարտավոր է դաստիարակել ողջամիտ սերունդ, որը կմեծանա և ինքնուրույն քաղաքական կողմնորոշում կունենա: Անհատի ազատությունը հենց առաջին քայլից, առաջին դասարանից արատավորված է: Խորհրդային իշխանության ժամանակ ասում էին, թե մեկն է ճշմարտությունը, իսկ հիմա ամեն մի ուղղություն, որն իրեն ամուր է զգում, իրենն է համարում ճշմարտությունը: Ստացվում է՝ հասարակության մեջ երեք և ավելի ճշմարտություն կա: Այդ տարբեր ճշմարտություններ կրողներն այսօր դառնում են մեր երեխաները, ովքեր վաղը հասուն մարդիկ կդառնան և դուրս կգան իրար դեմ: Կստացվի, որ մեր հասարակությունն էլ անընդհատ ցնցումներ կապրի:
— Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորվում:
— Հասարակությունը բևեռացված է ոչ միայն գաղափարապես, այլև՝ տնտեսապես: Եթե հասարակության մեջ կա մենաշնորհը տնտեսության հարցերում, ապա լավ ապագա չի կարելի սպասել: Սա բացահայտ է: Այս կարգի հասարակության մեջ ինչ էլ ձևավորվի, այդ թերի կնիքը կրելու է: Նախասովետական հասարակության մեջ դրամատիկական շերտը գոնե ինչ- որ տեղ ձևավորված էր, ուներ իր ներքին բարոյական կեցվածքի կանոնները (օրինակ՝ Մանթաշովի նման մարդիկ կային), իսկ այսօր այդ բանը չկա, ամեն մեկն անում է ինչ որ խելքին փչում է, և չի ուզում ուրիշին ճանապարհ տալ: Դրանից էլ մեր տնտեսությունը մենաշնորհային այլանդակ վիճակում է, քաղաքական նկրտումներն էլ բոլորը մեկը մյուսին ընդդիմադիր, մեկը մյուսին չզիջող: Այդպես էլ դաստիարակվում է մեր նոր սերունդը: Սա ամենածանր բանն է:
— Մեր հասարակության մեջ կան ծայրահեղ դրսևորումներ, որոնք, չգիտես ինչու, հարատևում են` լավ տղերքը, կարծեցյալ քաղաքի տերերը, նոր կառույցները…
— Լավ տղերքը թպրտում են, որովհետև տնտեսական հիմք ունեն: Եթե հարատևում են, ուրեմն տնտեսությունն աշխատում է ի օգուտ նրանց: Ես մեծ կյանքի ճանապարհ եմ անցել, բայց չեմ տեսել որևէ քաղաք, որտեղ բնակ. ֆոնդի կեսը, կամ գոնե 25%-ը բարձրակարգ բնակարաններ լինեն այդպես դատարկ: Դա ի՞նչ Է նշանակում: Հասկացանք՝ մեկը շատ փող ուներ, մի շենք կառուցեց, թանկ վաճառում է, գնորդ էլ չունի, իսկ հետո երկրորդը, երրորդը… Քաղաքի նորակառուցի 80%-ից ավելին այդ վիճակում է, անգամ Հյուսիսային պողոտան: Ժամանակին մենք հիանում էինք մեր օպերայի հպարտ տեսքով, իսկ հիմա, երբ նայում ես Հյուսիսային պողոտայի մի քիչ խորքից, այդ հիմար շենքերի արանքից երևում է մի խղճուկ օպերայի շենք, շրջապատված գռեհիկ, անճաշակ սրճարաններով: Ես իմ և իմ ընկերների անունից վիրավորված եմ: Մեր քաղաքը չտես մարդու քաղաք է դարձել:
— Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:
— Շատ արվեստի գործիչներ կան, բայց մենք նրանց չենք տեսնում: Նստում ենք հեռուստացույցի մոտ, ինչ ասես տեսնում ենք, բայց գոնե մի բանաստեղծ չենք տեսնում: Ինչու՞: Մեր ժամանակ Գրողների միությունն ընդամենը մի վերնահարկ էր, բայց կային գրողներ, գրականություն, որոնց ժողովուրդը գիտեր և ճանաչում էր: Երբ Ավետիք Իսահակյանը ձեռնափայտը մեջքին դրած մայթից մայթ էր անցնում, տրամվայը հեռվից կանգ էր առնում, որ նա անցնի: Վարորդն ինքն իրեն էլ էր հարգում, որ այդ տեսակ մարդուն ճանաչում էր: Մշակույթի գործիչներ կան, բայց չկան այդ մարդկանց ներկայացնողները:
— Ու՞ր մնաց մեր դիմագիծը:
— Երեսպաշտություն չանենք, մինչև մենք քաղաքականորեն մեր հասարակության հարցերը չլուծենք, ոչ մի ուրիշ հարց չի լուծվի, հասարակությունը ոչ մի քայլ առաջ անել չի կարող: Դա աքսիոմա է:
— Ի՞նչ կարող եք առաջարկել մեր հասարակությանն այս փուլում:
— Պիտի սերունդ դաստիարակվի: Ուրիշ ելք չկա: Ես թատրոնի մարդ եմ և գտնում եմ, որ թատրոնը պետք է մայր հողի վրա ստեղծվի: Մայր հողից դուրս՝ այն թատրոն չէ, այլ թամաշա, զբաղմունք և ազգային շոյող երևույթ: Թատրոնը պիտի լինի հայ հողի վրա, որպեսզի մենք կարողանանք այդ թատրոնով և քննադատենք, և ասենք ինչ մտածում ենք, իսկ մենք մեր ազգային հողի վրա էլ ենք այդ արմատները կտրում: Ի՞նչն է պատճառը, որ Սովետ միության մեջ գոյություն ունեցող տնտեսական, ոչ տնտեսական բոլոր հարցերը շուռ ու մուռ տվեցին, իսկ թատրոնի նկատմամբ վերաբերմունքը մնաց նույնը: Թատրոնը, մշակույթը դա ժողովրդի այցետոմսն է: Երբ օտարը ուզում է մեզ ճանաչել, մեր մասին կարծիք է կազմում մեր մշակույթով: Մենք պիտի պարտավորված լինենք և առաջնորդվենք միմիայն մեր սեփական խղճով, ոչ թե թելադրանքներով: Երբ խիղճդ մաքուր է, կարող ես թեկուզ քո հակառակորդի նվիրյալի հետ շփվել, անգամ եթե դու տերտեր ես սիրում, իսկ նա էլ՝ տերտերակին:
— Երվանդ Մանարյանի խրատը` երիտասարդներին:
— Թող իրենց խղճով առաջնորդվեն, գիշերը իրենց հաշիվ տան, և այդ հաշվետվությունն էլ ազնվորեն հասնի հասարակությանը: Ոչ այնպես, ինչպես կեղծում ենք Անդրանիկի խրատը, որ ասել է. « Գիշերը քնելուց առաջ մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, ձեր հարևանի մասին՝ հայ լինի, ռուս լինի, թուրք լինի, մտածեք նրա մասին»: Բոլոր գրքերում թուրք բառը հանված է: Ինչու՞: Եթե էդ մարդը, որն ինքը գնդակի դեմ է գնացել թուրքի հետ, էդ խոսքը ասում է, ինչու՞ ենք մենք երեսպաշտորեն էդ բառը հանում: Որովհետև կարծում ենք շատ ավելի ազգասեր ե՞նք, քան Անդրանիկ Օզանյանը:
— Ձեր խոսքը` ուղղված հայ մտավորականներին:
— Ուզում եմ, որ ունենան քաղաքացիական ճշգրիտ դիրքորոշում: Ուրիշ ոչինչ մտավորականից չի պահանջվում: Հովհաննես Թումանյանը մի խոսք ունի. «Միտքդ երկար, կյանքդ կարճ». սա մի զարմանալի բանաձև է: Մարդու միտքը երկար է, մենք մտքով թռչում ենք տաս հազար տարի առաջ, իսկ նորմալ գիտակցական կյանքն, ընդամենը ամենաշատը մի հարյուր տարի է տրված: Քչախոս սփյուռքահայից սկսած մինչև սահմանի վրա ապրող խեղճ գյուղացին, բոլոր հայերս նույնն ենք. ունենք թռչող միտք, կարճ կյանք և հնարավորությունների պակաս՝ մեր մտքով անցածը կատարելու:
— Այնուհանդերձ, հավատու՞մ եք մեր երկրի ապագային:
— Անշուշտ: Մենք երկիր ենք կառուցում և պիտի գիտակցենք, որ դա հեշտ բան չէ: Խանութից մի քիչ մեխ ու փայտ առնելով և իրար մեխելով հո չի դառնում պետականություն: Պետականություն կառուցելը սերունդներից ջանք է պահանջում և նվիրվածություն:
— Ձեր երազանքները:
— Մեր երեխաներից լավ սերունդ դաստիարակենք, ուրիշ բան չեմ երազում: Երեխաները ճիշտ մեծանան, մարդ մեծանան, որովհետև Աստված մեզ, նախ և առաջ, մարդ է ստեղծել, հետո նոր հայ է դարձրել` երևանցի, լոռեցի, զանգեզուրցի: Նախ՝ մարդու Աստվածային կերպարին արժանավոր լինենք, հետո նոր բոլոր հարցերը իրար հետ կկարողանանք լուծել: Իսկ մենք առաջինը չենք ուզում, սկսում ենք երկրորդից: Այո, մենք հայ ենք, բայց մարդ ենք, չէ՞:
Կարինե Ջանջուղազյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.